«Սաղսարա». Ի՞նչ է պատմում երգը

Երաժիշտներից կազմված խումբն անցնում է Հայաստանի գյուղերով, ապրում գյուղացու հետ ու նրա առօրյայով, փնտրում ու գտնում հայտնի ու մոռացված ազգային երգեր՝ դրանք գործիքավորելու և պահպանելու նպատակով։ Ֆիլմով ներկայացվում են գյուղն ու գյուղացին, երգի փնտրտուքն ու երաժիշտների բացահայտումները, երգի գործիքավորված տարբերակը ներկայացվում է նաև առանձին հոլովակով։

«Սաղսարա» նախագծի առաջին ֆիլմը հանրությանը ներկայացվեց կես տարի առաջ։ Այսօր արդեն Սաղսարայի մասին շատերն են խոսում։

Սաղսարեցիների հետ զրուցել ենք նախագծի պրոդյուսեր, լրագրող Անուշ Քոչարյանի տանը՝ Բաղրամյան փողոցի ներքին բակերից մեկի բալկոնում։ Սովորաբար ինքն է այստեղ զրույցներ վարում («Հետք» պարբերականի «Բալկոնում» շարք), այս անգամ իր տեղն ինձ զիջեց։ Բալկոնային զրույցին մասնակցել են նաև սաղսարեցիներ Արմեն Պապյանը (ռեժիսոր, երաժիշտ, նախագծի գործող անձ) և Վահան Սեթոյանը (մոնտաժի խմբագիր, գունամշակող)։

-Ու՞մ մտահղացումն էր երաժիշտների խմբով շրջել Հայաստանի գյուղերով ու հավաքագրել ազգային, ժողովրդական երգեր, գործիքավորել դրանք։

Արմեն։ Մոտ մեկ տարի առաջ գաղափար ծնվեց, որ կարելի է գտնել ժողովրդական երգեր հենց գյուղերից, ձայնագրել ու գործիքավորել դրանք։ Սկզբում մտածում էինք նկարել միայն երգող գյուղացիների, հետո երաժշտություն գրել երգի համար։ Ավելի ուշ հարց առաջացավ՝ ինչ ենք անելու, որ դա մարդկանց հետաքրքրի։ Քննարկեցինք ու որոշեցինք, որ ամբողջ ընթացքը պետք է ցույց տալ՝ ինչպես ենք գյուղ գնում, ապրում գյուղում, փնտրում ժողովրդական երգեր իմացող մարդկանց և այլն, և այլն։

Գաղափարն արդեն կար, միացան մեր ընկերները՝ պրոդյուսեր, օպերատոր, մոնտաժող, ձայնային օպերատոր, երաժիշտներ, սկսեցինք մտածել՝ ինչպես կարելի է առաջ գնալ։ Առաջինը հենց Վահանին ենք հանդիպել, ասացինք՝ նման գաղափար ունենք, ինչից է պետք սկսել, Վահանն էլ ասաց՝ վերցնում եք տեսախցիկ, ձայնագրիչ ու գնում եք գյուղ, սկսեք, ընթացքում կհասկանանք։

Անուշ։ Ամեն մեկն ուներ մի բան, որ ուզում էր տալ, ամեն մեկն իր մասնագիտության, իր ստեղծարարության շրջանակներում, դրա համար էլ աշխատանքները բաշխվեցին ու թափ առան։ Երբ ընկերներով եք աշխատում, քննադատությունը շատ ավելի սուր է, որովհետև դու բաց ես, տեքստերը սուր ես ասում, հավանական է, որ մեկը մյուսից նեղանա, բայց դա երկար չի տևում։ Մենք չունենք երկար տևող պրոցեսներ, դա է պատճառը, որ ստեղծարարությունը չի քանդվում։ Բարդ հարաբերություն է Սաղսարան. և ընկերախումբ է, և յուրաքանչյուրն իր պրոֆեսիոնալ ներդրումն ունի։ Մեր կյանքի երեք ամիսներն են ամեն ֆիլմի երեսուն րոպեի հետևում։

-Ի՞նչ է պատմում երգը գյուղի ու գյուղացու մասին, որ չի կարող պատմվել այլ կերպ, այլ արտահայտչամիջոցներով։

Արմեն։ Հայկական ժողովրդական երգերը շատ յուօրինակ են, մյուս ազգերի երգերից տարբերվում են նրանով, որ նկարագրում են ընթացք։ Օրինակ՝ աշխատանքային երգերը, գութաներգերը, հորովելները, պարերգերը: Երգն ասում է՝ գարունը եկավ, սկսվեցին դաշտի աշխատանքները, դա մեկ օրվա մասին չէ, այդ մարդկանց կյանքի բոլոր գարունների մասին է, և հենց այդ ընթացքն է, որ բերել է նրան, որ այդ մարդը գործ անելիս ինչ-որ երգ է երգել ։

Մենք նպատակ չունենք կոնկրետ որևէ երգ գտնելու, գնում ես, գյուղում պտտվում ես, երգերը լսում ես, մեկ էլ ինչ-որ պահի հենց այդ երգը հնչում է, ուրիշ բան ես զգում, զգում ես, որ այդ երգը հենց այդ գյուղի, այդ գյուղացիների մասին է, պատմում է գյուղում ապրող մարդու մասին, նրա առօրյայի, ընթացքի մասին, երազանքի, կարոտի, այնքան շատ բանի մասին է պատմում։

Անուշ։ Երգը շատ ժամանակ է ներառում իր մեջ, մենք հասնում ենք կամ գտնում ենք մեկին, ով էրգիրը չի տեսել, չգիտի, բայց կարոտն այնքան ուժեղ է փոխանցում, որ և մենք տեղում, և դիտողները հետո զգում են։ Սասունցիների, մշեցիների դեպքում դա զգացել ենք։

Երգը դառնում է ֆիլմի պատումի մաս։ Ֆիլմի երգը այդ ամբողջ տարածքի, մարդու ներկայի, անցյալի, նույնիսկ ապագայի մասին է՝ հույս ունի արդյոք, որ մի օր այդ պատմական հայրենիքը մերը կլինի, թե չէ, նույնիսկ այդ հույսը երևում է երգի մեջ։ Մենք էլ այդ նույն տրամադրությունների մեջ ենք ընկնում, որովհետև մեր արածը մաքուր վավերագրություն է։ Չի եղել դեպք, որ մենք տարածքում տրամադրություն փոխենք։ Գյուղացին է որոշում՝ ինչպես պիտի ներկայացնի այդ երգը, այդ պատումը, մենք էլ իր տրամադրության մեջ պիտի մնանք։

-Երբ նախագիծը նոր էր մեկնարկում, եղել են արդյոք հիասթափության պահեր, երբ մտածել եք՝ անհավանական է, անհնարին է, չի ստացվի, ի՞նչը, ովքե՞ր են օգնել հաղթահարել այդ զգացողություններն ու առաջ շարժվել։

Վահան։ Պատկերացրեք՝ աշխատում եք մի տեղ, որ առավոտյան արթնանում եք ու ուզում եք վազել գործի, այնպիսի տեղ, որտեղ բոլորն իրար սիրում են։ Սա իր գործը սիրող մարդու համար երջանկություն է, որ մեր իրականության մեջ քիչ է հանդիպում, բայց այդ երջանկությունն է, որ տալիս է անկեղծ արդյունք։ Չեմ վախենում նման բան ասել, որովհետև այն, ինչ անում ենք, անում ենք սիրով, ու ինձ թվում է՝ էկրանից դա երևում է։ Հենց այդ սերն ու խանդավառությունն են մեզ միավորել։

Անուշ։ Մեր ստուդիան գտնվում է Ձորաղբյուրում, մեր երկու սաղսարեցիների տունն է, որ դարձել է Սաղսարայի «գրասենյակ», այստեղ՝ իմ տանը, տեղի են ունենում Սաղսարայի հանրայնացման պրոցեսները։ Շատ դժվար է այս ամենը գրասենյակային դարձնել, որովհետև օդում, ջրում, ցամաքում Սաղսարան կա։ Հետաքրքիր է, որ մեզ այդպես են ընկալում նաև գյուղերում։ Մարդիկ մեզ տեսնում են, զրուցում ենք ու սկսում են կարգավորել՝ տունը կա, ուտելիքը կա և այլն, և այլն։

Շատ կոլեկտիվների հետ եմ աշխատել, որ ասում են՝ մենք ընտանիք ենք, ընդունված է այդպես ասել՝ սեր է տիրում, դրա համար լավ արդյունք ենք տալիս։ Մենք շատ չենք ուզում դա շահարկել, որովհետև այդ ընդունված տարբերակը չէ, իսկապես այդպես է։ Սա պայմանավորված է նաև նրանով, որ մեկը մյուսի աշխատանքը շարունակողն է, եթե օրինակ՝ Արմենն ու Վահանը իրար լավ չհասկանան ու չճանաչեն, Վահանը չի կարողանա անել այն, ինչ Արմենը պատկերացրել է, թեև վերջում դա դառնում է բոլորիս պատկերացրածը։ Իհարկե լինում են նաև ստեղծագործական բախումներ, բայց դրանք էլ ենք սիրում։

-Նախագծի անվան ի՞նչ տարբերակներ են քննարկվել։ Ինչու՞ Սաղսարա։

Անուշ։ Սաղսարա անվանումը մեր սփյուռքահայ բարեկամի՝ Րաֆֆիի (ծնվել և մեծացել է Ֆրանսիայում) մտահղացումն է, կարող եմ ասել՝ հայրենիքի հետ առնչվելու հետևանքը․ սաղ բառը հաստատ Ֆրանսիայում չի իմացել՝ ինչ է, բայց կարող էր ասել՝ ամենը սար է։

Հիմա շատերը չեն էլ դիտարկում, թե՝ ամենը սար է, այլ ընդունում են որպես անուն, որը կապում են տարածքի, երգի, ամեն ինչի հետ։ Առաջին աշխատանքային քննարկման ժամանակ՝ 2019 թ․-ի ամռանը, հասկացանք՝ ավելի լավ անուն դժվար գտնենք։

-Թիմի անդամներին սաղսարեցի եք անվանում։ Արդյո՞ք սաղսարեցին միայն նախագծում ներգրավված անձինք են, թե նաև ֆիլմի հերոսները, ֆիլմը դիտողները։

Անուշ։ Մենք գաղափար ունեինք նյութականացնել «գյուղ կանգնի, գերան կկոտրի», «համայնքը զորեղ է» և նմանատիպ արտահայտություններ։ Համոզվեցինք, որ համայնքը զորեղ է հենց առաջին ֆիլմը ստեղծելիս, երբ դրամահավաք հայտարարեցինք մի էպիզոդի համար, ու գումարը հավաքվեց։ Սա տեղի ունեցավ ոչ միայն Սաղսարայի սիրահարների, հետևորդների շնորհիվ, այլև անծանոթ մարդկանց աջակցությամբ, որոնք չգիտեին՝ ով ենք, մեզ չէին էլ տեսել, տեսել էին Սաղսարան։

Մենք ունենք «Սաղսարա համայնք» արտահայտությունը, որի մեջ նաև սաղսարեցին է։ Սաղսարեցին և ես եմ, Բագրատը, Արմենը, Վահանը ու մյուսները, և այն մարդը, ով իրեն կապում է նախագծի հետ։ Իհարկե առաջին հերթին կապում է այդ գյուղի բնակիչը, որտեղ մենք հայտնվում ենք, կապում է այն մարդը, ով ներդրում ունի, մարդը, ով զանգում է մեզ, խորհուրդ է տալիս որպես երաժշտագետ՝ էս գյուղերը գնացեք, էստեղ ավելի լավ ա,առատ ա երգերի ցանկը, արվեստագետը կամ նկարիչը, որն իր գործը տալիս է, աճուրդի ենք դնում, մի խոսքով՝ մարդը, որն իրեն ինչ-որ ձեւով կապում է Սաղսարայի հետ և այն ամենի, ինչ մենք ստեղծում ենք, պատմում ենք․ իրականում դա արդեն ստեղծված է, այդ ֆիլմն արդեն կա գյուղում, ուղղակի պետք է տեսնել ու վերջ։

-Ի՞նչ է բերում Սաղսարան սարերից քաղաք, և ի՞նչ են տանում սաղսարեցիները գյուղական համայնքներ։

Վահան։ Ես կարող եմ ասել՝ ինչ է բերում։ Մենք զբաղվում ենք բանահավաքությամբ, որը ինչ-որ ժամանակ հետո դառնալու է լուրջ բազա հաջորդ սերնդի համար։ Եթե սերիայի ընթացքում հնչում է երկու-երեք երգ, ձայնագրվում է տասը, քսան երգ, ինչն արդեն ժառանգություն է։ Հիմա մենք մի քանի հոգու կարող ենք հիշել, ովքեր անցած սերնդից են ու զբաղվել են այս գործով, նրանց շնորհիվ մենք ունենք հրաշալի ժառանգություն, իսկ ինչ կլիներ, եթե նրանք չլինեին։ Բանահավաքությունն ու ստացվող վիզուալ պրոդուկտն ինձ համար հավասարապես կարևոր են։

Արմեն։ Ամեն դեպքում փորձում ենք շատ բան չտանել։ Մենք գնում ենք ինտեգրվելու, ոչ թե ինչ-որ բան տանելու, մենք գնում ենք բերելու։ Ոչ մի բան չկա, որ ասես՝ այ սա պետք է տանել գյուղ, չէ , հակառակը, գյուղում այնքան բան կա, որի կարիքն ունենք Երևանում, այստեղ էլ կան շատ բաներ, որոնց կարիքը չունենք էլ։ Գյուղում մարդիկ ավելորդություններից զուրկ են, քիչ բաներ կան, որ ասես՝ այ սա որ չլիներ, ավելի լավ կլիներ։ Գյուղի մարդիկ, գյուղի տրամադրությունները ավելի պարզ ու ներդաշնակ են։

Անուշ։ Երևի ամենակարևոր բանը, որ տանում ենք մեզ հետ, ավելորդ բան չտանելու կամքն է, այսինքն՝ հնարավորինս քիչ բան տանելն է, որովհետև երբ դու մտնում ես շատ բնական միջավայր ու հետդ ինչ-որ արհեստական բաներ ես տանում, իրենք միանգամից դա «բռնում» են։ Գյուղեր կան՝ կարող են ծեծելով դուրս հանել արհեստականության պատճառով, գյուղեր էլ կան՝ կարող են փակվել ու ասել՝ հա, դե նկարեք՝ ինչ ուզում եք, ու գործող անձինք չարտահայտվեն։

Մեր փորձը ցույց է տվել, որ իրենք մեզ ընդունում են որպես իրենցից մեկը, բաց են, կարծես ասում են՝ ինչ ուզեք, կանենք իրար հետ, թոնի՞րն է պետք վառել, կվառենք, երգե՞լ, կերգենք, այսինքն՝ մենք ձեզ հետ ենք ու վստահում ենք։ Կարևոր է, որ իրենք չեն էլ նայում՝ դու ինչն ես նկարում, ինչը՝ ձայնագրում, քեզ այնքան են վստահում, որ ասում են՝ ամեն ինչ տար, ինչ ուզում ես դրանից ստացիր։ Մենք էլ փորձում ենք բերածին շատ զգույշ մոտենալ, որովհետև գիտենք, որ դա ինչքան մերն է, այնքան էլ մերը չէ, միջավայրինն է, պետք է իր բնական վիճակը չխախտվի։ Այդ պատճառով էլ շատ բարդ է լինում ընտրված երգը մշակելը, շատ պատասխանատու աշխատանք է՝ մշակել երգն այնպես, որ չվնասես ոչ երգը, ոչ մարդուն ։

Արմեն։ Երգի վերջնական տեսքը՝ ինչ ժանր է լինելու, ինչ գործիքավորում և այլն, թելադրում է գյուղը։ Այնպես չէ, որ գալիս ենք ու որոշում՝ այս երգում նման մի բան կսազեր, այո, կսազեր, բայց ինչու, որովհետև այդ գործիքը տրամադրությունը ավելի լավ է փոխանցում, տվյալ մարդու բնավորությունը ավելի լավ կդրսևորվի հենց այդ գործիքով և այլն։ Մանրակրկիտ աշխատանք է, որին նուրբ ենք մոտենում։

-Երբ դիտում ես ֆիլմը, տպավորություն է, թե live է, տեղում է որոշվում, օրինակ՝ խաչմերուկից աջ գնալ, թե ձախ, պատահական են լինում հանդիպումները գյուղացիների հետ, ովքեր էլ հետո դառնում են ֆիլմի գործող անձինք։ Ի՞նչն է որոշված լինում նախապես՝ մինչ նկարահանման պահը, և ինչն է, որ թողնում եք, որ լինի ինքնաբուխ։

Արմեն։ Նախապես որոշված է լինում միայն գյուղը։ Երբ գնում ենք, հետազոտում ենք գյուղը, գյուղին նայում ենք հեռվից, չենք քայլում։ Մտանք գյուղ, մի քանի հոգու տեսնում ենք, հարցուփորձ ենք անում՝ ինչ ունեք էստեղ, ինչ երգեր կան, գյուղատնտեսության որ ճյուղն է ավելի ակտիվ և այլն, հետո գտնում ենք մի բարձր կետ, դրոնով (հեռակառավարվող ֆոտոխցիկ․ հեղ) ընդհանուր գյուղը նկարում ենք, ու դուրս ենք գալիս գյուղից։ Այն, ինչ կատարվում է գյուղում, հենց այդ պահին է կատարվում, այսինքն՝ ռեալ հենց այդ պահին մենք քայլում ենք, որոշում՝ աջ գնա՞նք, թե՞ ձախ, լավ, դե եկեք աջ գնանք։

Անուշ: Լինում է, որ կոնցեպտը տեղում է որոշվում, օրինակ՝ Ներքին Բազմաբերդում սյուռ բաներ էին տեղի ունեցել, նախ՝ երգ չէր գտնվում, ինչքան էլ մենք գիտեինք, որ գյուղում երգողներ կան։ Մարդ էր մահացել, ոչ ոք չէր ուզում երգել։ Տեսարան ունենք ֆիլմում՝ խմբի անդամները մի տան մեջ նստած են, ոչ երգող են գտել, ոչ երգ կա։ Այդ բնական վիճակը շատ ենք կարևորում։

Եթե դեմքիդ դուռ են փակել, պետք է երևա, որ փակել են, եթե կինը ընկույզներ է բերում, տալիս ու ասում ՝ ճանապարհին կուտեք, պիտի երևա, որ քո մասին հոգ են տարել։

Երբ որ դու տեղ ես թողնում, չես վախենում որ այդ տեղը երևա, որ մարդը իր միջավայրում երևա։ Օրինակ՝ կոշկակարը, որ նստած է իր բուդկայում, հենց այդտեղ երևա, ոչ թե ասես՝ մի հատ կուղղեք ձեր շորերը, սկսում ենք նկարել։ Մարդը հենց արհեստականության մեջ ընկավ, կսկսի խաղալ, 99 տոկոսը գյուղում չի խաղա, բայց կստացվի տխուր բան, այն, ինչ մենք տարիներով տեսնում ենք տարբեր հարթակներում։

-Համայնքներն ինչպե՞ս են ընդունում Սաղսարայի թիմին։ Ի՞նչ զավեշտալի դեպքեր կհիշեք, որ պատահել են նկարահանումների ժամանակ։

Վահան։ Ոսկեհասկում գյուղացիներից մեկը պիտի մեզ դիմավորեր, չգիտեինք, որ ոստիկան է։ Հեռախոսով էինք խոսել հետը, ասել էինք՝ որտեղ ենք, շարժվել առաջ։ Րաֆֆուն թողել էին պայմանավորված վայրում։ Ոստիկանական համազգեստով մեկը դուրս էր եկել մոտակա տնից, ձայն տվել նրան։ Րաֆֆին էլ տեսել էր՝ ոստիկան է, արագացրել էր քայլերը ու սկսել վազել։ Ոստիկանը հասել էր հետևից ու ասել՝ ես եմ ձեզ դիմավորողը, իմ տանն եք ապրելու։

- Ի՞նչ արձագանքներ եք լսում ֆիլմերի մասին համայնքի բնակիչներից։ Ինչպե՞ս են ընդունում, օրինակ, իրենց կատարած ժողովրդական երգի ժամանակակից էլեմենտներով գործիքավորված տարբերակը։

Արմեն։ Բացասական կարծիք ոչ մեկից չենք լսել, բայց կոնկրետ արձագանք Ոսկեհասկից են ստացել՝ տիկին Գոհարից, ով ֆիլմի հիմնական երգողն էր։ Շատ-շատ էր հավանել։ Ի դեպ, տիկին Գոհարը մի վազա է տվել մեզ, դեռ չենք վերադարձրել, տիկին Գոհար, հետ ենք բերելու, չանհանգստանաք (ծիծաղում են.հեղ․)։

Անուշ։ Երեք գյուղերում ենք եղել՝ Լեռնապատ, Ոսկեհասկ, Ներքին Բազմաբերդ, ամենաուժեղ կապը Ոսկեհասկի հետ է․ ֆիլմի գործող անձինք շարունակում են հետևել մեր ընթացքին և ֆիլմերին, զանգում են, հարցուփորձ անում։ Սա մեզ համար շատ կարևոր է, որովհետև իրենց հետ կապի շնորհիվ հասկանում ենք, որ արժևորում են այն, ինչի ստեղծմանը մասնակից են եղել։

Հետաքրքիր կապեր են ստեղծվում նաև օնլայն տիրույթում, երբ օրինակ՝ այդ գյուղերի թոռներ կամ երեխաներ, որոնք Հայաստանում չեն ապրում, մեկ էլ հայտնվում են ու սկսում մեկնաբանություններ թողնել՝ էս իմ մանկության բակն է, ես էս ծառից ընկել եմ, էս պատը մենք ենք շարել և այլն։ Հանկարծ հեռվից տեսնում են մարդկանց, որոնց երկար տարիներ չեն տեսել, ու հիմա տեսնում են այլ բանի մեջ, օրինակ՝ ֆիլմում երգելիս։ Հուզիչ պահեր շատ են լինում։

-Գյուղը, գյուղացին, սարերը ոգեշնչման աղբյուր հանդիսանու՞մ են երաժիշտների համար, կա՞ն արդյոք նոր ստեղծագործություններ, որոնք այդ ոգեշնչման արդյունք են։

Արմենը։ Այն ամենը, ինչ տեսնում եք՝ ֆիլմը, երգը, ֆոտոները, ամբողջը գյուղի, գյուղացու հետ շփման արդյունք է։ Իմ անունից պետք է ասեմ, որ սկսեցի գնահատել պարզությունը։ Գյուղի մարդիկ շատ պարզ են, արհետսական խոչընդոտներ չեն ստեղծում․ եթե դուր չեկար, ասում են, դուր եկար, քեզ գրկաբաց ընդունում ու ճանապարհում, ինչը շատ հաճելի է։ Այդ ամենը ավտոմատ կերպով, ենթագիտակցաբար բերում ես երաժշտության և ֆիլմի մեջ։ Որպես կիթառահար՝ պետք է ասեմ, որ փոխվել է նաև իմ նվագելու ոճը, մոտեցումը, ևս մեկ անգամ համոզվել եմ, որ ճշմարիտ է ասված՝ всё гениальное просто:

Անուշ։ Հաճախ լինում է, որ օրինակ՝ Բագրատին(օպերատոր) այլ աշխատանք են առաջարկում, դեպք է եղել, որ գյուղից իրենք եկել են, ասել եմ այդ առաջարկի մասին, ու Բագրատն այն չի կարողացել ընդունել զուտ նրա համար, որ ֆիլմի վիճակից չի կարողացել դուրս գալ ու գնալ տեխնիկական աշխատանքի։ Նման բաներ էլ են լինում, գործազրկությունը մեր շրջանում մեծանում է։

-Մեր ժամանակներում, երբ կարճ տեսանյութերն ու տեքստերն են միայն պահանջարկ վայելում, ինչը կարճ ժամանակում հաջողություն բերեց Սաղսարային։

Արմեն։ Ինձ թվում է՝ հարցը ոչ թե կարճության մեջ է, այլ բովանդակության․ ոչ թե հենց կարճն է էֆֆեկտ տալիս, այլ այդ կարճության մեջ քիչ է տեղ մնում ավելորդությունների, դա կարևոր բան է։

Վահան։ Այսօրվա տիկ-տոկի, ինստագրամում բումերանգ անող սերունդն էլ է հետաքրքրված Սաղսարայով, ինչը շատ հաճելի է, նշանակում է՝ ստացել ենք ինչ-որ իմաստով ունիվերսալ պրոդուկտ, որը լայն լսարանի է հետաքրքրում։ Իմ կարծիքով՝ անկեղծությունն է մեր հաջողության գաղտնիքը։

Անուշ։ Չեմ վախենա ասել, որ պրոֆեսիոնալիզմն էլ իր կարևոր դերն է ունեցել։ Առաջին ֆիլմը թողարկելիս ամենազգայուն բանը եղել է երաժշտական մասը, միտքը, թե ինչպես կարձագանքի երաժիշտների պրոֆեսիոնալ հանրույթը։ Ունենք երաժշտագետ՝ Լիլիթ Հարությունյանը, որ մեզ շատ-շատ է օգնում՝ ինչ ուղղությամբ գնալ, ինչ գյուղեր ուսումնասիրել և այլն, և այլն։ Երբ ստացանք պրոֆեսիոնալ երաժշտական հանրույթի դրական արձագանքը, այն մեզ մեծ թափ հաղորդեց, հասկացանք, որ անում ենք մի բան, որի մեջ պրոֆեսիոնալ կոմպոնենտը գնահատվում է։

Ֆիլմի ստեղծման մեկ-երկու ամսում դադարի պահ չկա՝ հետազոտություն է, ապրում են գյուղում, նկարահանումներն են, հետո նյութը մտնում է ստուդիա, հասնում Ռուբենին, հետո Վահանին, անընդհատ պրոցես է ու միաժամանակյա աշխատանք։ Այդ երեսուն րոպեանոց տեսանյութին մենք չենք նայում ժամանակային տիրույթում, մեզ համար այն դադարում է լինել երեսուն րոպե․ գիտենք՝ ինչքան բանի հետևանքով է ի հայտ եկել ամեն կադրը։ Օրինակ՝ երրորդ ֆիլմում գյուղից Մասիսին նայող տեսարան կա, քանի որ Մասիսը հիմնականում շատ պաթետիկ է ներկայացվում, մի փոքր դժվար էր, բայց և կադրը, և գունամշակումը այնքան լավ ստացվեց, որ դարձավ նաև ֆոնային լուսանկար ֆիլմի համար։ Վստահ էինք՝ սա այն Մասիսն է, որին նայելիս մարդը մտածելու է՝ սա Մասի՞սն է, էս տեսակ Մասիս էլ կա՞։

Սաղսարայում չկա միանձնյա որոշում, բոլորի միջամտությունը կարևոր է, ընդ որում՝ դա կարող է լինել նաև ոչ պրոֆեսիոնալ միջամտություն, օրինակ՝ երգի մասով միջամտեն թիմի այն անդամները, որոնք երգի, երաժշտության հետ ուղիղ կապ չունեն, բոլոր կարծիքները հաշվի են առնվում, ինչքան ժամանակ էլ, որ պետք լինի։

-Նախագծին աջակցելու համար կազմակերպել եք դրամահավաք, տարբեր անհատներ ու կազմակերպություններ են նվիրատվություններ կատարում, արվեստագետներ, որոնք աճուրդի են հանում իրենց աշխատանքները, որ Սաղսարան շարունակվի։ Այս ամենը նորի՞ց արվեստասերների նեղ շրջանակում է արվում, թե կարող ենք ասել, որ հասել ենք հանրային գիտակցության այնպիսի մակարդակի, որ քաղաքացին պատրաստ է ներդրումներ անել ոչ թե հանուն եկամուտի, այլ հանուն արվեստի։

Անուշ։ Իհարկե մեզանից հուշումներ գնացել են, թե՝ համայնքը զորեղ է, եկեք ասենք, որ դա այդպես է և այլն, և այլն, արձագանքները չեն ուշացել։ Ունենք նվիրատու, ում կյանքը ֆուտբոլի հետ է կապված, նա մեր առաջին նվիրատուներից է եղել և մինչև հիմա Սաղսարայի աջակիցն է։ Ունենք նվիրատու, որին մենք ֆիզիկապես երբեք չենք տեսել, կազմակերպության ղեկավար է, ով ամեն նոր ֆիլմից առաջ մեզ խնդրում է իրեն տեղյակ պահել, որ կազմակերպությունը գումար հավաքագրի, փոխանցի Սաղսարային։ Ունենք նաև արվեստագետներ, ովքեր նվիրաբերել են իրենց գործերը, դրել ենք աճուրդի, վաճառել ենք, միջոցներն ուղղել ենք Սաղսարային։ Ինչն է հետաքրքիր, որ երբ աճուրդի ենք դնում, մարդիկ արձագանքում են՝ անկախ նրանից՝ տվյալ գործը սիրել են, հավանել են, թե ոչ։ Եղել է դեպք, որ մարդը գնել է տվյալ գործը միայն նրա համար, որ արվեստի միջոցով օգնի Սաղսարային։ Ստացվում է՝ այդ գեղանկարը հայտնվել է մի տեղում, որտեղ հնարավոր է՝ երբևէ չհայտնվեր, եթե չլիներ Սաղսարան, միևնույն ժամանակ՝ նկարիչը, գործն են ճանաչելի դարձել։

Մարդիկ կան, որ Սաղսարային օգնելու իրենց տարբերակն են առաջարկում․ միշտ չէ, որ դա գումարն է։ Հանդիպում են մեզ հետ, ասում են՝ ուզում ենք նման բան անել, ինչ եք մտածում՝ կարող ենք անել, ասում ենք՝ հա կամ չէ, հետո ընկերանում ենք նրանց հետ, հաջորդ քայլին՝ ավելի, գնալով մեծանում, մեծանում, մեծանում է «Սաղսարա համայնքը»։

-Նախորդ տարի «Սաղսարա»-ն հաղթող ճանաչվեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» մրցույթի «Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ» անվանակարգում: Երևի եղել են ժամանակներ, երբ մրցանակն իր հետևից ճանաչում է բերել տվյալ նախագծին կամ արտիստին, հիմա, երբ նախագծերը բազմաթիվ հարթակներ ունեն ներկայանալու, կայանալու ու սիրվելու, ի՞նչ են տալիս նման մրցանակները։ Ձեզ ի՞նչ տվեց։

Անուշ։ Հենց այս տանը նստած մի օր ինձ զանգ է եկել նախարարությունից, թե՝ դուք ներկայացված եք մրցանակի, անցել եք եզրափակիչ փուլ, չգիտեի՝ ինչի մասին է խոսքը, հարցնում եմ՝ ինչ մրցանակ, ինչ եզրափակիչ, ով է ներկայացրել, խմբին հարցնում եմ, ոչ ոք չի լսել, չգիտի։ Պարզվում է՝ երկու մարդ, որոնց մասին մենք չգիտեինք, հետո ենք իմացել, իրարից անկախ Սաղսարան ներկայացրել են այդ մրցանակին, ինչը թույլատրելի էր մրցանակաբաշխության չափորոշիչներով։ Այդպես ենք մրցանակի արժանացել։

Կդիմեինք մենք, թե ոչ, եթե մենք որոշելու լինեինք՝ չգիտեմ։ Երբ ստացել էինք մրցանակը, խոսում էինք այն մասին, որ սա միջոց էր, որ ինչ-որ մի սեկտոր էլ Սաղսարան ճանաչի, Սաղսարայի մասին խոսեն նաև նախարարությունում․ ի վերջո այնտեղ էլ կան շատ մարդիկ, որ կարևորում են այն, ինչ մենք անում ենք։

-Ինչքա՞ն կշարունակվի Սաղսարայի հետ մեր ճամփորդությունը, ճանապարհային քարտեզը մինչեւ ու՞ր է ձգվելու։

Անուշ։ Մայիսին Սաղսարա բենդը՝ որպես հատուկ հյուր, մեկնելու է համերգային շրջագայության, առաջին անգամ Հայաստանի սահմաններից դուրս ելույթ ենք ունենալու։ Համագործակցության առաջարկներ կան, որոնք ամռան ընթացքում պիտի իրականացնենք։ Սեպտեմբերին նախագիծը կդառնա մեկ տարեկան, այդ առիթով շատ հետաքրքիր բան ենք մտածել, որ Սաղսարա հանրույթի հետ պիտի իրականացնենք։

Ինչ վերաբերում է ֆիլմերի ընթացքին, Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում նկարահանվում է չորրորդ ֆիլմը։ Մեծ խանդավառությամբ ուզում ենք Արցախում էլ Սաղսարա նկարել, բայց այնտեղ մի գյուղով չենք բավարարվելու։ Հույս ունենք այս տարի ունենալ այդ ֆիլմը կամ ֆիլմերը։

 

Զրույցը՝ Աննա Կարապետյանի

Լուսանկարները տրամադրեց «Սաղսարա» նախագծի ստեղծագործական թիմը

 

  • Created on .
  • Hits: 2175

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: