Մարդն ավելի հետաքրքիր է

Զրույց լուսանկարիչ Արման Կարախանյանի հետ, ով նոր է վերադարձել Ստամբուլից: Նա շախմատի օլիմպիադայի պաշտոնական երեք լուսանկարիչներից մեկն էր:

- Նոր ես վերադարձել Ստամբուլից: Ի՞նչ տպավորություններ ես բերել քեզ հետ:

- Զգացողությունները, անկեղծ ասած, այնքան շատ էին, այնքան բուռն, որ դեռևս չեմ հասցրել դրանք համակարգել, մարսել` հատկապես վերջին օրերի, երբ շատ համառ պայքար էր գնում մեդալների համար:

- Պայքարի տրամադրությունը խաղից դուրս արտահայտվո՞ւմ էր:

- Ես press centre-ի աշխատողների հետ ուրիշ հյուրանոցում էի մնում, բայց որքան կարողացա նկատել, շախմատային աշխարհում քաղաքական շրջադարձերը զգալի ազդեցություն չէին ունենում: Մեր շախմատիստները շատ լավ հարաբերությունների մեջ էին նույն Ադրբեջանի, նույն Թուրքիայի շախմատիստների հետ, համենայնդեպս առերևույթ:

- Ինչպիսի՞ն է Ստամբուլը արվեստագետի աչքերով:

- Ստամբուլը  (կենտրոնը) իր մեջ հեքիաթ կրող և ապրեցված քաղաք է: Անկախ քեզանից՝ զգում ես դարերի շունչը, անցած պատերազմների թոհուբոհերը, տարբեր գերտերությունների ձեռքով անցած լինելը… Միաժամանակ թե հունական, թե բուզանդական, ինչու չէ՝ նաև հայկական, հրեական ներկայությունը, որը խառնվել է Միջին Ասիայից բերված իսլամական մշակույթին: Շատ տարբեր շերտեր ունեցող ու բազմամշակույթ քաղաք է: Ճարտարապետության մեջ էլ է դա երևում: Մզկիթների են վերածվել բուզանդական տաճարները, իսկ նորերն էլ կառուցվել են նման հորինվածքներով` ընդհանուր ֆորմաները պահպանելով և այլն… Ամեն դեպքում գեղեցիկ է ու ջերմ:

- Սկսել ես նկարչությամբ, հետո անցել ես լուսանկարչության: Ե՞րբ կայացրիր որոշումը, որ պետք է լուսանկարչությամբ զբաղվես:

- Դեռ ուսանողական տարիներից: Այն ժամանակ նկարում էի ժապավենով՝ զենիթ: Բայց այնպես չէ, որ լուսանկարչությամբ զբաղվում եմ՝ նկարչությունը թողնում եմ: Մինչև հիմա էլ նկարում եմ: Մինչև վերջերս աշխատում էի անիմացիոն ստուդիայում՝ որպես մուլտիպլիկատոր:

- Թեև լուսանկարչությունը վաղուց է հաստատել իր տեղն աշխարհում, բայց հիմա էլ կան մարդիկ, որ մտածում են, թե այն արվեստ չէ: Ինչպե՞ս կհակադարձես այդպես մտածողներին:

- Բնականաբար չեմ համաձայնվի: Լուսանկարչության մեջ էլ գործում են նույն կոմպոզիցիայի, դասավորության, լույսի կանոնները: Պարզ է՝ կերպարվեստ չէ, քանի որ տեխնիկայի օգնությամբ է նկարված: Մի քիչ սինթեզված արվեստ է: Ասենք՝ եթե պորտրետ ես նկարում, պիտի կարողանաս բնորդին համապատասխան հոգեվիճակի բերել, որ կարողանաս իր ներաշխարհը նկարել: Լուսանկարչություն ասվածը շատ բազմաշերտ է՝ կա գեղարվեստական, լրագրողական...

- Ի՞նչն է քեզ ոգեշնչում ստեղծագործելու համար:

- Ոգևորում է գեղեցիկի հետ շփվելը, ինչ-որ մի բան գեղարվեստորեն հրամցնելը, մատուցելը հանրությանը: Այնպիսի կադրերի ֆիքսումը, որ սովորական մարդիկ չեն նկատում: Մարդկանց հետաքրքրում են այն բաները, որոնց կողքով իրենք անցնել ու չեն նկատել: Երբ զբաղվում ես լուսանկարչությամբ, սովորականից մի քիչ ավելի շատ է ուշադրությունդ լարվում:

- Ֆոտոապարատը միշտ մո՞տդ է:

- Չէ, ծանր է բավականին, բայց երբեմն, ինչպես այսօր, վերցնում եմ:

- Ի՞նչ ես սիրում հիմնականում նկարել:

- Բնություն, ճարտարապետություն, դիմանկար: Երբեմն նկարում եմ նաև հարսանիքներ, բայց դա ավելի շատ կոմերցիոն բնույթ է կրում:

- Ավելի հեշտ է անշո՞ւնչ առարկաների հետ գործ ունենալը, թե՞ մարդկանց:

- Հեշտը չգիտեմ, բայց ինձ համար ավելի հետաքրքիր են մարդիկ: Մի ամբողջ տիեզերք է մարդը:

- Ախր նրանք կամակոր են:

- Հենց դա է հետաքրքիր: Տարբեր տիպի մարդկանց հետ փորձել շփման եզրեր գտնել, համագործակցել, միասին ստեղծագործել: Ի վերջո միայն դու չես ստեղծում, «մոդելը» միասին եք ստեղծում: Դա շատ հետաքրքիր պրոցես է, ակամայից իր հոգեվիճակի մեջ ես մտնում, փորձում ես մարդուն ավելի բացել խցիկի առջև, ինչը ժամանակ է պահանջում:

- Ինչի՞ց ես վախենում արվեստում և առհասարակ:

Վախենալ շատ բաներից է հարկավոր, ավելի ճիշտ կլինի ասել՝ զգուշանալ: Բայց առաջին հերթին հպարտությունից, մեծամտությունից, իսկ արվեստում թերևս պետք է վախենալ ոչ կառուցողականությունից, ամեն ինչ պետք է ծառայեցնել  գեղեցիկին, բարուն, ինչ-որ բան ստեղծելուն:

Զրույցը վարեց Ռուզաննա Ոսկանյանը

  • Created on .
  • Hits: 3035

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: