Concordance

    2013թ. մարտ ամսվա համերգային շարքի եզրափակիչ համերգը նվիրված էր Ռուսաստանի մշակույթի աշխատողների օրվան: Արամ Խաչատրյան համերգասրահում մարտի 29-ին, ունկնդիր հասարակությունը հնարավորություն ունեցավ ներկա գտնվելու մեկ հայաստանյան պրեմիերայի, ինչպես նաև ունկնդրելու արդեն իսկ ծանոթ ստեղծագործությունները բոլորովին այլ որակով: Երեկոյի մենակատարն էր Մովսես Պողոսյանը (ԱՄՆ): Մինչ համերգին անդրադառնալը մի քանի խոսք ջութակահար Մովսես Պողոսյանի մասին: Նա Գ.Կուրտագի, Ա. Ռ. Թոմասի, Տ. Մանսուրյանի, Վ. Շարաֆյանի, Ա. Ավանեսովի և ժամանակակից այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է: Որպես կամերային երաժիշտ համագործակցել է «Տոկիո», «Քրոնոս» և «Բրենտանո» լարային քառյակների, Baird Trio-ի, Apple Hill Chamber Players-ի, Քիմ Քաշքաշյանի, Ջերեմի Դենքի, Անի և Իդա Կավաֆյանների, Ռոհան դը Սարամի և այլ հայտնի կատարողների հետ: Լոս Անջելեսի «Դիլիջան» կամերային երաժշտության համերգաշարի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարն է:  Այս երեկո համերգի առաջին բաժնում Պողոսյանը և վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի  ղեկավարությամբ ներկայացրեցին երկու կոնցերտ՝ Վաչե Շարաֆյանի թիվ 2 Ջութակի կոնցերտը՝ «Con-Cor-Dance» և Ֆելիքս Մենդելսոնի e-moll, op.64 Ջութակի կոնցերտը:  Շարաֆյանի կոնցերտը ինչպես նշեցինք Հայաստանում հնչում էր առաջին անգամ: Պրեմիերան տեղի էր ունեցել 2011թ.-ին մենակատար Կարեն Շահգալդյանի, Իրկուտսկի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ Իլմար Լապինշի ղեկավարությամբ: Կոմպիզիտորի խոսքերով այս ստեղծագործությունը դասվում է այն աշխատանքների շարքին, որը ստեղծվել է սեփական մղումներով, այլ ոչ պատվերով: Մեզ հետ զրույցում Շարաֆյանը մանրամասնեց՝ Con-Cor-Dance բառը կարելի է բաժանել Con Corda (լարի վրա), Corda և Dance (լար և պար) և նաև հենց բառի իմաստը «համաձայնություն», ինչպես նաև կա այդպիսի պար՝  concordance. Իմաստներից մեկը հենց «պար լարի վրա» կամ լարախաղաց: Ստեղծագործությունը պարունակում է այս բոլոր թաքնված իմաստները: Այն առնչվում է ռենեսանսի պարային ձևերի հետ, միաժամանակ ունի շատ ռոմանտիկ առանցք՝ լարախաղաց: Եթե լարախաղացը ընկնի լարից՝  իր բարձրությունից, ապա կհայտնվի երկնքում «այլ աշխարհում» և հենց սա է ընկած ստեղծագործության դրամատուրգիայի հիմքում, որը բերում է վերջին մասի (ստեղծագործությունը պայմանականորեն բաժանվում է երեք մասի) երկնային գեղեցիկ համահնչյունի՝ «concordance»-ին: Միավորելով ռոմանտիկ և նոստալգիկ զգացումները՝ երաժշտությունը ներկայացնում է գեղադիտակային պարային կառույցներ՝ բարոկկո և նորագույն երաժշտության: Այս ամենը Movses Poghosyanարագափոխության սկզբունքով: Զրույցի ընթացում կոմպոզիտորը նշեց նաև կատարման բավականին լավ լինելու փաստը. «Հոյակապ աշխատանք էր տարվել, փորձերի ժամանակ դրամատուրգիայի, բալանսի, ֆրազավորման հետ կապված լուծումներ էին նախատեսվել և մեծ մասը համերգի ժամանակ լիիրավ կերպով ստացվեց: Ստեղծագործության վերջին կուլմինացիոն մասում, երբ մենակատարի ջութակի լարը կտրվեց մի փոքր խուճապ առաջացրեց, բայց Մովսես Պողոսյանը այնքան արագ կողմնորոշվեց, փոխելով գործիքը նվագախմբի կատարողներից մեկի գործիքի հետ, որ դա նույնիսկ աննկատ եղավ: Հետաքրքիր էր, որ հենց դա էր ստողծագործության «սցենարում»՝ լարախաղացը ընկնում է, բայց ոչ թե ներքև, այլ հայտնվում է վերևում՝ երկնքում, երկնային աշխարհ: Դա է խորհրդանշում concordance-ի վերջին հատվածը: Թե՛ մենակատարը, թե՛ նվագախումբը՝ Թոփչյանի ղեկավարությամբ իրենց բարձր վարպետությունը ևս մեկ անգամ ապացուցեցին այստեղ: Ինձ համար շատ կարևոր է կոմպոզիտոր-կատարող-ունկնդիր հարաբերությունը, քանի որ երաժշտության ամենամեծ իմաստը նրա ունիվերսալ հատկության մեջ է, այսինքն երբ միևնույն գործի միջոցով տարբեր կատարողներ կարող են խոսել և տարատեսակ ունկնդիրների հետ կոնտակտի մեջ մտնել»:
    Հաջորդեց Մենդելսոնի e-moll Ջութակի համար գրված կոնցերտը: Պողոսյանի մեկնաբանությամբ այն լիովին արտահայտեց ռոմանտիկ կոմպոզիտորի զգացմունքային հագեցած շերտերը, լայն մեղեդային շնչառությունը, վիրտուոզ փայլը: Բացահայտ Էր մենակատարի վարպետությունը, հետաքրքիր ձայնային տեմբրը, ինչպես նաև երաժշտական նյութին ցուցաբերած կոկիկությունը:
    Համերգի երկրորդ բաժնում հնչեց Չայկովսկու թիվ 4 f-moll Սիմֆոնիան: Հայաստանյան ունկնդիրը բազմիցս ունեցել է հնարավորություն ունկնդրելու այս ստեղծագործությունը, սակայն այս անգամ պետք է նշենք  կատարման ակնհայտ տարբերության մասին: Այս դեպքում տարբերությունը դրսևորվել է դրական կերպով: Մեր առջև ֆիլհարմոնիկ նվագախումբը իրեն ցուցադրեց բոլորովին այլ երանգավորմամբ: Գույները էլ ավելի ճշմարիտ էին, հագեցած և կենդանի: Բոլորովին այլ կերպ հնչեց Սիմֆոնիայում առկա կյանքի, ճակատագրի, մահվան չար և բարի ուժերի իմաստային խորքերը: Հարկ է նշել նվագախմբի փողային կազմի ցուցաբերած վարպետությունը:
    Այս համերգը թերևս կդասվի այն բացառիկ համերգների շարքին, որտեղ ամեն բան ներդաշնակ էր,  համոզիչ և  արդարացված:
Էլեն Յոլչյան

Լուսանկարները Սոնա Անդրեասյանի , ՀՊՖՆ լրատվական բաժին
  • Hits: 4644

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: