Ես այցելեցի նրան: Ջեֆֆերսից[1] հետո նա պատմողական պոեզիայի լավագույն ներկայացուցիչն էր՝ 70-ի սահմանին, հայտնի ամբողջ աշխարհում: Հավանաբար նրա ամենահայտնի երկու գրքերը «Իմ վիշտն ավելի լավն է, քան քոնը» և «Մահացածները ծամում են Լանգորում»-ն էին: Դասավանդել էր շատ համալսարաններում, ստացել էր բոլոր մրցանակները՝ Նոբելյանը ներառյալ: Բերնարդ Սթեքման: Երիտասարդական քրիստոնեական կազմակերպության աստիճաններով բարձրացա: Պարոն Սթեքմանը ապրում էր 223 համարում: Դուռը թակեցի: «Ներս մտիր»,- ներսից գոռաց ինչ-որ մեկը: Դուռը բացեցի և առաջացա: Բերնարդ Սթեքմանը անկողնում պառկած էր: Օդը լցված էր փսխուկի, գինու, մեզի, կեղտի և նեխած ուտելիքի հոտով: Սրտխառնոց զգացի: Վազեցի դեպի լոգարան, փսխեցի, հետո վերադարձա:
    - Պրն. Սթեքման,- ասացի ես,- ինչո՞ւ չեք բացում պատուհանը: 
    - Լավ միտք է: Բայց ինձ այդպես մի´ կոչիր` «պրն. Սթեքման»: Ես Բարնին եմ:
    Նա հաշմանդամ էր, և երկար ջանքերից հետո նրան հաջողվեց տեղափոխվել մահճակալից աթոռին:
    - Հիմա հանգիստ կխոսենք,- ասաց նա,- երկար եմ սպասել դրան:
    Նրա կողքին` սեղանի վրա, կար մեկ գալլոնանոց սափոր՝ dago red գինով լի, որի մեջ լողում էին սատկած ցեցերն ու ծխախոտի մոխիրը: Ես շրջվեցի, հետո կրկին նայեցի: Նա կուժը բերանում էր պահել, բայց գինու մեծ մասը թափվում էր վերնաշապիկի ու վարտիքի վրա: Սթեքմանը կուժը տեղը դրեց: 
    - Ահա թե ինչ էր պակասում:
    - Ավելի ճիշտ է բաժակով խմես,- ասացի ես,- այդպես ավելի հեշտ է:
    - Այո, հավատում եմ, ճիշտ ես:
    Նա նայեց շուրջը: Մի քանի կեղտոտ բաժակներ կային կողքին, և ես զարմանքով հետևում էի, թե դրանցից որ մեկն է ընտրելու: Ընտրեց ամենամոտիկը: Դեղնագույն պնդացած ինչ-որ նյութ կար բաժակի խորքում, որը հավի լապշայի ավելցուկ էր հիշեցնում: Նա լցրեց գինին: Հետո բարձրացրեց բաժակն ու միանգամից դատարկեց այն:
    - Այսպես համեմատաբար հեշտ է, տեսնում եմ լուսանկարչական ապարատ ես բերել: Եկել ես ինձ նկարելո՞ւ:
    - Ճիշտ այդպես,- պատասխանեցի և առաջացա, բացեցի պատուհանը և մաքուր օդ շնչեցի: Մի քանի օր էր, ինչ անձրևում էր, և օդը դրսում շատ մաքուր էր ու թարմ:
    - Լսի´ր,- ասաց նա,- երկար ժամանակ է` ուզում եմ միզել: Մի դատարկ շիշ բեր: 
    Դատարկ շշեր շատ կային մոտակայքում, դրանցից մեկն էլ բերեցի: Նրա տաբատի շղթան արձակած էր, միայն վերին կոճակն էր ամրացված, քանի որ շատ էր փքվել: Նա ձգվեց և առնանդամը դուրս հանեց` ծայրը պահելով շշի մեջ: Երբ միզում էր, առնանդամը քարացել էր և սկսեց շարժվել այս ու այն կողմ` ցայտեցնելով մեզը շուրջը` վերնաշապիկին, տաբատին, դեմքին, և անհավատալի է, բայց վերջին շիթը հասավ անգամ նրա ձախ ականջին:
    - Հաշմանդամ լինելը ահավոր է,- ասաց նա: 
    - Իսկ ինչպե՞ս դա պատահեց,- հարցրի:
    - Ի՞նչը ինչպես պատահեց: 
    - Որ հաշմանդամ դարձար:
    - Կինս: Նա մեքենայով անցավ վրայովս:
    - Ինչպե՞ս: Ինչո՞ւ:
    - Ասաց, որ ես այլևս անտանելի եմ:
    Ոչինչ չասացի: Միայն մի քանի կադր նկարեցի: 
    - Իմ կնոջ նկարներից ունեմ: Ուզո՞ւմ ես տեսնել նրանցից մի քանիսը: 
    - Լավ: 
    - Ալբոմն այնտեղ է` սառնարանի վրա:
    Առաջացա, վերցրի այն և նորից նստեցի: Նկարներում հիմնականում բարձրակրունկ կոշիկներ էին, կանացի վայելուչ կոճեր, նայլոնապատ ոտքեր՝ ծնկակապիչներով, ոտքեր՝ տարատեսակ զուգագուլպաներով: Էջերից մի քանիսի վրա սոսնձված էին գովազդային հայտարարություններ` մսի հանրախանութից վերցրած տապակած ճուտ, 89 ֆունտ ստերլինգ: Ես փակեցի ալբոմը: 
    - Երբ մենք բաժանվեցինք,- ասաց ,- նա ինձ սա տվեց: Բերնարդը ձեռքն անկողնու բարձի տակ տարավ և այնտեղից դուրս հանեց մի զույգ երկարաճիտ կոշիկ` բարձր, բարակ կրունկներով: Դրանք բրոնզագույն էին դարձել: Հետո դրանք տեղավորեց պահարանի վրա և կրկին խմիչք լցրեց:
    - Ես այս կոշիկներով եմ քնում,- ասաց նա,- այս կոշիկներով էլ սիրով եմ զբաղվում, հետո՝ լվանում դրանք:
    Ես ևս մի քանի նկար արեցի:
    - Ահա, ուզում ես նորից նկարե՞ս: Ահա մի լավ նկար ևս: 
    Եվ նա արձակեց իր տաբատի միակ կոճակը: Ներքնազգեստ չկար հագած: Կոշիկը վերցրեց և կրունկը մտցրեց իր ետևը: 
    - Դե, նկարի´ր, հիմա: 
    Եվ ես նկարեցի դա: Նրա համար դժվար էր կանգնել, բայց նա կարողացավ դա անել` պահարանից բռնվելով: 
    - Դուք դեռ գրո՞ւմ եք, Բարնի:
    - Ես ամբողջ ժամանակ եմ գրում: 
    - Իսկ երկրպագուները չե՞ն խանգարում ստեղծագործել: 
    - Երբեմն կանայք ինձ գտնում են, բայց երկար չեն մնում այստեղ:
    - Գրքերը լավ վաճառվո՞ւմ են:
    - Կախված վաճառքից ՝ ես չեկեր եմ ստանում: 
    - Ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդ գրողներին:
    - Խմել, սիրով զբաղվել և օգտագործել մեծ քանակությամբ ծխախոտ: 
    - Իսկ տարեցների՞ն ինչ խորհուրդ կտայիք:
   - Եթե դուք դեռ կենդանի եք, ապա խորհրդի կարիք չունեք:
   - Ի՞նչը կարող է խթան լինել և ստիպել Ձեզ բանաստեղծություն գրել:
    - Իսկ դու ո՞ր խթանի համաձայն ես գնում զուգարան կեղտոտելու: 
    - Իսկ Ռեգանի[2] և գործազրկության մասին ի՞նչ եք մտածում: 
    - Ես Ռեգանի ու գործազրկության մասին չեմ մտածում: Այդ ամենն ինձ ձանձրացնում է, ինչպես դեպի տիեզերք թռիչքներն ու սուպերգավաթները: 
    - Այդ դեպքում ո՞րն է ձեր մտահոգությունը: 
    - Ժամանակակից կանայք: 
    - Ժամանակակից կանա՞յք: 
    - Նրանք ճիշտ չեն հագնվում: Նրանց կոշիկներն ահավոր են:
    - Իսկ ի՞նչ եք մտածում «Կանանց ազատագրման» մասին: 
    - Երբ նրանք ցանկություն կհայտնեն աշխատել ավտոլվացման կետերում, կանգնել գութանի ետևում, կընկնեն երկու երիտասարդների ետևից, ովքեր լիկյորի խանութ թալանած կլինեն կամ կոյուղու խողովակներ կլվանան, երբ ցանկական, որ բանակում իրենց կրծքերը կծոտեին, ես պատրաստ կլինեմ մնալ տանը և ամանները լվանալ, ձանձրանալ գորգի փոշին մաքրելուց: 
    - Բայց կա՞ խելացի բան նրանց պահանջներում:
    - Իհարկե: 
    Սթեքմանը էլի խմիչք լցրեց: Նույնիսկ բաժակով ըմպելուց գինու կեսը ծորում էր կզակից ներքև` վերնաշապիկի վրա: Նրա մարմնից այնպիսի հոտ էր գալիս, կարծես ամիսներով լողացած չլիներ:
    - Իմ կինը…- ասաց նա,- ես դեռ նրան սիրում եմ: Փոխանցի´ր ինձ այդ հեռախոսը:
    Նա հավաքեց հեռախոսի համար: 
    - Քլե՞ր, ողջույն Քլեր,- հետո ցած դրեց լսափողը:
    - Ի՞նչ եղավ,- հարցրի:
    - Ինչպես միշտ: Նա կախեց լսափողը: Արի դուրս գանք այստեղից: Արի գնանք բար: Ես շատ երկար մնացի այս անիծված սենյակում: Ինձ այստեղից դուրս գալ է հարկավոր: 
    - Բայց դրսում անձրև է: Մի շաբաթ է, ինչ անձրևում է: Փողոցները անձրևաջրով էր հեղեղված: 
    - Դա ինձ չի հետաքրքրում: Ուզում եմ դուրս գալ: Նա հիմա հավանաբար ինչ-որ մեկի հետ սիրով է զբաղվում: Եվ հավանաբար իր բարձրակրունկ կոշիկներն է հագել: Ես նրան միշտ ստիպում էի, որ այդ կոշիկները ոտքերից չհանի:
    Ես Սթեքմանին օգնեցի հագնել իր դարչնագույն վերարկուն, որի առջևի բոլոր կոճակները բացակայում էին: Այն մրից, կեղտից կարծրացել էր: Դժվար թե Լոս Անջելեսի վերարկու լիներ. այն ծանր էր, ճմրթված, հնարավոր է, որ Չիկագոյից բերած լինեին կամ Դենվերից 30-ականներին: Հետո մենք նրա հենակները վերցրինք և մեծ տանջանքով իջանք Երիտասարդական քրիստոնեական կազմակերպության սանդուղքներով: Գրպաններից մեկում Բերնարդը «մուսկատել»[3] գտավ: Երբ հասանք մուտքի մոտ, Բերնարդն ինձ վստահեցրեց, որ կարող է ինքնուրույն մայթն անցնել և նստել մեքենան: Ես մեքենան մի փոքր հեռավորության վրա էի կանգնեցրել: Հենց որ մյուս կողմն անցա՝ մեքենան նստելու, հանկարծ բղավեց, և չլմփոց լսեցի: Անձրևում ու անձրևում էր համառորեն: Ես ետ վազեցի, բայց Բերնարդը հաջողացրել էր վայր ընկնել և մխրճվել ջրորդանի մեջ` մեքենայի և մայթեզրի մեջտեղում: Ջուրը հորդում էր նրաշուրջը, թափվում էր վրան, վարտիքի վրա՝ երկու կողմից շրջափակելով: Իսկ նրա փեշի մեջ ծուլորեն իր հենակն էր լողում: 
    - Ամեն ինչ շատ լավ է,- ասաց նա,- դու շարունակիր քո ճամփան, իսկ ինձ այստեղ միայնակ թող: 
    - Օհ, ոչ, Բարնի: 
    - Ես լուրջ եմ ասում: Քշիր, ինձ մենակ թող: Իմ կինը ինձ չի սիրում: 
    - Նա քո կինը չէ, Բարնի: Դուք բաժանված եք: 
    - Այդ պատմությունը գնա տատիկիդ պատմիր: 
    - Եկ Բարնի, ես հիմա քեզ կօգնեմ բարձրանալ: 
    - Ոչ, ոչ: Ամեն ինչ կարգին է: Ես քեզ հավաստիացնում եմ: Գնա: Առանց ինձ խմիր: 
    Ես վեր բարձրացրի նրան, բացեցի դուռը և տեղավորեցի առջևի նստատեղին: Նա շատ, շատ էր թացացել: Ջրի հոսքը գետնի վրայով առաջ էր սլանում: Հետո ես մյուս կողմն անցա և նստեցի մեքենան: Բարնին կարմիր գինու շիշը բացեց, ներս քաշեց, հետո շիշը փոխանցեց ինձ: Ես մեքենան էի վարում և միաժամանակ, ապակիներից դուրս նայելով, անձրևի մեջ բար էի փնտրում, բար, որտեղ հնարավոր կլիներ մտնել և միանգամից չփսխել, երբ նրա վրայից մեզի հոտն առնեմ:
                                                                            Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը

[1] Ջոն Ռոբինսոն Ջեֆֆերս John Robinson Jeffers (1887 –1962) ամերիկացի պոետ հասարակական գործիչ է , հայտնի է կենտրոնական Կալիֆորնիայի ծովափի մասին իր ստեղծագործությամբ: Ջեֆֆերսի բանաստեղծությունների մեծ մասը գրված են պատմողական և էպիկական ոճում: Այսօր նաև հայտնի է կարճ տարբերակով: Նա համարվում է բնապահպանական շարժման գաղափարակից, ում պատմողական ոճը մեծ ազդեցություն է ունեցել Բուկովսկու վրա:
[2]  Ռոնալդ Վիլսոն Ռեգան` (1911 –2004) ԱՄՆ 40-րդ նախագահ(1981–89): Մինչ այդ եղել է Կալիֆորնիայի 33-րդ նահանգապետը:
[3] Մուսկատ տեսակի խաղողի գինի:

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: