Ղեյսար Ամինփուր

Բանաստեղծություններ

gheysar-aminpour  8ԼԱՐԱԽԱՂԱՑ

Հենվել եմ քամուն
Հասարակածային ձեռնափայտովս
Կանգնել եմ
Երկնքի պարանին
Հանկարծ մի զույգ անդունդի եզրին
Հանկարծակի ձայնից
Հանկարծակի լռությունից
Իմ ոտքի տակ
Բաց է մնացել
Գահավիժման անդունդի բերանը
Ստիպված
Լռության ձայնով
Հավերժ
Քայլում եմ
Զույգ անդունդների քավարանի վրայով
Իմ ճակատագիրը երգելն է


ՄԻ ՏԱՌ ՔՈ ԱՆՈՒՆԻՑ

Հանկարծ տեսա, որ գլուխս բոցավառվեց,
Ես այրվեցի, ու մոխիրս բոցավառվեց:
Աչք բացեցի, լռությունս ջուր դարձավ,
Աչք փակեցի, անկողինս բոցավառվեց:
Դուռ թակեցի, այս վանդակը ոչ ոք չբացեց,
Թևածեցի, թև ու փետուր բոցավառվեց:
Ձմռան քունը թռավ իմ գլխից,
Ջուրը թաց աչքիս մեջ բոցավառվեց:
Մի տառ քո անունից եկավ լեզվիս,
Ձեռքերս ու տետրս բոցավառվեցին:
 

ՆԱԽԱԳԻԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հողին ընկած նահատակվողը
Մատը սեփական արյան մեջ թաթախելով
Մի քանի բառ գրեց քարին
«Իսկական հաղթանակի հույսով
Ոչ թե պատերազմում
Այլ պատերազմին»
 

ՆԱԽԱԳԻԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հողին ընկած նահատակվողը
Խորհում էր
«Եթե սա է հաղթանակը
Որ թշնամին պարտվեց
Ինչո՞ւ դեռևս կա թշնամություն»
 

ՆԱԽԱԳԻԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Երեխան
Իր կատուների հետ խաղում է տան բակում
Մայրը կարի մեքենայի կողքին
Խաղաղ խորասուզված ասեղ է թելում
Տան մեջ տարածվել է
Նոր թեյի գոլորշու բույրը
Դռան թակոց
«Գուցե հայրիկն է»
 

ԿԱՆՉ

Ինձ
Կանչել էին
Ծննդյան տոնի
Ինչու
Հայտնվեցի
Հոգեհանգստի արարողությանը
 

ԳՅՈՒՂԻ ԱՐԵՎԸ

Իմ բանաստեղծություններում
Արևը
Ճառագում է խնայողության դիրքից
Ստվարաթղթե դեղին արևները
Եվ արճճե երկինքը
սառը քամիների հետ
Ընթանում են իմ բանաստեղծություններում
Թեև
Խամրած այս էջերը
Այս ծանր արճճե տառերով
Ճամփորդում են քամու թևերին
Սակայն
Իմ բանաստեղծությունների արևներն այստեղ
Արև չեն
Այստեղ
Քամին տանում է իմ բանաստեղծության արևներին
Սա փոքր ցավ չէ
Մեր գյուղում
Մարդիկ
Հուզմունքով չեն կարդում իմ բանաստեղծությունները
Ասես իմ բանաստեղծության լեզուն այլևս
Չգիտեն այս պարզ բարեպաշտները
Եվ իմ բանաստեղծության խամրած թերթերը
Բանաստեղծություն որ ցորենը չի փառաբանում
Չեն գնում մի գարու գնով
Ինձնից անցավ
Սակայն սիրտս դեռևս
Իր տեղական բարբառով է խոսում
Մարդկանց տեղական բարբառով
Ծաղկի ու ցորենի պերճախոս բարբառով
Ցորենը
Գյուղի արևն է
Երբ քամին ալիքվում է
Ցորենարտի ոսկյա վարսերում
Այնտեղ են իմ բանաստեղծության արևները
 

ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՀՆՉԵՐԱՆԳ

- Սակայն ինչու են
Քո բանաստեղծությունների մեղեդիները գորշ
Ու երանգը
Դառը
- Երբ գառը
Լուռ ու գլխիկոր
Իր ոտքով մոտենում է
Անխուսափելի ճակատագրի զոհարանին
Ինչ հնչերանգ ունեն
Զանգուլակները
 

ԿԱՅԱՐԱՆԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Գնացքը մեկնում է
Դու մեկնում ես
Ամբողջ կայարանն է մեկնում
Եվ ես որքան միամիտ եմ
Որ երկար տարիներ
Քեզ սպասելով
Կանգնել եմ
Այս մեկնած գնացքի կողքին
Եվ դեռևս
Հենված մնացել եմ
Այս մեկնած կայարանի
Բազրիքին
                             Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: