Կիսինի համերգի տոմս ունե՞ս

   Շաբաթներ շարունակ Երևանում կարելի էր ամենուր տեսնել մի պաստառ` աննախադեպ համերգի մասին տեղեկացնող: Համերգն իսկապես նախադեպը չուներ և շատ սպասված էր երաժշտասեր հասարակության կողմից: Համերգի կազմակերպիչն էր «Երևանյան հեռանկարներ» 13-րդ փառատոնը (գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյան), որն անցկացվում էր ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Վերջապես այն տեղի ունեցավ. սեպտեմբերի 27–ին Արամ Խաչատրյան մեծ դահլիճում մենահամերգով հանդես եկավ աշխարհահռչակ դաշնակահար, կենդանի լեգենդ Եվգենի Կիսինը: Շուրջ մեկ ամիս Կոնսերվատորիայի ուսանողներին հետաքրքրող առաջին հարցն էր` «Կիսինի համերգի տոմս ունե՞ս»:

   Դեռևս փոքր տարիքից Ժենյա Կիսինը (այդպես էին նրան կոչում մանուկ ժամանակ) առանձնանում էր յուրահատուկ տաղանդով և կատարողական բարձր արվեստով, ինչի համար նրան հրաշամանուկ էին համարում: Վեց տարեկանում նա ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական դպրոց` իր առաջին և միակ ուսուցչուհու` Աննա Պավլովնա Կանտորի դասարան: Իսկ արդեն տասը տարեկան հասակում հանդես է գալիս մենահամերգներով և ելույթ ունենում աշխարհի ամենահայտնի նվագախմբերի և դիրիժորների հետ` կատարելով այնպիսի բարդ ծրագրեր, որոնցով ներկայանում էին կայացած դաշնակահարները (հիշեցնեմ, որ այժմ նա 41 տարեկան է):

   EKJ3Եվգենի Կիսինը երբեք չի մասնակցել կատարողների ոչ մի մրցույթի, բայց, այդուհանդերձ, ստացել է մի շարք պարգևներ, որոնցից են Grammy awards (2006 և 2007 թթ.), Musical America, Triumph Award և այլն: Նշեմ նաև, որ Կիսինը ելույթ է ունենում գրական երեկոների ժամանակ, ընթերցում, ձայնագրում և պրոպագանդում հրեական պոեզիա: Բացի այդ՝ նա օժանդակում է Հայոց Ցեղասպանության ընդունմանը` հրաժարվելով ելույթներից այն չընդունող երկրներում:

   Եվգենի Կիսինի կատարումները առանձնանում են գրագիտությամբ, զգացմունքայնությամբ և ստեղծագործության դարաշրջանի ճիշտ ընկալմամբ: Այս հատկանիշներով կարելի է բնութագրել նաև սեպտեմբերի 27-ին Երևանում կայացած համերգը: Նրա կատարմամբ հնչեցին Յոզեֆ Հայդնի թիվ 49 Սոնատը, Լյուդվիգ վան Բեթհովենի թիվ 32 Սոնատը, Ֆրանց Շուբերտի 4 Էքսպրոմտները, Ֆերենց Լիստի թիվ 12 Հունգարական ռապսոդիան: Համերգը իրոք ստացվեց, դահլիճը լեփ-լեցուն էր, հանդիսատեսը՝ ցնցված:

   Ծափահարություններն այնքան երկար տևեցին, որ Կիսինը ստիպված էր երկու անգամ բիս նվագել: Համոզված եմ, որ այս համեգը հայ երաժշտասերը դեռ երկար չի մոռանա: Իսկ աշխարհահռչակ դաշնակահարի երկրպագուներին տեղեկացնեմ, որ Եվգենի Կիսինը ունի իր պաշտոնական կայքը`http://www.kissin.dk/:
                                                                                                           Սոնա Հայկազուն

  • Created on .
  • Hits: 4108

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: