Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հույն դիրիժորի ղեկավարությամբ

    Փետրվարի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ համերգ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հունաստանից ժամանած դիրիժոր Նիկոս Քրիստոդուլուի մասնակցությամբ: Ծրագրում ներառված էին երաժշտական տարբեր ուղղություններ ներկայացնող ստեղծագործություններ` գերմանացի ռոմանտիկ կոմպոզիտոր Կ.Մ.Վեբերի «Էվրիանտե» օպերայի նախերգանքը, կլասիցիզմի վառ ներկայացուցիչ Վ.Ա.Մոցարտի Դաշնամուրային թիվ 21 կոնցերտը և երաժշտական իմպրեսիոնիզմի հիմնադիր Կ.Դեբյուսիի «Պրելուդների» երկրորդ տետրը:
    Առաջին անգամ չէ, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունենում արտերկրից ժամանած դիրիժորների ղեկավարությամբ և բարձր որակ ցուցաբերում: Ինչպես նախորդ համերգներին, այս անգամ ևս համերգի առաջին բաժնում մեր նվագախուբը առանձնացավ կոկիկ, ճշգրիտ, ոգևորված նվագով: Օտար դիրիժորի ներկայությունը նվագախմբին կարծես ստիպեց ցուցաբերել իր լավագույն հնարավորությունները: Այսպես, համերգի փայլուն սկիզբն ազդարարեց Կ.Մ.Վեբերի «Էվրիանտե» օպերայի նախերգանքը, որի կատարումն առանձնացավ բարձր մակարդակով, կենտրանացված և որակյալ հնչողությամբ: yun su reԱյնուհետև հնչեց Վ.Ա.Մոցարտի Դաշնամուրային թիվ 21 կոնցերտը Հարավային Կորեայից ժամանած դաշնակահարուհի Յուն Սու Ռեեի կատարմամբ` ով մի շարք մրցույթների դափնեկիր է և հանդես է եկել այնպիսի հեղինակավոր նվագախմբերի հետ, ինչպիսին են Seul National ֆիլհարմոնիկ նվագախումբը, Prague ֆիլհարմոնիկ նվագախումբը, Kharkov ֆիլհարմոնիկ նվագախումբը, Korean ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն: Դաշնակահարուհին վարպետորեն կատարեց կոնցերտը և ներդրեց իր կանացի նրբագեղությունը: Նշենք, որ այս դաշնամուրային կոնցերտը Մոցարտի հարուստ ստեղծագործական ժառանգության մեջ ամենահաճախ կատարվող կոնցերտներից է, որն առանձնանում է իր երկրորդ մասով` Andante, և համարվում ամենագեղեցիկներից մեկը Մոցարտի Andante-ների շարքում: 
    Համերգի երկրորդ բաժինը թերևս ամենասպասվածն էր: Տեղի ունեցավ հայաստանյան պրեմիերա: Հնչեց Կ.Դեբյուսիի դաշնամուրային պրելյուդների երկրորդ տետրը, բայց նվագախմբի կատարմամբ` Նիկոս Քրիստոդուլուի գործիքավորմամբ:
    Մի քանի խոսք նրա մասին: Նիկոս Քրիստոդուլուն հույն դիրիժոր և կոմպոզիտոր է, հանդես է գալիս նաև որպես դաշնակահար և ակտիվ գործունեություն վարում ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահաններից դուրս, ինչպես նաև դասավանդում է Աթենքի Hellenic Conservatory-ում, կոմպոզիցիայի բաժնում: Նա մեծ ներդրում ունի Հունաստանի ակտիվ երաժշտական կյանքի զարգացման գործում: Նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է «Alpha-Omega Ensemble», որի երկացանկում ընդգրկված են ստեղծագործություններ 20-րդ դարի երաժշտությունից: 2012 թ.-ին Նիկոս Քրիստոդուլուն գործիքավորել Կ.Դեբյուսիի Պրելյուդների երկրորդ տետրը և նույն թվականին իրականացրել դրանց պրեմիերան`Աթենքում և Լոնդոնի Barbican Hall-ում: Փաստորեն, հաջորդ կատարումը տեղի ունեցավ Փետրվարի 22-ին` Երևանում: Պետք է նշել, որ սա Պրելյուդների գործիքավորման առաջին դեպքը չէ, բայց ամենագրագետն է և հաջողվածը, քանի որ իրականացվել է լուրջ մասնագետի կողմից:
Nikos Qristodulu    Կլոդ Դեբյուսիի դաշնամուրային պրելյուդների երկու տետրերը` գրված 1910, 1913 թվականներին, մեծ արժեք են ներկայացնում դաշնամուրային երաժշտության համաշխարհային գանձարանում: Կոմպոզիտորը այս երկու տետրերում` քսանչորս պրելյուդներում, մեկտեղել է իմպրեսիոնիստական լեզուն և ժամանակի բարդ կատարողական տեխնիկան: Նա բերել է յուրահատուկ ծրագրայնություն` պրելուդների անվանումները գրելով ոչ թե սկզբում, այլ վերջում` այսպիսով չպարտադրելով սեփական պատկերացումները ունկնդրին: Դեբյուսին օգտագործել է դաշնամուրի ողջ ձայնածավալը` համադրելով տարբեր ռեգիստրներ, մշակել է նուրբ պեդալիզացիա, կիրառել պենտատոնիկ հնչյունաշար որոշ գործերում: Այդ ամենը նա ներկայացրել է դաշնամուրի միջոցով, իսկ Նիկոս Քրիստոդուլուն փորձել է բացահայտել դաշնամուրային հնչողության մեջ թաքնված նվագախմբային ենթատեքստը: Ելնելով Դեբյուսիի սիմֆոնիկ մտածողությունից, որն առավել ցայտուն դրսևորվել է իմպրեսիոնիստ կոմպոզիտորի «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը», «Նոկտյուրներ», «Ծովը» սիմֆոնիկ կտավներում՝ Քրիստոդուլուն օգտագործել է նրան բնորոշ հնարները. դրանք են` նվագախմբի տարբեր կազմերի հակադրումը, փողային կազմի տարբեր գործիքների և տավիղի լայն կիրառումը, գործիքների հնարավորությունների գունատեմբրային խաղը և այլն: Այս տեսակետից Դեբյուսի-Քրիստոդուլու համագործակցությունը առավել քան հաջողված էր, ունկնդիրը՝ հաճելիորեն զարմացած: Համերգը անթերի կլիներ, եթե Պրելուդների կատարումը նույնքան հաջող լիներ, ինչպես համերգի առաջին բաժինը: Թերևս պատճառն այն էր, որ նվագախմբի համար սա նոր ստեղծագործություն էր և բավական ժամանակ չէր եղել այն ինչպես հարկն է պատրաստելու: Այս հանգամանքը, սակայն, չխաթարեց համերգի ընթացքում ձևավորված ջերմ մթնոլորտը, իսկ հույն դիրիժորի, հարավկորեացի դաշնակահարուհու և հայկական նվագախմբի համագործակցությունը դեռ երկար կհիշվի երաժշտասերների շրջանակներում:
                                                                                                                                         Սոնա Հայկազուն

                                                            Լուսանկարները Սոնա Անդրեասյանի ,
ՀՊՖՆ լրատվական բաժին
 
 
  • Hits: 4370

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: