Արամ Պաչյան

Երեք ընթերցում

Օրհան Փամուկ. Ուրիշ գույներ
 
    Էսսեների, ակնարկների, հիշողությունների այս ժողովածուն ամփոփում է Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի կենսագրության փորձի բնանկարը: Մի քանի տարի անց գրված «Ստամբուլ. հիշողությունների քաղաք» գրքի նախակետը «Ուրիշ գույներ» ժողովածուն է, որտեղ Փամուկն առանձնացրել է իր համար նշանակալի այն բոլոր իրադարձությունները, որի հիմք-կենտրոնը պատմությունը շարադրող հեղինակն է՝ ուրիշ Օրհանը, ինչպես  «Ստամբուլում» ապրող այն փոքր տղան, ում «ուրիշը» լինելու պատրանքը տխրություն է կանխորոշում: Փամուկը գիրքը բաժանել է գլուխների. «Կյանք և հոգսեր», «Գրքեր և ընթերցանություն», «Քաղաքականություն, Եվրոպա և ինքնանույնացման այլ խնդիրներ», «Իմ գրքերը-իմ կյանքը», «Նկարներ և բնագրեր», «Ուրիշ քաղաքներ, ուրիշ քաղաքակրթություններ»:Գրքի առաջաբանում հիշատակվում է Վալտեր Բենիամինի անունը, նրա դրվագային արձակի անավարտության հմայքը, որ ընթերցումից հետո վերծանման մեծ խանդավառություն է ի հայտ բերում: «Մի օր ես նույնպես կգրեմ գիրք, որ բաղկացած կլինի դրվագներից»,- գրում է Փամուկը:
    Եթե արձակագրի վեպերում Օրհանը հայտնվում է ամենավերջում և եզրափակում պատմությունը, ապա «Ուրիշ գույներում» նա է իրադարձությունների գլխավոր հեղինակը: «Ես գրում եմ շուրջ երեսուն տարի», «Հույս ունեմ, որ վեպեր կգրեմ ևս երեսուն տարի և այդ պատրվակն օգտագործելով՝  կկարողանամ ապրել ուրիշ կյանքեր, ուրիշ մարդկանց դիմակների ներքո»:
    Անավարտ կամ ամբողջական բեկորներ մի վիպասանի հիշողությունից: Սա Փամուկի միակ գիրքն է, որտեղ նա ողջ ցանկությամբ ուզում է իրական լինել: Ինքնակենսագրությունը հնարավորություն է` վերհիշելու այն, ինչն անմիջականորեն կապված է եղել քո կյանքի հետ և անհետացել տարիների ընթացքում: Փամուկն այնպես է գրում իր նախասիրությունների ու մտորումների մասին, ասես փորձում է ինքն իրեն համոզել, որ ժամանակին եղել է, ապրել որպես քաղաքի պարզ մի բնակիչ, գործել որպես վիպասան և ընթերցանությունը, գրքերը, դրանց կազմերը փառաբանող ճգնավոր. «Երբ գրպանումդ կամ պայուսակիդ մեջ գիրք ես պահում, մշտապես ուրիշ՝ ավելի երջանիկ մի աշխարհ փախչելու հնարավորություն ես թողնում: Հատկապես, երբ տխուր ես: Երիտասարդությանս դժվարին տարիներին՝ պարապմունքների ժամանակ, երբ հորանջում էի արտասվելու աստիճան, իսկ ավելի հասուն տարիքում՝ ձանձրալի հավաքույթներին, ուր ներկա էի լինում հարկադրաբար կամ քաղաքավարությունից դրդված, լավ գիրքը մշտապես սփոփանքի աղբյուր է եղել ինձ համար»:
    Քաղաքական դիրքորոշումը, վերաբերմունքն այլ երկրների մշակույթին, հորը, աղջկան, սեփական վեպերին. մի՞թե սա նոր կերպարի փնտրտուք չէ: Նոբելյան հանձնախումբը, Փամուկին մրցանակ շնորհելով, հետևյալ ձևակերպումն է տվել. «Նրան, որն իր քաղաքի մելանխոլիկ հոգու որոնումներում հայտնագործել է մշակույթների բախման և խաչաձևման նոր խորհրդանիշներ»:
    Թախիծը Փամուկի գրականության դիմագրությունն է: «Ձյունը» վեպում Կարս քաղաքի ու նրա բնակիչների թախիծն այն գլխավոր զգացումն է, որի շուրջ կառուցվում են մարդկային փոխհարաբերությունները: Վեպում անվերջ տեղացող ձյան հիշատակումը, որ տեղ-տեղ չափազանցվում է ու սերտաճած թվում, ասես ուղղակի դիտավորություն է` ընթերցողին ստիպողաբար պահելու տխրության տիրույթում: «Ստամբուլում» գրողի սև-սպիտակ լուսանկարները, արվարձաններում բնակվող մարդկանց մենակությունը, ընտանիքի ու անձնական կյանքի մասին գրեթե բոլոր հիշողությունները տրտմության միջով են երևում:
    «Ուրիշ գույներ» գիրքը ևս ոտնակոխ հետևում է մելամաղձության շեշտադրումներին. «Ես տխրությամբ նկատեցի. Թուրքիայի եվրոպականացված միջին խավը տառապում է ու դժգոհում՝ կորցնելով հետագա իր երազանքը», «Եվրոպան միշտ երազանք է եղել, երջանիկ ապագայի, ցանկության կամ վախի մարմնացում, մոտ նպատակ կամ վտանգ: Ապագա, բայց ոչ հիշողություն: Այդ իսկ պատճառով Եվրոպայի հետ կապված իմ հիշողությունները պարզապես երազանքներ են, ինչքան որ ես եմ ունակ ընկալելու դրանք աբստրակտ ձևի մեջ: Եվրոպայի վերաբերյալ հիշողություններ չունեմ: Դրանք Ստամբուլում ապրող մի մարդու երազանքներն ու ֆանտազիաներն են»:
    Թերևս եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ չլինելու հանգամանքը Փամուկին թախծելու հերթական առիթ է ընձեռում: Եվրոպայի հետ քաղաքական երկխոսության լծակցությունն այսօր դարձել է գրողի խնդիրներից մեկը: Փամուկն աշխարհի տարբեր կետերից հնչեցնում է Թուրքիայի՝ եվրոպական ընտանիքում վերջնականապես հաստատվելու երկկողմանի անհրաժեշտության մասին: «Ուրիշ գույներ» երկի էջերում արևմտյան քաղաքակրթության առջև թերարժեքության բարդույթը գլուխ է բարձրացնում նույնիսկ, երբ Փամուկը հիշում է հորը, նրա՝ գրող լինելու թաքուն ու չստացված երազանքը, Փարիզում Սարտրին ու Կամյուին տեսնելը, Պոլ Վալերիի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանելը: «Նա չդարձավ անվանի գրող, որովհետև չափից դուրս խաղաղ էր և ինքնավստահ իր ապագայի հանդեպ», «Նա շատ էր գրքեր կարդում, բայց ոչ ինձ նման՝ ագահորեն, գլխապտույտ առաջացնող: Նա կարդում էր հանուն հաճույքի, որպեսզի ցրվեր, իսկ որոշները, կիսատ թողնելով, մի կողմ էր նետում»: Փամուկն իր նոբելյան բանախոսությունը` «Հորս ճամպրուկը», կառուցում է հոր գրողական չստացված երազանքի և իր հաջողության շուրջ:
    Ի վերջո, կարելի է փաստել, որ Օրհան Փամուկն իր կողմից նշած Թուրքիայում ապրող միջին խավի (որին պատկանում է նաև իր ընտանիքը) իրականացած երազանքներից մեկն է, մշակութային գերփոխհատուցում, Եվրոպայում հռչակ վայելող, ամենաշատ վաճառվող արձակագիրներից, ում որպես գրող իր «մատյանում» հաստատել է «աշխարհի կենտրոնը»` Արևմուտքը: 
 
 
Մկրտիչ Արմեն. Քաղաքը բլուրի վրա
 
    Մկրտիչ Արմենի «Քաղաքը բլուրի վրա» «վեպ» անվանվող տաղտկալի տարածությունն այդպես էլ չէի անցնի, եթե ստեղծագործությունը չվերաբերեր 30-ականներին Խորհրդային Հայաստան ներգաղթած հայրենակիցների, «ախպարների» (ինչպես վեպում է մեկ-մեկ հիշատակվում) ճակատագրին: Ցուրտ եղանակն ու գարեջուրն էլ մյուս կողմից նպաստեցին, որ մի կերպ դիմակայեմ ու մինչև վերջ ընթերցեմ 162 էջը: Վեպը տպագրվել է Երևանում, 1930 թվականին: Ի դեպ, Մկրտիչ Արմենի գրականության նկատմամբ հետաքրքրությանս միակ պատճառը նրա «Յերեվան» «Եպոպեա»-ն է, որի մասին դեռ կգրեմ:
    Դավա Յաթաղ – հին Երևանի թաղերից։ Արաբերեն նշանակում է ուղտերի կացարան։ Այժմյան Սարի թաղին հատող հատվածն է։ Այստեղով էր անցնում Իրանն Անդրկովկասի հետ կապող առևտրական մայրուղին։ Քաղաքի այս հատվածում էին հանգրվանում ուղտերի քարավանները։
    Ահա Մկրտիչ Արմենի վեպի իրադարձությունների բուն կենտրոնը, որտեղ սփյուռքից ներգաղթած հերոսները՝ Գաբրիել Կույումչյանը, Սպիրիդոն Ճիլևյանը, Գրաբիոս էֆենդին և այլք, կավ շաղախելով՝ փորձում են կերտել իրենց ապագան՝ տներ են կառուցում, փողոցներ գցում, ծառեր են տնկում, ջուր քաշում: Կառուցվում է նոր կյանքը՝ Կոմունիզմը, որին հույժ հավատում են հազարավոր մարդիկ, այդ թվում նաև հեղինակը՝ Մկրտիչ Արմենը, ով ցավալիորեն մի քանի տարի հետո բռնելու է աքսորի ճանապարհը:
    «Հոկի» ներկայացուցիչ, պորտֆելը թևի տակ սեղմած Հարությունը հանգստացնում է իրականությունից շփոթահար ներգաղթյալներին.
    «– Կարճ ժամանակով, կարճ ժամանակով… Հետո ավելի լավ հարմարություններ կստեղծենք: Ի՞նչ արած, բնակարանային սղություն է…»:
    Սակայն ոսկերիչ Միսաք Տեր-Գաբրիելյանն ու ժամագործ Հովհաննեսն ընդվզում են.
    «– Հայաստա՜ն, Հայաստա՜ն… Ա՞ս էր… Աս խանութներուն մեջ ապրել կլլա… Վոր ներս մտնողը վողջ ալ պիտի դուրս գա՞, չե նե մեռած…»:
    Այս երկու հպանցիկ կերպարների վարքն արժանանում է մյուսների քննադատությանը: Իսկ իրենք, որքան էլ ծանր լինի կեցությունը, չեն ընկրկի, չէ՞ որ եկել են հայրենիք` հիմնելու պատրանքի նոր քաղաքը, շենացնելու Դավա Յաթաղի պապակ բլուրները, լույս բերելու այստեղ:
    Մարգարեի համբերություն և սպարտացու կամք է պետք, որպեսզի հաղթահարես Մկրտիչ Արմենի ձանձրալի, յուրօրինակությունից բացարձակ զուրկ էջերը, որտեղ հեղինակը պատմում է, թե ինչպես են հերոսներն աղյուս առ աղյուս շարում իրենց տները, ինչպես են վիճում, պառակտվում, ինքնակազմակերպվում, մեջք մեջքի տալով՝ բարձրացնում եղբայրական դրոշը:
 
    «Բայց այլ էր Դավա Յաթաղը: Այնտեղ յուրաքանչյուր քար մյուսի վրա դնելիս, նրա կառուցողները այնքան չեյին նայում քարին, վորքան քաղաքին: Քաղաքը՝ ահա նրանց կառուցման նպատակն ու վերջին կայանը: Քաղաքը նրանց ցանկությունն եր եւ նրանք քար-քարի վրա իրագործում եին այդ ցանկությունը … Քաղաք բլուրի վրա… Այս եր նստած յուրաքանչյուրի արարքի մեջ… Դավա Յաթաղում աշխատանքը յեռում եր եւ տենդորեն կառուցվում էր քաղաքը բլուրի վրա»:
    Խորհրդային Հայաստանը, որ խաբված ներգաղթյալների «միակ ապավենն» է, «երկնքին փոխարինող տանիքը», ուր քեզ աղքատի տեղ պիտի դնես և չբարձրաձայնես անցյալում թողնված կյանքի որևէ հաճելի դրսևորում: Եթե կարիք կա, անպատճառ պիտի գնաս քո միակ հարազատի՝ «պետական մարդու» մոտ, բողոքես, պատիժ պահանջես, «պետական մարդու խղճին» վստահելով նույնիսկ չծնված գաղտնիքը, չտեսած երազը: Միայն վեպի վերջում մի հետաքրքրական դրվագ կա: Հերոսներից մեկը՝ Վահրամ Մինասյանը, տեղափոխվում է Դավա Յաթաղ, կահույքն ու իրերը նոր, երկհարկանի տան մեջ դասավորում ճիշտ այնպես, ինչպես նախկին տանն էր, բայց, այնուհանդերձ, ինչ-որ բան պակասում է. «Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ այսպես յեղավ: Չե՞ վոր նա իր հին սենյակը վերականգնեց համարյա թե մատեմատիկական ճշգրտությամբ: Ուրեմն ուրիշ ի՞նչ: Ի՞նչ ե բացակայում… Նա իզուր մազերն ե խառնում յերկու ձեռներով և մոլոր հայացքը աջ ու ձախ ե շրջում… Հանկարծ նրա աչքն ընկավ գրասեղանի վրա և նա անսովոր բարձր ձայնով բղավեց. Գտա՜… Գտա թե ինչ կպակսի… Իմ կանաչ գիծերով գրչակո՛թս, կանաչ գիծերով գրչակո՛թս, գրչակո՛թս…»:
    Ինքնաբերաբար կանաչ գծերով գրչակոթի բացակայությունը դիմազրկումն է այն գաղափարամոլության, որին զոհ են գնալու նրան հավատացող առաջամարտիկները: Շուտով կանաչ գծերով գրչակոթի բացակայությունը բլուրի վրա կառուցված քաղաքի պատերի տակ կգնդակահարի կուսակցության «բոլոր թշնամիներին» և աքսորի կուղարկի նույնիսկ իր գաղափարների համար գրականություն բանեցրած «բարեկամներին»:
    Մկրտիչ Արմենի «Քաղաքը բլուրի վրա» վեպը հենց այդ կանաչ գծերով գրչակոթի բացակայությունն է: 
 
 
Սիմոնա դը Բովուար. Շատ հանդարտ մահ
 
    «Ծանր գործ է մեռնելը, երբ այդքան ուժգնորեն ես սիրում կյանքը»: Այսպիսի տողեր Սիմոնա դը Բովուարի «Շատ հանդարտ մահ» վեպի ամեն պարբերության մեջ հանդիպում են, և ընտրության հարցում շփոթմունքը մեծանում է: 14 տարեկան հասակում, կարելի է ասել՝ հրաժարվելով Աստծուց, ֆրանսիական գրականության փայլուն աստղերից մեկը, Սարտրի պայմանագրային կինը, էքզիստենցիալիզմի կրքոտ փիլիսոփան, ֆեմինիստական շարժման և գրականության հիմնադիրներից մեկը` Սիմոնա դը Բովուարն իր փոքրածավալ հուշագրությամբ համարձակվում է ուսումնասիրել մոր ձգձգվող մահվան նախապատմությունն ու ավարտը:
    «ՁԵՐ ՄՈՐԸ ՓՈՐՁԱՆՔ Է ՊԱՏԱՀԵԼ»
    Սիմոնան շտապ մեկնում է հիվանդանոց, որտեղ հիվանդության տանջանքներին բացարձակ անտեղյակ մայրը հույսը չի կորցրել, որ եղածը մի մեծ բան չէ, և մի որոշ ժամանակ անց ամեն ինչ իր տեղը կընկնի, կապաքինվի ու կշարունակի ապրել: Ընտանիքի, սեփական ընտրության, նաև ճակատագրի բերումով ինքն իրեն անազատության կապանքներով շղթայած մայրը, ով նույնիսկ անկողնում գամված չի զլանում աղջիկներին ցուցադրել իր իշխանությունը, ով անկարող է Սիմոնային անհավատ լինելու և «խայտառակ» գրքեր գրելու համար մինչև վերջ ներել, սարսափում է` իր ներսում օրեցօր տարածություններ զավթող տիղմոտ ջրի պես դանդաղահոս մահից:
    «Պատկերացնում էի, թե ինչ ահ է պատել նրան: Նա կարծում էր, թե երկնքում է, մինչդեռ, ի հեճուկս տարիքին, հիվանդություններին, տկարությանը, խենթի պես կառչած էր երկրին և սարսափում էր մեռնելուց` անասնական սարսափով»:
    Եվ Սիմոնան հանկարծ բախվում է նրան, ինչը թվում էր ծանոթ է ու ճանաչելի:
    «Առաջին անգամ, հանձին նրա, ես տեսնում էի ապագա դիակ»:
    Պատումի ողջ ընթացքում մահվան գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը, մահվանը հանգիստ չտվողը և ընթերցողների կողմից մահվան մասին չդադարող մտքերի ու վախի համար քաջալերվող Սիմոնա դը Բովուարը միայն մոր մահվան ընթացքի մեջ է առաջին անգամ բախվում նրա սարսափելու աստիճան վճիտ կերպարին: Օր օրի հիվանդությունները քայքայում են մոր մարմինը: Պարբերությունները լցվում են ցավի ճիչերով, տևական տառապանքով, մղձավանջային երազատեսություններով, բժշկական անվերջանալի միջամտություններով, հույսի հպանցիկ բռնկումներով ու կրկին ախտերի մեջ թաղվող թախիծով:
    «Բայց ի՞նչ իմաստ ունի տանջելը, եթե փրկություն չկա: Թողնեն հանգիստ մեռնի»:
    Բայց հանգիստ մահը վաստակել է պետք, չէ՞ որ բժիշկները մինչև վերջին վայրկյանը համարյա ամբողջովին քրքրված մարմնից ու հոգուց ուզում են կենդանություն քամել, որի իմաստը Սիմոնայի համար այդպես էլ առկախ է մնում:
 
    Սիմոնան և քույրն արդեն սպասում են մոր մահվանը:
    Նրանք ուզում են այդ մահը:
    Կանչում են նրան:
    Միակ խեղդակապը, որ սկսել է աներես խաղը ու վերջ պիտի տա չընդհատվող այս ցնորքին, հենց ինքն է փրկօղակ դառնալու: Չարաճճի կայծոռիկի պես այսուայն կողմ սպրդելով՝ մահը չի շտապում: Մոր մարմինը նա կլանում է հատված առ հատված` չմոռանալով ավերել մնացած բոլոր առողջ տարածքները: «Նա այլևս մայրս չէր, այլ մի խեղճ, խոշտանգված մարմին»: «Իր տառապանքներից և ոչ մեկի դիմաց նա հատուցում չէր ստանալու»: Սիմոնայի համար անհնար և կեցության միակ հնարավոր բանը` մոր մահը, ինչ-որ ակնթարթներում հնարավորություն է տալիս երկխոսելու, հասկանալու և խորը զգացականությամբ պարուրելու իր և մոր միջև եղած օտարվածության ու անհամաձայնության խորշը:
    «Գոյություն չունի բնական մահ. մարդու հետ պատահող և ոչ մի բան երբեք բնական չէ, քանի որ այդ իրողությունը հարցականի տակ է առնում աշխարհը: Բոլոր մարդիկ մահկանացու են, բայց յուրաքանչյուր մարդու համար իր մահը փորձանք է և նույնիսկ, եթե նա գիտի ու համաձայն է դրան` անպատեհ բռնություն»: 

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: