ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ. «ԻՆՉՈՒ ԵՄ ԳՐՈՒՄ»

    Դեռ վաղ տարիքից` երևի հինգ կամ վեց տարեկանից, արդեն գիտեի, որ երբ մեծանամ, գրող եմ դառնալու: Տասնյոթից քսանչորս տարեկանն ընկած հատվածում փորձեցի ետ կանգնել այդ մտքից, բայց գիտակցում էի, որ հրաժարվում եմ իմ իսկական կոչումից և որ վաղ թե ուշ մի օր նստելու եմ ու գիրք գրեմ:
    Ես ընտանիքում երեք երեխաներից միջնեկն էի:  Մեր միջև  հինգ տարվա տարբերություն կար, և մինչև ութ տարեկանը ես շատ հազվադեպ էի տեսնում հորս: Այս և մյուս պատճառներով ինչ-որ տեղ ինձ միայնակ էի զգում և շուտով ոչ հաճելի վարքագիծ ձեռք բերեցի, որը հակակրանք էր առաջացնում ընկերներիս շրջանում դպրոցական տարիներին: Միայնակ երեխաներին հատուկ պատմություններ հորինելու և երևակայական կերպարների հետ զրուցելու սովորություն ունեի, և կարծում եմ, իմ գրական նկրտումները ամենասկզբից էլ լի են եղել մեկուսացած և թերագնահատված լինելու զգացումներով: Գիտեի, որ խոսքի շնորհք ունեմ ու տհաճ փաստերին առերեսվելու ուժ, և զգում էի, որ այն մի տեսակ առանձին աշխարհ է ստեղծել, որտեղ ես կարող էի վերադարձնել ինքս ինձ այն, ինչ կորցնում էի առօրյա կյանքում: Այնուամենայնիվ, մանկության ու պատանեկության ողջ ընթացքում գրված լուրջ ստեղծագործություններիս (նկատի ունեմ լրջորեն գրված գործերը) ընդհանուր ծավալը մեկ տասնյակ էջ էլ չէր կազմում: Իմ առաջին բանաստեղծությունը գրել եմ հինգ կամ վեց տարեկանում. մայրս այն գրեց իմ թելադրանքով: Ես ոչինչ չեմ հիշում այդ բանաստեղծությունից, միայն հիշում եմ, որ այն վագրի մասին էր, և այդ վագրը աթոռի նման ատամներ ուներ (բավական լավ համեմատություն): Կարծում եմ, որ   այն Բլեյքի «Վագր, Վագր» բանաստեղծության ազդեցությամբ էր գրված: Տասնմեկ տարեկանում, երբ 1914-1918 թվականների պատերազմը սկսվեց, գրեցի հայրենասիրական բանաստեղծություն, որը տպագրվեց տեղական ամսագրում, իսկ Քիթչեների մահվան մասին բանաստեղծությունը տպագրվեց երկու տարի անց: Մի քիչ ավելի մեծ տարիքում ժամանակ առ ժամանակ գրում էի  վատ և սովորաբար անավարտ բանաստեղծություններ բնության մասին գեորգիականոճով: Փորձում էի նաև պատմվածք գրել, որը, սակայն,  ավարտվեց ձախողումով: Ահա և ամբողջը լուրջ աշխատանքերիս մասին, որոնք այդ տարիների ընթացքում հանձնեցի թղթին:
    Ինչևէ, այս ամբողջ ընթացքում ինչ-որ իմաստով ես գրական գործունեությամբ էի զբաղվում: Նախ և առաջ գրում էի հապճեպորեն, հեշտությամբ և առանց որևէ հաճույքի: Բացի դպրոցական հանձնարարություններից, շատ արագ գրում էի նաև vers d'occasion, կիսակատակերգական բանաստեղծություններ, որոնք այժմ անհասկանալի են ինձ: Տասնչորս տարեկանում մոտավորապես մեկ շաբաթում գրեցի ամբողջական հանգավոր պիես՝ ընդօրինակելով Արիստոֆանեսին, ինչպես նաև օգնում էի խմբագրել դպրոցական և՛ տպագրված, և՛ ձեռագիր ամսագրեր: Այդ ամսագրերը ամենախղճուկ անհեթեթությունների օրինակներ էին, որոնք ավելի քիչ ուշադրություն էին պահանջում, քան ամենահասարակ ամսագրերի հոդվածների վրա եմ այսօր դարձնում: Տասնհինգ կամ ավելի տարիներ շարունակ ես բոլորովին տարբեր  գրական գործունեությամբ էի զբաղվում. իմ մասին շարունակական պատումներ էի ստեղծում, օրագրի պես մի բան, որը գոյություն ուներ միայն իմ մտքում: Գիտեմ, որ սա տարածված  է երեխաների և պատանիների շրջանում: Երբ փոքր էի, ինձ միշտ Ռոբին Հուդ էի երևակայում, իսկ իմ կերպարը ցնցող մի արկածի հերոս էր, բայց շուտով իմ այդ պատմությունը դադարեց ինքնասիրահարվածություն համարվել և ավելի շատ սկսեց դառնալ իմ արածի և տեսածի նկարագրություն:  Այդ միտքը գլխումս անընդհատ պտտվում էր. «Նա հրելով բացեց դուռը և մտավ սենյակ: Արևի դեղին ճառագայթը, մուսլինե վարագույրի միջով թափանցելով,ընկավ սեղանի վրա, որտեղ թանաքամանի կողքին կիսաբաց դրված էր լուցկիների մի տուփ: Նա, աջ ձեռքը գրպանում, մոտեցավ պատուհանին: Ներքևում` փողոցում, մի կատու շուռումուռ էր տալիս չորացած մի տերև», և այլն, և այլն: Այս սովորությունը շարունակվեց մինչև իմ ոչ «գրողական» տարիները` մոտավորապես մինչև քսանհինգ տարեկան: Չնայած ստիպված էի փնտրել և փնտրում էի ճիշտ ու համապատասխան բառեր, բայց ինձ թվում էր, որ այս ջանքերը հակառակ իմ ցանկության էի գործադրում՝ մի տեսակ ներսից եկող հարկադրանքից ելնելով: Իմ օրագրային պատմությունը պետք է որ կրած լինի այն գրողների ոճերի  ազդեցությունը, որոնցով հրապուրված եմ եղել իմ կյանքի տարբեր փուլերում: Չնայած այդ ամենին՝ դրանք միշտ պահպանում էին միևնույն բծախնդիր նկարագրական տեսակը:    
    Մոտավորապես տասնվեց տարեկանում անսպասելիորեն բացահայտեցի այն բավականությունն ու հաճույքը, որոնք պարգևում են բառերը, նրանց հնչողությունն ու ներդաշնակությունը: Հատված «Կորսված դրախտ»-ից.

                                   Դժվարությամբ և ծանր աշխատանքով սատանան թռավ
                                   Հարձակվեց դժվարությամբ և ծանր աշխատանքով…
   
    Այս տողերը, որոնցից սարսռում էր ամբողջ մարմինս, իսկ արխայիկ (հին) ուղղագրությունն առանձնակի հաճույք էր պատճառում,  այժմ ինձ այդքան էլ հրաշալի չեն թվում: Ինչ վերաբերվում է իրերը և դեպքերը նկարագրելու անհրաժեշտությանը, ապա ես այդ մասին արդեն ամեն ինչ գիտեի: Մի խոսքով ինձ համար պարզ էր, թե ինչ բնույթի գրքեր էի ուզում գրել (եթե, իհարկե, այդ ժամանակ իրոք պատրաստվում էի գրել): Ցանկանում էի գրել ծավալուն իրապաշտական վեպեր՝ տխուր վերջաբանով, լի մանրամասն նկարագրություններով, հիշվող համեմատություններով: Դրա վառ օրինակն իմ առաջին ավարտուն վեպն է՝ «Բիրմանական օրեր»-ը, որը գրել եմ 30 տարեկանում, թեև այն գրելու մտահղացումն ունեցել եմ շատ վաղուց:
    Ես այս տեղեկությունը տալիս եմ, որովհետև չեմ կարծում, որ ընթերցողը կկարողանա մուտք գործել գրողի շարժառիթների մեջ առանց որևէ բան իմանալու գրողի վաղ շրջանի մասին: Նրա գործերի բովանդակությունը որոշվում է այն ժամանակաշրջանով, որում ապրում է (համենայնդեպս, այդպես ճիշտ է, եթե հաշվի առնենք մեր աղմկոտ և հեղափոխական դարը): Բայց նախքան ստեղծագործելը, գրողը ձեռք է բերում զգացմունքայնություն, որից լիովին ազատվել այլևս երբեք չի կարողանա: Անշուշտ, հենց սա է գրողի աշխատանքը` հղկել խառնվածքը և խուսափել դեռահասության ինչ-որ փուլում տեղում դոփելուց: Բայց եթե վերջնականապես ձերբազատվի իր վաղ շրջանի ազդեցություններից, ապա կոչնչացնի իր ներսի ստեղծագործելու մղումը: Մի կողմ դնելով ապրելու համար գումար վաստակելու անհրաժեշտությունը՝ ըստ իս,արձակ գրելու համար գոյություն ունի չորս մեծագույն խթան: Ամեն գրողի մոտ ստեղծագործական կյանքի տարբեր փուլերում դրանք գոյություն ունեն և ժամանակ առ ժամանակ փոփոխվում են՝ կախված այն միջավայրից, որում ապրում են: Դրանք են՝
    Բացարձակ եսասիրությունը, որ խելացի երևալու, անընդհատ ուշադրության կենտրոնում լինելու, մահվանից հետո հիշվելու և մանկության տարիներին քեզ նախատած մեծահասակներին գերազանցելու ցանկությունն է, և այլն, և այլն: Անմտություն է ձևացնել, որ սա ամենաուժեղ շարժառիթն ու մղումը չէ: Գրողներն այս առումով ընդհանրություններ ունեն գիտնականների, նկարիչների, քաղաքագետների, դատավորների, զինվորների, հաջողակ գործարարների, մի խոսքով՝ հասարակության ողջ վերնախավի հետ: Մարդկության մեծագույն մասը եսասեր չէ: Մոտավորապես երեսուն տարեկանից հետո նրանք գրեթե լիովին հրաժարվում են անհատականություն լինելու մտքից և ապրում գլխավորապես մյուսների համար կամ պարզապես շնչահեղձ են լինում ձանձրալի աշխատանքից: Բայց կա նաև օժտված և համառ մարդկանց փոքրամասնություն: Նրանք վճռական են և որոշում են մինչև վերջ ապրել իրե՛նց կյանքը, և գրողները հենց այս դասին են պատկանում: Թեև նյութականը լուրջ գրողներին քիչ է հետաքրքրում, բայց նրանք ավելի սնապարծ են ու եսակենտրոն, քան լրագրողները:
    Էսթետիկ ոգևորությունը արտաքին աշխարհի և մյուս կողմից բառերի գեղեցկության ճիշտ ընկալումն է: Այն մի հնչյունի՝ մյուսի վրա ունեցած ազդեցությունից, լավ գրված արձակից կամ հիանալի պատմվածքի ռիթմից հաճույք ստանալու կարողությունն է: Ցանկություն փորձի փոխանակման, որն արժեքավոր ես համարում և ըստ քեզ,այն չպիտի կորչի: Էսթետիկ շարժառիթը շատ գրողների մոտ թույլ է, բայց նույնիսկ պամֆլետիստը կամ դասագրքեր գրողն ունի սիրելի բառեր և արտահայտություններ, որոնք  հրապուրում են նրան առանց որևէ օգտակարության պատճառի: Գրողը կարող է նաև առանձնակի վերաբերմունք ունենալ գրատպությանը՝ լուսանցքների լայնությունը և այլն: Այն գրքերը, որոնք երկաթուղային ուղեցույցի մակարդակից բարձր են, արդեն իսկ զերծ չեն գեղագիտական նկատառումներից:
    Պատմական խթան: Ցանկություն տեսնելու իրերն այնպիսին, ինչպիսին կան, գտնել իրական փաստեր և պահպանել դրանք մյուս սերունդների համար:
    Քաղաքական նպատակ:  «Քաղաքական» բառը գործածում ենք բառի ամենալայն իմաստով: Ցանկություն աշխարհը մղելու որոշակի ուղղությամբ, փոխելու մարդկանց վերաբերմունքն այն հասարակության հանդեպ, որին պետք է  ձգտեն: Ոչ մի գիրք իրապես զերծ չէ քաղաքական ազդեցությունից: Այն, որ արվեստը ոչ մի կապ չունի և չպետք է ունենա քաղաքականության հետ, արդեն իսկ քաղաքական դիրքորոշում  է:
    Կարելի է նկատել, թե ինչպես են այս տարբեր խթանները պայքարում մեկը մյուսի հետ և ինչպես  են ժամանակ առ ժամանակ փոխանցվում մի անհատից մյուսին: Ի բնե ես այնպիսի անհատականություն եմ, որի մոտ առաջին երեք խթանները գերակշռում են: Խաղաղ ժամանակ ես կարող էի գրել վերամբարձ ոճով և ուղղակի նկարագրական գրքեր, և կարող էի գրեթե անտեղյակ մնալ իմ քաղաքական կողմնորոշումից: Ստացվեց այնպես, որ ստիպված էի դառնալ պամֆլետիստ: Սկզբում հինգ տարի շարունակ զբաղվում էի ոչ համապատասխան գործով. աշխատում էի Բուրմայի հնդկական կայսերական ոստիկանությունում, որին հաջորդեցին աղքատությունն ու ձախողումը: Սա մեծացրեց իշխանության հանդեպ իմ  ատելությունը և ստիպեց առաջին անգամ  մտածել աշխատավոր խավի գոյության մասին:         Բուրմայում աշխատանքն ինձ որոշ չափով հնարավորություն տվեց հասկանալու իմպերիալիզմի էությունը, սակայն այդ փորձառությունները բավարար չէին ճշգրիտ քաղաքական կողմնորոշում ունենալու համար: Հետո եկավ Հիտլերը, այնուհետև՝ Իսպանական քաղաքացիական պատերազմը և այլն: Մինչև 1935 թվականը դեռևս չէի կարողանում  հստակ որոշում կայացնել: Հիշում եմ՝ այդ տարի գրեցի մի փոքրիկ բանաստեղծություն, որն արտահայտում էր իմ դժվարին կացությունը: Իսպանական պատերազմից և 1936-37 թվականների այլ իրադարձություններից հետո հասկացա, թե որտեղ է իմ տեղը:
    1936 թ-ից հետո գրված լուրջ ստեղծագործություններիս ամեն մի տողը ուղղակիորեն կամ անուղղակիորեն դեմ էր տոտալիտարիզմին և կողմ` դեմոկրատական սոցիալիզմին: Անմտություն էր կարծել, որ նման օրերում  որևէ մեկը կարող էր խուսափել այդ թեմաների մասին գրելուց: Բոլորն էլ ինչ-որ դիմակի տակ թաքնված գրում էին տեղի ունեցող իրադարձությունների մասին: Հարցն այն է, թե ինչ ուղղություն ես ընդունում և որ մոտեցմանն ես հետևում: Որքան շատ ես գիտակցում քո քաղաքական կողմնակալությունը, այնքան մեծ է լինում հնարավորությունը գործելու քաղաքական միջոցներով առանց զոհաբերելու գեղագիտական մտածողությունը:
    Վերջին տասը տարիների ընթացքում միակ ցանկությունս քաղաքական գրականությունը արվեստի վերածելն էր: Իմ ելակետը միշտ համագործակցության զգացումը, անարդարության զգացողությունն է: Երբ նստում եմ գիրք գրելու, չեմ մտածում արվեստի գործ ստեղծելու մասին: Գրում եմ, որովհետև բաներ կան, որոնք ուզում եմ հանել ջրի երես և մարդկանց ուշադրությունը սևեռել դրանց վրա: Իմ գլխավոր մտահոգությունը խոսքս լսելի դարձնելն է: Բայց ես չէի կարող գիրք գրել և անգամ ամսագրի ծավալուն հոդված, եթե դրանք միաժամանակ չլինեին գեղագիտական վերապրումներ: Ցանկացած մեկը, ով կփորձի վերլուծել իմ ստեղծագործությունները, կնկատի, որ ակնհայտ քաղաքական քարոզչությունն այնքան շատ է, որ նույնիսկ քաղաքագետն այն կհամարի անտեղի: Ես չեմ կարող և չեմ էլ ուզում լիովին ազատվել այն աշխարհայացքից, որը ձեռք եմ բերել մանկությունից: Քանի դեռ ողջ ու առողջ եմ, չեմ դադարի լրջորեն մտածել արձակի մասին, սիրել Երկիրը, ուրախանալ նյութական իրերով և անպետք տեղեկություններով: Իմաստ չունի, որ փորձեմ այդ ամենը իմ մեջ ճնշել: Իմ գործը հաշտեցնելն է իմ մեջ արմատացած համակրանքներն ու հակակրանքները հասարակական, ոչ-անհատական գործունեության հետ, որ մեր դարաշրջանը պարտադրում է մեզ բոլորիս:
    Դա հեշտ չէ: Այն խնդիրներ է առաջացնում տեքստի կառուցվածքի և լեզվի առումով, և նոր ձևով է բարձրացնում ճշմարտացիության հարցը: Թույլ տվեք ընդամենը մի օրինակ բերել, որը ցույց կտա, թե ինչ մեծ դժվարություն է առաջանում այդ դեպքում: «Մեծարանք Կատալոնիային»  իսպանական քաղաքացիական պատերազմի մասին իմ գիրքը, անշուշտ, քաղաքական է, բայց հիմնականում գրված է որոշակի անկողմնակալությամբ և ձևի հանդեպ հարգանքով: Ես ամեն կերպ փորձում էի ողջ ճշմարտությունը պատմել` չկորցնելով իմ գրական հոտառությունը: Սակայն գրքի գլուխներից մեկը լի է այնպիսի ամսագրային գրառումներով, որոնք պաշտպանում են Ֆրանկոյի դեմ դավադրության մեջ մեղադրվող տրոցկիստներին: Պարզ է, որ այն մեկ կամ երկու տարի անց կկորցներ իր հետաքրքրությունն ընթերցողի մոտ և կտապալեր ողջ գիրքը: Մի անգամ քննադատներից մեկն այդ մասին դասախոսություն կարդաց. «Ինչու եք աղբով լցրել գիրքն ու այն վերածել լրագրության»,- ասաց նա: Անշուշտ, նա ճիշտ էր, բայց ես այլ տարբերակ չունեի: Ես լավ գիտեի, որ Անգլիայում իմ ծանոթներից քչերն էին անմեղ և անհիմն մեղադրվող: Եթե դրանով վրդովված չլինեի, միգուցե, երբեք չգրեի այդ գիրքը:
    Այս կամ այն կերպ այս խնդիրն ամեն անգամ գլուխ է բարձրացնում: Լեզվի խնդիրը շատ նուրբ է և երկար քննարկումների տեղիք է տալիս: Միայն կարող եմ ասել, որ վերջին տարիներին փորձում էի ավելի քիչ պատկերավոր և ավելի շատ ճշգրիտ գրել: Կարծում եմ՝ եթե ժամանակի ընթացքում գրելու որևէ ոճում կատարելագործվում ես, ապա շարունակ հղկում ես այն: «Անասնաֆերմա»-ն առաջին գիրքս էր, որտեղ անելիքներիս լիարժեք գիտակցությամբ փորձեցի մեկտեղել քաղաքական և գեղարվեստական նպատակը: Յոթ տարի է` վեպ չեմ գրել, բայց հույս ունեմ, որ շատ շուտով կգրեմ: Այն ձախողման է մատնված. Ամեն մի գիրք ձախողում է, սակայն վստահաբար գիտեմ, թե ինչ եմ ուզում գրել:
    Այս նյութի վերջին մի քանի էջերը թերթելով` նկատեցի, որ գրականության մեջ ոգեշնչվում եմ հասարակությունից: Չէի ցանկանա, որ այն մնար որպես վերջնական տպավորություն: Բոլոր գրողներն էլ սնափառ, եսասեր ու ծույլ են. Իրենց մղումների հիմքում ինչ-որ առեղծված կա: Գիրք գրելը ծանր հիվանդության նոպայի նման սարսափելի ուժասպառ անող աշխատանք է: Ոչ ոք նման բան իր ուսերին չէր վերցնի, եթե ինչ-որ դև չարթնացներ, դև, որին հնարավոր չէ դիմադրել ու հասկանալ: Բոլորը գիտեն, որ դևը այն նույն բնազդն է, որ երեխային ստիպում է ճչալ մեծերի ուշադրությունը գրավելու համար: Միևնույն ժամանակ ճիշտ եմ համարում նաև, որ հնարավոր չէ գրել որևէ հետաքրքիր բան, եթե չփորձես անընդհատ ինքդ քեզնից ձերբազատվել: Լավ արձակը նման է պատուհանի ապակու: Չեմ կարող վստահաբար ասել, թե իմ ստեղծագործական մղումներից որն է ամենահզորը, բայց գիտեմ, թե որին պետք է հետևեմ: Հայացք գցելով իմ ստեղծագործություններին` նկատում եմ, որ բոլոր այն գործերում, որոնցում բացակայել է քաղաքական նպատակը, ծնվել են անկյանք գրքեր` լի ճոռոմ հատվածներով, անիմաստ նախադասություններով, գեղեցիկ մակդիրներով և հիմնականում բարբաջանքներով:
 1946թ.


Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը

  • Hits: 6499

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: