Յուրաքանչյուր ֆիլմ մի նոր ստեղծագործական մարտահրավեր է. Անդրանիկ Բերբերյան

Վերջերս կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը, որը հեղինակել է այնպիսի ֆիլմերի երաժշտություն, ինչպիսիք են օրինակ` «Արմատներ», «Կյանք ու կռիվ 2. 25 Տարի անց», «Էրկեն կիշեր», «Կաֆկայի երազը», «Նոր Տարվա Գոճի», «Սողոմոնի երգերը» ֆիլմի երաժշտության համար ստացել է Անահիտ մրցանակ: Մենք զրուցել ենք կոմպոզիտորի հետ մասնագիտության ընտրության, գործունեության, ֆիլմերաժշտության և այլ հետաքրքիր թեմաների շուրջ: 

Մասնագիտության ընտրությունից սկսենք մեր զրույցը: Ինչպե՞ս ընտրեցիք կոմպոզիտորի մասնագիտությունը: 

Ես երաժիշտների ընտանիքից եմ. մայրս ջութակահարուհի է, հայրս` կոմպոզիտոր: Դեռ մանկուց երաժշտությունն ուղեկցել է ինձ: Քայլել սովորելուց հետո ներկա էի լինում դասական համերգների: Հաճախել եմ երաժշտական դպրոց, որտեղ սովորում էի ջութակ և դաշնամուր նվագել, իսկ ավելի ուշ նաև` ալտ-սաքսոֆոն: Երբ հասկացա, որ այս ամենն իմը չէ, որոշում կայացրի թողնել: Տանը ռոյալ ունեինք, սկսեցի երաժշտություն գրել, այդ ժամանակ ընդամենը 14-15 տարեկան էի: Գրածներս ուղարկում էի հորս, որը այդ ժամանակ ապրում էր Սան-Ֆրանցիսկոյում, լսում էր, հետո նամակով իր տպավորությունների մասին գրում ու նշում էր դիտողությունները: Մորս հետ պատահական զրույցի ընթացքում կոմպոզիտոր Արամ Սաթյանը տեղեկանում է ստեղծագործելուս մասին, հետո հանդիպեցինք, ու իմ երաժշտությունից մի հատված ներկայացրի: Պարոն Սաթյանը մտածեց ու ասաց, որ պետք է ընդունվեմ  Երևանի պետական կոնսերվատորիա (ԵՊԿ) և ստանամ պրոֆեսիոնալ կրթություն, այնուհետև կատակեց, թե կարմիր դիպլոմով կավարտեմ: Դա ինձ համար չափազանց զարմանալի էր, որովհետև ես սպասում էի քննադատական խոսքի: Կոմպոզիտոր դառնալու որոշում կայացնելու մեջ նրա խորհուրդը ամենաորոշիչ դերը խաղաց: Հետո մենք միասին սկսեցինք քայլել իմ` որպես կոմպոզիտոր կայանալու հետաքրքիր ճանապարհով: Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին որոշում կայացրի նաև հաճախել դիրիժորության` սովորելով միաժամանակ և՛ կոմպոզիցիա, և՛ դիրիժորություն: Ինչ-որ մի կետում պրոֆեսոր Արամ Սաթյանը ասաց, որ կարող եմ արդեն ինքնուրույն շարունակել իմ ճանապարհը, որն ինձ համար շատ պատասխանատու կետ էր, որովհետև մի ուրիշ բան է, երբ կոնսերվատորիայում ուսանելիս ունես նման մասնագետի խորհուրդներ, բայց մի այլ բան է, երբ ավարտում ես և ստեղծագործական որոշումներդ պետք է ինքնուրույն կայացնես: Այնուհետև` կոնսերվատորիայի մագիստրատուրան ավարտելուց հետո, անմիջապես անցա զինվորական ծառայության, իսկ զորացրվելուն պես պետք է որոշում կայացնեի, թե ինչ ճանապարհով շարունակել իմ մասնագիտական ուղին: Հետո սկսեցի ավելի ակտիվ գործունեություն ծավալել որպես ֆիլմ կոմպոզիտոր,  չնայած ապագայում մեծ ցանկություն ունեմ զբաղվել դիրիժորությամբ ևս: 

Berberyan2

Ձեր գործունեության  10 տարիների ընթացքում բազմաթիվ ժանրերի ֆիլմերի համար երաժշտություն ունեք ժառանգած: Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ: 

Մանկուց շատ եմ սիրել ֆիլմեր դիտել: Հետո արդեն սկսեցի ուշադրություն դարձնել ֆիլմերի երաժշտությանը: Սկզբում ֆիլմն էի դիտում, հետո առանձին լսում ֆիլմի երաժշտությունը, հետո վերանայում ամբողջական ֆիլմը` հասականալու համար, թե երաժշտությունն այդտեղ ինչ դեր ունի, ինչ խնդիր է լուծում: Եվ ինձ համար բացահայտեցի հրաշքը` այն, թե ինչ ազդեցություն է թողնում երաժշտությունը ֆիլմում: Ֆիլմը սինթեզված արվեստ է, և շատ ժամանակ երաժշտությունն է այն էմոցիոնալ շերտը, որը ստիպում է հուզվել, վախենալ, հանդարտվել, ազդվել… Կան դեպքեր, երբ երաժշտությունը հետին պլանում է և իր ներկայությամբ ճիշտ հուզական դաշտ է ստեղծում: Ակադեմիական և ֆիլմերաժշտության կոմպոզիտորի խնդիրները տարբեր են: Ֆիլմի կոմպոզիտորին նաև տեխնիկական պատրաստվածություն է պետք, տարբեր ժանրերում աշխատելու հմտություն: Յուրաքանչյուր ֆիլմ կարծես ամեն անգամ մի նոր ստեղծագործական մարտահրավեր է: Հենց այս բազմազանությունը դարձավ ոգևրությանս առիթը: Հրաշալի է, երբ կարող ես գրել թե՛ դասական, թե՛ էլեկտրոնային, ջազ, ռոք, Ֆոլկլոր երաժշտություն և առնչվել, ուսումնասիրել, բացահայտել և կիրառել երաժշտությանդ մեջ տարբեր երկրների բազմազան երաժշտական մշակույթների առանձնահատկութունները:

Դիրիժորի կրթությունը, ջութակ, ալտ-սաքսոֆոն, դաշնամուր գործիքների կիրառման հմտությունները որքանո՞վ են օգնում կոմպոզիտորական գործում, և ո՞ր գործիքների հետ եք ավելի հեշտությամբ աշխատում: 

Ինչ վերաբերում է դիրիժորությանը, միանշանակ դա օգնող, լրացնող միջոց է, որովհետև երբ կա օրինակ` նվագախմբային, անսամբլային երաժշտությանը վերաբերող գիտելիքների շտեմարան, կիրառելով այլ կերպ ես զգում երաժշտությունը, տիրապետում ես շատ դետալների, շերտերի:  Եթե խոսենք երաժշտական գործիքներից, ես չեմ համարում, որ լիովին տիրապետում եմ այդ գործիքներին, որովհետև չեմ դարձել կատարող, ունեցել եմ պարզապես պրակտիկ շփում, որն ինձ տվել է գործիքների ճիշտ և տեղին կիրառման գիտելիք և գիտակցություն: Ֆիլմում երաժշտական գործիքները ոչ թե սիրելով եմ օգտագործում, այլ իր այդ պահին կատարած խնդրի համար, որովհետև երաժշտության բազմաշերտ ու գունավոր աշխարհում ամեն գործիք իր տեմբրով դրսևորում է իրեն: Երաժշտական գործիքներից  չեմ կարող առանձնացնել ինչ-որ մեկը և մյուսին բաց թողնել, որովհետև բոլորն էլ առանձնահատուկ նշանակություն ունեն, բոլորը  գույներ են, որոնցով ուզում ես ստանալ հետաքրքիր ու բազմերանգ կտավ: Ըստ իս` Ֆիլմի համար գրված երաժշտության որոշ դեպքերում գործիքները նույնիսկ դառնում են դերակատարներ` դերասանների նման, բայց միաժմանակ պետք է երաժշտությամբ համահունչ քայլես և չխանգարես դերասանական խաղին, քանի որ այդ  մոտեցումը ֆիլմի երաժշտության ստեղծման կարևոր հիմքն է ինձ համար:   

Berberyan1

Կոմիտասը մեզ` հայերիս համար առանձնահատուկ նշանակություն ունի: «Սողոմոնի երգերը» ֆիլմի համար երաժշտությունը գրելը դժվար չէ՞ր արդյոք: 

Կար մեծ պատասխանատվություն: Երբ հեռախոսազանգ ստացա ռեժիսոր Արման Նշանյանից, հասկացա, որ լուրջ և կարևոր գործ է ինձ վստահվել: Երբ ֆիլմը դիտեցի, հասկացա, որ այն ոչ թե ֆիլմ է Կոմիտասի մասին, այլ, ինչպես Արմանն է սիրում նշել, ֆիլմը Կոմիտասի շնչով է. ինչպես նաև ներառում է Համիդյան ջարդերը, որի համար պետք էր ստեղծել նոր երաժշտություն` համիդյան ջարդերի քաոտիկ մեկնաբանմամբ: Ինձ համար նաև շատ կարևոր հանգամանք էր այն, որ այս ֆիլմով առաջին անգամ հնարավորություն ունեցանք տեսնել մանուկ Կոմիտասին: Ֆիլմում օգտագործվել են Կոմիտասյան   երաժշտության տարբեր հատվածներ` «Վայ լե», «Գութաներգ», «Գարունա», «Ալ այլուղս» և այլն, իսկ մնացած դեպքերում պետք է գրվեր նոր երաժշտություն, որը կլրացներ տեսարանների բովանդակությունը` մնալով համահունչ կոմիտասյան երաժշտության էսթետիկային, հայ ֆոլկլոր երաժշտական լեզվամտածողությանը և միևնույն ժամանակ կհամապատասխաներ ֆիլմի օրիգինալ Երաժշտությանը, իբրև առանձին երաժշտական  ժանրի  ոճին: Այս տարրերը համադրելով` ստացանք «Սողոմոնի երգերը» ֆիլմի համար  հատուկ գրված սաունդթրեքը:  Երաժշտությունը ձայնագրեցինք` օգտագործելով թե՛ լարային կազմ,թե՛ ազգային նվագարաններ, այդ թվում` շվի, բլուլ, դուդուկ, ուդ, քամանչա: Շատ էի կարևորւոմ ֆոլկլյոր գործիքների կիրառումը, օրինակ` շվի գործիքը համարում էի Կոմիտասի մանկության տեմբրը, որն իրեն ուղեկցել է իր ողջ կյանքի ընթացքում:  Բավական մեծ էր աշխատանքը: Պետք է առանձնահատուկ նշեմ Նորայր Քարտաշյանին, որը վարպետորեն կատարեց բոլոր փողային ֆոլկլյոր գործիքների ձայնագրութունները: Շատ մանրակրկիտ է ընտրվել, թե որ գործիքն ինչ դեր պետք է ունենա: Այս ֆիլմի համար գրված երաժշտությունը նվագախմբային երաժշտության և ֆոլկ գործիքների սինթեզ է:

Անահիտ մրցանակաբաշխությանը «Սողոմոնի երգերը» ֆիլմի համար գրված երաժշտությունը ստացել է գլխավոր մրցանակ: Ի՞նչ նշանակություն ունի մրցանակը Ձեզ համար: 

Մրցանակը պարտավորեցնող է, որովհետև երկար ու ձիգ տարիներ աշխատելու արդյունքում այն ամփոփում է ստեղծագործական մի որոշ փուլ: Հաճելի է, երբ աշխատանքդ այս ոլորտում գնահատվում է մի ասպարեզում, որը Հայաստանում բավական ժամանակ անտեսված է եղել և նոր-նոր փորձում է գտնել իր ուրույն տեղը մեր մշակույթում: Մրցանակը ևս մեկ քայլ է` նոր անելիքների, առավել մեծ պատասխանատվությամբ սկսած գործը շարունակելու համար, փորձելու կինո երաժշտություն ասպարեզը Հայաստանում ավելի զարգացնել: 

Berberyan4

Նշեցիք, որ Հայաստանում ֆիլմերաժշտությունը շատ զարգացած չէ: Դուք` որպես այդ ոլորտի ներկայացուցիչ, մտածե՞լ եք լինել մեկը, ով կկրթի այն երիտասարդներին, որ ցանկանում են այդ ուղղությամբ շարունակել:

Երբ նոր էի մուտք գործում այս ոլորտ, հասկացա, որ շատ տեղ ունեմ ինքնակրթվելու, քանզի որևէ հաստատությունում կինոերաժշտության կրթության բաժին չկար, ռեժիսորների և կինոգործիչների  հետ համագործակցելով` կարող էի ծանոթանալ այս մասնգիտության մոտեցումներին և նուրբ գիտելիքներին: Բացի այդ, դիտում էի տարբեր վարպետության դասեր, հայտնի ֆիլմ կոմպոզիտորների հարցազրույցներ, հանդիպում էի այս ոլորտի հայ կոմպոզիտորների հետ և այսօր էլ պատրաստ եմ ցանկացած հարցով աջակցել ֆիլմերաժշտություն ստեղծել  ցանկացող սկսնակներին: Այս ամենը հաշվի առնելով` ինչ-որ կետից հասկացա, որ ժամանակն է թիմ ունենալու, որ ինձ պես նվիրված կլինի իր գործին: Եվ երկու տարի առաջ ստեղծվեց «Berberyan Music Production House»-ը, որն ունի ստուդիայի ձևաչափ: Ֆիլմի համար երաժշտությունը մի մեծ գործընթաց է, որը սկսվում է էսքիզների ստեղծումից, վերածվում նյութի, շարունակվում ձայնագրությամբ ու մշակումներով: ֆիլմի երաժշտության ստեղծման հետարտադրական գործնթացում կոմպոզիտորին նաև թիմ է հարկավոր, բաղկացած տարբեր մասնագետներից. օրինակ՝ հնչյունային ռեժիսոր, երաժշտական ձևավորող, երաժշտական սուպերվայզեր, պարտիտուրի թվայնացնող, ձայնագրման համակարգող, երաժշտության հնչյունային համադրող։ Ներկա պահին մեր թիմը բաց է հանդիպումների համար։ Նաև փորձում ենք կազմակերպել վարպետության դասեր. լինի դա հնչյունային ձևավորման, թե ֆիլմի երաժշտության: Սրանք դաշտեր են, որ բաց են թողնված մեր երաժշտական կրթական ծրագրից և պահանջում են առանաձնահատուկ մոտեցումներ: 

BErberyan6

Հայաստանում ֆիլմերաժշտության խնդիրների մասին խոսենք: 

Հայաստանում ֆիլմերաժշտությունը վերջին տարիներին է նոր թափ առել, որովհետև մինչ այդ շատ ժամանակ լինում էին դեպքեր, երբ այլ երկրների տարբեր հայտնի ֆիլմերից վերցված երաժշտություն էր օգտագործվում, որը անթույլատրելի է միջազգային օրենքներով ու խաղտում է հեղինակային իրավունքները: Խնդիր է նաև այն, որ շատ ժամանակ օգտագործվում է համակարգչով գրված երաժշտությունը: Փորձեմ բացատրել. շատ դեպքերում ռեժիսորներն ուզում են ֆիլմի տեսարանի տակ արդեն  պատրաստի երաժշտությունը լսել` գործիքավորված նվագախմբային հնչողությամբ` որպես վերջնական նյութ, և շատ ժամանակ երաժշտությունը այդպես էլ մնում է համակարգչային էսքիզային փուլում, հետո  այդպես էլ  դուրս է գալիս էկրաններ: Ֆինանսի ոչ ճիշտ բաշխման կամ բացակայության հետևանքով բաց են թողնվում նվագախմբի կիրառումը, անսամբլների, երաժիշտների ներգրավումը: Երաժշտության կենդանի շունչը, զգացմունքային գունապնակը ներկայացնելու համար շատ կարևոր է կենդանի կատարումը: Խնդիրներից մեկն էլ այն է, որ երաժշտագետները չեն զբաղվում ֆիլմերաժշտության ուսումնասիրությամբ, չկան քննադատական հոդվածներ, որոնք կնպաստեին ոլորտի զարգացմանը:  Եվ ամենակարևորը կցանկանայի, որ մրցակցային դաշտն  ակտիվանար:

Զրուցեց Մերի Հովհաննիսյանը

  • Created on .
  • Hits: 1460

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: