Սիրանույշ Օհանյան

Ինչ է գրում խխունջի սողքը

    Ես խխունջ եմ։ Սնվում եմ հողով, այդ պատճառով տարիներ առաջ վտարվեցի համայնքից։  Ցեղակիցներս պնդեցին, որ արգելվի մեռած նյութերով սնվելը։ Համընդհանուր օրենք հաստատվեց՝ այսուհետև խխունջային կերակուր պետք է ծառայի ամեն ոք, ով փոքր է խխունջից։ Մեռյալները չպետք է սնունդ ծառայեն կենդանիների համար, քանզի սուրբ է այն ամենը, ինչ մուտք է գործում կենդանի օրգանիզմ։ Ուստի չի կարելի պղծվել և թունավորվել մեռածի մարմնով։
    Շատ ժամանակ չանցավ հասարակական օրենքի հրապարակումից, և ահա ես դարձա միայնակ ճամփորդ։ Չգիտեմ՝ արդյո՞ք կհեռանայի ինքնակամ, եթե  սպառնալիքներով չվռնդվեի։ Չկարողացա մյուսների պես համակերպվել ինձանից փոքրերին կուլ տալու և մարսելու հարկադրանքին, չկարողացա գայթակղվել ախորժելի սնունդով ապրելու հեռանկարով։ Չկարողացա հասկանալ նորագույն գաղափարախոսությունը՝ մեռյալը չի կարող սնել կենդանուն։ Համառեցի իմ ավանդական համոզմունքներում. կենդանի է ոչ թե այն, ինչը մեռում է, այլ այն, ինչը կյանք է շնորհում։
   Հենարան իմ հո՛ղ, քիչ մնաց ինձ էլ խխունջից փոքր ճանաչեին այն բանի համար, որ չհրաժարվեցի քեզանից ու պապենական հավատամքներից։ Ինձ փրկեց ոչ թե անարգ վախկոտությունս, որ ստիպում էր սողալ առանց ետ նայելու, այլ՝ ցավով համակված իմացությանս անզորությունը։ Իմաստունները, որոնց թվում էի և ես, հասել էին հավիտենական ըմբռմանը՝ մի՛ ստիպիր դիմացինիդ հասկանալ այն, ինչ նա դեռ չի կարողանում հասկանալ։ Եվ երբ ես խորին համոզմունքով նրանց առաջ արտաբերեցի այն, ինչին հասու են լինում լռության մեջ, համայնքն ինձ քրքիջով պատասխանեց։ Առավել չարերը, որոնց և միտքն էլ սուր էր  ավելի, սեփական խոսքերս նետեցին իմ առջև՝ սպառնալով, որ ստիպում են ոչ թե նրան, ով հոժար է, այլ նրան, ով չի ուզում հասկանալ։  Այսպես պատժվեցի անթույլատրելին բացահայտելու համար, այսպես ես հեռացա հայրենիքից ու համայնքից։   
   Թափառումներիս ուղիները չունեցան նպատակ։ Սողացի օրեր ու գիշերներ, կտրեցի-անցա գիրթ լեռներ ու հարափոփոխ անապատներ, անծայրածիր դաշտեր ու անափ  օվկիանոսներ, բազմաբույր ճահիճներ ու պայծառ մարգագետիններ։ Ամենուր ճանապարհիս հանդիպում էի բազում ցեղակիցներիս, քանզի խխունջներինն է աշխարհը, և չկա վայր, որտեղ հաստատված չլինեն նրանք։ Սոսկալի էին ճանապարհները, որոնք ինձ հասցնում էին նրանց. երբեք չհասկացա՝ ե՞ս եմ տանում վարակը ինձ հետ, ինձանից թաքուն, թե՞ նա է սուրում իմ առաջն ընկած՝ առաջնորդելով մոլորվածիս։  Որտեղ հավերժական հողին պատկերվեց իմ սողքի հետագիծը, այնտեղ տեսա խխունջների, որոնք ուտում էին իրենցից մանրերին՝ մեռած թե կենդանի, խխունջ թե ոչ խխունջ։ Այո՛, զարգացել էր համաճարակն ու տարածվել, և փոխվել էր հին, ճանաչ աշխարհը՝ դառնալով խորթ ու անհասկանալի։ Սովոր  մենության ու լուռ ապրումների՝ ես խեղդվում էի իմ մենության ճնշող բեռի տակ, պատյանս սպառնում էր փուլ գալ,  ավերված գերեզման դառնալ տիրոջ համար, հողը, որի վրայով սողում էի ես, ու որը սնում էր իմ նուրբ օրգանիզմը, թվում էր մեռած խխունջների հսկայական, համընդգրկուն  գերեզման։ Գիշեր ու զօր խեղդվում էի զարհուրելի մղձավանջների մեջ.  ինձ թվում էր, թե սողում եմ մեռած խխունջների վրայով, սնվում եմ մեռած խխունջներով։ Սարսափելի էր մտածելը, թե ինչո՛ւ առաջներում այս տեսակետից չէի նայել հողին. մի՞թե տարիներ շարունակ ապրել էի խխունջի մարմնով՝ առանց այդ մասին գիտակցելու։ Սարսափն ու հոգեկան ծանր, հակասական պայքարը ստիպում էին ինձ՝ սողալ հեռո՜ւ, հեռո՜ւ, այնտեղ, ուր ոչ մի խխունջի լորձունք չի քսվել, ուր ոչ մի խխունջի դատարկ պատյան չի քայքայվել։  Թվում էր, թե հողը փախչում է իմ սողքից, թվում էր, թե թե շարունակ սողում եմ միևնույն կետում կանգնած, թվում էր, թե ամբողջ աշխարհը հող է՝ մարմինների խյուս մեռած, քայքայված խխունջների։ Երանի՜ ցեղակիցներիս, որոնք ուտում են խխունջից մանր ամենայն ինչ, քանզի նրանցն է հոգու հանգստությունը։ Իսկ իմ պստլիկ, խխունջային հոգին, որն ազատ տեղավորվում է բազմաչարչար պատյանումս, էլ երբեք հանգիստ չի՛ վայելի։
    Ես խխունջ եմ՝ թերևս վերջին նմուշը հնագույն, ազնվական խխունջների, որոնք երբևիցե սողացել են այս հողի վրայով։ Աշխարհի բոլոր մասերի հողը համտեսել եմ ես։ Անվերջանալի թափառումներն ինձ հասցրեցին այստեղ՝ գոյությանս վերջին կայանին։ Ցավս չէր թողնում հանգրվանել որևէ ճահճում կամ լճափոսում, բայց պատահմունքը զորեղ դուրս եկավ ցավից։ Մի գիշեր, երբ թվում էր՝ սողում էի աշխարհի սահմանագծի երկայնքով, անիծելով աշխարհի հավերժությունն ու անվերջանալիությունը, ռունգերիս հասավ նորահաս խխունջի հարազատ, արբեցուցիչ բույրը։ Ուրախությունից պտտվեց ծերունուս գլուխը, քանզի վաղուց  չէի հանդիպել որևէ խխունջի և արդեն անխոհեմությամբ կարծում էի՝ չեմ հանդիպելու երբեք։ Շարունակեցի սողալ՝  հոտոտելով ցեղակցիս  ախորժելի բույրը։ Վերջապես գտա՝ փարվել էր խոտի մի ցողունի ու հանդարտ օրորվում էր գիշերային քամուց։ Այսպես ինձ տրվեց իմ վերջին և ամենաընդունակ աշակերտը, որին ես հույս ունեի իմ հետնորդը դարձնել, բայց որին նախանշված էր իմ հոգևոր և ֆիզիկական կործանման պատճառը դառնալ։ 
    Որդյակս, ինչպես գորովանքով լցված սիրտս կոչեց նրան, չգիտեր իր ծագումը, չուներ իր անունը։ Նրան Հողակեր անվանեցի՝ հուսալով աշխարհին թողնել հնագույն և ազնվական խխունջների շառավիղ-շարունակությունը, փայփայելով այն միտքը, որ նա կդառնա խխունջների նոր, չապականված սերնդի նախահայրը։ Ապրեցինք հաշտ, փոխադարձ հարգանքով, գուրգուրանքով վերաբերվելով միմյանց, միասին վայելելով մեր լռությունն ու համեստ սնունդը։ Անհետ չքացավ սևեռուն զառանցանքը, թե հողը մեռած խխունջների խյուս է, և ես սնվում եմ մեռած խխունջներով։ Սողում էինք կողք-կողքի, Հողակերին էի հաղորդում դարերով կուտակած իմացություններս՝ աստիճանաբար նրան բացահայտելով գիտելիքներս, որոնց արժանի ժառանգորդին գտա վերջապես։ Հաճախ  էինք  լքում մեր ապահով պատյանները ու տրվում հավերժական արևի գուրգուրանքին. իմ ծեր, խոնջահար մարմինը և Հողակերի առույգ, ջահել օրգանիզմը, մեր դատարկ, տխուր պատյանները հավանաբար հուզիչ տպավորություն էին թողնում հնամենի արեգակի վրա։ Որովհետև գիտեի ես՝ այն պահից, երբ խորշակի արագությամբ տարածվեց զազրելի համաճարակը, ոչ մի խխունջ չի հանդգնի լքել իր հուսալի պատյանը և տրվել արևի ամոքիչ շողերին։ Որքա՜ն երջանիկ էի։
    Ամեն ինչ ունի իր անարդար վերջը, խխունջների ազնվազարմ ցեղն էլ ունի իր դաժան վերջը, որի դժբախտ մասնակիցն ու ականատեսը դարձա ես։ Աճեց, զորացավ Հողակերը  մարմնով, իմաստնացավ հոգով։ Եկավ օրը, երբ նա սողաց ինձ մոտ՝ խնդրելու օրհնությունս հայրական։ Խոստովանեց, որ հոգին կրծում է աշխարհ ճանաչելու համառ որդը։ Եվ պայծառ օրը մթնեց, թվաց՝ պատյանս փլվեց ու տակնուվրա արեց բզիկ-բզիկ մարմինս։
    Խնդրեցի սողալ կողքովս, մեկառմեկ պատմեցի այն ամենը, ինչ թաքուն էի պահել իմ վերջին հույսից՝ սկսած խխունջների վաղնջական ծագումից մինչև նրանց արատավոր այլասերումը։ Աղաչեցի չփնտրել այն, ինչից փախել էի ես, աղաչեցի մնալ համաճարակից  մոռացված այս լքյալ վայրում ու սկիզբ դնել նոր, առողջ սերնդի։ Լաց եղա կյանքումս առաջին անգամ և չամաչեցի իմ լացի համար, այնինչ սովորեցրել էի, որ խխունջի համար արտասվելն է ամենամեծ թուլությունը։ Ողջ օր ու գիշեր լսեց ինձ համբերատար, առանց որևէ բառ արտաբերելու, անշտապ սողալով կողքովս, իսկ երբ ծագեց արդար արևը, սարսափեցի իր օտարոտի նայվածքից, սարսափեցի  այն հուշից, որ խնամքով թաքցրել էի պատյանիս ամենախորքում. ճանաչեցի ա՛յն   հայացքը, որն իմ վերջին հիշողությունն էր հայրենի համայնքից։  Հողը պտտվեց, իսկ ես կորցրեցի անդավաճան գիտակցությունս։
    Երբ ուշքի եկա, լոկ սարսափն օգնեց, որ կրկին չկորցնեմ խաբեբա գիտակցությունս։ Նա իմ առջև էր, ինձ էր նայում նույն հայացքով։ Կախարդվածի պես  կպչել էի այդ հայացքին, իսկ նա դանդաղ խոսում էր.
    - Այժմ ես գիտեմ ամեն ինչ, ամե՛ն ինչ։ Քեզ չօգնեց քո լուռ խաբեությունը, քեզ չէր օգնելու հիմար պատահականությունը։ Բոլոր գաղտնիքները պետք է բացվեին իմ առջև, և բացվեցին։ Ինքդ ասա. կարո՞ղ  էի ես չիմանալ մի բան, ինչից չի խուսափել ոչ ոք,  և ոչ իսկ դու, ուսուցի՛չ։  Իսկ հիմա ես քեզ ասում եմ. դու գիտես, որ ուտելու եմ քեզ, բայց չգիտես, որ ես քո աշակերտն եմ և թույլ եմ տալիս՝ ասա քո վերջին խնդրանքը։ Կկատարեմ այն, թեկուզ խնդրես՝ գնալ աշխարհի մյուս ծայրն ու հետ գալ։ Միևնույն է՝ չես խուսափի ինձանից, ինչպես չխուսափեցիր ճակատագրիցդ՝ կեր դառնալու հոգեհարազատիդ։ Դու իմաստուն ես և կարող ես հաշտվել անխուսափելիի հետ։
    Մեծն արև, գոնե դո՛ւ տեսնում ես այս ամենը, և կպահպանես այս ամենը։ Ես խնդրեցի նրանից՝ իմ վերջին աշակերտից, թույլ տալ սողալով գրել ամենը, ինչ եղել է։ Հիմա ես սողում եմ ու գրում՝ գիտենալով, որ կրնկակոխ իմ ետևից է սողում ամենակեր Քաղցը՝ խխունջ-աշակերտի կերպարանքն առած։ Այս ամենը հիմա կարդում ես դու, արև՛, և դու կրկնում ես առանց հասկանալու, իմ վերջի՛ն աշակերտ։ Ես վերջացնում եմ, ես կանգ եմ առնում, և այնտեղ, որտեղ կկանգնեմ ես, կավարտվի Պատմությունը, որովհետև կավարտվի իմ կյանքը։

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: