Մանե Գրիգորյան

Բանաստեղծություններ








ճապոնացի չղջիկ


աչքերիդ մեջ աճած բարդիները
առյուծի թաթեր ունեն,
կրծքերդ անմխիթար նետված են
մարմնիդ,
կրծքերիդ արանքում Լենոնի սիրտն է
 
քեզ սիրեցին տղամարդիկ
օտար ափերից,
քեզ խոցեցին ու թալանեցին,
դու նկարեցիր նրան, Յոկո,
ծուռ ու մեծ աչքերով,
ատամները դուրս ցցած մարդակեր,
որ կերավ միայն քեզ,
ու սիրեց միայն քեզ,
ու ատեց ու հրաժարվեց քեզնից
 
սպիտակ պատերից ներս,
սպիտակ սավանին,
սպիտակ Լենոնը բռնել էր
ճապոնացի ճերմակ չղջիկի ձեռքը,
ու ձեռքը խաղաղությամբ թպրտում էր,
ու ձեռքը խոսում էր կյանքի մասին
 
դու քո սիրած խաղալիքը,
սրտիդ մեջ ասեղ խրելով,
տվեցիր ուրիշին,
որ հետո հասկանա՝
տերերին չեն լքում
 
անմխիթար կրծքերով  կին,
լաթի կտորի մեջ սեղմված
ու համակ տխրությամբ լացող
կրծքերով կին,
քո տղան,
քո Ջոնը մեռավ
 
դու նկարեցիր նրան՝
 
տաշտի մեջ կուչ եկած
տկլոր Ջոնին,
սպունգը սահեցրիր մարմնի վրայով,
փրփուրի մեջ խեղդվող Ջոնը
տղամարդու աչքեր ուներ,
հասկացար՝մեռնող ու արտասովոր
այս տղամարդը Լենոնն է
 
ու սիրեցիր նրան ջրի հողող
ու մեռնող մարմնի մեջ
 
ու հասկացար, Լենոնի թիկունքին խրված,
հինգ փամփուշտից մեկը
դու էիր
 
կրծքիդ մեջ խլրտաց մարմինը նրա,
կրծքերիդ արանքում նրա սիրտն էր


Կին

եղևնիների մեջ կորած տղամարդդ
փայտահատ է
կտրված փայտի պես
կրակին կուլ գնացող կին
մոռացիր վառարանդ
քանի չորացած ճյուղ ունես
անմխիթար
ինչպես աղջիկը պոետ
  
քեզ սիրեցին օտար ծառերի տակ
քեզ լքեցին
անտեր բանաստեղծության պես
երկար այս ձմռանը
 
տղամարդդ փայտահատ ի ծնե
երկար ժամանակ կտրեց քեզ
կացնահարեց աչքերդ
թևաթափ արեց մարմինդ
հնազանդ ինչպես կացինը ծառին
 
միաչքանի իմ կին
որ փնտրեցիր դղյակը քեզնից դուրս
 
ցուրտ կին
մրսող կին
կին որ մոխիր է դառնում
 
քեզ օդ թռցրեցին
քեզ շաղ տվեցին հողի մեջ
քեզ սպանեցին հերթով
 
կին որ չվախեցար հող դառնալուց
մարմինդ չհանձնեցիր ջրին
չմայրացար երբևիցե
վախեցար սիրելուց
ու շատերի մեջ փնտրեցիր քեզ
                       
շան պես հաչացիր
տղամարդկանց ետևից
օտարների հետ սեր արեցիր
հավատացիր ամեն գարնան հետ
մարմինդ ծիլեր կտա
 
քեզ չհասկացան այստեղ
արևի պես տաք կին
սիրուն կին


Աղջիկ
 
սադափե մարմնով,
լապտերների պես ճառագող
կրծքով աղջիկ,
շուրջդ ագռավներ են,
իսկ դու ծովի պես ալեկոծ մարմնով,
ալիքդ նետում ես
անհայտության մեջ
 
շուրջդ կռինչ է,
շուրջդ մի բան կորուստ է հիշեցնում,
իսկ դու ուժեղ կնոջ պես
դիմացդ ես նայում
 
ներսումդ կրակվածին
չգիտես՝ ինչ ասես,
չգիտես՝ ուր փախչես
 
բարդի աղջիկ՝
կանաչ սաղարթով,
ներսիդ տարածության մեջ
տերևներ են թափվել,
քեզ լավ նայիր
 
մենակ աղջիկ
 
ում էր պետք,
որ սիրուն էիր,
առավոտյան ցողի պես թարմ,
երեկոյան հովի պես..
 
-ինձ չկարողացան սիրել,-
գիշերվա մեջ սողացին բառերդ,
ու չգիտեի, թե ուր թողնեմ քեզ,
վախենալու չափ կրկնվող իմ հեքիաթ
 
- ինձ ոչինչ պետք չէ,-
գիշերվա մեջ սողոսկում է
անհայտության ցավը,
ներսդ վառվող փայտի պես ճտճտում է
 
կանգնած ես
սառած ակնթարթի պես
հիասքանչ ու սարսափելի


* * *
արևը ծածկել է իրիկնային մարմինդ, 
հովը դանդաղ հոսում է երակներովդ,
արյանդ բջիջները տարրալուծվում են երկնքի մեջ.
առավոտյան ասացին` մեռել ես
 
ես չշտապեցի քեզ մոտ,
դանդաղ խմում էի ջուրը,
որ առվից չէր,
ու չէր քշի ինձ հեռու,
ու չէր ձգի մարմինս քեզ մոտ
 
սենյակումս դանդաղ կտցահարում եմ
մարմինդ
ու հատկապես սիրում աչքերդ,
ու մորուքդ...
մեղմ զեփյուռի պես
մարմնիս ընդառաջ եկող մորուքդ`
առավոտյան արևի պես տաք
ու իրիկնային աստծո պես խաղաաաղ
 
այգում մեռնող իմ տղամարդը 
գրքեր էր կարդում
գեղեցիկ էր,
ինչպես զևսը հերայի գրկում,
ու որքան հրաշալի էր նա մեռնում
 
ես դանդաղ,
երանելի ժպիտով
կտցահարում եմ մարմինդ,
ու արյունը դանդաղ հոսում է,
ու որքան գեղեցիկ է սեփական
արյան մեջ տեսնել աշունը`
դեղին,
արնոտ,
սիրելիիդ մազերից կախ,
ոտքերի մոտ,
ձեռքերին,
քթի ու ականջների մեջ խցանված աշունը
 
ես գրկել եմ ուսերդ,
ու որքան խաղաղ ես
ու բալենու մեռնող այս ծառի տակ
որքան մոտ ես աստծուն
 
  
Պիտերն ու ես

իմ հարմար աշխարհը
հարմար է միայն ինձ համար.
սրթսրթում եմ սպասումից…
երկար օրը կարող է լեզու հանել.
ես պարտված եմ.
գլխիս ինչ ասես չեկավ.
մանանայի փոխարեն թափվում էր
անտարբերությունը,
անսեր մերկությունը,
կարոտը.
- կեր, Ման ջան, կհերիքի ամբողջ մի դար.
ես անմահ եմ, անմահ.
լսում եք, ինձ հետ կատակ չանեք,
ես զուրկ եմ հումորի զգացումից.
հերձված զգայարաններով
ես, եթե կարելի է այդպես ասել, ապրում եմ
ու համոզված եմ, որ չեմ մեռնի,
քանզի անմահ եմ…
- բարբաջում ես,-
ասաց Պիտեր Պենը` կանգնած
աշխարհիս նախաշեմին.
սպասում էիր ինձ որպես տեսիլք,
հրաշք.
զի ես եմ քո փրկությունը,
զի քո է արքայություն և զորություն
և փառք հավիտյանս հավիտենից…
աչքերիս չէի հավատում.
կանաչ - խամրած կանաչ -
անտարբերության հասնող կանաչ
գլխարկով
մուլտհերոսը կանգնած էր դիմացս.
- Աչքերիդ չես հավատում.
ես Պիտերն եմ.
ծանոթանանք. քո իմացած լավ տղայից
մնացել են միայն ժպիտն ու գլխարկի փետուրը`
չժանգոտվող սպիտակ, վառ սպիտակ,
իսկ դո՞ւ ով ես. ասենք թալանչի, ուրվական,
փահլևան, հարբեցող… գուցե դայակ, հը՞…
չգիտեի ինչ ասել.
- գրում եմ…,- կմկմացի.
ձայնիս մեջ կասկած կար.
- մեկ, երկու… և ձեռքով արեք.
ձեր աշխարհի պատուհանից
ձեզ նկարում է թաքնված
տեսախցիկը.
առնվազն հիմար եք, եթե
հավատում եք հեքիաթներին,-
կասեր տղան,
կհաներ գլխարկը,
կժպտար անտանելի տխմար ժպիտով ու կգնար.
- այսինքն` անգործ ես,- ասաց Պիտերն
ու գրպանից հանեց թփի մեջ փաթաթած
ինչ-որ բան.
- ծխե՞ս…

Թռիչք
հիշում եմ լարվածության
հասնող արագությամբ,
նյարդերս պրկվելու աստիճան
աղոթում էի.
հետո բռնեցի Պիտերի ձեռքից,
ու մենք թռանք.
ձեռքը տաք էր ու հարազատ.
թեթև գլխապտույտ ունեի,
բայց հաճելի էր.
- հաշիշ ուզո՞ւմ ես.
- ինչ շի՞շ.
- հա-շիշ,-
ասաց Պիտերը, ու ես հասկացա,
որ երևակայության պակաս կա
նաև այն աշխարհում,
որտեղից գալիս են հերոսները:

Հրաժեշտ
ձմեռը փաթիլ առ փաթիլ
ներծծվել է երակներիս մեջ.
սա աշխարհն է, Պիտեր,
ուր դպրոցականի համազգեստով
ոտքիս տակ եմ տվել փողոցները,
հավատացել, որ կփոխեմ հելոուինի
դդումի պես կլոր, բայց ոչ դեղին,
դառը ժպտացող այս աշխարհը.
երես առած աղջկա կամակորությամբ
քարերը վարդագույն էի ներկում,
իսկ հիմա անգամ քո
աշխարհում, Պիտեր, հեքիաթը մեռնում է
դատարկությունից,
շնչասպառ են լինում հերոսները,
ջրահարսերը դառնում են ձկներ,
դու ցամաքած հեքիաթով, դժգույն,
սովորության համաձայն թռչում ես…
- Կարելի է պայթեցնել այս մեծ ու
դատարկ աշխարհը,- հանկարծ
ասաց Պիտերը,-
ուր դատարկությունից մարդիկ կամ
ձանձրանում են, կամ գրում,
ու եթե հիմա ցած դնես գրիչդ,
ես էլ կցնդեմ,
պղպջակի պես կպայթեմ`
չասած վերջին բառը,
որը դու չես էլ մտածել,
որը գնդասեղի պես կոկորդիդ է կանգնել.
քո իմացած լավ տղայից
մնացել են միայն ժպիտս ու գլխարկիս փետուրը.
վերցրու փետուրը.
այն սպիտակ է, ինչպես քո ծնվելիք երազը.
գըգըմփ…
մինչ նոր հանդիպում, Պիտեր,
…մինչ նոր հանդիպում…


Պենի հիշատակին

- խնդիրը ինֆանտիլությունն է,-
ասաց մանկաբարձուհին՝ 
մառախուղի մեջ փորձելով գտնել աչքերս,
- երկար չի ապրի,- ասաց կինը, 
երբ վերջապես գտավ աչքերս՝
երկու լողացող անպաշտպան կետ կոպերիցս ներս

սենյակը լիքն էր հիվանդ լռությամբ

23 տարի ես՝ դաժանության աշխարհին
չհարմարվող երեխաս,
գլուխս թաղում եմ հողերի մեջ, տուն սարքում,
քանդում են

նրանք քարշ են տալիս ինձ մազերիցս,
ես սողում եմ,
քերծում ոտքերս, ու ինձ թվում է՝ կհավատան ինձ,
երբ արցունքն աչքերիս գոռամ.
- թողեք մազերս, պոչիցս, պոչիցս քաշեք

- խնդիրը ինֆանտիլությունն է, 
աղջիկը չի հարմարվում աշխարհին,-
ասում է տղամարդը ու պահարանից հանելով պիտերին՝
շոյում գլուխը

ձմռան պես մաքրամաքուր փետուրը
անպաշտպան կախվում է գլխարկից,
հայացքիս մեջ բմբուլը դեղնում է

տղամարդը բռունցքի մեջ սեղմում է
պիտերի բարակ մատները,
ժպիտը նենգ է ու հաղթող.
- կուզե՞ս,- իբր միամտորեն հարցնում է նա՝
բռնելով պենի որովայնից, ձեռքը ինձ է պարզում

պենի մեռած, անպաշտպան թևերը օրորվում են,
ինձ թվում է` տերևաթափ կսկսվի,
մատները հատիկ-հատիկ կընկնեն

քո պես տղաները չեն մեռնումմմմ, պեն

երեխայի պես սնքրտում եմ.
զգում եմ՝ ուսերս ոնց են բարակում,
տղամարդը հաղթական նայում է մորս.
-մանկամիտ է, աղջկան բուժել է պետք,-
ու նրանք երկուսով
վստահ ու սահուն շարժումներով
պոկում են պենի ձեռքերը,
մայրս հատ առ հատ
շոշափում է տղայիս մատները,
եղունգները սևանում են ու թափվում,
մայրս հազալով քերում է կոկորդը

գրողը տանի, իմ ինֆանտիլության զոհ, 
իմ տխուր տղա,
որ ինքնասպանության հազար փորձից հետո 
թռչել սովորեցիր,
ներիր ինձ, պեն

տղամարդը շարունակում է ժպտալ,
մատը մոտեցնում է աչքիդ, 
վեր եմ թռնում.
- հայացքը... խնդրում եմ, մի սպանեք հայացքը

չեն լսում,
աչքերիդ փոխարեն ծակեր են,
մարմինդ մկրատված է,
բառերը վազում են ցանցապատ մաշկիցդ ներս

ներիր ինձ պեն ներիր ինձ պեն ներիր ինձ պեն

հիշեցի պահը, երբ մանկաբարձուհին գտավ աչքերս,
մեռնող ձկան պես գլուխս թպրտում էր պարանոցիս,
ուզում էի տանուլ տալ աչքերս

***
բանաստեղծությունն էլ չի գրվի,
որովհետև թագավորի փոքր տղան 
դադարել է մտածել՝ ինչ կա 7 սար այն կողմ

քարե արձանների ժամանակն է,
մի քարը մյուսին ես դնում,
մատդ մոտեցնում ես,
քարը ենթարկվում է, փափկում,
ժպիտը պառկում է մարմնին

իսկ ընդհանրապես ասում են՝ 
քարերը վատ աստվածներ են,
ու որ ինչ-որ տեղ կա ուրիշը՝
ավելի զգայուն,
մեկ-մեկ գլուխն աննշան խոնարհում է,
իսկ ներքևում շուկան է…
ինչ-որ մեծ քաղաքի, ասենք բաղդադի շուկան

աստված սև կետեր է տեսնում,
մտածում է՝ինչո՞ւ ագռավներին երկիր շպրտեցի,
կկրակեն… չեն դիմանա… ագռավին սիրողն ո՞վ է

մահմեդական կանայք են, տեր,
փեշի տակ մի-մի աստված ունեն,
մութ ու թաքուն անկյուններում անառակներ են,
շուկաներում՝ սևազգեստ կանայք

- մա՞րդ է մեռել,- բան չհասկանալով՝ մրթմրթում է աստված,-
չհաղթահարվող սուգը առաջին մարդու ծնունդն էր
ու ինձ համար բոլորովին օտար տղամարդու խաչվելը, տեր,
մարմնի ամեն քերծվածքը,
ամեն հատիկ բառը,
որ դղրդյունով փուլ եկավ գլխին, 
պարտվող հայացքն ու հուդայի համբույրը
բոլորը, լսում ես, առանց իմ կամքի եղավ

ես պատրաստ էի ոտքի տակ տալ Երուսաղեմը,
գայթակղել փարիսեցիներին ու մաքսավորներին,
դառնալ մագդաղենացի ու սողոսկել նրանց բնակարանները,
ներթափանցել մարմնի մեջ,
ու ցավի ամեն հրման հետ նվազող ձայնով շշնջալ.
- կուզե՞ս մեղքերդ արյամբ լվացվեն
սպիտակ մաշկով ու երկար մատներով այն տղամարդու արյամբ,
որ դիվահարին խաղաղություն տվեց ու կույրերին լույս

- մա՞րդ է մեռել,- իբր բան չհասկանալով՝ մրթմրթում է աստված,-
իսկ ինձ թվում էր՝ ոչ մի տերև առանց քո ցանկության չի ընկնում գետնին…
ուրեմն տերևաթափ ես սիրում, տեր,
ուրեմն նաև աշուն…ու ձմռան առաջին օրերն ես սիրում երևի, 
երբ ծառերի վրա դողում են մենակ մնացած մի քանի տերև

ուրեմն աշնա՞նը սպանեցիր նրան…


* * * 
քայլ առ քայլ քեզ փնտրելու օրերն էլ եկան,
ես չգիտեի` ինչից սկսել,
ներսս ավարտված հեքիաթ էր,
վերջում կացինավոր տղամարդն էր,
մորուքը խճճվել էր ոտքերի արանքում, 
սափրած գլուխը փայլում էր մեկ օրական 
լուսնի պես

աչքերը լայն բացած կապույտ,
ներսում գայլերի ոհմակ կար

քայլ առ քայլ քեզ փնտրելու օրերն էլ եկան

փայտահատը կացնահարեց դստեր թևերը,
նավապետը ծովը թաքցրեց կնոջից,
նվազ ու տխուր ոտքերս փնտրեցին քեզ ամենուր

կառապանին հարցրեցի.
-ուր է նա
ձին դեղին աչքերով նայեց

տերևաթափ կանանց տեսա, 
շշերի մեջ լող տվող տղամարդկանց վտառներ գտա

ավարտվող սիգարետիս հուսահատությունը վկա,
ոչ ոք անունդ չտվեց

ու միայն մեկը`
առաջ եկած հոնքերի տակ կծկված հայացքով,
ձեռքը թափ տվեց ու հեռացավ

նա գիտեր` Աստված մեռել է


* * *
- դու խելագար ես,- ասաց մայրս,
երբ դուռը բացելով ՝
պահարանի մեջ կծկված տեսա հորս

հաղթանդամ տղամարդ հայրս
կուչ էր եկել զգեստներիս արանքում,
գլուխը թաղել էր ձեռքերի մեջ
և չէր լսում ինձ.
- պապ, ախր ես քո աղջիկն եմ

բառերը դողում ու շրխկում էին գետնին,
հայրս ոչինչ չասող հայացքով լռում էր

կաթիլ-կաթիլ աչքերս թափվում էին
ծոծրակիս՝
հորս դարչնագույն աչքերս

բարակ մարմինս լողում էր
նրա շապիկի մեջ,
ժամանակը կանգնել էր իմ ու հորս միջև.
ես նայում էի նրան,
նա՝ պատին

իմ իմացած բոլոր բառերը 
հայրս ավլեց ու տարավ

վախեցա դիպչել նրան.
նրա օտարությունը իմն էր

հայրս ավելի կծկվեց իր ներսում,
ես լուռ նստեցի նրա կողքին,
պատը նայում էր մեզ

- դուք խելագար եք,- ասաց մայրս՝
պահարանի դուռը փակելով

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: