Գրող կա, որ տարվա մեջ մեկ անգամ պետք է տպագրվի

    Զրույց արձակագիր, դրամատուրգ, «Գրական թերթ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանի հետ

    - «Գրական թերթը» վերջերս է վերադարձել ամառային արձակուրդից: Նոր աշխատանքային տարվա համար ինչ-որ գաղափարներ, ծրագրեր կա՞ն:

    - Այս տարին հոբելյանական է'«Գրական թերթ»-ը 80 տարեկան է: Այս թիվը ոչ այնքան տարիք, որքան ավանդույթ ունեցող թերթի ընթացք է: Տարբեր ժամանակաշրջաններում է գործել' խորհրդային կարգեր, անկախության շրջան, և ամեն խմբագրի օրոք ունեցել է իր ուրույն դիմագիծը, բայց մի խնդիր բոլոր ժամանակների համար անփոփոխ է. այսօրվա գրական ընթացքը ներկայացնել թերթի էջերում:

    Այլ հարց է` ստալինյան գրաքննության մամլիչի տա՞կ, թե՞ անկախության, ամենաթողությա՞ն, թե՞ ներքին գրաքննության պայմաններում: Ինչ վերաբերում է արձակուրդից գալուն, պիտի ասեմ, որ պարզապես շարունակելու ենք մեր ընթացքը:

    Սա հեռուստատեսություն չէ, որ խոստանաս' սկսում ենք ծրագրերի նոր, «աննախադեպ» հրավառություն, իսկ մեկ ամիս չանցած հիասթափության տարափը թափվի խեղճ հեռուստադիտողի գլխին:

    Վերջին ամիսներին թերթը կարողացել է տարածք ապահովել գրողի հրապարակախոսական խոսքի համար: Ես երբեք չեմ հավատացել այն պնդումներին, որ գրողը պիտի ապրի միայն իր աշխարհում, իր գրասեղանի առաջ:

    Հնարավոր է, որ այսօր գրում ես մի գործ, որին տեսնում ես ժամանակի մեջ, բայց եթե տեղյակ չես շուրջդ կատարվողից, ավելին' արձագանք չես տալիս, կասկածում եմ, որ այդ գիրքդ ժամանակի քննությունը կբռնի: Եթե սկզբնական շրջանում պատվիրում էի հրապարակախոսական հոդվածներ, իսկ հրապարակախոսության համար նախատեսված «թղթապանակը» առաջին երկու-երեք ամիսներին դատարկ էր, հիմա այն արդեն սկսում է լցվել: Երբ գրողն է գրում արտագաղթի մասին, դա արդեն այլ լիցք ու թափ է ունենում: Պատահական չէ, որ Աշխեն Աբազյանի' արտագաղթի մասին գրված հոդվածին հետևեց բուռն արձագանք' մարզերից սկսած և մեր գրողական աշխարհով վերջացրած: Անգամ մի փոխգնդապետ զանգեց, պարզվեց' նախկին բարեկամավանցի է, անպայման ուզում էր տիկին Աշխենի հեռախոսի համարն իմանալ: Հիմա այդ գյուղի հետ կապված ինչ-որ գործընթացներ են գնում, որը հետևանք է այդ հոդվածի: Հոդվածներ կան, որ ոչ միայն մակընթացություն, տեղատվություն են առաջացնում, այլև հետևանքների առիթ են դառնում: Այ, դա է գրողի խոսքի զորությունը: «Գրական թերթի»' գրական պրոցեսը ներկայացնելուց հետո երկրորդ կարևոր առաքելությունը գրողի խոսքը ընթերցողին հասցնելն է: Գրողի խոսքի օգտակար գործողության գործակիցը շատ բարձր է:

    - Ասացիք` հրապարակախոսական հոդվածներ պատվիրում եք, իսկ գրաքննադատական հոդվածնե՞ր:

    - Այստեղ հարցը մի քիչ բարդ է: Չի նշանակում, թե թողնում եմ տարերայնությանը, բայց ավելի շատ ապավինում եմ գրականագետների մասնագիտական պարկեշտությանն ու բարեխղճությանը, թեև ցավով պետք է ասեմ, որ միշտ չէ, որ ուղիղ և արագ արձագանք է լինում այս կամ այն գրքի նկատմամբ: Մեղավորության պահ կա նաև մեր կողմից' գրականագետների ասելիքը «սահմանափակում» ենք. 8 էջ ունեցող թերթում ամենաշատը մեկուկես էջ կարող ենք տալ գրաքննադատությանը և գրախոսությանը: Բայց ելքը, հուսով եմ, մոտ ապագայում «Գրական թերթի» ստեղծվող էլեկտրոնային կայքը կլինի, որտեղ, բնականաբար, ասելիքի և' ծավալը, և' խորությունը կընդարձակվի:

    - Իսկ գուցե պատճառը նաև հոնորարի բացակայությո՞ւնն է:

    - Մարտ ամսից, ինչ եկել եմ, «Գրական թերթ», ճիշտ է, չեմ ասի, որ եվրոպական ստանդարտներին հավասար, բայց հոնորար տալիս ենք, թերթի հեղինակները ստանում են հոնորար: Ստիպեցիք, որ գլուխս գովեմ... (ժպտում է):

    - Սամվել Կոսյանի խմբագրության շրջանում անընդհատ քննադատում էին նրան, որ անորակ գրականություն է տպագրում, ինքն էլ արդարանում էր, թե Գրողների միության անդամներին ստիպված պարբերաբար պիտի անդրադառնա: Ձեր դեպքում կա՞ նմանատիպ խնդիր:

    - Սամվել Կոսյանի «Գրական թերթը», եթե իսկապես բարեկամի հայացքով նայեք, եղել է թերթի ավանդույթների շարունակողը, և այդ տարիներին պակաս բարձրարժեք գործեր չեն տպագրվել` նախորդների կամ հաջորդի համեմատությամբ, այնպես որ, Ձեր գնահատականը չեմ ընդունում և որպես ներկա խմբագիր, և գործընկեր:

     Խնդիրն այլ է. Գրողների միության ամեն անդամ ասում է'սա իմ թերթն է, ու ես իրավունք ունեմ տպագրվելու: Ես դիմադարձում եմ' բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են: Օրինակ' եթե Վահագն Գրիգորյանը, Լևոն Խեչոյանը, Հրաչյա Սարիբեկյանը, Արամ Պաչյանը, Գուրգեն Խանջյանը, Արտեմ Հարությունյանը, Հրաչյա Սարուխանը ստեղծագործություն բերեն, և էլի շատ անուններ կարող եմ թվել (տարբեր սերունդների ներկայացուցիչներ), առանց հերթի կտպագրեմ ու դա չեմ թաքցնում: Իսկ գրողներ կան, որոնք, այո, տարվա մեջ մեկ անգամ իրավունք ունեն տպագրվելու:

    - Դուք առաջին անգամ չէ, որ ղեկավարող պաշտոն եք զբաղեցնում: Ինչպե՞ս եք կարողանում համադրել փխրուն կին արվեստագետի և գործունյա կնոջ տեսակները:

   - Իսկ ո՞վ ասաց' «փխրուն» տեսակ: Ամենևին էլ փխրուն չեմ, ժպիտիս չխաբվեք: Կարծր մարդ եմ, դժվար մարդ եմ, ես էլ գիտեմ: Բարեկամներիս համար տասնապատիկ բարեկամ եմ, չարակամներիս պարզապես delete եմ անում: Բայց եթե մեկը, որին որպես մարդ գուցե չեմ ընդունում, բերում է գործ, որը կարդում, հիանում եմ' տպում եմ, դեռ մի բան էլ քաղաքի կեսին ասում եմ ու շունչ քաշում, որ քաղաքի մյուս կեսին էլ այդ մասին տեղեկացնեմ: Այսինքն' մարդկային հատկանիշները, մարդկային հարաբերությունները ինձ երբեք չեն խանգարել, երբ խոսքը վերաբերում է այդ նույն մարդու ստեղծածին:

Ինչ վերաբերում է ղեկավարելուն' ղեկավար լինելու լավագույն պայմանը... չղեկավարելն է: Կարևոր չէ' կոլեկտիվդ քանի հոգի է' մի ամբողջ մշակութային բնագավառ, թե փոքրիկ խմբագրություն: Դու պետք է իմանաս քո աշխատողների խնդիրները, մարդկային հոգսերը, երբեմն, ի հաշիվ քո նեղության, նրան հնարավորություն տաս այդ օրը, ասենք, գործի չգա: Հավատացեք' ինչքան հանգիստ ու մեղմ ես, այնքան մարդկանց բարեհաճությունը գործի նկատմամբ ավելանում է: Մի բան էլ' առաջինը պիտի պահանջես ինքդ քեզնից, հետո նոր' աշխատողից: Տարիների փորձից եմ ասում: Երբեք չեմ հավատա, որ շատ խստապահանջ, օրենքի տառին կպած, ժամը իննից մինչև գիշերվա հազարը աշխատեցնող ղեկավարի կոլեկտիվի աշխատանքը արդյունավետ է:

    - Ստեղծագործության բերումով Դուք նաև շփում ունեք թատրոնի հետ: Ի՞նչ բացթողումներ կան մեր թատրոնում, դրամատուրգիայում:

    - Ամենամեծ բացն այն է, որ հատուկենտ ռեժիսորներից բացի, որոնք գիտեն, վստահ են և գործով ապացուցում են, որ չկա ազգային թատրոն առանց ազգային դրամատուրգիայի, մեծ մասը օտարամոլությանն է տուրք տալիս, իսկ տուրք տալու մի շարք պատճառներ կան' սկսած ֆինանսականից (ստիպված գումար են վճարելու), վերջացրած նրանով, որ պարզապես չեն կարդում: Դրամատուրգներս հոգնել ենք անընդհատ լսելուց, որ հայ դրամատուրգիա չկա:

    Թատերական գործիչների համագումարի ժամանակ ես ստիպված ասացի. «Իսկ ինչո՞ւ չեք մտածում, որ մի օր էլ դրամատուրգները, մի կողմ դնելով իրենց բնածին նրբանկատությունը, պարզապես կհայտարարեն' իսկ ո՞ւր են այն ռեժիսորները, որ պիտի բեմադրեն հայ դրամատուրգներին»:

    Կարծում եմ` սա շատ լուրջ խնդիր է: Բավական է նայել որոշ թատրոնների խաղացանկը, կտեսնեք' ինչ աստիճանի բուլվարային վոդևիլներով են լցրել այն և ընդամենը որոճալ են տալիս հանդիսատեսին: Իսկ ես, որ «Դրամատուրգիա» հանդեսի և հիմնադիրն եմ, և խմբագիրը 2000 թվականից, կարող եմ փաստել. այս տարիներին ժամանակակից հայ դրամատուրգների մոտ 300 պիես է տպագրվել «Դրամատուրգիա»-ի էջերում: Լավ, այդքան չեղա՞ն, որ գոնե 30-ը նրանց ուշադրությանը արժանանային: Թույլ տվեք կասկածել: Ուրեմն' ոմանց ռեժիսորական բարձր նկրտումները թույլ չեն տալիս, որ կարդան իրենց կողքին ապրող հայ դրամատուրգների գործերը: Ի վերջո, կարելի է հենց յութուբից «թռցնել» ներկայացումների կարկատաններ ու հետո ներկայացնել դրանք որպես սեփական տաղանդի հավաստում...

   Շարունակությունը տես այստեղ` http://www.a1plus.am/am/social/2012/09/20/karine-xodjikyan

Զրուցեց Ռուզաննա Ոսկանյանը

  • Created on .
  • Hits: 3239

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: