Տիկնիկային վավերագրություն. Բուկովսկու կենսագրությունը բեմում

Տիկնիկային արվեստը, որը հաճախ ընկալվում է որպես մանկական լսարանին ուղղված թատերախաղի ձև, ներկայում գրավում է նոր հորիզոններ՝ փորձարկելով ոչ միայն նյութի, այլև ժանրային սահմանների հնարավորությունները։ Այդ առումով Մարիկա Դովլաթբեկյանի բեմադրած «Բուկովսկի» վավերագրական-տիկնիկային ներկայացումը դիտվում է որպես նշանակալի փորձ՝ համադրելու կենսագրական դրաման, փաստագրական նյութը և տիկնիկային լեզվի պլաստիկան։
Դոկումենտալ թատրոնը որպես ներկայացման հիմք` ամբողջությամբ կամ մասամբ օգտագործում է վավերագրական նյութեր՝ (հարցազրույցներ, զեկույցներ, լուրեր) հիմնականում առանց փոփոխելու դրանք։ Վավերագրական թատրոնը փորձում է սոցիալական խնդիրները բեմ հանել` գեղարվեստական մեթոդներով շեշտելով փաստերը։ Պիեսի հեղինակը փորձում է հանդիսատեսի հետ երկխոսության մեջ մտնել` շեշտելով տվյալ իրադարձության հոգեբանական կողմը։ Մարիկա Դովլաթբեկյանը, հիմք ընդունելով Բուկովսկու ստեղծագործությունները, նրա հարցազրույցները, ներկայացրել է հեղինակի կյանքի պատմությունը։
«Բուկովսկին» տարբեր բեմերում խաղալուց հետո (Մհեր Մկրտչյանի անվան արտիստական, Մետրո և Բաբելոն թատրոններում) այժմ խաղում են՝ Երևանի Ազգային տիկնիկային թատրոնի փոքր բեմում։ Բեմում դերասանուհի Մարիամ Ալեքյանն ու դերասան Նարեկ Ալեքսանյանն են։
Չարլզ Բուկովսկու կերպարի բեմական մշակումը Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում
Գերմանիայում ծնված ամերիկացի բանաստեղծ ու վիպագիր Հենրի Չարլզ Բուկովսկին դժվար մանկություն ու պատանեկություն է ունեցել։ Նրա հայրը խիստ ու դաժան էր։ Բուկովսկին մեծացել է փակ, վախեցած և ագրեսիվ միջավայրում։ Նրա կյանքի մեծ մասն անցել է բառերում, գինետներում որի մասին հետագայում կգրի. «Ալկոհոլը ինձ երկար ժամանակ օգնելու էր»։ Այդ դժվարությունները չէին կարող չանդրադառնալ նրա ստեղծագործությունների վրա։ Նա իր բանաստեղծություններում, պատմվածքներում ու վեպերում խոսում էր ամերիկացի աղքատների առօրյայից, ալկոհոլից, կանանց հետ ունեցած հարաբերություններից ու ծանր աշխատանքից։
Երիտասարդ բեմադրիչ Մարիկա Դովլաթբեկյանին Բուկովսկին հետաքրքրել է ոչ միայն որպես գրող, այլ, ով բազմաթիվ դժվարությունների միջով է անցել ու չնայած դրան՝ ստեղծագործել է։
«Բուկովսկի» տիկնիկային-վավերագրական ներկայացումը սկսել է իր ճանապարհը տարիներ առաջ՝ դեռ Մարիկա Դովլաթբեկյանի ուսանողական տարիներից, երբ նա բեմադրեց 15 րոպե տևողությամբ էտյուդ՝ «Կապույտ թռչուն» անվամբ։ Այն մասնակցել է «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնին (հիմնադիր Գագիկ Ղազարէ), որտեղ արժանացել է մի շարք մրցանակների՝ ներառյալ Լավագույն ռեժիսուրա և Լավագույն սցենոգրաֆիա։ Այս փառատոնն առանձնահատուկ էր բեմի չափերով՝ միայն մեկ քառակուսի մետր տարածություն, իսկ ներկայացման տևողությունը չպետք է գերազանցեր 45 րոպեն։ Ժանրի, ձևի ու կերպարների սահմանափակումներ չկային։
Եթե չիմանայինք, որ բեմադրության պայմաններից է եղել աշխատել մեկ քառակուսի մետրի վրա, հարց կառաջանար՝ ինչու է ռեժիսորն ընտրել սև արկղը, որի վրա տեղի են ունեն գործողությունները (բեմի մեջտեղում սև արկղ է, որը ռեժիսորը ճիշտ ու արդյունավետ է օգտագործել։ Այն դառնում է՝ ծննդատուն, տուն, գիշերային ակումբ, տպագրատուն, զբոսայգի և այլն)։
Մարիկա Դովլաթբեկյանի ռեժիսորական մոտեցումը հետաքրքիր է։ Յուրաքանչյուր դրվագ մանրակրկիտ մշակված է։ Գրեթե բոլոր տեսարանները շատ կոնկրետ են սկսվում, զարգանում ու ավարտվում։ Այդ ավարտուն վիճակը ստացվում է շնորհիվ այն բանի, որ դերակատարներից մեկը (Նարեկ Ալեքսանյան) համառոտ պատմում է պատմությունը, այնուհետև տիկնիկի միջոցով (վարում է Մարիամ Ալեքյանը), տեսնում ենք այդ դրվագները (oրինակ՝ լսում ենք. Ծնվեց «կեղտոտ ռեալիզմի» ներկայացուցիչ Չարլզ Բուկովսկին, առաջին պլան է գալիս տիկնիկը ու ներկայացնում երեխային, նրա խաղալը, ուրախությունները)։
Բուկովսկու կյանքում կանայք առանձնահատուկ տեղ են գրավել։ Նրա հարաբերությունները կանանց հետ առանձնանում էին ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական խորությամբ։ Ներկայացումը ինտիմ ու բաց տեսարաններ է ներառում՝ խորացնելով Բուկովսկու այն ողբերգական երկվությունը, երբ նա համատեղում է իր մարմնական ցանկությունները և ներքին հակասությունները։
Թատերախաղը տալիս է Բուկովսկու կյանքի ընդհանուր պատկերը, բայց կան կետեր (հարաբերությունը հոր հետ, նրա հասարակական կյանքը, ինչու սկսեց գրել, հետո դադար վերցրեց ու տասը տարի անց սկսեց նորից գրել) որոնք ավելի մանրամասն կարող էին ներկայացվել։ Սերը Լինդայի հանդեպ, նրա զգացողությունները, հայտնիություն ձեռք բերելուց հետո նրա կյանքը և այլ մանրամասներ շատ թռուցիկ են ներկայացված։ Գուցե բեմադրիչը ցանկացել է խուսափել հանդիսատեսին ձանձրացնելու վտանգից, սակայն ներկայացման մնացած տեսարանների խորությունը և վարպետությունը թույլ են տալիս ասել, որ նման մտահոգություններն անտեղի են։
Ներկայացումը մեծ հաջողություններ է ունեցել այլ երկրներում․ այն բազմաթիվ անգամներ մասնակցել է միջազգային թատերական փառատոնների և մրցանակներով վերադարձել։ Չնայած այդ ամենին՝ հայ հանդիսատեսն այդքան ծանոթ չէ բեմադրությանը և լեփ-լեցուն դահլիճ դժվար թե տեսնեք։ Սա, գուցե, նաև ստեղծագործական խմբի բացթողումն է, և այդ ուղղությամբ մարքեթինգային լուրջ քայլեր են անհրաժեշտ։
Ամեն դեպքում՝ վստահորեն կարող ենք ասել, որ «Բուկովսկին» վավերագրական թատրոնի, լավ ռեժիսորական աշխատանքի և դերասանական վարպետության հետաքրքիր նմուշ է։
Արմինե Դանիելյան
- Created on .
- Hits: 88