«Նաիրյան» վոկալ անսամբլ. երգը՝ կոչ

 

Արդեն մի քանի տարի է, ինչ «Նաիրյան» վոկալ անսամբլը երգի միջոցով բարձրաձայնում է սոցիալական խնդիրներ: Նրանք Հայաստանում առաջինն են, որ երգը զուգահեռաբար ներկայացնում են ժեստերի լեզվով: Անսամբլի գործունեության մասին զրուցել ենք նրա հիմնադիր Նաիրա Մուղդուսյանի հետ։

 

 

Ինչու՞ «Նաիրյան»: 

Տարբեր մտքեր ունեինք անվան հետ կապված: Մեր անսամբլը նոր էր ձևավորվել, չուներ անուն: Մի անգամ ելույթ էինք ունենում Չարենցի թանգարանում։ Երգեցինք այնտեղ խորհրդանշական մի ստեղծագործություն` Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հիման վրա գրված երգը, որից հետո մեզ մոտեցավ Գոհար Չարենցը և ասաց` «դուք իսկական նաիրյան աղջիկներ եք»: Դա մեզ իսկապես դուրս եկավ:

 2015 թվականին է ձևավորվել անսամբլը: Գործունեության հիմքում ի՞նչն է ընկած: Նպատակների մասին խոսենք:

Մեր անսամբլը Մուղդուսյան արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակում է ձևավորվել: Դասական երգերի, ժողովրդական մշակումների հանրահռչակումը, ժողովրդական երգի կատարումը, հայ հոգևոր երգի տարածումը, ինչպես նաև մեր հասարակության մեջ կանանց դերի բարձրացումն է եղել մեր անսամբլի ձևավորման հիմքում: Հիմնականում բազմաձայն երգեր ենք ներկայացնում: Վերջերս սկսել ենք ավանդական երգերը բազմաձայնել: Ունենք ստեղծագործություններ, որ ինքներս նվագակցում ենք:

Հինգ հոգանոց կազմ է, և յուրաքանչյուր աղջիկ շատ կարևոր է մեր անսամբլում: Մենք անսամբլ ենք, բայց և մեզանից յուրաքանչյուրը կարող է շատ հանգիստ մենակատարի դերում ներկայանալ ես էլ այնպես եմ բաշխում երգերում ձայները, որ բոլորը կարողանան ներկայանալ ձայներով հատվածաբար։ Հիմնական կազմից երեքս այս տարիների ընթացքում երբեք չենք փոխվել, իսկ մյուս երկուսը պարբերաբար փոխվում են: Արդեն մեկ տարի է՝ մեր կազմը չի փոխվել։

Դուք հաճախ ակապելլա եք երգում: Ինչո ՞ւ։

Լինելով երգիչ` կարծում եմ, որ ձայնն իր հնարավորություններով շատ ավելի հետաքրքիր է: Ինձ համար ավելի գրավիչ է մարդու ձայնի հնարավորությամբ ստեղծված կատարումը: Երևի նախասիրության հարց է: Հետո ավելի ուշ որոշեցինք նաև նվագակցությամբ ինչ-որ բաներ ունենալ:

Մենք գիտենք, որ հսկայական աշխատանք կա անելու: Հեշտ ընկալվող մեղեդային գծերը չեն, որ ներկայացնում ենք: Այն հսկայական ժառանգությունը, որ մեզ թողել է Կոմիտասը, օրինակ, իրավունք չունենք չհնչեցնելու, իրավունք չունենք մեր սերունդների չփոխանցելու և իրավունք չունենք այդ երգերի կրողը չլինելու:

Անսամբլը երգերը ներկայացնում է նաև ժեստերի լեզվով: Ինչպե՞ս անցաք ժեստերի լեզվին։

Ժեստերի լեզվով սկսեցինք երգել 2018 թվականին: Մեր կենտրոն հաճախող երեխաներից մեկը, որ լսուղության հետ խնդիր ուներ, մեզ դրդեց այս որոշմանը: Նրա շնորհիվ մենք մեր համերգներից մեկի ժամանակ հրավիրեցինք սուրդո թարգմանչի: Երբ տեսանք, թե սուրդո թարգմանիչն ինչպես է մեզ զուգահեռաբար թարգմանում, շատ սիրեցինք այդ լեզուն։ Մեծ հետաքրքություն առաջացավ ժեստերի լեզվով երգերը ներկայացնելու։ Հանդիսատեսն իրենից անկախ հայտնվում է չլսողների աշխարհում. ինչը և՛ գրավիչ էր, և՛ ավելի տեսանելի է դարձնում երգը: Իհարկե հեշտ չէր սովորել ժեստերի լեզվով երգել։ Խնդիր էր առաջանում ալտի ձայաբաժնում երգողների համար, ովքեր մեղեդային գիծը չէին կարող ցույց տալ, բայց մենք երկար աշխատելով, կարողացանք ունենալ արդյունք: 

Երբ սկսեցինք ուսումնասիրել ժեստերի լեզուն, սկսեցինք հասկանալ` ինչ խնդիրներ ունեն չլսող մարդիկ մեր հասարակության մեջ: Նրանց խնդիրները վեր հանելու ևս մեկ տարբերակն էլ երգն էր և երգի միջոցով նրանց խնդիրներին լուծում առաջարկելը: Այսպես, չլսող մարդն ինտեգրվում է մշակութային կյանքին։

Ներառականությունը միակ սոցիալական խնդի՞րն է, որին անդրադարձել եք երգի միջոցով։

Մարդու իրավունքների հարցն ենք բարձրաձայնում առհասարակ։ Մենք վստահ ենք, որ արվեստը կարող ուժ է: Հասարակության մեջ առկա խնդիրները վատ սովորությունների վրա կարելի է ազդել արվեստի միջոցով: Արվեստը կարող է կրթել, ուղղություն ցույց տալ, կարող է մաքրել մարդուն: Եվ շատ հետաքրքիր է, երբ դու նկատում ես այդ խնդիրները և արվեստի միջոցով դրանց լուծումներ առաջարկում:

2020 թվակնի հունվարի մեկից մեկնարկեցինք մի ծրագիր, որ կոչվում է «Երգը` հանուն իրավունքի»: Այս ծրագիրը ներառում էր երեք մենահամերգների շարք: Երեք հեղինակային երգերի տեսահոլովակներով: Հաջողվել է միայն ծրագրերից երկուսն անել:

Առաջին համերգը օնլայն հարթակում էր` կորոնովիրուսով պայմանավորված, կրում էր «Համարձակ եմ» խորագիրը: Այս համերգային ծրագրում ներառված էին հայ դասական, ժողովրդական երգերի այնպիսի մշակումներ, որ անդրադառնում էին կնոջ դերին, նրա համարձակ գծերին: Ներկայացանք նաև հեղինակային երգով, որը ևս կոչվում էր «Համարձակ եմ»: Երգի բառերի հեղինակը Մարիամ Մուղդուսյանն է, իսկ մեղեդին մենք ենք մշակել: Նորից երգը որոշ հատվածներում թարգմանվել է ժեստերի լեզվով։

Հրավիրեցինք իրավապաշտպան, որ բանախոսում էր: Ինքներս էլ հանդիպում էինք իրավապաշտպանների հետ` հասկանալու համար, թե Ինչ խնդիրներ ունեն կանայք։

Մյուս սոցիալական խնդրին նվիրված համերգը կոչվում էր «Օրոր նանի»: Այս համերգը ևս օնլայն հարթակում կայացավ: Միայն օրորոցայիններ են ընդգրկված եղել` ավանդական և դասական մշակումներ: Այս օրորոցայիններում մենք ասում էինք` երեխան երեխա է` անկախ իր սեռից , և մենք մեր երեխաներին սիրում ենք` անկախ սեռից: Նորից նայելով մեր վիճակագրությանը, մի տխուր փաստի ականատես դարձանք: Խոսքս սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասին է։ Այս թեմայով էլ նկարահանել ենք մեկ օրորոցային տեսահոլովակ:

Առջևում ինչ պլանավորած համերգ ունեք:

Այս շարքի երրոդ համերգն է առջևում: Ես հույս ունեմ, որ այս տարի մենք այդ նախագիծը ավարտին կհասցնենք: Համերգը կրելու է «Ես եմ, Փյունիկ» խորագիրը: Քաղցկեղ հաղթահարած կամ քաղցկեղի բուժման փուլում գտնվող կանանց մասին է լինելու: Առողջներին էլ` բժշկի գնալու կոչ: Նախատեսվում է, որ համերգը լինելու է նկարիչ Մարիամ Մուղդուսյանի նկարների հետ համատեղ: Ցուցադրվելու են նկարներ, որտեղ կանայք գեղեցիկ են, եթե անգամ հաղթահարել են կրծքի քաղցկեղը՝ այն կորցնելու գնով:

Այս համերգին այնպիսի երգեր ենք փորձում ներառել, որոնք դժվար են հինգ հոգանոց կազմի երգչուհիների և մանավանդ կանաց կազմի համար: Որոշակի հաղթահարման փուլ է նաև մեզ համար:

 

 

 

Հարցազրույցը՝ Մերի Հովհաննիսյանի

  • Created on .
  • Hits: 1442

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: