Արդեն չափահաս երկիր ենք

         Զրույց  բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի հետ Անկախության օրվա առիթով

    Արդեն 21 տարի է` անկախ ենք, ինչը նշանակում է, մտել ենք չափահաս երկրների շարքը: Իսկ մինչ այդ վասալ էինք, և շատերն էլ համակերպվել էին դրան: Հիմա քո պատասխավատվությամբ ես ապրում. լավ ես ապրում` ուրեմն լավ ես աշխատում, վատ ես ապրում, նշանակում է` վատ ես աշխատում...

     Անկախությունը մեծ պատասխանատվություն է: Այն պարտադիր է բոլոր նորմալ մարդկանց և երկրների համար:  

   Մենք առանձնապես չպետք է հպարտանանք անկախությունով, որը մեծ ուշացումով ձեռք բերեցինք, այն դեպքում, երբ քաղաքակիրթ ժողովուրդների մեծ մասը արդեն հարյուրամյակներ անկախ էր: Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք, հատկապես այն դեպքում, երբ մենք երբեքի թրի տակ էինք, և  շատ ավելի հավանական էր երբեքը:

    Դժգոհում են հաճախ գրողներց, որ անկախությանը քիչ են անդրադառնում, կարծում եմ` դրա ժամանակը կգա... առաջիկա 10 տարում, երբ գրողնեը վերջնականապես կսթափվեն անցման շրջանի այս շփոթմունքից և կգիտակցեն, որ իրենք մեծ անելիք ունեն անկախության սերունդ դաստիարակելու հարցում: Նրանք չպետք է մոռանան, որ Ամերիկան ստեղծել են ոչ թե զինվորները, այլ Ջեկ Լոնդոնի հերոսները` ուժեղ, ամուր, հողին կանգնած տղամարդիկ, որոնք ոչ թե նվնվում են, ինչպես մերոնք, այլ թևերը քշտած կառուցում, ինչպես նաև Հեմինգուեի հերոսները, որոնք հաղթում են ցանկացած պատերազմում` չկորցնելով հումորի զգացումը:

                                                                                                           

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Ուղիղ մի կոշիկի չափ երկիր` ահա թե ինչ էր մնացել
նախկին բավականին ընդարձակ Հայաստանից.
ընդամենը մի, այն էլ 29,8 համարի կոշիկի չափ երկիր,
և երկար տասնամյակներ արագիլի նման
մի ոտի վրա ցցված ժողովուրդ,
որն ահա արդեն երկու տասնամյակ է, ինչ պայքարում է
ևս մի կոշիկի չափ տարածության համար,
որպեսզի, ի վերջո, կարողանա մյուս բոլոր
ժողովուրդների նման
երկու ոտքով կանգնել
մայր հողին:



ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է – չափսերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ, ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ, ինչպես ծերացած զավակ,
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ...
Սա իմ երկիրն է – չափսերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ...

 

ՀԱՅՐԵՐԻ ՀՈՂ

Ես այս երգը երգում եմ կանգնած,
որովհետև դու նա ես,
ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու,
որովհետև դու նա ես.
ում համար կռվի են ելնում առանց հրամանի,
որին ասում են` միակ, կարոտում են հեռվից,
և կարոտից արտասվում են օտար սրճարաններում
և չգիտես թե ուր լողացող նավերի վրա:
Ես այս երգը երգում եմ սկզբից,
որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո
էլ ոչինչ չենք ունենա կորցնելու,
որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական,
լեռները` քարերի կուտակում,
սերը` շքեղություն ավելորդ
և որդի ծնելը` հանցագործություն:
Ես այս երգը երգում եմ գլխաբաց,
որովհետև դու նա ես,
ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման,
երբ մենք ճանապարհ ենք ընկնում,
երբ մենք սկսում ենք օրը,
երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին…

                                                                       Հովհաննես Գրիգորյան

  • Created on .
  • Hits: 3091

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: