Մերրի Մկրտչյան

Ջակոմո Մկրտչյան

    Ինչ էլ որ լսվեց, լսվեց հեռվից: Քամին անցավ աննկատ: Ոտքերի համար անզգա սառնություն…
    Նստարանի վրա ծառ, նստարանի կողքին կին, կնոջ մեջ ծառ…
    Ճշմարտություն: Հավատալուն գրեթե շատ նման ճշմարտություն: Իրերին հերթականը լինելու զգացմամբ մոտեցում, և հեռացում մոտեցման մեջ և օտարում:
    Այո, հասկանալ, բայց և այնպես դրանից ցուրտը չի փոխվում…
    Դամ-դամ, ժամը ուղիղն է, դամ-դա, գրքի սև շապիկ…

    Իմ խեղճ կին, ես սիրեցի եղունգների անհավասար, տխուր աճը, դու, որ ծաղիկ պոկել չես սիրում, աննյութեղեն ժամի հայտնված սխալը:
    Նրանք, նրանք այրեցին Ժաննային, նրանք այրեցին, իսկ նա երկաթե կոշիկներ է հագել, ու աշնան տերևը գարնան հոտի չափ ատելի է հիմա, ու տկար է այս ամենը իր պարտականությունների մեջ, ու տկար եմ ես, որ հնազանդվել-չհնազանդվելը ինձ դարձրի:
      Ես…
    Ես նայեցի երկար բոլորի հետևից, նայեցի ավելի երկար, բայց անգամ երկրաշարժը բացուխուփ չարեց քեզ:
 
    Իրականում Ս-ն նման է իր մորը: Իսկ անասունը ճեմում է ժամերով: Ես դու եմ: Հնազանդ եմ:
    Հնազանդ եմ, հնազանդ եմ…
    Ահա իրար նման հագած երկու կին, նույն գույնի շորը: Հարսանեկան վարդ-թերթիկը ճզմող քայլով մուտք եկեղեցում: Հուզված, որ ապակին թրջվել է… շորի թևքով մաքրել…
    Կողքի աղոթողը տեսավ, թե ինչպես ակնոցի տակից լիքը աչքեր հորդացին, տեսավ, որ մատով թռցնել փորձեցի, նա տեսավ, գրողը տանի:
    Ես նախանձում եմ Ս-ին, ուտում անհավանական խաղող: Ինչ թեթև ապրող մարդիկ են, մտածում եմ` նայելով նրա մորը: Ես անտանելի նախանձում եմ Ս-ին:
    Ու ճոճանակների վրա անտեր մնացած երեխաներին եկան տուն տանելու իրենց հայրերը, ես ինձ այնքան խեղճ զգացի մի ժամ: Զանգակատան զանգից կախված թել…
    Իսկ նիհար կինը, որ երկար շրջազգեստ էր հագել, իր թևին է փաթաթում հարսանեկան ժապավենը աղոթարանից:
    Բայց ես անտանելի նախանձում եմ Ս-ին: Չէ որ նա հնազանդ է, հնազանդ է, հնազանդ է…

     Ֆրանսիական ձգվող, լայն առաստաղներ: Անդարձից ներքև տան պատուհանը մի կտոր երկինք է մատակարարում ներս: Իսկ մետրոն անցնում է ոտքերիդ տակ, ու մեքենան մարդկանց տանում է Թուրքիա…
      - Աղջիկդ գունատ է:
    - Հաց չի կերել,- պատասխանեց մայրս: Նա արդեն վաղուց դադարել է նկատել այտոսկրերս, դադրել է հավատալ, որ իրար կողք նստած մարդիկ, կարողանում են լաց լինել:
    Իմ փողոցով անցնում են կանայք՝ պարանոցներին գրված՝ վաճառվում է: Ազատություն գոռացող տղերք, սրահներ վարսերն անվերջ մկրատահարելու ու սրահաներ՝ գետնին թափված վարսերն հարդարելու:
    Մեղուն անտարբեր կծեց դիմացի կնոջ կուրծքը:
    Ինչ-որ մեկի հիշողությունների պատճառով իմ այտերը կարմրել էն, դա նորից չի կարող ստիպել նրան նկատել այտոսկրերս: Ես պատերին գլուխ տալ սովորեցի, ես սովորեցի իրերին հերթականը լինելու զգացմամբ սիրել: Բայց այս ամենից երբեք չի կարճանա Էյֆելյան աշտարակի հասակը, ու մ-ն հ-ին մեկ-մեկ կասի, որ վախենում է մ-ի հետոյին համար. Մ-ի հետոյի համար:
    - Ասաց`աղջի, չարը խաղում է, դու տեսնում ես չարին…
    - էհեյ, կին, դուք մոռացաք ձեր փուշը:

    Ոչ բուժելի հիվանդությունը միջակ հուսահատությամբ մոտեցավ: Դեղերը, որոնք կաթեցրել էին բիբերս լայնացնելու համար, ինձ ստիպեցին սկսել բավարարվել երկնքով, թեև իմ մեջ եղած ամենադժվարը դա էր, երբ այլևս-ն ու արդեն-ը իբրև գարշելի բշտիկներ, ես կուլ էի տալիս՝ արտաքին աշխարհում այլևս չհանդիպելու հույսով: Այսպիսով իմ մեջ սպանվեց սերը:
   Ահա տիկին Մ-ն երկու հատ է երևում աչքիս, մեկը ձախում, մյուսը աջում:
    Անջնջելի հիշողությունների տեր տիեզերքը զգացնել էր տալիս իրեն, և միայն աղոթքն ավարտելուց հետո էի ես հասկանում, թե իրականում ում էր պատկանում զորությունն ու փառքը, և որ հավիտայնս հավիտենից էր ամեն: Ամենը: Տեր ողորմյա, տեր ողորմյա, տեր ողորմյա, ինձ անտանելի է: Տեր ողորմյա, տեր ողորմյա, տեր ողորմյա, ես քո ամենագիժ քույրիկն եմ, հիշում ես, չես մոռացել, չէ՞, չես մոռացել, չէ՞:
    Տեր ողորմյա, տեր ողորմյա, տեր ողորմյա, խնկի հոտն անցավ, ու ես հասկացա, որ տիկին մ-ի ատամները թափվել են: Տեսնես՝ ինչի իր թևնոցի քարերը չի շարում դրանց փոխարեն. չէ՞ որ դրանք այնքան գեղեցիկ են:

    Կրակից հալվեցին տղամարդկանց ակնոցները: Ապակիների արյունը ծորաց ներս: Անդադար թվացող դող էր, կուլ չգնացող ցավ: Ոտքով հրելով քեզ դուրս նետցին, եկան լսելու`ինչ ես երգում:
    1,1,1
    Այո, սա ես չեմ, բայց դուք չեք սխալվում:

    Ինձ շարունակ երևում են պայթող երակների անոթները, երբ թևանցուկ բժշկին՝ ձեռքով փակել եմ փորձում կապտուկն ու ձևացնելով հեռանում: Ինձ չմոտեցող ծնողների հեռավորությունն է երևում, երբ կանգնում եմ այնտեղ, որտեղից գնդակով հարվածում են ձախ ու աջ, այնտեղ, որտեղ ինձ ասում են` արժանի ես… դա շարունակ այն վայրն է, որտեղից ջահն ընկնում է ներքև, և ես տեսնում եմ նրան: Հասկանո՞ւմ ես, թող մեռելները թաղեն իրենց մեռելներին, որովհետև ի վերջո այս լռությունը ծովերի բացակայությունն է, երբ ամպերը փշուր-փշուր են լինում ու պսպղալով տարածվում են տանիքիենրի վրա, որոնցից հավանաբար ծուխ կբարձրանա, և որովհետև նա, ով շարունակում է ընթանալ առաջ, բացատների մեջ խեղդում է վիշտ ու վիշտ, իսկ այս օտարումներն էլ լոկ այլայլված հրավառություններ են, որ թունավոր ու դժգույն են բոլոր չափսերից դուրս ձևի, սրտի այս ձևի համար: Դրանք անթափանցիկ ժամի անուրախ պոռթկումենր են, որ չեն կարողանալու վերահսկվել հիմա, հասկանում ես, ի վերջո գաղտնիք չէ, որ ես արտասվում եմ շարունակ վերադառնալով չհաղթած, վերջապես ես չափազանց շատ եմ կորցնում ընդամենը հաղթված լինելու համար: Հականո՞ւմ ես, հասկանո՞ւմ ես, այդ միայն ես եմ, որ սարսափելի վախենում եմ սփոփվելուց ու ամենակարևորի մեջ եղած բառերից, որոնց չարտասանելու քաղցից հաճախ անլույս արևներ են թվում կոպերում եղած այս բաները:
    Ինձ շարունակ թռչող ինքնաթիռի հետագիծն է երևում, երբ մատով ջնջել եմ փորձում ու ինչ-որ ապուշ զգացողությամբ լպստում փրփուրը…
    Մինչ քեզ համար հեշտ է համոզել` չկախել աչքերը, որովհետև դրանց եզրերը սալահատակի անկյունները չեն, ասել, որ բոլոր ծաղիկները չէ, որ զամբյուղի մեջ են տեղավորվելու, նորից  համոզել հասկանալ մարդկանց, որովետև ուշաթափվելը ելք չէ, չգիտեմ, մի՞թե դու հասկանում ես, որ իմ տխրությունը սովորական օր ունենալու վերջաբան չի եղել երբեք, իսկ այսօրն ուրիշ չէ ամենևին, ու ինչ-որ բան ցավում է այ այստեղ…

    Հ.Գ.
    Մերրի Մկրտչյան
    Ես ինձ զգացմունքների ապրվածության տիրակալ եմ համարել, թեև չեմ հիշում, որ մեծամտացած լիենեմ դրանից: Խնդիրն այն է, որ ես մեռնում եմ ինչպես բոլորը`չապրելով ինչպես նրանք: 

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: