Կենդանիների տերը

    Գունավոր խաղալիքն իմ մանկական անփույթ շարժումների անկանոն ռիթմի տակ թռչում էր մի ձեռքիցս մյուսը, ու իմ փոքրիկ ափերի մեջ վարդի պես բացվում էր ծիածանը: Խաղալիքը կանխազգում էր, որ մի օր էլ չի բացվելու կամ բացվելու է, բայց բոլորովին ուրիշ երանգների մեջ: Սևից բաց մոխրագույն. միջով մկնիկն է անցնելու՝միայնակ ու տխուր մկնիկը:
    - Ման, տուր էդ խաղալիքը իրեն, քեզ նորից կառնենք:
    Երեխան լացում էր, գույնզգույն ծիածանի պատրանքը նրան էլ էր դուր եկել: Բայց ես էլ էի երեխա: Ես գլուխս կախ նստեցի մեքենան, մեծի պես ժպտալով՝ նրանք իմ մեջ սպանեցին լացելու ցանկությունը, որովհետև ես էլ էի մեծ ու ընդօրինակելով նրանց ժպիտը՝ խաղալիքը պետք է տայի ինձնից փոքրին:
    Տանը սպանված կենդանիներ կան: Պատին մեծ արջ կա: Երախը բացել է, իսկ մի մատ խորքից մեռած թռչուններն են: Էնպես են պատին մեխված, ոնց որ կենդանի լինեն, ոնց որ ոչ ոք նրանց սպանած չլինի, ու ոնց որ արջն ու ծիտը միևնույն հարթության վրա գտնվող երկու անմեղ էակներ լինեն՝ երկուսն էլ անզոր: Միայն մի տարբերությամբ. արջը բացել է երախը, երևում են ժանիքները, դու նայում ես, գիտես, ահա, միայն մի վայրկյան, ու նա մեխած ձեռքով կջարդի պատը, կկանգնի քո ու հորդ միջև ու վերջվերջ քո ընտանիքին՝ հորդ, մորդ ու հորեղբորդ: Ու առհասարակ սենյակում գլուխդ պտտվում է, որովհետև իրար հաջորդող կենդանիների դիերը խեղդում են քեզ: Սենյակի մեջտեղում կենդանիների տերն է`կարմիր բլուզով, գլուխը վերևում ճաղատ է, ներքևում՝ ծոծրակին, ալիքվում են սպիտակ մազերը: Դեմքի վրա երկու կանաչ կետ կա, նուրբ ու բարակ մի գիծ ծալքի պես իջնում է երեսի վրայով: Հորս ասում եմ.
    -
Պապ, ես էլ եմ Ռոմիկ ապերի սենյակից ուզում:
    Հայրս լարված ժպտում է: 
    Տարիներ անց Ռոմիկ ապերի տանը ոչինչ չի փոխվում: Ծտերը նույն սառնասրտությամբ պատին տարածում են իրենց անմեղ մարմինը, մինչդեռ ամբողջ լայնությամբ պատը գրաված արջը երախը բացել ու ծիծաղում է, սպիտակ ժանիքները փայլում են լույսի տակ: Փոքր ժամանակ բերանս բացում էի արջի պես, զգում էի` ականջներս ոնց են ընդլայնվում, վերին շրթունքս բարձրացնում էի, երևում էին մանրիկ ատամներս, մատերս մեկը մյուսից հեռացնում էի, մատիս ծայրերը սրվում էին, գոռում էի` աաաաահհհ, ոտքերս էնպես էի շարժում, ասես շղթաներ քարշ տայի:
    Մեր օրերի` դղյակ չտեսած մարդու համար հորեղբորս տունը իսկական դղյակ էր: Իմ առաջին դղյակը, որտեղ մուտքը դարպասներով է, խոհանոցը բոլոր խոհանոցների պես չէ: Էդտեղ պատրաստություն են տեսնում, որովհետև մի սենյակ այն կողմ դղյակի տերն ամենայն նրբությամբ, ամենազգայուն հոտառությամբ ընտրում է իր ճաշացանկը: Սա իսկական դղյակի խիտ ու փոքր տարբերակն է, երբ աղախիններին փոխարինելու է գալիս միակ սպասուհին, ով հորեղբորս համար ևճաշ է եփում, ևաման լվանում, և’… գուցե հորեղբայրս ձեռքի հետ թեթև, աննշան խփում է հետույքին, իսկ նա ամեն դեպքում, չնայած արտաքին զսպվածությանը, տաք տղամարդ է, ու ես համոզված եմ` կինը ժպտում է: Ժպիտը հորեղբորս ձեռքի պես տաք է լինում: 
    Ծաղիկների մեջ նստած հորեղբայրս տարեցտարի ծերանում է: Նա արդեն մեծ տղամարդ է, ջրակալած աչքերով, դեմքին կարմիր գծեր են հայտնվել, դեմքը սպիտակ-սպիտակ է, ջրի մեջ լողացող կանաչ կետերը այնքան արտահայտիչ են:
    Ժամը երեկոյան յոթն է: Որոշում եմ տեսնել նրան: Հորիցս հետո քիչ բան է մնացել: Մյուս հորեղբայրս հորս մահից հետո գլուխը քաշեց սեփական մարմնի մեջ, մոռացավ իմ գոյության մասին, հետո էլ տարեցտարի մաշվեց իր պատերից ներս: Մի օր հորս մորաքրոջ տանն էի, դռան զանգը սղոցեց տունը, փսփսոց էի լսում, շշուկներ կային. պատից այն կողմ փոքր հորեղբայրս է: Երբ իմացավ ներսում եմ, հեռացավ առանց բառ ասելու: Իսկ ինձ մի բառն էլ բավական էր: Մի հիվանդ բառը: Մեռած ու անզոր բառը:
Ծաղիկների մեջ նստած էր մեծ հորեղբայրս իր կարմիր բլուզով, կանաչ ու ջրալի աչքերով: 
    - Բարև, Ռոմիկ ապեր:
    - Բարև, Ման ջան, ոնց է հիշել ես:
    Ցրված նայում է աչքերիս՝ երկու կանաչ կետ դեմքիս.
    - Մնա մի քիչ, դեռ կհասցնես գնալ:
    - Կմնամ, դուք հո հիվանդ չեք (ես հորեղբորս հետ դուքով եմ խոսում):
    Հորեղբայրս նայում է, չորացած շրթունքներով բարակ ու նյարդային ժպտում.
    - Իսկ դու գիտե՞ս` մարդը երբ է հիվանդանում:
    - Ե՞րբ:
    - Երբ հիասթափվում է հարազատներից:
     Ես էլ էի երևի մի քիչ նենգ ու բարակ ժպտում: Բայց իմ ժպիտն ավելի սուր էր ու ավելի տխուր, որովհետև ես երբեք հնարավորություն չունեցա հիասթափվելու հարազատներիցս: Ես նրանց մասին երբեք լավ կարծիքի չեմ եղել: 
    Աթոռը դրել եմ ծաղիկների մեջ: Հորեղբայրս շեշտում է ամեն բառը, բառը զրնգում է ականջներիս մեջ:
    Մի տղամարդ ներս մտավ, մեղվի պես մի ծաղկից մյուսին է անցնում, հորեղբայրս չգիտի՝ ինչ ասի, ուղղակի մի բան ասելու համար հարցնում է՝ ուրախ դեպքի համա՞ր եք տանելու: Տղամարդը չի պատասխանում, նման հարցերին չեն պատասխանում: Մի քիչ հետո ավելացնում է՝ եթե ասեք` ինչ գնի սահմանում, խորհուրդ կտամ՝ որ ծաղկեփունջը վերցնեք, որ այսօրվա լինիերեկվա ծաղիկներ էլ կան: Ես հասկանում եմ՝ նման ազնվությամբ գործ չեն անում: Տղամարդու լռությունը էլ ավելի է փակում հորեղբորս, ու թեպետ նա չի կծկվել իր կարմիր շապիկի մեջ, և հայացքը ուղիղ է ու վստահ, բայց ես գիտեմ` նրա ներսի մարդը ցավից ծալել է մարմինը: Հորեղբորս հիվանդագին ինքնասիրությունն ու իրեն սիրող մարդու ազնվությունն ինձ դուր է գալիս: Ես տեսնում եմ ընդհանրություններ: Օրինակ, իրեն խաբող վաճառողներին հորեղբայրս գործից չի հեռացնում, չէ՞ որ բոլորն էլ խաբում են, ինչ իմաստ կա դրա համար գործից ազատել մարդուն: Մարդն իր էությամբ այդպիսին է: Տղամարդն առանց ծաղիկ գնելու հեռանում է, ես համոզված էի՝ հորեղբայրս արդարանալու է, որովհետև ես էլ նույնը կանեի.
    - Վաճառողը 7-ին պետք է գար, էն էլ 7 անց է չկա, ես էլ նման հարցեր չեմ սիրում, իհարկե կարող եմ հասկանալ գնորդի հոգեբանությունը, բայց շուկայական էդ հարցերը չեմ սիրում: Ես ծաղիկներն էլ չեմ գնում առնելու, դրա համար էլ առաքում են միանգամից էստեղ, ու գիտե՞ս, կրկնակի թանկ է նստում վրաս: Բայց դե ուրիշ կերպ չեմ կարող: 
    Համոզված եմ` նա իրոք ուրիշ կերպ չի կարող:
     Ժամը երեկոյան 8-ին վաճառողը ներս է մտնում, ջահել տղա է, հազիվ կտրվելով հեռախոսից՝ արդարանում է՝ ձյաձ Ռոմիկ, ուշացա, մինչև մի բան գտա, որ գամ
    Հորեղբորս դեմքին խաղում է` ես քեզ հասկանում եմ, բայց միևնույն է սրիկա ես խորագրով ժպիտը.
    - Բան չկա, նորմալ է:
    Մեր հազիվ ստացվող խոսակցության մեջ սեպի պես կանգնում է վաճառողը: Ամբողջ ընթացքում հարմար պահ էի ման գալիս: Ներսից մի բան հրում է, ներսից մի բան կանգնել է որովայնիս ու սեղմում է: Ես գիտեմ, եթե չհասցնեմ, նա իր հետ կտանի այն, ինչը կարող էր և իմը լինել: Իսկ նա այնքան պարզ բաների մասին էր լռում.
    - Ռոմիկ ապեր, տատին ու պապին ո՞նց են ծանոթացել:
    - Անուշ տատի՞կը:
    - Դե հա բա էլ ո՞վ:
    - Պապաս պատմություն էր դասավանդում դպրոցում, էդպես հանդիպում է մամայիս, 13 տարվա տարբերությամբ ամուսնանում են, ու առհասարակ, պապիդ ինչ հարց տալիս էիր՝ պատմական փաստեր էր մեջբերում, շատ զարգացած մարդ էր:
    Հիշեցի գերեզմանաքարին պառկած պապիս նկարը: Հայացքը մի տեսակ խիտ ու լարված էր. իսկը հորս հայացքից.
    -
Բա տատի՞ն:
    - Տատիդ էլ էր զարգացած:
    Ես գիտեմ, ում մասին էլ հարցնեի, նույն պատասխանն էի ստանալու: Հորս մասին խոսելիս ջրալի աչքերը ավելի կլորացրեց, հոնքերը, որ ծայրերում իջնում են ներքև, նման էր ճանապարհի, որ կտրուկ թեքվում է, և վարորդը անսպասելիությունից շրջում է ղեկը, որից հետո ճանապարհը հոսող ջրի պես հարթվում է:
Հանկարծ խորամանկ մի գիծ խաղում է շուրթերին. 
- Ես մի բան եմ մտածել,- քամին խաղում է բարակ ժակետիցս ներս, կրծքիս շեկ մազերը փշաքաղվել են,-իհարկե շուտ է էդ մասին խոսել, բայց ես մտածել եմ, - շրթունքների գիծը էլ ավելի է ալիքվում,- Կարմիր բլուրում հորս, մորս ու եղբորս կողքին տեղ եմ վերցրել:
    Անկախ ինձնից ձեռքս դնում եմ հորեղբորս ոտքին, թեթևակի սեղմում եմ ծունկը.
    -Ինչո՞ւ եք էդպիսի բաների մասին մտածում:
    - Չէ, չէ, ես ինձ լավ եմ զգումհետո գնում եմ էնտեղ ու էնքան լավ է
    - Պապայի պես եքպապան էլ մեզ տանում էր պապի ու տատի մոտ, ու գերեզմանոցում` ծառի տակ, երկար նստում էինք:
    - Գիտեմէդպես հանգիստ էր:
    Ջրի երկու տոպրակի մեջ լողացող երկու կանաչ կետ: Ես արդեն չեմ հասկանում՝ նա երբ է լացում: Աչքերը միշտ ջրոտ են: Ներսից մի բան խուտուտ է տալիս, զգում եմ` լացը ալիք առ ալիք բարձրանում է: Սա գուցե վերջին անգամ է, որ տեսնում եմ նրան ծաղիկների մեջ նստած՝ սպիտակ, ծոծրակին ալիքվող մազերով: Իմ կյանքից էդպես են հեռանում մարդիկ, առանց բան ասելու, մի վերջին անգամ նայելով մեծ ու ջրալի աչքերովերկու կենդանի կանաչ կետ, որ խաղում են դեմքի վրավաղը այդ կետերը մեռնելու են. մնալու է տունը, որ դղյակ է հիշեցնում, սպասուհու ժպիտը, որ օր առ օր սառում է ու կարմիր բլուզ հագած հորեղբորս մասին հիշողությունը, որ մեռած կենդանիներ ուներ ու օր ծերության ծաղիկների մեջ նստած խոսում էր մահվան մասին:
                                                                                                               Մանե Գրիգորյան
  • Created on .
  • Hits: 5879

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: