Ինտերվենցիա՝ մեկ երեկո, հինգ պրեմիերա

    Տարեվերջին` դեկտեմբերի 28-ին, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ գրական-երաժշտական երեկո-ցուցահանդեսը, որի նախապատրաստական աշխատանքներին ակտիվորեն մասնակցում էին երիտասարդներ` արվեստի տարբեր ոլորտներից: Միջոցառումը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում և դա իզուր չէր: Այն նշանավոր էր գաղափարով, որը իրոք բացառիկ էր. միավորվել էին գրականությունը, գեղանկարչությունը և երաժշտությունը: Այս փունջը հանդիսատեսին հնարավորություն տվեց որոշ չափով ծանոթանալ մեր օրերում ստեղծվող արվեստի գործերին:
    Առաջին բաժնում հայ ժամանակակից պոետներն ու արձակագիրներն ընթերցեցին իրենց գործերը, երկրորդ բաժնում` ցուցադրվեցին գեղանկարիչների կտավները: Միջոցառման երրորդ` երաժշտական մասում հնչեցին հայ ժամանակակից երիտասարդ, բայց արդեն կայացած կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները` գրված հայ ժամանակակից պոեզիայի հիման վրա:
intervention5    Այս համագործակցության միտքը ծագեց cultural.am կայքի խմբագրակազմի մոտ, հավանության արժանացավ և միանգամից սկսվեցին աշխատանքները: Ակտիվ համագործակցության շնորհիվ կոմպոզիտորները և պոետները ծանոթացան միմյանց ստեղծագործական գործունեությանը, ոճին, գաղափարներին: Պետք է նշել, որ ստեղծագործությունները գրվել են բավական կարճ ժամանակահատվածում, սակայն մեծ ոգևորվածությամբ: Արդյունքում ստեղծվեցին հինգ վոկալ գործ, որոնք առաջին անգամ երեկվա միջոցառման ժամանակ հանձնվեցին հանդիսատեսի դատին:
   Առաջին ստեղծագործությունը Վարդան Հարությունյանի «Կրակոց»-ն էր` ըստ Հասմիկ Սիմոնյանի համանուն բանաստեղծության: Նա տեքստի մեկնաբանմանը մոտեցել էր ոչ այնպես, ինչպես մեր մյուս մասնակիցները. նա չէր հանձնել տեքստը երգչին` դարձնելով վոկալ երկ: Հնչեց միայն մաքուր խոսքը, որը հարստացվել էր էլէեկտրոնային տեխնոլոգիաների հնարավորություններով: Կոմպոզիտորը տարիներ շարունակ նվագում է ռոք խմբում, իսկ 2011-ից կոմպոզիտոր և կիթառահար Վարդան Գասպարյանի հետ հիմնել է «Lighthouse new jazz project» դուետը: 2012թ. հիմնել է ժամանակակից էլէկտրո-ակուստիկ իմպրովիզացիոն երաժշտական նախագիծ գերմանացի սաունդ-արտիստ Մարկուս Բոյթերի հետ: Ներկայումս մասնակցում է էլեկտրո-ակուստիկ իմպրովիզացիոն նախագծերի: Այս բնագավառում ունեցած փորձի արդյունքում էր, որ Վարդան Հարությունյանը դիմեց էլէեկտրոնային տեխնոլոգիաներին: Սա իրոք տպավորիչ էր, ոմանց համար անսպասելի: Արտերկրում ամուր դիրք ունեցող էլէկտրոնային երաժշտությունը Հայաստանում դեռևս առաջին քայլերն է կատարում:
intervention4    Երկրորդ «Երբ դու գնացիր» ստեղծագործության հեղինակը ամերիկաբնակ Տաթև Ամիրյանն էր: Երգի հիմքում ընկած էր Արա Ալոյանի բանաստեղծությունը: Ինչպես նշում է կոմպոզիտորը, գործի ամբողջ գաղափարական կառուցվածքը բխում է բանաստեղծությունից, և հենց տեքստն է ծնել այս երաժշտությունը: Նշենք, որ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո նա մեկնել է ԱՄՆ, ուր այսօր դասավանդում է Կանզաս քաղաքի Կոնսերվատորիայում` միաժամանակ շարունակելով ուսումը:
    Այնուհետև հնչեց Հովիկ Սարդարյանի «Մադրիգալ»-ը սոպրանոյի և թավջութակի համար: Այստեղ օգտագործված էր Ռուզաննա Ոսկանյանի բանաստեղծությունից մի հատված, որը բովանդակության քնարականությամբ և սիրային ուղղվածությամբ կոմպոզիտորին հիշեցրել է Վերածննդի դարաշրջանում լայն տարածում ստացած Մադրիգալ ժանրը: Ինչպես գիտենք, Մադրիգալ նշանակում է մայրենի լեզվով գրված երգ` հաճախ սիրային-քնարական բովանդակությամբ: Վերնագրի հենց այս մեկնաբանմամբ է առաջնորդվել Հովիկ Սարդարյանը այդ բանաստեղծությունը երաժշտության մեջ արտացոլելու համար: Բացի այդ` Մադրիգալը լայն կիրառում ստացավ քսաներոդ դարի դասական-ակադեմիական երաժշտության մեջ, երբ առաջացավ մեծ հետաքրքրություն նախորդ դարերի ձեռքբերումների հանդեպ:
   Հաջորդ գործը շվեյցարաբնակ հայ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի գրչին էր պատկանում: Նա 2003թ.-ից տեղափոխվել է Ժնև, այնտեղ սովորելու տարներին մասնակցել և հաղթող է ճանաչվել տարբեր մրցույթներում: Այժմ Շվեցարիայի Երաժիշտների Միության անդամ է հանդիսանում: Նրա «Drei instanzen»-ն շարքից կատարվեցին երկու հատված` «Ende November» և «Leeres Zimmer»: Տաթև Չախչախյանի բանաստեղծությունը, որը ընկած էր այս գործի հիմքում թարգմանվել էր գերմաներեն Հերբերդ Մաուեռի կողմից: 
intervention8    Համերգային ծրագիրը եզրափակվեց Արթուր Ավանեսովի «Liederbuch» շարքից չորս երգով: Դրանք գրվել են 2010-2011 թթ-ին և գրված են հենց կոմպոզիտորի խոսքերով, բացառությամբ մեկի, որի տքեստի հեղինակն էր Նատալյա Մեդվեդևան: Երգերը աչքի էին ընկնում կոնտրաստայնությամբ և բազմաոճայնությամբ: Կոմպոզիտորը յուրահատուկ ձևով համադրել էր մոդեռն լեզվամտածողությունը 20-րդ դարի առաջին կեսի կոմպոզիտորների ստեղծագործությունների հետ: Օրինակ առաջին երգում` «Теплый экватор» կտեսնենք Ա.Սկրյաբինի N 12 դաշնամուրային պրելյուդից մի ակորդային դարձվածք, իսկ երրորդում` «Элегия», օգտագործված է Ժյուլ Մասնեի համանուն ստեղծագործության նվագակցությունը: Երկրորդ երգը` «А завтра будет война» առանձնանում էր դրամատիզմով, որը անմիջականորեն կապված էր տեքստի բովանդակության հետ: Վերջինիս բացահայտմանը ակտիվորեն մասնակցում էր դաշնամուրային նվագակցությունը: Այստեղ կարող եք լսել այս կատարման ձայնագրությունը:
    Համերգային մասի հաջողությունը ապահովեցին նաև կատարողները` Վարդան Հարությունյանը` էլէկտրոնայիններ, Արթուր Ավանեսովը` դաշնամուր, Տաթևիկ Մովսեսյանը` սոպրանո, Հասմիկ Վարդանյանը` թավջութակ, Կիմ Սարգսյանը` բաս-բարիտոն: Ինչպես գիտենք, ժամանակակից ստեղծագործությունները բավականին բարդ է ճիշտ ընկալել և կատարել, այդ պատճառով ընտրվել էին բարձրակարգ կատարողներ:
                                                                                                               Սոնա Հայկազուն                    

                                     
Արթուր Ավանեսով, «Liederbuch» շարքից չորս երգով 
                                     Արթուր Ավանեսով՝ դաշնամուր, Կիմ Սարգսյան՝ բարիտոն


                                     
  • Hits: 4858

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: