ԷԴԳԱՐ ՄՈՐՈ. ԵՍ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԵՐԱԺԻՇՏ ԵՄ

Ֆրանսիացի թավջութակահար Էդգար Մորոն, թեև շատ երիտասարդ է, բայց հասցրել է ճանաչում ձեռք բերել ամբողջ աշխարհում: Նա ընդամենը 21 տարեկան է, բայց այսօր ելույթ է ունենում աշխարհահռչակ նվագախմբերի հետ: 2011 թվականին նա Չայկովսկու անվան մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակին: 2015-ին Ֆրանսիայում ճանաչվել է «Տարվա տաղանդ»: European Concert Hall-ը նրան, որպես «ծագող աստղ», ընտրել է 2016-2017 թվականի համերգաշրջանի համար, որի ընթացքում Մորոն հանդես կգա Եվրոպայի մեկ տասնյակից ավելի ամենահայտնի համերգասրահներում: Այս օրերին նա Բեյրությում մասնակցում է «Ալ Բուստան» փառատոնին, որի պաշտոնական նվագախումբն արդեն երկրորդ տարին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է: Բեյրութի համերգից առաջ cultural.am-ը զրուցել է երիտասարդ երաժշտի հետ:

Լինելով շատ երիտասարդ` Դուք բազմաթիվ հաջողությունների եք հասել: Ի՞նչ եք կարծում, այդ հաջողություններն ավելի շատ տաղանդի շնորհի՞վ են Ձեզ տրվում, թե՞ աշխատասիրության:

Գիտեք, միանշանակ կամ բացարձակ ասել չեմ կարող: Ես իհարկե շատ եմ աշխատել և աշխատում, բայց երևի նաև բավական տաղանդավոր եմ (ծիծաղում է): Հատկապես երբ նոր ես սկսում քայլերդ, տաղանդ կամ ձիրք ունենալը պարտադիր է, այլապես դու աճել չես կարող: Գործիքին կապված լինելն էլ, կարծում եմ, շատ կարևոր է: Երբ ես 7-8 տարեկան էի, անընդհատ նվագում էի: Եթե անգամ չէի պարապում, օրվա մեջ 100 անգամ ձեռքս էի վերցնում գործիքը: Եվ իհարկե, դրանից հետո գալիս են մրցույթները, դու հաղթում ես, պրոդյուսերների հետ ես ծանոթանում և սկսվում է «կարիրեա» կոչվածը, որտեղ շատ կարևոր է ճիշտ պահին լավ հանդիպում ունենալը: Բնական է, որ այստեղ արդեն նաև հաջողության գործոնը կա: Թե ինչպես տեղի կունենա այդ ամենը, մի քիչ էլ կախված է լավ պրոդյուսերներից:

Ի՞նչ եք անում Ձեր երաժշտական կարողությունների անընդհատ զարգացման ուղղությամբ: Նկատի չունեմ միայն տեխնիկական կողմը:

Պետք է ապրես, փորձես կյանքը, փորձությունների ենթարկվես: Ես գիտեմ՝ հիմա Ձեզ համար իմ ասածը մի փոքր տարօրինակ է հնչում, որովհետև ես շատ երիտասարդ եմ սա ասելու համար, ես ընդամենը 21 տարեկան եմ, բայց շատ բան եմ ապրել: Ես 13 տարեկանում արդեն ուսանող էի, շատ տաբեր բաներ եմ արել իմ կյանքում, դժբախտություններ էլ են պատահել ինձ, ինչպես բոլոր մարդկանց: Նկատի ունեմ, որ երաժշտի համար էմոցիաները կարևոր են: Այն, ինչ տեղի է ունենում քեզ հետ առօրյայում, այն էմոցիաները, որ ունենում ես առհասարակ, իրենց ազդեցությունն են ունենում քո աշխատանքի վրա: Այդ էմոցիաներից են երբեմն ծնվում երաժշտական գաղափարները, այդ գաղափարները կյանքի կոչելու ընթացքում էլ, կարող է, նոր տեխնիկական հմտություններ ձեռք բերես: Գիտեք, երաժշտությունն ընկալելու իմ ճանապարհը ինտուիցիան է: Ես շատ զգացմունքային եմ, չեմ սիրում շատ մտածել երաժշտության մասին: Իհարկե, նոտաները կարդում եմ, պարապում եմ, այդ պահին մտածում եմ ճիշտ նվագելու մասին, բայց հենց յուրացրեցի տեխնիկան, հիշեցի նոտաները, զգայական, ինտուիտիվ կողմն ավելի ուժեղ է դառնում:

Դուք Ֆրանսիայում լավագույն երաժիշտների մոտ եք սովորել: Ո՞վ է ավելի շատ ազդել Ձեր ընտրության վրա: Կամ կա՞ մեկը, որ որոշիչ դեր է խաղացել այդ ընտրության հարցում:

Իմ բոլոր ուսուցիչները շատ կարևոր դեր են ունեցել իմ կյանքում: Ֆրանսիայում հրաշալի ուսուցիչ եմ ունեցել` Ֆիլիպ Մյուլերը: Ֆրանսիայի թավջութակի դպրոցն իսկապես հրաշալի էր: Հետագայում էլ ակադեմիայում եմ հրաշալի դասախոսներ ունեցել, շատ բաներ եմ սովորել նաև տարբեր երաժիշտների մոտ վարպետության դասերի ժամանակ: Բայց պետք է ասեմ, որ իմ ընտրության վրա ամենամեծ ազդեցությունը իմ ընտանքին է ունեցել: Նրանք ինձ միշտ ոգևորել են, ամեն ինչ արել են, որ երազանքիս հետևից գնամ, ճիշտ պահին ճիշտ որոշում կայացնեմ:

edgar moro
 Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում նվագել: Ես Ձեր ձայնագրություններում  նկատեցի, որ 19-րդ դարի երաժշտությունը գերակշռում է:

Ձայնագրություններում… այո: Պարզապես այդպես է ստացվել, բայց ինչ-որ ոճ չկա, որը կառանձնացնեի, ես սիրում եմ երաժշտությունն անկախ ոճից: Եթե ես նվագում եմ ինչ-որ բան, փորձում եմ դա սիրով անել, անգամ եթե դա ժամանակակից երաժշտություն է (ծիծաղում է):

Ես, անկեղծ ասած, պատրաստվում էի հարցնել ժամանակակից երաժշտության  մասին:

Իսկապե՞ս... լավ (ծիծաղում է): Ուրեմն այս մասին հետո: Բայց պետք ասեմ, որ երբեմն շատ  դժվար է ստացվում, ամեն դեպքում ես փորձում  եմ, որովհետև կարծում եմ, որ լավ կատարողը  պետք է իրեն նվիրի երաժշտությանը, իր անձը  պետք է լինի երաժշտության մեջ: Ես չունեմ  սիրելի կոմպոզիտորներ կամ սիրելի ոճ, դա իսկապես կախված է այն ժամանակատվածից,  երբ նվագում եմ, կյանքի տվյալ իրավիճակից և  այլն: Պրոկոֆևի այն գործն, օրինակ (Պրոկոֆև կոնցերտ-սիմֆոնիա - հեղ.), որ այս համերգին  պետք է նվագենք, ես առաջին անգամ էի  կատարում, չգիտեի այն: Առաջին երեք փորձին այն շատ օտար էր թվում ինձ, բայց երեք փորձ  հետո սիրեցի այդ երաժշտությունը: Հիմա մտածում եմ, որ անպայման ապագայում այն սիրով կնվագեմ: Նաև ուրախ եմ, որ թավջութակի համար այսքան շատ գործեր կան գրված, և դու անընդհատ կարող ես նոր բացահայտումներ անել: Այդ բացահայտումները նաև ծանոթ գործերին են վերաբերում, վերջին 5 տարում ես բազմաթիվ անգամներ Չայկովսկի ու Դվորժակ եմ նվագել, բայց ոչ մի անգամ այդ գործերի կատարումները մեկը մյուսին նման չեն եղել և չեն լինի: Ես ոնց որ հարցից մի քիչ շեղվեցի (ծիծաղում է), բայց հուսով եմ ամբողջական պատասխանը հնչեց, այնուամենայնիվ:

Եկեք մի փոքր ապագայի պլաններից խոսենք: Դուք հիմա կամերային երաժշտություն շատ եք նվագում: Պատարստվում եք շարունակե՞լ սոլո կարիերան, թե՞ կտեսնենք Ձեզ փոքր կազմերում ևս:

Չեմ կարող ասել, հիմա միայն մի բան է հստակ ինձ համար. այն ինչ ես պատրաստվում եմ անել` շարունակել տարածել երաժշտությունը: Ես հիմա նվագում եմ Ձեր նվագախմբի հետ, հաջորդ համերգը կարող է կամերային համերգ լինել մեկ այլ վայրում և այլն: Իրականում ես շատ չեմ սիրում բեմում մենակ լինել, գուցե դա տարիքից է, չեմ կարող ասել: Ես սիրում եմ կիսել երաժշտությունը: Հիմա այնպես չէ, ինչպես 15 տարի առաջ, երբ մի կատարողը տարիներ շարունակ նույն 5 գործն էր նվագում: Հիմա մարդիկ շատ են հետաքրքրվում երաժշտությամբ, կոնկրետ մեկ կատարողի ռեպերտուարով, և շատ գործեր նվագելը կատարողի համար կարևոր է: Ես սիրում եմ, երբ բեմում նվագախմբի հետ եմ, երբ կա դիրիժոր, կամ երբ անգամ փոքր թվով երաժիշտների հետ եմ, կարևորը նվագելն է: Գիտեք, եթե խոսքը երաժշտությանն է վերաբերում, ամեն ինչ շատ փոխկապակցված է. եթե դու կամերային երաժշտություն ես նվագում, դա կարող է քեզ օգնել, որ դու լավ նվագես, ենթադրենք, նվագախմբի հետ և հակառակը: Ես կարծում եմ, սա այն դեպքն է, որ դու կարիք չունես ընտրություն կատարելու: Առհասարակ, մենք հիմա այնպիսի աշխարհում ենք ապրում, երբ ամեն բան կախված է քեզնից, և եթե դու կարողանաս ճիշտ բալանսավորել ամեն բան, մշակել քեզ համար ինչ-որ տեմպ, որը չի վնասի քո առողջությանը, պրակտիկորեն հնարավոր է միաժամանակ բազմաթիվ բաներով զբաղվել, նկատի ունեմ, որ շատ ժամանակ կարելի է և չընտրել, կարող ես անել այն ամենը, ինչ ուզում ես և որքան ուզում ես:

Իսկ ի՞նչ եք անում, երբ ազատ ժամանակ եք ունենում:

Հենց ազատ ժամանակ ունեմ, քնում եմ (ծիծաղում է): Իսկապես, եթե ազատ ժամանակ ունեմ առաջին բանը, որ անում եմ, քնելն է: Եթե մի քանի օր ազատ եմ, ու եթե Փարիզում եմ, ժամանակս անցկացնում եմ ընկերուհուս, ընտանիքիս հետ: Ֆիլմ եմ դիտում երբեմն: Իսկ արձակուրդներ եթե լինում են, ճամփորդում եմ, ամեն անգամ ընտանքիս անդամներից մեկի, կամ ընկերեներիցս մեկի հետ, և դա ամենալավ բանն է: Գիտեք, այս աշխատանքը ծանր է, իսկ որ ամենավատն է, շատ հաճախ դու մենակ ես և հարազատների հետ ժամանակ անցկացնելու առիթը բաց չպետք է թողնել:

Գանք ժամանակակից երաժշտության մասին հարցին: Կցանկանայի Ձեր կարիծքը լսել մեր օրերում գրվող երաժշտության, երիտասարդ կոմպոզիտորների մասին:

Սա բարդ հարց է, որովհետև մենք ժամանակակից երաժշտությունը տարածելու, հանրահռչակելու խնդիր ունենք հիմա: Կարելի է ասել, մենք խոսում ենք մի բանի մասին, որը շատ չենք ճանաչում: Ես սիրում եմ լավ երաժշտություն: Երիտասարդ կոմոզիտորներին ու նրանց երաժշտությունն էլ եմ սիրում: Այո, երբեմն կատարողի համար շատ բարդ է դրա հետ առնչվելը, բայց չեմ կարող չասել, որ այսօր իսկապես հրաշալի կոմպոզիտորներ կան: Գիտեք, դարձյալ պետք է գտնել ճիշտ բալանսը: Պետք է ծանոթանալ, ընտրել լավ գործերը և դրանք կատարել:

edgar moro 2Եթե երաժիշտ չլինեիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

Այս հարցն էլ է բարդ, որովհետև նման հարց իմ գլխում երբեք չի ծագել: (ծիծաղում է): Դեռ շատ փոքր տարիքից իմ միտքը զբազղված է եղել երաժշտությամբ: Այս հարցերը սովորաբար պատանի ժամանակ են, չէ՞, առաջանում: Այդ ժամանակ իմ գլխում հազար հարց է ծագել, բայց ոչ այս մեկը: Իսկապես չգիտեմ, ոչ մի այլ հոբբի չունեմ: Գուցե բժի՞շկ… չէ, բժիշկ չէի կարողա դառանալ, բարդ է… չեմ կարող ասել (ծիծաղում է):

Կա՞ մեկը, ում հետ կուզեիք նվագել կամ ում հետ աշխատելը երազանք է Ձեզ համար:

Ես, կարելի է ասել, արդեն նվագել եմ իմ ամենամեծ կուռքերի հետ… (ժպտում է), շուտով Մաքսիմ Վենգերովի հետ կնվագեմ: Նվագախմբերից շատ կուզեմ նվագել Բեռլինի ֆիլհարմոնիկ և Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Դիրիժորներից… իտալացի դիրիժոր Ռիկարդո Շայիի հետ կցանկանայի աշխատել:

Իսկ եթե հնավոր լիներ հանդիպել մի երաժշտի, ով արդեն չկա և դուք շատ տարբեր ժամանակներում եք ապրել….
 
Շա՜տ են… Ռոստրոպովիչ… Ռոստրեպովիչին կուզեի հանդիպել… Բախ, Մոցարտ, բոլորին… (ծիծաղում է):
Զրուցեց Մերի Դոլմազյանը
  • Created on .
  • Hits: 2747

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: