Ֆրիդրիխ Նիցշե՝ փիլիսոփա, ում տարերքը երաժշտությունն է եղել. բացառիկ համերգ՝ Երևանում

 

Ֆրիդրիխ Նիցշեի փիլիսոփյությանն ու գրչին, հավանաբար, շատերն են ծանոթ, սակայն կոմպոզիտոր Նիցշեին բացահայտելու հնարավորություն քչերն են ունեցել: 

Հենց այդ բացահայտմանն է միտված այսօր՝ ապրիլի 16-ին, The LOFT-ում նախատեսված «Ֆրիդրիխ Նիցշեն՝ մարմնավորյալ երաժշտություն» խորագրով համերգ-երեկոն, որի ժամանակ տեղ գտած բանախոսության ընթացքում «ԱՐԱՐ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, խմբավար Գոռ Մելքումյանը կխոսի Նիցշեի երաժշտական ուղու մասին։ Նիցշեի երգերը Հայաստանում հնչեցնելու գաղափարը հենց նրանն է: 

Cultural.am-ը թեմայի շուրջ զրուցել է Գոռ Մելքումյանի հետ:

 

gor melkumyan

- Ե՞րբ եք Ձեզ համար բացահայտել Նիցշե կոմպոզիտորին:

- Նիցշեին ծանոթացել եմ պատանի տարիքում, երբ դեռ դպրոցական էի: Այդ ժամանակ ձեռքս ընկավ Հայաստանում նրա առաջին հրատարակված գիրքը: Պետք է խոստովանեմ՝ կարդալուց ոչինչ չհասկացա, բայց գրավիչ, հետաքրքիր մի բան կար նրանում, ինչն անընդհատ ինձ ձգում էր: Նրա գաղափարները, լեզվի, ոճի համադրությունն ինձ կլանեց: Սկսեցի ուսումնասիրել գրքերն ու նկատեցի, որ իր ստեղծագործությունների մեջ նաև շատ է անդրադառնում երաժշտությանը: Ու այնպիսի համոզվածությամբ, ձևակերպումներով է խոսում, որ նույնիսկ մեծանուն երաժիշտները շատ հաճախ նման խորքային հարցերի չեն կարողանում անդրադառնալ: Այսքան տարիների ուսումասիրություններից հետո ինձ թույլ կտամ վստահաբար ասել՝ Նիցշեն տարերքային երաժիշտ է եղել, ով ամբողջ կյանքն է  երաժշտաբար ապրել: Կոնսերվատորիան ավարտելուց էլ ես որպես թեզի թեմա՝ ընտրեցի Նիցշեին, որպես կոմպոզիտոր: Իմ այդ հոդվածը հրատարակվել է Նիցշեի՝ հայերեն թարգմանված  երկերի վեց հատորյակի վերջին հատորում: 

- Նման համերգի գաղափարը այդ տարիների՞ն է ծնվել:

-Այո, այս համերգին մենք հասանք երկար ու դժվար տարիների արդյունքում: Նախ, այս ստեղծագործությունների նոտաներն ընդամենը մեկ անգամ են հրատարակվել՝ 1967 թվականին: Այս գիրքը շատ դժվարությամբ է հայթայթվում, քիչ գրադարաններում կա, մի կերպ կարողացանք գտնել: Նոտաներն ուսումնասիրեցի, ու պարզվեց, որ  մեծամաամբ անավարտ աշխատանքներ են. իր աշխատանքների մի մասը Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ կորսվել են: Ինքը նաև մի հետաքրքիր սովորություն է ունեցել՝ յուրաքանչյուր գրքի ավարտին ընտրում էր. թե իր ստեղծագործություններից որոնք պետք է մնան ու հրապարակվեն, որոնք՝ ոչնչացվեն: 

- Կա՞ տեղեկություն, թե ի՞նչ չափորոշիչներով էր առաջնորդվում՝ ո՞րը թողնել, ո՞րը՝ ոչ:

- Դա զուտ իր ընտրությունն է եղել: Ընդհանրապես, իր մոտ ամեն ինչ չափված ու ձևված է եղել, մեծ կարևորություն է տվել նույնիսկ ամենափոքր դետալին: Երաժշտության դեպքում՝ առավելևս: Պետք է շեշտեմ, որ նրա երաժշտական ստեղծագործությունների մեջ ավարտուն գործերը քիչ են: Ոչնչացվածներից զատ կան չավարտված բազմաթիվ գործեր: Դա նրանից է, որ Նիցշեն հանկարծաստեղծող կոմպոզիտոր է եղել, տարերքի կոմպոզիտոր, ով որևէ գործ ստեղծելուց առաջ երկար չի մտածել, պահն է թելադրել, ու արդյունքում փայլուն աշխատանքներ են ծնվել: Նրա չավարտված գործերը, հավանաբար, այդ հանկարծաստեղծումների արդյունքում են ծնվել ու անավարտ մնացել...

- Թեև միջոցառմանն ընդամենը ժամեր են մնացել, բայց փոքր-ինչ կմանրամասնե՞ք՝ ի՞նչ է սպասվում հանդիսատեսին:

- Հագեցած ու հետաքրքիր միջոցառում է լինելու. նախ, բանախոսություն, որի ընթացքում ես կպատմեմ, կներկայացնեմ երաժիշտ ու կոմպոզիտոր Նիցշեին, այնուհետև՝ Հակոբ Մովսեսը, ով Նիցշեի հատորյակի թարգմանիչն է, կխոսի հրատարակված գրքերի ու թարգմանությունների մասին: Կհաջորդի համերգային ծրագիրը, որի ընթացքում Հայաստանում (թեև, շատ երկրներում չեն հնչել) առաջին անգամ կկատարվեն Նիցշեի ստեղծագործությունները: Հաջորդիվ, մեր ժամանակակից արվեստագետները՝ նկարիչներ և քանդակագործներ, կներկայացնեն նոր աշխատանքներ՝ ոգեշնչված Նիցշեի ստեղծագործություններից: Սա բացառիկ միջոցառում է, ու կարծում եմ՝ արժի առիթը բաց չթողնել: 

- Ի դեպ, ինչո՞ւ մեծ բեմերին գերադասեցիք The LOFT-ը: 

- Ճիշտն ասած՝ ի սկզբանե այդպես չէինք որոշել: Սա մի մեծ ծրագիր պետք է լիներ, բայց համավարակն ու պատերազմը փոխեցին ընթացքը: Ի վերջո, սա մի համերգի նյութ չէ, ծավալուն նյութ է: բայց ինչ արած, իրավիճակն այսպես թելադրեց, ու հիմա գհոհ են, որ հենց The LOFT-ի հետ ենք համագործակցում... Այնուամենայնիվ, համերգային այս շարքը Նիցշեով չի սահմանափակվելու, կան այլ փիլիսոփա-երաժիշտներ, որոնք նույնպես շատ հետաքրքիր են: Բայց Նիցշեն  առանձնահատուկ է՝ որպես ամենախորքային, ամենատարերային ու ամենամեծ երաժիշտ-փիլիսոփա: 

- Նիցշեն ընդհանուր երաժշտական քանի՞ ստեղծագործություն ունի ու այսօր քանիսին հնարավորություն ունենք ծանոթանալու:

- Այսօր կներկայացնենք պահպանված 76 ստեղծագործություններից 12-ը: Բայց նորից հիշեցնեմ, որ այդ 76-ի մեծ մասը անավարտ ստեղծագործություններ են:

- Նրա ընտամիքում երաժիշտներ եղե՞լ են, երաժշտական ո՞ր գործիքին է տիրապետել Ֆրիդրիխ Նիցշեն:

- Դաշնամուր է նվագել, ու դրա հիմնական «մեղավորը» մայրն է եղել: Գիտեք, ինքը երաժշտական կրթություն չի ստացել, իր առաջին ուսուցիչն իր մայրն է եղել, ով դաշնամուրի էր տիրապետում: Հայրը հոգևորական է եղել, ու միշտ որդուն իր  հետ Սուրբ Պատարագների էր տանում: Փոքր հասակից երգում էր երգչախմբում: Պատմում են, որ Նիցշեն հրաշալի պատարագիչ էր, երբ սկսում էր տեքստերը կարդալ, բոլորը քարացած ունկնդրում էին... Տարիներ հետո ինքը հիշում է հոր հոգեհանգստի արարողությունը ու պատմում, որ եկեղեցում հնչում էր երգեհոնը, բոլորը երգում էին հոգևոր մի ստեղծագործություն, ու այդ խորհրդավոր միջավայրը երաժշտական առումով իր առաջին մեծ ու հզոր տպավորությունն է եղել: Ու հենց այդ երգեհոնյան  երաժշտությունը տարիներ անց ինքը փորձել է մշակել երգչախմբի համար: Սակայն, սա ևս անավարտ է մնացել: 

- Հոգևոր ավարտուն երաժշտություններ ունի՞ գրած:

- Այո, ունի: Որպես երաժիշտ՝ նա բազմաժանր է, տարբեր ժանրերում է ստեղծագործել: Անգամ օպերային հատվածներ ունի... Շատ հետաքրքիր անհատականություն է եղել: Նրա ամենահայտնի՝ «Այսպես խոսեց Զրադաշտը» փիլիսոփայական վեպի մասին տարիներ անց մի ստեղծագործության մեջ խոսելիս պատմում է, որ դրան նախորդող շրջանում տարված է եղել երաժշտությամբ, ու երաժշտությունն է իրեն բերել դեպի Զրադաշտը... Երկու դեպքում էլ նույն հոգեվիճակի մեջ է եղել: 

- Փաստորեն, իր փիլիսոփայությունը նաև իր երաժշտության մեջ է զգացվում:

- Անշուշտ, նա մի երաժշտի ու փիլիսոփայի բացառիկ համադրություն է: Այս մասին ամենաճիշտն իր իսկ խոսքերն են. «Որքան ես ավելի եմ երաժիշտ դառնում, այնքան ավելի եմ փիլիսոփա դառնում»: Ինքն իր փիլիսոփա լինելն առհասարակ կապում էր երաժշտության հետ, ու իր բոլոր փիլիսոփայական աշխատանքների մեջ երաժշտությունը որևէ կերպ արտացոլված էր, շատ խորքային էր գրում: Նա ժամանակին ընկերություն էր անում Ռիխարդ Վագների հետ: Դա մի հետաքրքիր մտերմություն էր, դրա մասին նույնիսկ գործեր կան գրված... Մի խոսքով, շատ խորքային փիլիսոփա-երաժիշտ մասին է խոսքը, ու կկրկնվեմ՝ շատ երաժիշտների չի հաջողվել երաժշտության այնդպիսի խորքային մեկնաբանություններ տալ, ինչպես նա: 

 

 

Հարցազրույցը՝ Նելլի Մարգարյանի

  • Created on .
  • Hits: 1703

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: