Արտույտների ագարակը

Անի Հակոբյան, կինոգետ

Արտույտների ագարակը

ani hakobyan2    Մենակյաց ենք մենք ու ճգնավոր…
    Մեր երազանքները մենք թաղել ենք բիբլիական լեռան գագաթին, գագաթ, որ արդեն մերը չէ, գագաթներ, որոնք արդեն մերը չեն:
    Մենք էլ վաղուց մեզ չենք պատկանում՝ չնայած էս թվացյալ անկախությանը:
    Չորս կողմը թշնամի է ու անապատ: Ոչ ոք ծպտուն չհանեց 1915-ին:
    Մենակյաց ենք մենք ու ճգնավոր…

    Բայց հողը հիշողություն ունի, նրանում թաղված հոգիները հառաչում են դեռ, և այդ հառաչը խլացնել դուք այլևս երբեք չեք կարողանա:

    Հայոց ցեղասպանությունը փաստող քիչ ֆիլմեր կան, բայց դրանց շարքում «Արտույտների ագարակը» յուրահատուկ տեղ է գրավում: Ի տարբերություն Անրի Վերնոյի «Մայրիկի» կամ Ատոմ Էգոյանի «Արարատի»՝ այստեղ գործողության ժամանակը միայն 1915 թիվն է: Սա դասական մեծ կտավ է, որտեղ հերոսների պատմությունները միահյուսված են, որտեղ կարելի է աստվածաշնչյան կերպարներ գտնել: Այս կերպարների մեջ կարելի է տեղավորել ոչ միայն հայ ժողովրդի, այլև դաժանությունների զոհ դարձած շատ այլ ժողովուրդների պատմություններ: Դրանով իսկ այն ունիվերսալ է: Այն կարող է հուզել յուրաքանչյուրին, և այդ ունիվերսալության ստեղծարարները Տավիանիներն են: «Արտույտների ագարակը» օգնության մեծ ժեստ էր՝ կրկին անգամ աշխարհին հիշեցնելու կատարվածի մասին: Եթե Տավիանիների մեջ թեկուզ մի կաթիլ հայի արյուն լիներ, ֆիլմը այսքան մեծ աղմուկ չէր բարձրացնի: Երբ օտարն է ահազանգում, փաստն այլ հնչեղություն է ստանում. նշանակում է՝ ամեն ինչ դեռ կորած չէ:

    Պաոլոյին և Վիտտորիոյին եղեռնի պատմությամբ հուզելու համար պետք է երախտապարտ լինենք երկու հայ կանանց՝ Մելանիային՝ Տավիանիների մանկության դայակին, որը պատմել է փոքրիկներին հայոց ջարդերի մասին, և արձակագիր, գրականագետ Անտոնիա Արսլանին, որն իր նախնիների պատմությունը վերածել է Իտալիայում մեծ աղմուկ հանած ու մի քանի ամսվա ընթացքում ութ վերահրատարակություն ունեցած վեպի:

    Հայ կինոյի պատմության մեջ հազվադեպ է շեշտը դրվել հայ կնոջ կերպարի վրա: Տավիանիների շնորհիվ ծնվեց մի կերպար, որը դարձավ հայ կնոջ խիզախության և կանացիության մարմնացումը: Համաշխարհային կինոյում իր կրքոտ ու ցանկալի կերպարներով հայտնի իսպանացի դերասանուհի Պաս Վեգան կարողացավ ստեղծել միամիտ, բայց համարձակ Նունիկին: Նունիկը հակասական կերպար է՝ ընդունակ զարմացնելու հանդիսատեսին: Հայ կնոջ ստերեոտիպային կերպարի մեջ գրեթե հակասություններ չկան: Մեր քարացած պատկերացումների մեջ բացառվում է մի քանի փաստ. hայ աղջիկը չի կարող սիրել թուրք երիտասարդի, hայ աղջիկը չի կարող իր հոր մահվան օրը հրճվել այն մտքից, որ հուղարկավորությանը կտեսնի իր թուրք սիրեցյալին, և վերջապես, հայ աղջիկը ինքնակամ չի տրվի անծանոթ թուրք տղայի, այն էլ այն թուրքին, որին չի սիրում:

   Բայց հենց իր հակասություններով ու անակնկալներով է Նունիկն այսքան հմայիչ, հետաքրքիր ու գունեղ:

artuuytneri agarak    Թշնամուն սիրելու մեջ, այն էլ դարավոր թշնամուն, ինչ-որ անբացատրելի, գեղեցիկ բան կա: Սակայն դժվար թե դա կարելի է սեր կոչել: Դա սիրո մի ծիլ էր, որ չհասցրեց ծաղկել, չհասցրեց կայանալ: Ֆիլմում ցեղասպանության սարսափը հենց այնտեղ է, որ այն սպանում է նույնիսկ սիրո հայտնությունը: Իսկ Յուսուֆին տրվելը ուղղակի «գեղեցիկ» մեռնելու մի տարբերակ էր: Տեսնելով հայ կանանց հանդեպ կատարվող սարսափելի սեռական ոտնձգություններն ու չարագործությունները՝ Նունիկը միայն մի տարբերակ ուներ՝ թշնամու բանակում գտնել գոնե մի փրկօղակ` երեխաներին մի կտոր հաց ճարելու համար: Եվ ով գիտի, թե ինչքան այսպիսի հայ Նունիկներ են եղել, որոնց ապրումները մնացել են չբացահայտված և չշոշափված: Տավիանիները երբեք չեն իդեալականացնում իրենց կերպարներին, հակառակը՝ նրանք ցուցադրում են մարդկայինը՝ դրանով իսկ դարձնելով նրանց ավելի ճշմարտացի ու ավելի հուզիչ:

    Թուրքերի կերպարները ֆիլմում տարբեր են: Նազիմը, որը կարծես ավետարանական Հուդայի կերպարն է, դավաճանում է Ավագյաններին, իսկ հետո, գիտակցելով սեփական մեղքի ծանրությունը, փրկում նրանց ողջ մնացած երեխաներին: Էգոնը իսկապես սիրում էր Նունիկին, բայց…

    «Նա սիրում է քեզ, բայց այդ խարույկը չափից դուրս ուժեղ է վառվում, այն կարող է մարել»,- ասում է հույն աղախին Իսմենան Նունիկին: Էգոնը վառված էր կրակով, բայց պատրաստ չէր ուղեկցել իր սիրեցյալին եղեռնի ճանապարհին, չուներ այդքան խիզախություն լինել Նունիկի կողքին ամենադժվար պահերին:

    Խիզախությունը հերիքում է Յուսուֆին, միակ թուրք կերպարը, որը պատկերվում է միմիայն դրական գույներով: Կինեմատոգրաֆում իրենց հումանիզմով հայտնի Տավիանի եղբայրները չէին կարող խավարի մեջ լույս չտեսնել: «Մի՛ վախեցիր,- ասում է Յուսուֆը Նունիկին՝ գիտակցելով, որ արդեն կորցնում է նրան,- ես ուրիշ կանանց չեմ պահի, միայն քեզ»:

    artuuytneri agarak2Վերջում, երբ Յուսուֆը սպանում է Նունիկին, որքան էլ տարօրինակ է, հենց այդ ժամանակ է նրա մեջ ծնվում հերոսը. այս դեպքում սպանությունը դառնում է փրկություն, դառնում հերոսություն: Իսկ տարներ անց դատարանում սեփական ոճիրը խոստովանելը այդ հերոսության բարձրակետն է դառնում՝ չնայած որ դա ընդամենը ջրի մաքուր մի կաթիլ էր արդեն աղտոտված օվկիանոսի մեջ: Յուսուֆի կերպարով Տավիանիները ցանկանում էին ոչ միայն հաշտեցնել ժողովուրդներին(մի բան, որ երևի թե անհնար է), այլև ցույց տալ, որ ժողովուրդները իրականում միմյանց դեմ ոխ չունեն պահած: Ցեղասպանությունը մի քանի հիվանդ անհատների, մի քանի մեծ տերությունների կեղտոտ խաղի մի մասն էր, խաղ, որ ծնեց վրեժի և վշտի անբուժելի զգացում, որ արդեն համարյա մեկ դար է, որ հանգիստ չի տալիս:

    Դարերով կողք կողքի ապրել են, առևտուր են արել, ընկերություն են արել, բայց թշնամությունը նույնպես դարերով քայլել է նրանց հետ: Տավիանիները խորամանկ քայլ են ձեռնարկել ֆիլմի մեջ. նրանք ընդգծում են հայերի և թուրքերի ընկերությունը, բայց շեշտը դնում են հայերի միամտության և դյուրահավատության վրա: Արամ Ավագյանը մինչև վերջին պահը չէր հավատում «սև ամպերի» գալստին, նա հանգիստ բացատրում էր խուճապի մատնված բժիշկին, որ վախենալու ոչինչ չկա.«Բժիշկ Գրիգորը փրկել է գեներալ Արկանի կյանքը: Դուք վախենալու ոչինչ չունեք: Նա չի ուզենա զրկել քեզ կյանքից»:

    Ի՞նչ իմանար Արամը, որ հենց գեներալը կկրակի արդեն արնաքամ բժիշկի գլխին… Ի՞նչ իմանար Արամը, որ իր գլուխը մի չարանենգ թրի հարվածով կընկնի իր պաշտելի կնոջ գիրկը:

    Թափառելով համացանցում՝ շատ տարբեր կարծիքների հանդիպեցի «Արտույտների ագարակի» մասին: Կան մարդիկ, որ ծանոթ լինելով Տավիանիների արվեստին, «Արտույտների ագարակը» համեմատում են նրանց այլ ֆիլմերի հետ և այն համարում են միջակ: Կան ցինիկ կարծիքներ, որ իբր հայերի ցեղասպանությունը իդեալական թեմա է սեփական հանդիսատեսից հեշտ ճանապարհով արցունքներ կորզելու համար: Եթե օտարազգիներն են այսպես արտահայտվում, դեռ կարելի է հասկանալ, բայց ինձ համար անհասկանալի է մնում, երբ հայ հանդիսատեսն է ուզում ցեխը մտցնել այս ֆիլմը: Հենց այս պահին Հայաստանի Հանրապետությունում ապրող և ստեղծագործող ոչ մի ռեժիսոր չի կարող այդքան միջոցներ հայթայթել այսպիսի մասշտաբային ֆիլմ նկարելու համար, էլ չեմ խոսում գեղագիտական հնարավորությունների մասին, որոնց հարցում հայ ռեժիսորները իսկապես թերանում են:

artuytner    Ֆիլմի հիմքը՝ Արսլանի վեպը, ինքնին արդեն թելադրում է սյուժետային կուռ կառույց, իրադարձությունների և ճակատագրերի փոխկապակցվածություն: Դրամատիզմը աճում է, աճում ու պայթում ամենավերջում: Դրամատիկ պայթյունին հաջորդում է մեր էմոցիոնալ պայթյունը էկրանից այս կողմ:

    Խնձորը ֆիլմում հայտնվում է երկու անգամ: Առաջին անգամ այն փրկում է Նունիկի կյանքը (հիշենք՝ ինչպես էին թուրք ամուսինները ընտրել նրան որպես աղախին ու խնձոր էին առաջարկում, որից Նունիկը հրաժարվում է), իսկ երկրորդ անգամ խլում է նրա կյանքը խուճապի մատնված փոքրիկի աղաղակի պատճառով:

    Տավիանի եղբայրները միանշանակ էսթետներ են, ֆիլմի յուրաքանչյուր կադր շնչում է որպես գեղագիտական նրաբաճաշակ պատկեր: Կան, իհարկե, նաև թերություններ: Հայկական մշակույթի որոշ տարրեր այնքան էլ ճշգրիտ չեն ներկայացված. զգացվում է, որ երկարատև լուրջ ուսումնասիրություն չի կատարվել, ռեժիսորների կողքին չեն եղել հայագետներ կամ հայ խորհրդատուներ: Քոչարին նման չէ քոչարիի, «Ո՛վ, սիրուն, սիրուն» երգը դեռ գոյություն չուներ 1915-ին և կատարվում է որոշ սխալներով: Սակայն այս ամենը իրականում այնքան կարևոր չէ, ինչքան կարևոր է ձգտումը՝ ֆիլմը դարձնել ավելի ազդեցիկ: Ու թեկուզ եթե միայն մենք ենք հասկանում «Ո՛վ, սիրուն, սիրուն»-ի բառերը, գիտակցում ենք, որ երգը հենց այնպես չի ընտրվել, որ այն կցվում է Նունիկի պատմությանը, այն դառնում է Նունիկի ճակատագրական մենախոսությունը:

    Հարցազրույցներից մեկում Պաոլո Տավիանին ասել է. «Մենք Վիտտորիոյի հետ ասացինք՝ահա՛ ինչ ենք մենք ուզում նկարել: Մենք անցել ենք ֆաշիզմի միջով, մեր հայրը հակաֆաշիստ էր, մենք տեսել ենք ֆաշիզմի սարսափները: Մենք տեսանք դրա մեկ այլ դրսևորումը: Մեր ֆիլմը պատմական հետաքննություն չէ: Այն սկսում է մեր ժամանակներից ու դառնում պատմություն: Մենք մասնավորից գնացել ենք դեպի ընդհանուրը: Սա շատ ժամանակակից կինոնկար է… Մեր ֆիլմի հիմքում դրամատիկ պատմություն է: Պատմություն, որը մենք ուզում ենք պատմել: Այն, ինչ մենք ինքներս ենք ուզում տեսնել էկրանին»:

  Մեծ և փոքր «ցեղասպանություններն» այցելում են մարդկությանը ժամանակ առ ժամանակ. դրանք ծնվում են չարացած անհատներից, որոնք ոչ միայն նյութական շահից և իշխանատենչությունից են արյուն թափում, այլև մտավորականության ձայնը խլացնելու պահանջից: Մտավորականության մի մեծ զանգված մենք կորցրիք 1915թ. ապրիլին: Այդ պայծառ ուղեղներն անհետ կորան, մնաց ոգին, որը անմահ է, նշանակում է նրանք դեռ ապրում են մեր մեջ: Մեր քաղաքում, մեր երկրում շրջում են երիտասարդ ուրվականներն ու փնտրում են դատարկ տներ, փնտրում են հանգստություն կարծես արդեն ծիլ տվող այս հողի վրա...

1
  • Created on .
  • Hits: 7312

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: