Նա մտքում ասաց «ֆուհ», և հիմա պետք է կատարվեր իր սիրած համարներից մեկը։ Մի սեղանին դրված էր սպիտակ կոտելոկ-գլխարկ, մյուս սեղանին սև կոտելոկ-գլխարկ։ Նա իջեցնում էր մի կոտելոկի մեջ նապաստակին, հետո նայում էր հանդիսատեսին, ժպտում, մտքում ասում «ֆուհ» և նապաստակը հանում էր մյուս կոտելոկից։ Հանդիսականները թեպետ շատ էին տեսել այդ համարը, ձանձրալի էր, բայց ծափահարում էին, ընդունում, որոհետև օրինական էր, որովհետև կար գերագույն պայմանավորվածություն. աշխարհում մարդիկ մի հիմնարկ էին շինել, որ կրկես էր կոչվում, որտեղ պե՛տք է հավաքվեին նրանք և նայեին, պե՛տք է դուրս գար ձեռնածուն և պե՛տք է աներ այն ֆոկուսը, որ ընդունված էր մարդկանց կողմից, և նրանք պե՛տք է ծափահարեին. եթե նրանք գտնվեին այս պայմանավորվածությունից դուրս, համարը երևի պետք չլիներ։ Իսկ հիմա նույնիսկ հաճույք էին ստանում, որ ամեն ինչ իր տեղումն էր՝ լույսերը մանեժը, ձեռնածուն, կոտելոկը, նապաստակը, համար հայտարարողը, հսկիչը, ադմինիստրատորը, կրկեսի ելքը, մուտքը, տոմսարկղը... Բայց բոլորից շատ ոգևորվում, հրճվում էր այս ֆոկուսից ինքը՝ ձեռնածուն։ Նա հազիվ էր պահում ընդունված չափավոր ժպիտի տակ իր անզուսպ հրճվանքը և, նապաստակը հանելով մյուս գլխարկից, ցնծում էր. նրա աչքերը լայն բացված էին ու իր արածից և, ընդհանրապես, այս ֆոկուսը հնարողից զարմացած-զարմացած։ Ու հիմա, երբ մտքում ասաց «ֆո՛ւհ», և նապաստակը պետք է տեղավորվեր մյուս կոտելոկում, նրա ներքին ոգևորությունը մեծացավ-մեծացավ, ու այդ ոգևորության մեծացումից կատարվեց հակառակը՝ նա տխրեց ու մի պահ քարացավ կիսաժպիտը երեսին, նայեց կուչ եկած նապաստակին. «ֆուհ», և նապաստակը մյուս գլխարկում կլինի: Ու կրկին նայելով նապաստակին՝ զարմացավ, զարմացավ մի ուրիշ բանից, զարմացավ որ նա գոյություն ունի։ «Ֆո՛ւհ» և ոչնչից նապաստակ էր ստեղծվել։ Ընդհանրապես նա առաջացել է այս կոտելոկի մեջ։ Նա զգաց, որ նապաստակը ինքնին արդեն ֆոկուս է, նույնիսկ հրաշք, և անպայման չէ, որ նա տեղափոխվի, և ինչ ֆոկուս է տեղափոխվելը... Ձեռնածուի հայացքը կանգնեց իր ձեռքի վրա։ «Ֆուհ»՝ և իր այս զարմանալի ձեռքը կա աշխարհում։ «Ֆո՛ւհ» և ինքը տեղափոխվել է այս կրկեսը։ «Ֆո՛ւհ»՝ և ինքը ծնվել է, «ֆո՛ւհ»՝ ֆոկուս կատարվեց, և ինքը անմեղ բանտ ընկավ։ Բանտում մի ձեռնածու կար, ծանոթացավ նրա հետ և սովորեց ֆոկուսներ անել։ Դուրս եկավ բանտից և սկսեց իր ֆոկուսները ցուցադրել կրկեսում։ Եթե չլիներ իր բանտ ընկնելու ֆոկուսը, նա դժվար թե ֆոկուսնիկ դառնար։ Եվ միշտ ուրախանում էր, որ ինքը բանտ ընկավ։ Ծիծաղելի էի, բայց ուրախանում էր։ Նա զարմանալիորեն զգաց, որ ինքը սիրում է ամեն ինչ... Նա սիրում էր ոչ միայն մարդկանց, ոչ միայն կենդանիներին, երկինքը, հողը... ավելին՝... Այդ ավելին նա չէր կարող բնորոշել... Բայց զգում էր, որ ինքն էլ այդ ավելիի մեջ էր, և ավելին իր մեջ էր... Դա ներքին ոգևորություն էր, հնարավորությունը, իր ճշմարտությունը... Ու հանկարծ ասես սահմանները ջնջվեցին, իր ոգևորության, իր հնարավորության կաշկանդված սահմանները ջնջվեցին, ու նա զգաց, որ ինքը ամեն ինչ կարող է։ Նա իր յուրաքանչյուր զգացումը, անշոշափելի բարին, սերը կարող է շոշափելի և տեսանելի դարձնել։ Սերը և բարին ամենաստեղծ են, նրանք կարող են մարմին առնել։ Իսկական սերը, բարին, հրաշալի են, մեծ ուժ ունեն ու մարմինները ծնվում են նրանցից։ Ու ճաղատ ձեռնածուն մտքում ասաց «ֆո՛ւհ»՝ և կրկեսի մանեժի կենտրոնում երևաց մի մեծ նապաստակ։ Ձեռնատծուի ոգևորությունը զուսպ էր, բայց տարօրինակ խոր, անվերջ... Նա էլի մտքում ասաց «ֆո՛ւհ»՝ և կրկեսի կենտրոնում, կարծես հատակից դուրս պրծավ մի սպիտակ ձի։ Շատ մարդ չէր կարող նկատել։ Ինքն էլ ուշ գլխի ընկավ։ Ետ նայեց, դռները փակ էին, և կրկեսի ծառայողները հորանջելով այս ու այն կողմ էին նայում։ Նա կրկին լարեց իրեն, մտքում ասաց «ֆո՛ւհ»՝ և մանեժում երևաց երկրորդ ձին՝ մի մուգ կարմիր տաք ձի։ Ձեռնածուն զգաց, որ իր սերը կարող է առարկա դառնալ... Համեցեք... Նա զգաց անցումը այդ համեցեքից մինչև գործը։ Ի՞նչն էր այդ հեշտությունը։ Այնուամենայնիվ, նա մտքում ասաց «ֆո՛ւհ»՝ և մանեժի կենտրոնում կրկին ծնվեց մի կարմիր, իր սիրո, իր ներքին ջերմության պես տաք մի ձի ու կրակի պես վազեց։ Նա զարմանալու ժամանակ էլ չուներ։ Էլի կրկնեց իր խոսքը, և նոր ձի երևաց մանեժում։ Սա կյանք էր, խտացած, սիրով լցված, ասես ջերմությունը և զգացմունքը խտացել էին այնպես, ինչպես գազն է խտանում, երբ նեյլոնե վերնաշապիկի տեսք է ստանում... Զգացմունքը խտացավ և դարձավ առարկա, կենդանի ձի, հիմա արդեն ձի... Ձեռնածուն զգաց կյանքը, իր սովորական զարմանքները չքվեցին, և կորավ իր ամբողջ կյանքը՝ վախերը, կիսատ սերը, կիսաճշմարաությունը... Ու զգաց, որ նրանք ոչինչ չէին կարող ստեղծել,.. Անե՜ծք, անե՛ծք... Որքան հասարակ է, «ֆո՛ւհ»՝ և կրկին ձի է առաջանում... Ձեռնածուն դեն նետեց ֆրակը, իր ձեռքի փոքրիկ փայտիկը, փողկապը ու գզգզված կանգնել էր և հրամայում էր ձիերին և ստեղծում նոր ձիեր... Ասես այդ ձիերը դուրս էին գալիս իր ներսից։ Իսկ ներսում տաք էր, ասես հրդեհ լիներ, ու կուտակված սեր էր, մի զարմանալի սեր... նա գիտեր, որ ամեն ինչ կարող է հանել այդ կուտակված զգացումից... Ու դա հրաշք էր։
    Կրկեսը լցվեց ձիերով, ու նա կրկին և կրկին ստեղծում էր մի նոր ձի-արարած...
    Հանդիսականները կամաց-կամաց հոգնեցին այդ տեսարանից։ Ձիեր այսօր նրանք շատ էին տեսել։ Ու վերջնականապես նրանց ձանձրացրեց այս երկարացրած համարը։ Մեկը բարձրացավ տեղից և գնաց ելքի կողմը։ Ադմինիստրատորը աննկատ մոտեցավ ճաղատ ձեռնածուին և, ասես ի միջի այլոց, շշնջաց. «Լսիր, ախր չեղավ, է... Համը հանեցիր... չափի զգացում է պետք...»։
    Ձեռնածուն բան չէր տեսնում և լսում։ Իսկ ձիերը կարմիր, ոսկեգույն, կրակի և ածուխի խառնուրդ, բրոնզի և պողպատի փայլով իրար էին խառնվել մանեժում, պտտվում էին՝ մի շարքը ձախ, երկրորդը՝ աջ երրորդը՝ նորից ձախ... Ու ասես մանեժը այրվում էր, պտտվում, բաբախում ինչպես մեծ սիրտ...
    Ձեռնածուն շատ զավեշտական էր իր տեսքով, վերնաշապիկի փեշերը դուրս էին եկել շալվարի միջից, աչքերը ոգևորված էին։ Նրա ուրախությունը ծիծաղելի էր, ճաղատի փայլը ծիծաղելի էր, նրա շարժումները ծիծաղելի էին... Ու նա թափահարում էր ձեռքերը ու մտքում ասում «ֆո՛ւհ»: Մարդիկ արդեն հոգնել էին, և ով ավելի պնդերես էր, թողնում էր կրկեսը։
    Նրանք հրաշքը չէին տեսնում, նրանց ֆոկուս էր պետք։

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: