Պատրիկ Մալաքյան. «Մայրիկը» նաև իմ պատմությունն է

    Ապրիլի 2-5-ը Երևանում կանցկացվեն ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Անրի Վերնոյին նվիրված օրեր: Այս առիթով Հայաստանում է Վերնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը, ով այսօր Երևանի պետական կամերային թատրոնում ներկա է գտնվել Վերնոյի  «Մայրիկ» վերահրատարակված գրքի շնորհանդեսին:
   Ռեժիսոր Պատրիկ Մալաքյանի մենախոսությունն ու հանդիսատեսի հարցերի պատասխանները ներկայացնում ենք որպես հանրային հարցազրույց:

    «Մայրիկը»
   - Սա սիրո պատմություն է, ընտանեկան պատմություն, որը գիրք է դարձել: Հենց այս գրքի շնորհիվ է, որ աշխարհում շատ տարբեր հայկական համայնքներ  գտան իրար: Ամեն ինչ սկսվեց մի հեռուստահաղորդումից, որտեղ հայրս մի պատմություն պիտի պատմեր իր կյանքից: Ընդամենը քսան րոպեանոց հաղորդման ընթացքում նա պատմում էր  իր  մոր, երկու մորաքույրների և հոր հանդեպ տածած սիրո մասին: Հաղորդման հեռարձակումից մեկ շաբաթ անց հեռուստատեսությունից զանգահարեցին ու ասացին, որ հեռուստադիտողների կողմից հորս ուղղված բազմաթիվ նամակներ կան և դրանք փոխանցելու համար հարկավոր կլինի մի բեռնատար: Հեռուստատեսություն եկած զանգերից իմացանք նաև, որ հաղորդումից հետո շատերը զանգել էին իրենց մայրերին ու ասել, որ սիրում են նրանց:  
   Այս եթերից հետո  նա  գրեց «Մայրիկը»: Սցենարը բաղկացած էր երեք մասից: Առաջին մասն ամբողջովին նվիրված էր Հայոց ցեղասպանությանը, երկրորդը՝ Մարսելին, իսկ երրորդը՝ պարադի փողոցին: Հանգամանքների բերումով առաջին մասը  երբեք լույս չտեսավ, բայց «Մայրիկը» իրականություն դարձավ այնպես, որ տարածվեց նաև  հայ համայնքի սահմաններից դուրս:

     Առաջին հանդիսատես
   - Հորս ֆիլմերի առաջին հանդիսատեսը եղել է տատիկս: Պատճառը քննադատելու ցանկությունը չէր. մայրերը երբեք չեն քննադատում իրենց որդիներին. սա առավելություն է, որը մենք՝ հայերս, կրում ենք մեր մեջ (ժպտում է): 
  «Մայրիկը» ցույց է տալիս այն հարգանքը, որ տածում ենք մեր մայրերի հանդեպ: Համոզված եմ՝ հայրս շատ կցանկանար, որ իր մայրը լիներ այս ֆիլմի առաջին հանդիսատեսը:

   «Մայրիկը» նաև իմ պատմությունն է
   - Հայրս հրաշալի պատմող էր: Ինչպես բոլոր պատմողները, նա նույնպես վերցնում էր պատմություններ ոչ միայն իր, այլև իրեն շրջապատող մարդկանց կյանքից: Հայրս, իհարկե, սնվել է իր սեփական պատմություններից, հետո՝  մյուսների:
  «Մայրիկ» ֆիլմում կան բազմաթիվ դրվագներ, որոնք վերաբերում են իմ կյանքին, բայց կան նաև պատմություններ, որոնք նա երևի թե լսել է: Քանի որ Մարսելի ամբողջ հայկական համայնքը անցնում էր մեր  վերնաշապիկների կրպակի մոտով, շատ  պատմություններ էինք լսում:

   Երբ առաջին անգամ կարդացի «Մայրիկը»
   - Հենց առաջին իսկ նախադասությունից արցունքների մեջ էի, երբ կարդում էի այն մասին, որ մայրը  մահանալու է:  Պատմում է իր  մոր, իմ տատիկի մասին, որին ճանաչել եմ մինչև տասնութ տարեկան դառնալս: Գիրքն ինձ լցնում է  բազմաթիվ հույզերով: Երբեմն փորձում եմ իմ սուբյեկտիվ մոտեցումից, զգացմունքներից ձերբազատվել, կողքից հայացք նետել, բայց դժվար է, որովհետև  կան դրվագներ, որոնք ապրել եմ ինքս:

     Հայրս ինձ չի պատկանում
   - Գիտեմ, որ հայրս  ձեզ է պատկանում: Կարոտում եմ նրան, բայց զայրանում եմ,  որ ինձ այդպես էլ հայերեն չսովորեցրեց: Տատս հրաշալի խոսում էր հայերեն և ֆրանսերեն:Հայերեն էր խոսում հորս հետ, բայց որպեսզի ես և քույրս ավելի հեշտ  ներգրավվեինք ֆրանսիական հասարակություն, մեզ հայերեն չէին սովորեցնում:  
  Հիսունմեկ տարեկանում դժվար է հայերեն սովորել, բայց կփորձեմ: Կարծում եմ՝ ամենակարևորը ոչ թե  լեզուն  ու  անունն է,  այլ սիրտը:
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2868

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: