«Շուշանները» կանայք են, որոնց միավորում է երջանիկ լինելու երազանքը․․․» հարզացրույց Արմինե Գաբրիելյանի հետ

 

Օգոստոսի 1-ին՝ Գրքի երևանյան 4-րդ փառատոնի շրջանակներում, տեղի ունեցավ երիտասարդ արձակագիր Արմինե Գաբրիելյանի «Շուշաններ» գրքի շնորհանդեսը։ Այն պատմվածքների ժողովածու է, որոնք մի նուրբ թելով հյուսված են իրար և ինչպես նախաբանի հեղինակ Հովհաննես Երանյանն է գրել՝ պատկերում են Արարատյան դաշտի մարդուն։ Գրքի խմբագիրը բանաստեղծ Նշան Աբասյանն է։ Հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Cultural-ը ներկա է գտնվել Արմինե Գաբրիելյանի գրքի շնորհանդեսին և զրուցել հեղինակի հետ։

 

Թերևս մեր զրույցը սկսենք գրքի վերնագրից․ «Շուշաններ»։ Ովքե՞ր են այս Շուշանները, կպատմե՞ք նրանց մասին։

Շուշաններից մեկը գեղջկուհի է, որը գլուխը կորցնում է անծանոթ տղամարդու հարգալից վերաբերմունքից անգամ, մեկը ամուսնուց լքված երիտասարդ կին է, որ սրտի թաքուն անկյուններում սիրվելու գաղտնի երազանք ունի, մեկը իր երիտասարդությունից բան հասկացած չհասցրած՝ որդու հարսանիքին է նախապատրաստվում, մեկը հայրենիքից հեռացած՝ օտար ափերում կարոտում է տունը ու մտովի մաքրում ու կահավորում է այն, մեկը առաջին անգամ կանանց իրավունքների մասին լսած և ապշած խեղճուկրակ մաքրուհին է։ Շուշանը հայ կինն է, որ պարտավոր է գոհացնել ընտանիքի բոլոր անդամներին՝ իր քնի, հետաքրքրությունների, հանգստի հաշվին, Շուշաններից մեկը գոռոզ և ինքնահավան կին է, որ փորձում է տրորել իր կարծիքով իրենից ցած կանգնածներին։ Այսինքն՝ Շուշանները կանայք են՝ տարբեր խավերի ու բնավորությունների, որոնց միավորում է երջանիկ լինելու երազանքը։

«Շուշաններ»-ը Ձեր առաջին գործն է, որով մուտք եք գործում հայ ժամանակակից գրականություն։ Ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցիք այս ուղին։ Բացի այդ, կարծում եմ՝ գրողին լավ զգալու և ճանաչելու համար կարևոր է հասկանալ, թե իր կյանքում որ գրողները և գրքերն են ունեցել և այսօր էլ ունեն բեկումնային նշանակություն։ Ո՞ւմ գրականությունից եք ազդվում։

Ինձ միշտ զարմացրել է սովորական մարդուց գրական կերպար ստեղծելու Վահան Թոթովենցի վարպետությունը։ Թեև Խարբերդն ու խարբերդցիք նման չէին իմ միջավայրին ու մարդկանց, բայց ես կլանում էի ամեն պատկեր ու բնավորություն և երազում գրել ու պատմել իմ շուրջը ապրող մարդկանց ու նրանց հոգսերի մասին։ Ուսանողական տարիներին նման փորձեր արեցի, բան դուրս չեկավ, մի ահագին ժամանակ դադարից հետո սկսեցի գրել։ Հրապարակվեցի «Գրանիշ» կայքում, ապա՝ «Մշակութային հրապարակ», «Կայարան» հանդեսներում, Թեհրանի «Ալիք» օրաթերթում։ Էնքան բան կար, ինչպես Խորենացին է ասում՝ գրելու և հիշատակելու արժանի։ Եվ ահա դրանք մեկտեղվեցին և գիրք դարձան։ Բեկումնային նշանակություն շատ գրողներ կան՝ Ակսել Բակունցից ու Գուրգեն Մահարուց՝ Հովհաննես Երանյան, Ջորջ Օրվել և Միլան Կունդերա, Փամուք, արդի իրանական արձակ։ Այնուամենայնիվ միակ անգերազանցելի, կատարյալ ու գեղեցիկ գրված գիրքը Աստվածաշունչն է։

Գիրքը ներկայացնելիս խոսեցիք Զոյա Փիրզադի ու Ձեր կապի մասին։ Կխնդրեմ՝ փոքր-ինչ բացեք փակագծերը։ Ի՞նչ արձագանքներ եք ստանում Փիրզադից, որովհետև ես գիտեմ, որ նա չափազանց խիստ գրող է և նրբաճաշակ ընթերցող։

Փիրզադի նման ուսուցիչ ունենալը ի վերուստ ուղարկված պարգև է ինձ համար։ Նա և՛ խստապահանջ ուսուցիչ է, և՛ հրաշալի ընկեր՝ չնայած մեր միջև տարիքային շոշափելի տարբերության։ Զոյային գոհացնելը հեշտ չէ․ շատ ճիշտ եք ասում՝ խիստ գրող է և նրբաճաշակ ընթերցող։ Եվ իր վարպետության ու փորձառության մեծ-մեծ պաշարից սիրով բաժին է հանում ինձ։ Մեր զրույցները ամենատարբեր թեմաներով են՝ առօրեականից մինչև բարձր արվեստ և գրականություն, հայ, իրանահայ և պարսիկ ժողովուրդների նիստուկաց, խոհանոց, բարբառներ, մարդկային հարաբերություններ։

Ձեր գիրքը կանանց մասին է, իսկ ո՞ւմ համար է այն։

Երևի հենց կանանց։ Շատերը այդ կերպարներում կտեսնեն ու կփորձեն հասկանալ իրենք իրենց ու դիմացինին, կհամոզվեն , թե ինչքան ընդգրկուն ու գեղեցիկ է կարեկցանքի, սիրո, բարության, անձնազոհության իրենց աշխարհը։

2020-ը դիտարկենք որպես տարածաժամանակային պատնեշ Ձեր ու Ձեր գրականության համար։ Ինչպիսի՞ն էր Արմինե Գաբրիելյանի գրականությունը նախքան վերջին դեպքերը, և ի՞նչ հետք թողեցին դրանք Ձեզ ու Ձեր ստեղծագործությունների վրա։

Պատերազմը բաց վերք է բոլորիս համար։ Չարիք։ Իմ «Տոնածառ չկա» պատմվածքում ես ուղիղ, առանց անուններն ու դեպքերը փոխելու, խոսում եմ արդեն երեք տասնամյակ կրկնվող պատերազմների մասին։ Սկզբում կռվում էին մեր հայրերն ու ավագ եղբայրները, հետո՝ հասակակից կամ կրտսեր եղբայրները, ապա՝ մեր երեխաները։ Ցավոք մեզ՝ անորոշության ու տագնապի մեջ հայտնվածներիս, աղոթելուց զատ ոչինչ չի մնացել։

Ձեր պատմվածքներում որքանո՞վ է ներկայացված Ձեր իսկ կյանքը։

Հեղինակը իմ պատմվածքներում որպես երրորդ անձ դիտում և պատմում է տեղի ունեցածը։ Իհարկե, կան դեպքեր, երբ իմ կյանքից ու ընտանիքից էլ դրվագներ են ներկայացված, սակայն էնքան շատ է շաղախված դրսից լսածի ու տեսածի հետ, որ ամենամոտ հարազատիս անգամ տեսանելի չլինի՝ որքանն է հեղինակի ես-ը։

Հետագայում ի՞նչ ճակատագիր կունենան «Շուշանները»։

Շուշանները կշարունակվեն գրվել, քանի դեռ կանայք ապրում են ու ձգտում գնահատված, սիրված, պաշտպանված լինել, մանրուքներում երջանկություն փնտրել, և եթե ընթերցողը ընդունի և սպասի հաջորդ «Շուշաններին»։

 

Զրուցեց Արեգ Բագրատյանը

  • Created on .
  • Hits: 1164

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: