Դա սովորելու բան չէ, ներքին գործոն է…

          Հարցազրույց կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի հետ
 
   Ստեղծագործության նվիրում կոնկրետ անձին (նպատակային հասցեավորում): Ստեղծագործությունը գրելիս պետք է առաջնային պատկերացնել կատարողին, եթե այն պետք է նվիրում լինի: Դաշնամուրային առաջին սոնատս նվիրված է դաշնակահար Սվետլանա Նավասարդյանին: Դա ինչ-որ տեղ իմաստ ուներ այն առումով, որ ես այդպես էի պատկերացնում նրա կատարողական ոճը և ստեղծագործությունը գրելով՝ առաջին հերթին նկատի եմ ունեցել իրեն, և ի դեպ, առաջին կատարողը հենց ինքն է եղել: Բայց հետագայում սկսեցի զգալ, որ այդ սոնատը այդքան էլ իրեն բնորոշ չէ, որովհետև այլ կատարումների մեջ ես զգացի բոլորովին այլ երանգներ, որոնք ավելի համոզիչ էին ինձ համար, մասնավորապես նկատի ունեմ Հայկ Մելիքյանի կատարումը: Հայկը գտավ բոլորովին այլ մոտեցում այդ գործին, այլ ոճով կատարեց այն՝ ավելի քիչ ռոմանտիզմ ներդնելով, գերակշռություն տալով պրագմատիկ ուղղվածությանը, որն ավելի խորն է: Բացի դրանից ունեմ «Էքսպրոմտ»՝  նվիրված Գեորգի Սարաջևին, որն արտահայտում էր իր երաժշտական էսթետիկան, քանի որ նա շատ պահպանողական երաժիշտ էր, չէր ընդունում նույնիսկ Շոստակովիչին, և ես ցանկացա գրել մի պիես, որն ավելի դասական ուղղվածություն ունի: Այդ պիեսն ի վերջո արժանացավ իր հավանությանը:
    Իմ դեռևս միակ սիմֆոնիան նույնպես ունի նվիրում՝ «Անհայտ զինվորին», բայց այս դեպքում նկատի չեմ ունեցել զուտ պատերազմական վիճակ, այլ ուղղակի կյանքի այնպիսի դրվագներ, երբ մարդ անհատի դերը չի շեշտվում կամ գնահատվում: Կարծում եմ, երբ ստեղծագործությունը նվիրում է դառնում, պետք է որևէ իմաստ ունենա՝ կա՛մ ոճական, կա՛մ մտածելակերպի, կա՛մ ուղղակի քո վերաբերմունքը այդ անձին: Պիեսներից մեկը նվիրված է իմ աղջկան՝ Անահիտին: Նաև սոնատինաները (2,3,4,), որոնք ես գրել եմ աղջկաս դպրոցում սովորելու տարիներին և տարին մի հատ գրում էի՝ ըստ նրա տեխնիկական զարգացվածության: Դա էլ այդպիսի նվիրում ունի: Ի վերջո ես գտնում եմ, որ նվիրվածության իմաստը կապվում է կա՛մ ոճական բնորոշման հետ, կա՛մ նվիրվածության աստիճանի հետ:
 
    Պատկեր, որը կոմպոզիտորը չպետք է ցուցադրի ունկնդրին: Ես պատկերացնում եմ հետևյալ կերպ՝ կարող է պատահի, որ գործը չի հաջողվել, և կոմպոզիտորը չի ցանկանում դուրս բերել այն կատարման: Բոլոր այլ տարբերակներում դժվարանում եմ ասել: Որպես մի օրինակ կարող եմ նշել Շոստակովիչի 4-րդ սիմֆոնիան, երբ նա փորձերի ժամանակ հանեց և 25 տարի հետո միայն հնչեց այն, բայց պատճառը ոչ թե գործի որակի մակարդակն էր, այլ ավելի շուտ քաղաքական իմաստն էր, և նա չէր ուզում նոր հարվածներ ստանալ: Իսկ ընդհանրապես, կարծում եմ, որ դժվար թե լինի նման բան, քանի որ եթե կոմպոզիտորը գրում է, ապա հավատում է իր ստեղծածին և պետք է հնչեցնի: Ինձ մոտ նույնպես եղել է, երբ չեմ ցանկացել, որ այն հնչի, օրինակ՝ 2-րդ սոնատից (գրված 80-ականներին), այժմ առանց չափազանցնելու մնացել է միայն երկու տոկոսը, այլ կերպ ասած՝ բոլորովին նոր գործ է ստացվել, բայց քանի որ չեմ ուզում համարակալությունը փոխել, նա կրկին մնում է որպես երկրորդ:
 
    Մեղեդայնություն: Մեղեդայնությունը շատ լայն հասկացողություն է, այն կարելի է ընկալել պրիմիտիվ ձևով՝ երգային ինչ-որ մեղեդի, և կարելի է ընկալել ավելի լայն՝ համաստեղություն հնչյունների իմաստով, որոնք ինչ-որ կերպ մսրդու հիշողության մեջ մնում են: Ես կողմնակից եմ այդ մոտեցման:
 
    Ռիթմ: Ռիթմը, մեղեդին և հարմոնիան երաժշտության հիմքն են, թե ինչ ձևով ես դու դա օգտագործում՝ այլ հարց է: Օրինակ վերջին 7-րդ Պրելուդում երաժշտության հիմքը բացառապես ռիթմն է, այն բացառապես ռիթմի վրա է կազմված: Մի անգամ լսելով դհոլահարների մի համույթի, որոնք տարբեր ռիթմեր էին ցույց տալիս աշխատել եմ նմանարկել դրան: Դրանք շատ հետաքրքիր են, մանավանդ, երբ դա արվում է ճաշակով՝ տարբեր ռիթմեր փոփոխվում են և մտածված են փոփոխվում շատ հետաքրքիր բան է ստացվում:
 
    Ժամանակի կանգառ: Ինձ համար երաժշտությունը առաջին հերթին լռության և հնչողության ճիշտ համաստեղությունն է: Երաժշտության մեջ կա երկու հատկանիշ, որով ես գնահատում եմ երաժշտությունը: Առաջինը ստեղծագործության ներքին էներգետիկան է, որը կա՛մ կա, կա՛մ չկա, և կոմպոզիտորի ֆանտազիան: Երբ այդ երկու հատկանիշներն էլ որակով են, ապա գործը անպայման կապրի և կունենա իր բարձունքը, եթե որևէ մեկը կամ երկուսն էլ բացակայում են, այդ դեպքում երաժշտությունը դառնում է խոտ՝ անիմաստ ժամանց, այդպիսի գործեր անկասկած շատ կան: Ժամանակը երաժշտության մեջ որոշիչ նշանակություն ունի, որովհետև, երբ մենք խոսում են ձևի, կառուցվածքի մասին դա հենց ժամանակի և ընթացքի հարաբերությունն է: Կան մարդիկ որոնք երբ սկսում են խոսել, կանգնել չեն կարողանում և մտքի թելն էլ է կտրվում, բայց շարունակում են խոսել: Երաժշտության մեջ էլ է այդպես, կարևոր է զգալ, թե երբ է ավարտվում միտքը: Չափի զգացողությունը շատ կարևոր է՝ ամեն ինչի մեջ է կարևոր, հարաբերությունների մեջ՝ ընկերների, ընտանիքի, եթե չափի զգացում չունես դու հաջողություն չես ունենա: Դա սովորելու բան չէ, ներքին գործոն է…
 
    Չափորոշիչ: Երաժշտության մեջ ինձ համար ամենահիմնական բանը բարությունն է: Երբ երաժշտությունը իր մեջ չարն է կրում, նա չի կարող երկար կյանք ունենալ: Բարություն չի նշանակում, որ պետք է միայն գեղեցիկ մեղեդիներ հնչեն, ո՛չ, պետք է պայքար էլ լինի, օրինակ՝ Շոստակովիչի երաժշտությունը, ի վերջո բարին կա այնտեղ, և նա բարու և չարի պայքարն է ցույց տալիս: Եթե մենք ուշադրություն դարձնենք Բախի, Հենդելի երաժշտությանը, որոնք արդեն 300 տարվա փորձություն են անցել, ապա կտեսնենք, որ բարության սահմաններն անչափելի են: Մնացել է այն երաժշտությունը, որն իր մեջ բարություն է կրում:
 
    Երիտասարդներ: Այսօրվա կոմպոզիտորները շատ ավելի մեծ ինֆորմացիա ունեն: Մեզ համար լսել Ստրավինսկի կամ ուրիշ կոմպոզիտորների ստեղծագործություններ բավականին բարդ էր, եթե նույնիսկ լսում էինք առանց պարտիտուրների: Պարզապես չկար, կարելի էր քննադատել առանց լսելու: Սերունդը արտահայտում է իր ժամանակը: Այսօրվա ժամանակները տխուր ժամանակներ են, ցավոք, պետք է ասեմ: Մեր ազգի համար եմ ասում: Հիմա մենք չունենք ազգային գաղափար, համախմբվածություն, արժեքներ որոնք ազգովի պահպանում ենք: Մեր աչքի առաջ փլվում են երաժշտական կառույցները՝ դպրոցներ ուսումնարաններ: Ռաբիսի հաղթարշավը, կոնսերվատորիայում ոչ բարվոք վիճակը ապացուցում են, որ մենք չունենք ազգային զարգացման գաղափար: Գիտես բոլոր բնագավառներում էլ հիմա նույն վիճակն է: Արվեստի բնագավառը կոլեկտիվ բնագավառ չէ: Արվեստը ստեղծում են անհատները: Կարծում եմ՝ թե՛ դրսում, թե՛ այստեղ կան այդպիսի անհատներ, և չեմ կարծում, որ հայ երաժշտությունը կկործանվի:
 
    Միայնություն: Մարդը նույնիսկ կոլեկտիվի, շրջապատի մեջ մենակ կարող է լինել: Օրինակ` կենդանիները խմբերով են շրջում. գայլերը՝ ոհմակով, փղերը, նապաստակները միասին են: Բայց երբ մենք խոսում ենք արվեստագետ մարդու մասին, նա միշտ մենակ է, հակված է միայնության:

Զրուցեց Էլեն Յոլչյանը
Լուսանկարը՝ Սոնա Անդրեասյանի
  • Created on .
  • Hits: 3320

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: