Դավիթ Բալասանյան

Armenian
Ծնվել է 1983 թ. Երևանում: 2005 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (պրոֆեսոր՝ Աշոտ Զոհրաբյան), իսկ 2008 թ.՝ ասպիրանտուրան: 2009-13 թթ. աշխատել է կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնում՝ որպես ասիստենտ: 2006 թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: Հեղինակել է կամերային, դաշնամուրային, վոկալ, երգչախմբային և նվագախմբային ստեղծագործություններ: Նրա ստեղծագործությունները հնչել են Հայաստանում, Գերմանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Բրազիլիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Հունաստանում, իսկ դրանցից մի քանիսը` հրատարակվել շվեյցարական “Sordino” երաժշտական հրատարակչության կողմից: 2014 թ. Հանովերում հնչել է նրա “The Pillow Tagh” (“The Pillow Song”) ստեղծագործությունը, որը գրվել է «Օքտոպլուս» անսամբլի պատվերով (NDR Radiophilharmonie): Նրա մրցանակների շարքում են. Բենջամեն Բրիտենի 90-ամյա հոբելյանին նվիրված մրցույթի 2-րդ մրցանակը՝ «Կոմպոզիցիա» փայտյա-փողային կվինտետի համար (2003, Երևան): Երիտասարդ կոմպոզիտորների «Նարեկացի» մրցանակաբաշխության «Ժամանակակից դասական երաժշտություն» նոմինացիայի գլխավոր մրցանակը՝ ջութակի և դաշնամուրի համար գրված “Postlude In Memoriam...” ստեղծագործության համար: Սիչուանի կոնսերվատորիայի 6-րդ ստեղծագործական մրցույթի 3-րդ մրցանակը՝ «Ծաղկե պարտեզը խավարում» ստեղծագործության համար (2010, Սիչուան, Չինաստան): 2006 թվականին Վիեննայում մասնակցել է Եվրոպայի կոմպոզիտորների կոնգրեսին՝ ներկայացնելով Հայաստանը: Զբաղվելով նաև ջազային ներկայացումներով՝ Դավիթ Բալասանյանը հատկապես նախընտրում է կատարել իր սեփական ջազային իմպրովիզացիաները: Նա նաև անդամակցել է տարբեր երգչախմբերի՝ «Վարդանանք», «Հայաստանի կամերային ձայներ» և «Հովեր»: Դավիթ Բալասանյանը մի շարք երաժշտագիտական հոդվածների հեղինակ է: Նրա մյուս հետաքրքրությունների շարքում է նաև պոեզիան: Նա գրում է բանաստեղծություններ, որոնցից շատերը կարելի է գտնել նրա «Արահետներ» ժողովածուի մեջ («Միտք» հրատարակչություն), որը հրատարակվել է 2001 թ. Երևանում:
  • Hits: 26979

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: