Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ. Երկար սպասում

    Մենք զրուցում էինք Տուրենի հին ամրոցների մասին, երբ խոսքն անցավ երկաթյա ճաղերին, որտեղ Լյուդովիկոս 11-րդը վեց տարի շարունակ բանտարկված էր պահել կարդինալ Բալյուին, իսկ հետո տարվեցինք քարե տոպրակների ու նման այլ սարսափների մասին զրույցներով:
    Քարե տոպրակներ ես ինքս տեսել եմ, դրանք պարզապես 30 կամ 40 ոտնաչափ խորությամբ չոր ջրհորներ են, որտեղ նետված մարդը ոչնչի չի կարող սպասել այլևս:       
   Մինչ այժմ հիշում եմ, թե ինչ տպավորություն թողեց ինձ վրա այդ մթությունը: Ես հակում ունեմ կլաուստրոֆոբիայի և  անգամ ննջասենյակում ինձ վատ եմ զգում:
      Բավական թեթևացած զգացի, երբ բժիշկը պատմեց այս պատմությունը, որը սկզբում թվում էր, թե ոչ մի կապ չունի տանջանքների հետ:
     Երիտասարդ մի կին կար տիկին Քինգ անունով, որը շատ երջանիկ էր իր ամուսնու հետ: Նրանք հարուստ էին ու շատ էին սիրում միմյանց, բայց երկրորդ երեխայի ծննդաբերությունից հետո տիկին Քինգը երկար ժամանակ կոմայի մեջ ընկավ, և նրա մոտ հետծննդյան շիզոֆրենիա նկատվեց՝ «անհատականության խախտում»: Նրա մոլորությունը ինչ-որ կերպ կապված էր Անկախության հռչակակագրի հետ: Բայց այս պատմության հետ շատ փոքր առնչություն ուներ և հենց որ ծննդաբերությունից հետո առողջությունը վերականգնվեց, հոգեկան խանգարման բոլոր նշաններն անհետացան: Տաս ամիս անց նա իրեն լրիվ առողջ էր զգում. գրեթե չէր զգացվում, որ նրա հետ ինչ-որ բան է պատահել: Տիկին Քինգը իրական կյանք վերադառնալու ցանկություն ուներ: Ընդամենը 21 տարեկան, աղջկական գրավչությամբ այդ կնոջ հանդեպ հերթապահության անձնակազմը հատուկ համակրանք ուներ: Երբ նա բավականաչափ ապաքինվել էր և կարող էր ամուսնու հետ մեկնել փորձնական ճամփորդության, այդ նորությունը անմիջապես դարձավ զրույցի գլխավոր թեման:            
      Բուժքույրերից մեկը նրա հետ ուղևորվել էր Ֆիլադելֆիա՝ նոր զգեստ ձեռք բերելու, մյուս քույրը գիտեր Մեքսիկա ճանապարհորոդության ընթացքում նրա բավական ռոմանտիկ պատմությունը, և բոլորն արդեն տեսել էին նրա երկու փոքրիկներին, որոնց երբեմն բերում էին հիվանդանոց:
       Այս անգամ ուղևորությունը դեպի Վիրջինիա ծովափ էր հինգ օրով:
   Հաճելի էր տեսնել, թե ինչպես է նա պատրաստվում, հագնվում, ինչքան մանրակրկտորեն է դասավորում ուղեպարկը, սովորական զվարթությամբ թափահարում վարսերը:
     Մեկնելուց կես ժամ շուտ նա արդեն պատրաստ էր. գնաց իր հարկի հարևաններին հրաժեշտ տալու: Զգեստը ծովի ալիքի գույն ուներ, գլխարկը ապրիլյան տեղատարափ անձրևից հետո թեթև ամպիկ էր հիշեցնում: Իսկ բարակ, սիրունիկ դեմքը, որի վրա հիվանդությունը փոքր-ինչ տխրություն էր թողել, փայլում էր սպասումից:
    - Ոչինչ չանել,- ասում էր նա,- ահա և իմ նպատակը. ուղիղ երեք առավոտ կարթնանամ, երբ ցանկանամ և արթուն կմնամ մինչ ուշ գիշեր: Ինքս ինձ համար լողազգեստ կգնեմ և ընթրիք կպատվիրեմ:
     Երբ մեկնելու ժամը մոտեցավ, տիկին Քինգը որոշեց հիվանդասենյակում մնալու փոխարեն սպասել ներքևում: Երբ նա ուղեպարկը տանող սանիտարների ուղեկցությամբ անցնում էր միջանցքով, ցած իջավ և ձեռքով հաջողություն մաղթեց իրեն հանդիպող հիվանդներին՝ ափսոսանք հայտնելով, որ նրանք նման հիասքանչ ճանապարհորդության չեն մեկնում: Գլխավոր բժիշկը նրան բարի ճանապարհ մաղթեց, իսկ երկու բուժքույրերը մի պատրվակ գտան մի փոքր էլ նրա մոտ մնալու և կիսելու նրա վարակիչ ուրախությունը:
    - Հիանալի արևայրուք է ձեզ սպասվում, տիկին Քինգ:
    - Համոզված եղիր, որ այդպես էլ կլինի, և չմոռանաս բացիկ ուղարկել:
     Մոտավորապես նույն ժամին, երբ տիկին Քինգը դուրս եկավ հիվանդասենյակից, նրա ամուսնու մեքենան քաղաքից վերադառնալու ճանապարհին մի բեռնատար մեքենայի բախվեց: Ամուսինը ծանր ներքին վնասվածքներով հայտնվեց հիվանդանոցում: Բժիշկները ապրելու հույս չէին տալիս. մահը կարող էր վրա հասնել ժամ առ ժամ: Բոթը հասավ հիվանդանոց, սրահը, որտեղ ամուսնուն սպասում էր տիկին Քինգը հեռախոսավարուհու սենյակից բաժանված էր մի ապակիով: Հեռախոսավարուհին, տեսնելով ապակուց այն կողմ կանգնած տիկին Քինգին և իմանալով, որ ապակին չի արձագանքում, ավագ քրոջը խնդրեց անմիջապես ցած իջնել:
     Քույրը վախեցած վազեց բժշկի մոտ, որն էլ նման որոշում կայացրեց. քանի դեռ ամուսինը ողջ է, լավագույն տարբերակը հիվանդին ոչինչ չասելն է, բայց, անշուշտ, նա պետք է իմանա, որ ամուսինը այսօր չի վերադառնալու:
     Տիկին Քինգը չափազանց հուսահատված էր:
    - Հասկանում եմ, որ սրտնեղելն անիմաստ է,- ասում էր նա,- այսքան ամիսներ սպասելուց հետո, մեկ օրն ի՞նչ է, որ չսպասեմ: Չէ՞ որ նա խոստացել է, որ վաղը կվերադառնա:
     Ավագ քույրը բարդ դրության մեջ էր ընկել, բայց, ի վերջո, կարողացավ մի կերպ այնպես անել, որ տիկին Քինգը իր հիվանդասենյակ վերադառնա: Իսկ հետո կանչեցին ամենափորձառու և սառնարյուն դայակին, որպեսզի տիկին Քինգին մեկ օր հեռու պահեր թերթերից և մյուս հիվանդների հետ շփվելուց, մինչև ինչ-որ բան կորոշվեր:
       Առավոտյան ամուսինը դեռ կենդանի էր, իսկ բժիշկները շարունակ խուսափող պատասխաններ էին տալիս: Հաջորդ օրվա կեսօրից ոչ ուշ դայակներից մեկը միջանցքով անցնելիս հանդիպեց տիկին Քինգին, որն այս անգամ ճամպրուկը ինքնուրույն էր տանում:
    - Ես գնում եմ ամուսնուս դիմավորելու,- բացատրեց տիկին Քինգը,- երեկ նա չկարողացավ գալ, բայց այսօր անպայման կգա նույն ժամին:
      Տիկին Քինգը հիվանդանոցի պատերից այն կողմ իրեն լիովին ազատ էր զգում, իսկ դայակը նրան ուժով հիվանդասենյակ տանել չէր կարող, ճշմարտությունն էլ պատմել չէր ուզում, քանի որ արգելված էր որևէ բան ասել: Երբ նրանք նախասրահ մտան, դայակը հեռախոսավարուհուն նշան տվեց, որը, բարեբախտաբար, հասկացավ, թե ինչ է կատարվում:
Տիկին Քինգը մեկ անգամ էլ  իրեն հայելու մեջ զննեց և ասաց.
    - Ուզում եմ այս նույն գլխարկից տասներկուսն ունենալ, որոնք ինձ միշտ իմ երջանկության մասին կհիշեցնեն:
     Երբ մեկ րոպե անց խոժոռված դեմքով ներս մտավ ավագ քույրը, նա հարցրեց.
    - Ինչպե՞ս, Ջորջն այսօր է՞լ չի եկել:
    - Ոչինչ չես կարող անել, պետք է համբերությամբ զինվես:
    Տիկին Քինգը թախծոտ ժպտաց:
    - Իսկ ես այնպես էի ցանկանում Ջորջին ներկայանալ իմ բոլորովին նոր հագուստով:
    - Չի ճմրթվի այն:
    - Կարծում եմ՝ զգեստի հետ մինչև վաղը ոչինչ չի լինի: Ես շատ երջանիկ եմ և չեմ տառապի մեկ օր սպասելու համար:
     - Իհարկե, պետք չէ,- ասաց բուժքույրը:
       Գիշերը ամուսինը մահացավ, իսկ առավոտյան բժիշկները ժողովի ժամանակ քննարկեցին՝ ինչ անել. պատմե՞լ նրան ամեն ինչ, թե ոչինչ չասել: Վերջապես որոշվեց ասել, որ ամուսինը երկարատև ուղևորության պետք է մեկնի, ու դրանով մոտալուտ հանդիպման հույսը կոչնչացվի: Երբ նա համակերպվի այդ ամենին, կարող են ճշմարտությունը պատմել:
       Ժողովից հետո բժիշկներն արդեն բաժանվել էին, երբ նրանցից մեկը գործընկերոջը կանգնեցրեց և ցույց տվեց միջանցքի վերջնամասով նախասենյակի ուղղությամբ գնացող տիկին Քինգին, որը տանում էր իր ճամպրուկը:
    Տիկին Քինգի խնամակալ բժիշկ Փիրին  ծանր հոգոց հանեց.
    - Սարսափելի է,- ասաց նա,- կարծում եմ՝ ավելի լավ կլինի ամեն ինչ հիմա պատմել: Օգուտ չկա նրան ճամփորդության մասին ստեր ասել, երբ նա սովոր է ամուսնուց նամակներ ստանալ շաբաթական երկու անգամ: Իսկ եթե ասենք, որ ամուսինը հիվանդացել է, կցանկանա գնալ նրա մոտ: Ի՞նչ եք կարծում, սխա՞լ եմ ասում:
                                                                                       II
    Այդ երեկո ժողովից հետո բժիշկներից մեկը երկու շաբաթով արձակուրդ գնաց: Վերադառնալու օրը նույն ժամին միջանցքում հանդիպեց իրեն մոտեցող մի փոքրիկ թափորի՝ ճամպրուկը տեղափոխոխ հերթապահը, դայակը և կապույտ զգեստով ու գարնանային գլխարկով տիկին Քինգը:
    - Ողջույն, բժիշկ,- դիմեց նրան տիկին Քինգը,- ես գնում եմ ամուսնուս դիմավորելու, մենք Վիրջինիա ծովափ ենք գնում: Ես կսպասեմ ներքևում. չեմ ուզում նրան սպասեցնել:
    Բժիշկը նայեց նրա դեմքին. տիկին Քինգի աչքերը երեխաների աչքերի նման անմեղ ու երջանիկ էին: Դայակը բժշկին նշան արեց, որ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է, այդ իսկ պատճառով բժիշկը ուղղակի գլխով բարևեց և խոսեց հրաշալի եղանակի մասին:
    - Այո, հիանալի օր է,- պատասխանեց տիկին Քինգը,- բայց եթե անգամ անձրև էլ տեղա, միևնույն է, ինձ համար ամենահիանալի օրն է լինելու:
    Բժիշկը նայեց նրա ետևից՝ շփոթված և ձանձրացած: Ի՞նչ կարիք կա այսպես շարունակելը,- մտածեց նա: Ի՞նչ լավ արդյունքի սա կարող է հանգեցնել:
  Հանդիպելով բժիշկ  Փիրիին` նույն հարցը տվեց նրան.
    - Մենք փորձեցինք նրան ճշմարտությունը պատմել,- ասաց բժիշկ Փիրին,- իսկ նա ծիծաղեց մեզ վրա՝ ասելով, որ մենք դեռ փորձում ենք ստուգել՝ արդյո՞ք նա դեռ հիվանդ է, թե ոչ: Դու կարող ես «անհավատալի» բառը հենց ուղիղ իմաստով գործածել, բայց նա հրաժարվում է ընդունել ամուսնու մահվան միտքը:
      - Բայց չէ՞ որ անընդհատ այսպես չի կարող  շարունակվել:
    - Տեսականորեն՝ ոչ,- ասաց բժիշկ Փիրին և շարունակեց,- մի քանի օր առաջ, երբ նա հերթական անգամ իր ճամպրուկն էր դասավորում, դայակը փորձեց նրան ետ պահել: Սրահի դրսի կողմից ես կարողանում էի տեսնել նրա դեմքը և հետևել, թե ինչպես է նա պոռթկում, ի դեպ, առաջին անգամ: Դեմքի մկանները ձգվել, աչքերը մշուշապատվել էին, իսկ ձայնը կոպտացել ու սրվել էր, և նա  շատ քաղաքավարությամբ դայակին ստախոս անվանեց: Դրությունը ծայրահեղական էր, ևս մեկ րոպե և ենթարկվող հիվանդի փոխարեն մեր ձեռքում կհայտնվեր սուր նոպաներով մի հիվանդ: Մոտեցա և դայակին ասացի, որ նրան տանի ընդունելության սենյակ:
  Բժիշկը քար կտրեց`տեսնելով, թե ինչպես նույն թափորը նախկին կարգով վերադարձավ հիվանդասենյակ: Տիկին Քինգը կանգ առավ և խոսեց բժիշկ Փիրիի հետ.
    - Իմ ամուսնու գալը ձգձգվում է: Իհարկե, հուսախաբված եմ, բայց ինձ ասել են, որ նա վաղը կգա և այսքան երկար սպասելուց հետո մեկ օր էլ կարելի է սպասել: Դուք ինձ հետ համաձայն չե՞ք բժիշկ:
    - Լիովին համաձայն եմ, տիկին Քինգ:
    Նա հանեց իր գլխարկը:
    - Գնամ իրերս պատրաստեմ: Պետք է դրանք շատ լավ վիճակում լինեն,- ասաց նա և սկսեց ուշադիր զննել իր գլխարկը,-փոշոտվել է, բայց կարծում եմ՝ ինձ կհաջողվի այն մաքրել: Թեպետ նա չի էլ նկատի:
    - Չի նկատի, համոզված եմ:
    - Իսկապես, ես չեմ հուսահատվում ևս մեկ օր սպասելով: Մնում է վաղը մինչև այս ժամը սպասել:
    Երբ նա առաջ անցավ, երիտասարդ բժիշկն ասաց.
    - Նա երկու երեխա ունի:
    - Չեմ կարծում, որ երեխաները իրավիճակը կփրկեն: Երբ նա «կործանվեց», այս ճանապարհորդու-
թյունը բուժման գաղափար դարձավ նրա համար: Եթե այդ հույսը վերցնենք նրանից, նա լիովին կկործանվի, և հարկ կլինի ամեն ինչ նորից սկսել:
    - Կարծո՞ւմ ես:
    - Ոչինչ չեմ կարող կանխատեսել,- ասաց բժիշկ Փիրին,- ես պարզապես բացատրում եմ, թե ինչու էր նրան հարկավոր այս առավոտ ներքև իջնելը:
    - Իսկ վաղը, մյուս օրը:
    - Ի՞նչ արած,- պատասխանեց բժիշկ Փիրին,- պետք է հուսալ, որ մի օր նա կհայտնվի այնտեղ…
    Բժիշկը շատ անսպասելի ընդհատեց պատմությունը: Երբ մենք համառորեն պնդում էինք, որ պատմի, թե ինչ պատահեց հետո, նա հայտարարեց, որ հետաքրքիր ոչինչ տեղի չունեցավ. ցանկացած կարեկցանք վաղ թե ուշ ավարտվում է, և ի վերջո հիվանդանոցի անձնակազմը պարզապես համակերպվեց իրավիճակի հետ:
    - Եվ նա նորից առաջվա պես ամուսնուն դիմավորելո՞ւ է գնում:
  - Այո, ոչինչ չի փոխվել, բայց մյուս հիվանդները, բացի նորեկներից, դադարեցին նրա վրա ուշադրություն դարձնել: Ամեն տարի դայակներին հաջողվում է նրա գլխարկը փոխարինել իր նախկին գլխարկին նման մի նոր գլխարկով, իսկ զգեստը մինչև հիմա նույնն է:
     Նա միշտ մի փոքր սրտնեղած է լինում, բայց փորձում է թաքցնել: Ինչպես տեսանք, նա իրեն դժբախտ չի համարում, և որքան էլ տարօրինակ է, օրինակ է ծառայում մյուս հիվանդներին: Եվ բավական է այս մասին խոսենք, ի սեր Աստծո, ավելի լավ է վերադառնանք քարե պարկերին:
 
Հոկտեմբեր, 1937թ.

                                                                                         Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը


 

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: