Հաջողության հետևում կանգնած է քրտնաջան աշխատանքը. Գուրգեն Բավեյան

Հարցազրույց Տաթևիկ Սազանդարյանի (2006թ.) և Գոհար Գապարյանի(2008թ.) հանրապետական մրցույթների դափնեկիր, նախագահի երիտասարդական մրցանակի հաղթող(2010թ.), ինչպես նաև Պավել Լիսիցյանի անվան երգիչների միջազգային մրցույթի դափնեկիր(2013թ.), օպերային երգիչ, բարիտոն Գուրգեն Բավեյանի հետ

Ինչու՞ որոշեցիք զբաղվել երաժշտությամբ և վերջնականապես ե՞րբ ընդունեցիք այդ որոշումը:

Իրականում այս որոշում կատարողը ես չեմ եղել, այն որոշված է եղել այն ժամանակ, երբ ես դեռ ծնված չէի, այսինքն՝ ծնողներս են որոշել: Ծնողներս երաժիշտներ են, որոնք երկար տարիներ աշխատել են օպերային թատրոնում՝ օպերային երգիչներ են:  Հայկական իրականության մեջ սա  հաճախ հանդիպող երեւույթ է, որից երեխաները մեծամասամբ գոհ չեն լինում, սակայն ես գոհ ու շնորհակալ եմ այս որոշման համար:

Ի՞նչ կրթություն եք ստացել, և Ձեր դասախոսներից ո՞վ է մեծ դեր խաղացել Ձեր բռնած երաժշտական ուղու ընթացքում:

Երևանի կոնսերվատորիան ավարտելուց հետո, սովորել եմ Ֆրանկֆուրտի բարձրագույն ուսումնական դպրոցում: Ուսումնառության ժամանակ 2 դասախոս եմ ունեցել, որոնք կարևոր դեր են խաղացել իմ ընտրած ուղու վրա, Հայաստանում՝ վաստակավոր արտիստ Վալերի Հարությունյանը, որն իմ մասանգիտական ուղու և կյանքի ամենակարևոր մարդկանից է եղել, որին շատ եմ սիրել ու սիրում: Երկրորդը Ֆրանկֆուրտի իմ դասախոսն է՝ Հեդվիգ Ֆասբենդերը, որը շարունակեց  Վալերի Հարությունյանի գործն ու մեծ ավանդ ունեցավ այս գործում՝ հասցնելով ամեն բան իր վերջնակետին:

Եղել եք մեծ բեմերում՝ որպես մեներգիչ, պատմեք Ձեր անցած ուղու և  համերգների մասին: Սրա հետ զուգահեռ խոսենք նաև Ձեր համագործակցությունների մասին՝ ինչպիսի՞ն էին դրանք, հե՞շտ էր ստացվում արդյոք նոր համագործակցություն սկսելը:

Ուսանող տարիներին եղել եմ Ղազարոս Սարյանի օպերային ստուդիոյի մեներգիչ: 2008-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ եմ եղել 5 տարի: Ֆրանկֆուրտում սովորելուց հետո ընդունվել եմ տեղի օպերային թատրոն, աշխատել այնտեղ 2-3 տարի, որից հետո դարձել եմ ազատ կարգավիճակի՝ ֆրիլանս մեներգիչ: Եղել եմ տարբեր բեմահարթականերում, հեղինակավոր օպերային թատրոններում, ունեցել եմ բազում համագործակցություններ հայտնի դիրիժորների հետ:

Ինչպիսի՞ դժվարությունների միջով եք անցել հասնելու համար Ձեր յուրաքանչյուր մրցանակին:

Յուրաքանչյուր մասանգիտական հաջողության հետևում կանգնած են քրտնաջան աշխատանքը, հիասթափությունները, որոնք հաղթահարելով` հասնում ես բարձունքների:

Ի՞նչ կարևոր հատակնիշներ են պետք մեներգիչ դառնալու համար:

Այստեղ ևս պետք է լինես լիդեր, որպեսզի երկար ճանապարհ անցնես ինքդ քեզ հետ, քանի որ այդ ճանապարհին մենակ ես լինելու: Պետք է անպայման լինել աշխատասեր, նպատակային, դնել նապատակ ու սահմանված ժամանակում հասնել դրան: Կան նաև այլ հատկանիշներ, որոնք ևս կարևոր են, օրինակ՝ լեզուների իմացությունը, մարդկանց հետ ճիշտ շփումը, նոր կապեր ստեծելը:

Եթե չլինեիք մեներգիչ, ո՞ր երաժշտական գործիքը կցանականայիք նվագել և դրանով հանդես գալ:

Ոչ մի երաժշտական գործիք չէի ցանականա նվագել, քանի որ երգիչները փոքր-ինչ ալարկոտ են, իսկ երաժշտական գործիք նվագելու համար չափազանց շատ պետք է աշխատել, իսկ մենք, կես կատակ, այդպիսին չենք: Սակայն կլինեի այլ մասնագետ, օրինակ՝ ֆուտբոլիստ կամ պատմաբան:

Բացի օպերային ժանրից, էլ ի՞նչ ժանրերում եք նախընտրում երգել և ի՞նչ ժանրեր ունկնդրել:

Նախընտրել չէի ասի, սակայն ինձ փորձել եմ ռոմանսային-քաղաքային երգի ժանրում: Երկար ժամանակ է համագործակցում եմ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Նրա և Սեդա Ամիրկարայանի հետ ունենք ձայնագրած ձայնասկավառակ: Չեմ կարող ասել ստացվել է, թե ոչ, դա կասի հանդիսատեսը, բայց, այնուամենայնիվ, ինձ դուր է եկել այդ ոճում հանդես գալը: Նաև կարանտինի շրջանում ինձ փորձել եմ ժողովրդական երգերի ասպարեզում, փորձեցի մի քանի նման տեսահոլովակ անել, որն էլ արժանացավ հավանության:

Ինչպե՞ս եք ոգեշնչվում, ո՞րն է Ձեր մոտիվացիայի աղբյուրը: Ունե՞ք իդեալ, օրինակելի մարդ, որի լավ հատկանիշները փորձում եք որդեգրել:

Ոգեշչվել կարող եմ տարբեր կերպ, թեկուզ հենց պրոդուկտիվ օրն անցկացնելուց, հաջողությունից, նոր առաջարկից, մրցանակից, թատրոն գնալուց, ինչու ոչ, կոլեգաներիս լսելուց: Համաշխարհային աստղերից ևս կարող եմ ոգեշչվել, որոնք կարող են լինել իդեալներ, սակայն կոնկրետ անուններ չեմ տա:

Ի՞նչ խորհուրդ կտայիք սկսնակ երգիչներին, որոնք փորձում են իրենց առաջին քայլերն անել այս բնագավառում:

Առաջիններից մեկը դասախոսի ճիշտ ընտրությունն է, որն անդրարդառնում է քո հետագա ստեղծագործական ուղու վրա: Մեզ՝ երգիչներիս մոտ կա մի բացասական կողմ՝ չենք սիրում քննադատություն, նկատողություն, սակայն առողջ քննադատությունը պետք է լսել, ընդունել և աշխատել այդ ուղղությամբ, որը ես փոքր-ինչ ուշ հասկացա ու հիմա դրան շատ եմ ուշադրություն դարձնում: Երիտասարդ երգիչներին միշտ մի հետաքրքիր բան եմ ասում՝ դա չակերատավոր և լավ իմաստով գողանալն է՝ գողանալ, վերցնել այն լավը, որը տեսնում ես, յուրացնել այն ու օգտագործել:

Զրուցեց Նատալի Մկրտչյանը

  • Created on .
  • Hits: 2757

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: