Ջորջ Օրուել

Գրախանութային հուշեր

    Երբ աշխատում էի բուկինիստական գրախանութում (երբ չես աշխատում այնտեղ, կողքից այն թվում է դրախտի պես մի բան, որտեղ հմայիչ ծեր տղամարդը մշտապես հին կաշեկազմ գրքեր է թերթում), ինձ հիմնականում ապշեցնում էր իրական գրասերների հազվադեպությունը: Մեր գրախանութը բացառապես հետաքրքիր տեսականի ուներ, մինչդեռ կասկածում եմ, որ այցելուների տասը տոկոսը լավ գիրքը վատից տարբերել կարողանար: Գրքերի առաջին հրատարակությունների ետևից եկած ձևամոլներն ավելի շատ էին, քան գրականության սիրահարները, շատ էին արևելյան ուսանողները, որ սակարկում էին էժան դասագրքերը, իսկ ամենաշատը հաճախում էին անորոշ հայացքների տեր կանայք, որ ծննդյան նվերներ էին փնտրում իրենց զարմիկների համար:

    Մեր հաճախորդների մեծ մասն այնպիսի մարդիկ էին, որ այլ տեղերում համարվում էին ձանձրալի, սակայն գրախանութում նրանք ունեին հատուկ հնարավորություններ: Օրինակ` հաճելի տիկինը, որին գիրք է հարկավոր հաշմանդամի համար (ի դեպ, շատ տարածված պահանջարկ) կամ մեկ այլ հաճելի տիկին, որը 1897 թվականին այնպիսի մի հիանալի գիրք է կարդացել, և ցանկանում է իմանալ` արդյոք կարող ենք նրա համար գտնել այդ գիրքը: Դժբախտաբար նա չի հիշում ո՛չ վերնագիրը, ո՛չ հեղինակի անունը կամ թե ինչի մասին էր այդ գիրքը, միայն հիշում է, որ գիրքը կարմիր կազմ ուներ: Նշվածից բացի կա զահլա տանող մարդկանց երկու հայտնի տեսակ, որոնք այցելում են ցանկացած բուկինիստական գրախանութ: Մեկը` զառամյալ ծերուկ, որը բուրում էր հնացած պաքսիմատով, ամեն օր գալիս է, երբեմն օրվա մեջ մի քանի անգամ, և փորձում քեզ վաճառել անպետք գրքեր: Մյուսը պատվիրում է մեծ քանակությամբ գրքեր, որոնց վճարելու համար ոչ մի մտադրություն չունի: Մեր խանութում ոչինչ չէինք վաճառում ապառիկով, բայց գրքերը մի կողմի վրա էինք դնում կամ անհրաժեշտության դեպքում պատվիրում այն մարդկանց համար, որոնք պարտավորվում էին վերադարձնել դրանք: Սակայն գրքեր պատվիրած մարդկանց հազիվ կեսն էր հետ գալիս դրանց ետևից: Սկզբում դա ինձ շփոթեցնում էր: Ի՞նչն էր նրանց ստիպում այդպես վարվել: Նրանք գալիս էին, պատվիրում էին որոշ հազվագյուտ և թանկ գրքեր, ստիպում էին խոստանալ կրկին ու կրկին, որ կպահենք դրանք իրենց համար: Իսկ հետո անհետանում էին` երբեք չվերադառնալու մտադրությամբ: Նրանցից շատերը, իհարկե, ակնհայտ պարանոիկներ էին: Նրանք սեթևեթանքով էին խոսում իրենց մասին և պատմում ամենահնարամիտ պատմություններ` բացատրելու, թե ինչպես մնացին դրսում առանց փողի: Պատմություններ, որոնց մեծ մասամբ, համոզված եմ, իրենք էլ էին հավատում: Լոնդոնի նման քաղաքում մեծ թվով չհավատարմագրված խելագարներ են միշտ լինում, որոնք թափառում են փողոցում և սևեռված գնում են դեպի գրախանութները, որովհետև գրախանութը այն քիչ վայրերից է, որտեղ երկար ժամանակ կարող ես պարապ-սարապ թրև գալ առանց գումար ծախսելու: Ի վերջո սկսում ես այս մարդկանց ճանաչել առաջին իսկ հայացքից: Իրենց երկար զրույցում ինչ-որ ցեցոտած և աննպատակ մի բան կար: Շատ հաճախ, երբ ակնհայտ խելագար մեկի հետ էինք գործ ունենում, գրքերը, որոնք նա հարցնում էր, մի կողմ էինք դնում, իսկ երբ հեռանում էր, տեղավորում էինք դարակներում իրենց տեղը: Նկատել եմ` նրանցից ոչ մեկը չի փորձել տանել գրքերը առանց վճարելու դրանց համար: Միայն պատվիրելը բավական էր, որպեսզի իրենց վճարունակ երևակայեին: 

    Ինչպես բուկինիստական գրախանութների մեծ մասը, մենք նույնպես զանազան կողմնակի զբաղմունքներ ունեինք: Օգտագործված գրամեքենաներ էինք վաճառում կամ, օրինակ, դրոշմանիշեր, նկատի ունեմ` օգտագործված դրոշմանիշեր: Դրոշմանիշերի կոլեկցիոներները տարօրինակ էին, ամեն տարիքի լուռ, միայն արական սեռի ներկայացուցիչներ. ըստ երևույթին, կանանց չէր հաջողվում հատուկ հմայք գտնել ալբոմներում սոսնձված գունավոր թղթերի կտորների մեջ: Նաև վեցպեննիանոց հորոսկոպներ էինք վաճառում, որ կազմել էր ինչ-որ մեկը, ով պնդում էր, թե իրեն հաջողվել է կանխագուշակել Ճապոնիայի երկրաշարժը: Դրանք կնքված ծրարների մեջ էին լինում, և ինքս երբեք չէի բացում դրանք, բայց գնորդները հաճախ  էին ետ գալիս ու պատմում, թե որքան ճիշտ է իրենց հորոսկոպը եղել: (Անկասկած, ցանկացած հորոսկոպ «ճիշտ» է թվում, երբ քեզ պատմում է, թե որքան գրավիչ ես հակառակ սեռի համար, իսկ մեծագույն սխալդ առատաձեռնությունն է): Մանկական գրքերի վրա լավ բիզնես էինք անում, հատկապես հնացած գրքերի վրա: Ժամանակակից մանկական գրականությունը ահավոր բան է, հատկապես, երբ դրանք զանգվածների մեջ ես տեսնում: Անձամբ ես երեխային կտայի Պետրոնիոս Արբիտրա, քան Պիտեր Պեն, բայց անգամ Բարրին տղամարդկային է թվում և օգտակար իր հետագա ընդօրինակողների համեմատ: Ծննդյան տոներին տասը տենդային օրեր էինք ունենում` ջանք թափելով սուրբծննդյան բացիկների և օրացույցների վրա, որը, ճիշտ է, ձանձրալի գործ էր, բայց շատ եկամտաբեր էր տվյալ սեզոնի համար: Ինձ համար սա առիթ էր ծանոթանալու կոպիտ ցինիզմին, որով շահագործվում էին քրիստոնեական զգացմունքները: Սուրբ Ծննդյան բացիկներ արտադրող ընկերությունները մեզ դեռ հունիսին էին ուղարկում իրենց կատալոգները: Իմ հիշողության մեջ դեռ մեխված է նրանց ապրանքագիրներից մեկում արված մի արտահայտություն. «Երկու դյուժին մանուկ Հիսուս ճագարների հետ»:

headingeast.usedbookstore    Բայց մեր հիմնական գործը գրականություն տրամադրելն էր. սովորական գրախանութ` ոչ մի կոպեկ կանխավճար, հինգ կամ վեց հարյուր հատորյակներից բաղկացած բացառապես գեղարվեստական գրականություն: Գրքի գողերը պետք է որ սիրեին նման գրախանութները: Աշխարհում ամենահեշտ հանցանքը մի գրախանութից էժան գնով գիրք «գողանալն» է, պիտակը ջնջելը և հետո այն մեկ այլ խանութում շիլլինգով վաճառելը: Այնուամենայնիվ, գրավաճառները ճիշտ համարեցին, որ իրենց վրա էժան կնստի քիչ քանակությամբ գիրք ունենալը (ամսվա ընթացքում մոտավորապես մեկ դյուժին գողանում էին մեր մոտից), քան կանխավճար պահանջելով հաճախորդներին վախեցնելը:

    Մեր գրախանութը տեղակայված էր ճիշտ Հեմսթեդ և Քեմդեն Թաունի սահմանին, և բոլոր խավերը հաճախակի այցելում էին մեզ` բարոնետներից մինչ ավտոբուսի վարորդներ: Մեր գրախանութի ընթերցողները հավանաբար Լոնդոնի ընթերցասեր հասարակության արդար հատվածն էին: Այդ իսկ պատճառով հարկ չէինք էլ համարում պարզել` մեր գրադարանում առկա հեղինակներից ով է ամենապահանջվածը` Փրիսթլի՞ն, Հեմինգուե՞յը, Ուոլփո՞լը, Վուդհաո՞ւսը: Ոչ, Էտել Մ. Դելլը առաջին տեղում, Ուորվիկ Դիփինգը լավագույն երկրորդ տեղում, իսկ Ջեֆրի Ֆարնոլը` երրորդ տեղում: Դելլի սիրավեպերը, անշուշտ, բացառապես կանայք էին կարդում, բոլոր տեսակի ու տարիքի կանայք, ոչ թե, ինչպես կարելի է ակընկալել, միայն տառապյալ, խոհեմ, պառաված օրիորդներն ու ծխախոտավաճառների գեր կանայք: Ճիշտ չէ, որ տղամարդիկ ընդհանրապես սիրավեպեր չեն կարդում, բայց ճիշտ է այն, որ գեղարվեստական արձակի ճյուղեր կան, որոնցից խուսափում են: Կոպիտ ասած, այսպես կոչված միջին վեպը, այսինքն` սովորական, լավ-վատ, Գոլսուորդիով ողողված, որը անգլիական վեպի նորման է, թվում է` գոյություն ունի միայն կանանց համար: Տղամարդիկ կարդում են կամ հարգանքի արժանի վեպեր կամ դետեկտիվներ: Բայց նրանց վատնումը դետեկտիվների վրա ահավոր է: Մեր ընթերցողներից մեկը, իմ իմանալով, մեկ տարվա ընթացքում չորս-հինգ դետեկտիվ պատմվածք է կարդում, չհաշված մյուսները, որոնք նա վերցրել է այլ գրադարանից: Ինչն ինձ մեծ մասամբ զարմացնում էր, այն էր, որ նա երբեք չէր կարդում նույն գիրքը երկրորդ անգամ: Ըստ երևույթին, այդ ամբողջ աղբի սարսափելի հեղեղը (տարվա ընթացքում կարդացած էջերը կարող էին կազմել ակրի համարյա երեք քառորդ մաս) նա ընդմիշտ պահում էր իր հիշողության մեջ: Չծանոթանալով վերնագրերին կամ հեղինակների անուններին` միայն մեկ հայացք գցելով գրքի վրա, որոշում էր` կարդացել է այն, թե ոչ:

    Գրադարանում ճանաչում ես մարդկանց իրական ճաշակը, ոչ թե նրանց հավակնությունները, ու քեզ ցնցում է այն փաստը, թե ինչպես են անգլիական դասական արձակագիրները նախընտրելիների ցանկից ամբողջովին դուրս մղվել: Պարզապես անօգուտ է սովորական գրադարանում տեղավորել Դիկենսին, Թեկերեյին, Ջեյն Օսթենին, Տրոլլոպին և մյուսներին. ոչ ոք նրանց չի վերցնի: Դեռ չբացած 19-րդ դարի վեպ` մարդիկ ասում են. «Օհ, բայց սա հին է», և անմիջապես մի կողմ են նետում այն: Մինչդեռ միանգամայն հեշտ է Դիկկենս վաճառելը, ինչպես հեշտ է Շեքսպիր վաճառելը: Դիկկենսն այն հեղինակներից է, ում մարդիկ միշտ «պատրաստվում» են կարդալ, և, ինչպես Աստվածաշունչը, նրա մասին գիտեն ուրիշից լսելով: Այդպես լսել էին, որ Բիլլ Սայկը կողոպտիչ գող է, և որ Պրն. Միկոուբերն էլ` ճաղատ, ճիշտ նույն ձևով էլ գիտեին, որ Մովսեսը եղեգնյա զամբյուղի մեջ է գտնվել և Աստծուն մեջքանց է տեսել: Մեկ այլ բան, որը շատ նկատելի էր, ամերիկյան գրքերի ժողովրդականության նվազումն էր: Եվ ևս մի բան, որ հրատարակիչների մոտ ամեն երկու-երեք տարին մեկ նյարդային լարվածության մեջ էր գցում, պատմվածքների հեղինակության անկումն էր: Մարդիկ երբ գրադարանավարից հարցնում են, թե ինչ գիրք ընտրեն իրենց համար, գրեթե միշտ սկսում են այսպես. «Պատմվածքներ չեմ ուզում», կամ, ինչպես մեր մշտական գերմանացի հաճախորդն էր ասում. «Փոքրիկ պատմվածքների հավես չունեմ»: Եթե նրանց հարցնեք, թե ինչու, երբեմն կբացատրեն, որ շատ հոգնեցուցիչ է ամեն պատմվածքում ամեն անգամ նոր կերպարների հետ ծանոթանալը: Նրանք ցանկանում են «վեպի մեջ մտնել», ինչը չի ստիպում երկար մտածել առաջին գլուխը կարդալուց հետո: Հավատում եմ, թեպետ, որ գրողներն այստեղ ավելի մեղավոր են, քան ընթերցողները: Ժամանակակից պատմվածքների մեծ մասը, անգլիական և ամերիկյան, ծայրաստիճան անշունչ և անարժեք են, քան վեպերի մեծ մասը: Իսկական լավ պատմվածքները բավականին հայտնի են. Լոուրենսի պատմվածքները, օրինակ, նույնքան հայտնի են, որքան իր վեպերը:

    Կցանկանայի՞ արդյոք վարպետ գրավաճառ դառնալ: Ընդհանուր առմամբ, չհաշված տնօրենիս հանդեպ ունեցած հարգանքն ու խանութում անկացրած հրաշալի օրերը, ոչ:

    Բավարար և խելամիտ կապիտալ ունենալու դեպքում ցանկացած գրագետ մեկը կարող է բարեկեցիկ ապրել առանց գրախանութային աշխատանքի: Այնտեղ գնում են հազվագյուտ գրքերի համար. դժվար չէ այդ գործը սովորելը, իսկ երբ ինչ-որ բան էլ գիտես գրքերի «ներսի» մասին, ապա դա մեծ առավելություն է արդեն: (Գրավաճառների մեծ մասը գրքերից գլուխ չեն հանում: ԴԱ հեշտ է հասկանալ` տեսնելով նրանց պատվերները: Եթե այնտեղ չտեսնեք Բոսուելի «Անկումն ու կործանումը», ապա համոզված եղեք, որ կտեսնեք Թ.Ս. Էլիոթի «Ջրաղացը Ֆլոսսի վրա»): Այն նաև մարդասիրական աշխատանք է, որը որոշակի աստիճանից այն կողմ գռեհկանալու ենթակա չէ: Կապիտալիստական խոշոր միավորումները երբեք չեն կարող ճզմել փոքր անկախ գրավաճառի, ինչպես նպարավաճառին և կաթնավաճառին են ճզմել: Բայց աշխատանքային ժամերը շատ երկար են այնտեղ, ես կես դրույքով էի աշխատում, իսկ գործատուս շաբաթվա մեջ` 70 ժամ, չհաշված մշտական ցուցահանդեսները, որտեղ գնում էր գիրք գնելու համար. անառողջ մի աշխատանք: Որպես կանոն, ձմռանը գրախանութում սարսափելի ցուրտ է, որովհետև, եթե շատ տաք է լինում պատուհանները մշուշապատվում են, իսկ գրավաճառն ապրում է իր պատուհաններով: Գրքերը ավելի շատ են զզվելի փոշի տարածում, քան մեկ այլ երբևէ չհայտնագործած առարկա, իսկ գրքի վերին մասն էլ այն վայրն է, որտեղ ամեն մի տերեփուկ նախընտրում է սատկել:

     Բայց ամենագլխավոր պատճառը, որ չէի ցանկանա գրավաճառությամբ զբաղվել, որովհետև հենց այդ ընթացքում, երբ դրա մեջ էի, կորցրի սերը գրքերի նկատմամբ: Գրավաճառը պարտավոր է ստեր դուրս տալ գրքերի մասին, ինչը տհաճություն է պատճառում, իսկ ամենավատը` երբ փոշին ես մաքրում` տեղից տեղ դրանք փոխադրելով: Մի ժամանակ ես իսկապես սիրում էի գրքեր, սիրում էի նրանց արտաքին տեսքը, հոտը, հպումը, հատկապես երբ դրանք ամենաքիչը 50 և ավելի տարվա հնություն ունեին: Ոչինչ ինձ այդքան մեծ ուրախություն չէր պարգևում, ինչպես քաղաքային աճուրդում մեկ շիլլինգով մի քանի գիրք գնելը: Մի հատուկ գրավչություն կա այդ մաշված, անսպասելի գրքերի մեջ, որոնք նման հավաքածուներից գտնում ես. 18-րդ դարի թախծոտ պոետներ, ժամկետանց թերթեր, մոռացված վեպերի ավելորդ հատորյակներ, 60-ականների` կանացի ամսագրերի համարների հավաքածուներ: Պատահական ընթերցանության համար - ասենք, լոգարանում կամ ուշ գիշերին, երբ չափից շատ հոգնածությունից չես կարողանում քնել, կամ լանչից պատահականորեն քառորդ ժամ առաջ - «Աղջիկների սեփական թերթ»-ի հին համարներից ավելի թեթև տարբերակ չկա: Ինչ սկսեցի աշխատել գրախանութում, դադարեցի գիրք գնել: Հանրության մեջ անընդհատ տեսնելով` հինգ կամ տաս հազարով` գրքերը դարձան ձանձրալի և նույնիսկ սկսեցին փոքր-ինչ զզվանք առաջացնել: Այժմ ես գիրք գնում եմ հազվադեմ, մեկ հատով, բայց միայն այն գիրքը, որը ցանկանում եմ կարդալ և չեմ կարող վերցնել ինչ-որ մեկից և երբեք չեմ գնում հնոտիք: Նեխած թղթի քաղցր հոտը ինձ երկար չհրապուրեց: Իմ ուղեղում այն սերտորեն կապվեց խելագար հաճախորդների և սատկած տերեփուկների հետ:
                                                                   Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: