«Չե՞ս պարի ինձ հետ» ներկայացում. «Էդգար Էլբակյան» թատրոն

 

 Ներկայացումը նվիրվում է Վիլյամ Սարոյանի 100-ամյակին

Դերերում` Աննա և Արմեն Էլբակյաններ

Վարկածը և բեմադրությունը` Արմեն Էլբակյանի

Նկարիչ՝ Մարտիրոս Բադալյան

 

Ինչպես Էռնեստ Հեմինգուեյի «Ֆիեստա» ստեղծագործության մեջ, ուր ամեն օրը մյուս օրերից քիչ բանով է տարբերվում, այնպես էլ Արմեն Էլբակյանի «Չե՞ս պարի ինձ հետ» վարկած-ներկայացման մեջ, որը Վիլյամ Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը», «Իմ սիրտը լեռներում է», «Ցուրտ օր» և մի քանի այլ պատմվածքների վրա է հիմնված, կյանքը ցիկլիկ, երբեմն նմանօրինակ օրերի քրոնիկոն է, որն ընդմիջվում է Վիլյամ Սարոյանի էքզիստենիցալ մտորումներով` գրողների, ճշմարտության, կյանքի գոյի, բարության մասին` բարձրաժեք պահելով մարդուն, քննելով ու բացահայտելով նրան: 

«Բարին ազատ է և աներկյուղ... դու ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին ու տգիտությանը, այլ ժպտա կեցության անծայր խնդության և գաղտնիքի հանդեպ»:

Վերնագիրն, իհարկե տրամադրում է պարի ռիթմիկ շարժումների, գործողությունների, հետաքրքիր իրադարձությունների անվերջ և դինամիկ շղթայի, իսկ պար, այս ներկայացման ընթացքում, այդպես էլ չկա:

Այստեղ իրադարձություններն այն արագությամբ ու բովանդակությամբ չեն զարգանում, ինչպես սովոր է 21-րդ դարի մարդը: Այս ներկայացումն ավելի շատ ինքնառաջադրված հարցերի ու խնդիրների բախում է. սա ներաշխարհի իրադարձություններն են` գոյի և կեցության ձևերի բացահայտման համար:

Չորս տարբեր կերպարների բախումն ու միաժամանակ ձուլումն է ներկայացված: Բոլորն էլ հավաքական կերպարներ են` միաժամանակ տարբեր և շատ նման պատմություններով:

Ջոն, ում սիրտը Շվեդիայի լեռներում է, ամբողջ օրն անցկացնում է Սան Ֆրանցիսկոյի մի փտած պանդոկում` խմելով, որ չտեսնի շրջապատում կատարվող իրականությունը: Ջոյի հավաքական կերպարի մեջ է ամփոփված սեփական գոյի գիտակցված ոչնչությունը  մի կերպ տանելի դարձնող մարդկանց տեսակը: Ձևը` օգնություն, նպատակը` ինքնարժևորելու և «քեզնից ինչ-որ բան» ներկայանալու համար: Հարբեցողի այս կերպարը սիրելի գուցե չի դառնում, բայց հստակ դրական կերպար է:  Մարդկանց մեջ բարին փնտրելու ու գտնելու, օգնելու մղումը ստիպում է աչք փակել նրա վատ սովորությունների վրա:

Հետաքրքիր է դերասանների կերպարանափոխությունները, այն թե ինչպես է Աննա Էլբակյանը ընդամենը մի քանի րոպեի ընթացքում 13-ամյա Թոմից, ով իրեն մեծավարի էր պահում և իր տարիքը մի քանի ամսով մեծ էր ասում, ինչպես սովորաբար լինում է երեխաների մոտ, ում ծանր կյանք է բաժին հասել, վերափոխվում ու դառնում է հմայիչ, գեղեցիկ մարմնավաճառ Քիթի Դյուվալ:

Թոմի` կարկատած, մի քանի անգամ իր հագից մեծ հագուստը կամ էլ մարմնավաճառի վառ կարմիր փայփլուն կարճ շրջազգեստն ու երկարաճիտք կոշիկները միայն բավական չէին, այստեղ ավելին էր, այստեղ ներքին հոգեվիճակի ամենանուրբ երանգներն էր, որ ստիպում էին չընկալել դերասանի նույնությունը: 

Ամբողջությամբ հոգեվիճակների յուրահատկության միջոցով կերպարների մատուցումը Արմեն Էլբակյանինն էր: Վիլյամ Սարոյանի և Ջոյի կերպարը մարմնավորող դերակատարի բեմական հագուստն ընդհանրապես չի փոխվում`լայնեզր գլխարկ և երկար բաց դարչնագույն վերարկու:

Քիթի Դյուվալի կերպարում բացահայտ թեթևամտության խորքերում  թաքնված են մենության դժվարությունները, սիրվելու անհագ մղումը, ընտանիք կազմելու երազանքն ու չստացված կյանքը: Դյուվալի փնտրածը շքեղ կյանքը չէ, այլ ամենահասարակն ու ամենազորեղը:

«Այնտեղի հոտն է ուրիշ, ես այնտեղ ինձ միայնակ եմ զգում»:

Ռեժիսորի` սիրո ուժի ներկայացման լուծումն, հետաքրքիր է: Թոմը զարմացած պատմում է Քիթի անունով ձիու մասին, ով նվազ էր, հիվանդ և մրցաշարում հաղթելու ոչ մի շանս չուներ, հանկարծ առաջ է անցնում ու հաղթում բոլորին:

Ջազի պարային և հանդարտ ռիթմերը ոչ միայն տեղափոխում են Սան Ֆրանցիսկոյի այդ պանդոկը, այլև օգնում թեթևացնել հռետորական հարցերի ծանրությունը:

Ռեժիսոր Արմեն Էլբակյանը հետաքրքիր ու նուրբ ձևով է մատուցում նաև մարդկային պարադոքսները` մարդու ծայրահեղ էությունները: Թոմը ուզում էր մեծ երևալ իր տարիքից, բայց մի մանկական հրճվությամբ է լցվում, երբ իմանում է բեռնատարի վարորդի օգնական լինելու մասին, Ջոն խաղալիքներ և ատրճանակ է ցանկանում գնել, Քիթին էլ ցանկանում էր վերադառնալ հայրական տուն՝ մոր մոտ:

Ճշմարտությունն այլ տեղ է թաքնված` մանկական անմեղության, որ ընդարմացած է յուրաքանչյուրի մեջ և արթնանում է, երբ անպաշտպան կամ էլ թույլ ենք զգում:

Ներկայացումը չի տալիս պատրաստի պատասխաններ, ներկայացումից հետո ոչ միայն տպավորություններ  են, այլև չպարզված հարցեր, որոնց մասին դեռ պետք է մտածել:

 

Մերի Հովհաննիսյան

  • Created on .
  • Hits: 27441

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: