Իսկ այնտեղ ճերմակ հողմաղացներ կան...

   Վեհ ու հանդիսավոր պտույտներով ողջունող հողմաղացներ...անհաշիվ ճերմակ եռաթևերի պտույտներ, որոնցում ասպետական ժամանակների անդառնալիությունն է, մեկնակետ վերադառնալու իմաստն է, ազատությունն է:

   Ինչ են տալիս փառատոները մասնակիցներին` մասնագիտական փոխշփումներ, փորձի փոխանակում, աշխարհայացքի ընդլայնում, ընդհանուր համատեքստում քոնը դիտարկելու, այլազգի բարեկամներ ձեռք բերելու հնարավորություն: Չենք մոռանում նաև ամռան, գույների, արկածների, ժպիտների մասին, որոնք գալիս են ամբողջացնելու մի տոն, որը գուցե չլքի քեզ: 

   Հունիսի 19-25-ը Բրատիսլավայի Կատարողական արվեստների ակադեմիայի կողմից անցկացվեց ″Istropolitana project’14″ 20-րդ միջազգային թատերական հոբելյանական փառատոնը, որի շրջանակում, որպես ուսանողական ժյուրիի անդամ հրավիրվելով Բրատիսլավա, մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալու աշխարհի տարբեր թատերական դպրոցների ստեղծագործական գործունեությանը: Դիտելով մեր հասակակիցների մասնակցությամբ ներկայացումներ` մենք առնչվեցինք բոլորովին տարբեր պատկերացումների, համոզվեցինք, որ նրանք ստեղծագործում են համարձակ,  ներկայացման համար գրական հիմք են ընտրում  թե՛ ժամանակակից և թե՛ դասական պիեսներ, արծարծում տարատեսակ խնդիրներ: Այսօրվա երիտասարդ թատերական գործիչները դիմում են տարբեր փորձարարությունների, փնտրում են բեմական ընթերցման նոր միջոցներ, ճկուն կերպով համադրում թատերարվեստի տեսակներ:

   Փառատոնում մրցութային 20 ներկայացումների հետ մեկտեղ ցուցադրվում էին նաև ոչ մրցութային ներկայացումներ, որոնք պրոֆեսիոնալ ռեժիսորների աշխատանքներ էին, ու մենք հնարավորինս լայն պատկերացում էինք կազմում մասնակից երկրների թատերական գործունեության մասին: Ուսանողական ժյուրիի յոթ անդամները պետք է մրցանակ շնորհեին հինգ անվանակարգում: Արդյունքում ընտրվեցին հնարավորինս ավարտուն աշխատանքներ` գաղափարական, երևակայության, կատարողական առումներով առավել նշանակալիները:   

   Փառատոնի շրջանակում ցուցադրվող ներկայացումներից թե՛ դերասանական կատարմամբ, թե՛ ռեժիսորական լուծումներով առանձնացավ Խորվաթիայի «Եվ...սիրելի օր» ներկայացումը, որն էլ արժանացավ ուսանողական ժյուրիի գլխավոր մրցանակին: Այս ներկայացման մեջ բեմը դառնում է մի վայր, ուր չստացված կյանքից, կործանված երազանքների գիտակցությունից հոսում են արցունքներ, բախվում են մարդկային տարբեր հույզեր: Սեմուել Բեքեթի այս պիեսի բեմական ընթերցումը ապացույց է թատերական արվեստի նրբությունների իմացության: Բեմական ձևավորումը միանգամից հանդիսատեսին ներքաշում է կերպարների աշխարհ: Թափթփված շորերը վկայում են ճամպրուկային տրամադրության մասին:  Շրջապատող կենցաղային իրերը ասես փրկություն են Գլորիջայի (Ն. Սաբո) համար, որովհետև, զբաղվելով դրանցով, նա ասես հիմնավորում է Վիննիից (Վ. Լոնկարիչ) իր՝ հնարավորինս հեռու գտնվելու փաստը, ինչ-որ տեղ նաև թաքնվում նրանից: Դերասանուհին մեծ հմտությամբ է զարգացնում կերպարի վարքագիծը: Առաջին հայացքից կոպիտ ու չար, հաղթանդամ, անտարբեր ներկայացող Գլորիջան հետզհետե բացահայտվում է հանդիսատեսի առաջ: Մենք տեսնում ենք չիրականացած երազանքներով, անընդհատ պայքարելուց հոգնած մի կնոջ, ում ուսերին են ծանրացել թե´ իր և թե´ Վիննիի ապրելու խնդիրը: Դերասանուհին բեմում աշխատում է հզոր պրոֆեսիոնալիզմով: Նա իր կերպարի համար առանցքային է դարձրել ախտահանող հեղուկով ձեռքերը շփելը ու ծխախոտ ծխելը:

   Վիննին հանդիսատեսին ներկայանում է որպես անվասայլակին գամված մի հաշմանդամ, ով տանջվելով, մեծ դժվարությամբ է հաղորդակցվում: Սակայն հիշողության տեսարաններում նա վեր է կենում սայլակից ու քայլում: Էկրանը գործի է անցնում` ցուցադրելով խառը պատկերներ, առավել սրում իրավիճակը:

   Ներկայացման մեջ հզոր նշանակություն ունեն աղմուկները, երկար, շատ երկար ձգվող դադարները, որոնք առավել են լարում բեմական իրավիճակները:

   Եվ այսպես` կյանքը շարունակվում է....

   «Խենթ, տարօրինակ», արկածներով լի անվանակարգում հաղթող կարող է ճանաչվել միայն այն ներկայացումը, որը իր յուրատեսակ կոնտակտն է հաստատում քեզ հետ: Ոչ ստանդարտ ներկայացում է, գերազանցում է դասական թատրոնի պատկերացումներով վարագույրի բացվելուն սպասող հանդիսատեսի ակնկալիքները: Այս թատրոնում հանդիսատեսը պարտադիր գործող անձ է, իր ներկայությամբ ու որոշ գործունեությամբ գործողությունների զարգացմանը նպաստող: Ռեժիսորական մտահղացման համաձայն՝ շարժվող տուփերով, աներևակայելի, նախամարդուն բնորոշ մռնչյուններով, հնչյուններով ընթանում էր մի հաղորդակցություն, որը կարողանում էր փոխանցել գաղափարական հիմնական ընդհանրացումները: «Բլոգիջ» (Շվեյցարիա) ներկայացման մեջ քննվում էր մարդկային գոյության իմաստը, տիեզերական անհունը ու այնտեղ հայտնված գոյի խնդիրը, անհասկանալի ավարտ ունեցող հարաբերությունները: Դերասանները խաղատարածք էին ընտրել կրկեսի արենա հիշեցնող մի հարթակ, որի շուրջբոլորը նստած էր հանդիսատեսը: Լուսային ձևավորումը նույնպես մեծ դեր ուներ ներկայացման մեջ և ընդհանուր խավարում իր վառ լուսաշրջագծերի մեջ էր առնում անհրաժեշտ օբյեկտները:

   Ներկայացումների հաջողության գաղտնիքներից մեկն է նաև անսպասելիությունը, ինչը զարմացնում է հանդիսատեսին, ստիպում զգոն դիտել ներկայացումը:     Ուսանողական ժյուրիի մրցանակին արժանացած հաջորդ ներկայացումը` «Պեր Գյունտ»-ը («Լավագույն ռեժիսոր», «Լավագույն բեմական ձևավորում», Պրահա) կարողացավ հանդիսատեսից կորզել այդ ուշադրությունը, տալ էներգետիկ լիցքեր, իբսենյան իր ընկալումը, որը մարդկային փոխհարաբերությունների մասին է, դիմացինի մեջ դրականը արթնացնելու, մարդկային էության որոշ շերտերին ծանոթացնելու մասին: Ներկայացումը շահեկան վիճակում չէր դերակատարման, ռեժիսորական ինչ-ինչ վճիռների առումով: Նույն կերպ չի կարելի արտահայտվել բեմանկարչության մասին, որը հենքային դեր էր ստանձնել ներկայացման մեջ, որի գործողությունները ընթանում էին բեմական մի քանի հարթակների վրա: Բեմանկարիչը (Բ. Կոնեչնա) գործողության վայր էր ընտրել նույնիսկ չսպասված վայրեր: Դերասանների որոշ մուտքեր հանդիսատեսին մեծ զարմանք էին պատճառում, ստիպում լարել ուշադրությունը և առավել զգոն հետևել զարգացումներին: Ընդհանուր ձևավորումը մուգ գունավորմամբ էր ներկայանում ու փոքր-ինչ ճնշող  տպավորություն էր թողնում: Տախտակների բազմաֆունկցիոնալ կիրառումը և արագ փոփոխումը ռիթմ և շարժ էր հաղորդում ներկայացմանը:

   Մեզ համար հետաքրքրական էր նաև մեկ այլ ուսանողական աշխատանք` «Բարի մարդը Սեչուանից» (Ռումինիա): Ներկայացումը դեռևս ուսումնական պրոցեսում գտնվող և ստացած գիտելիքները գործնականում  կիրառել փորձող մի խմբի աշխատանք էր` բրեխթյան տեսության սեփական ընկալումն ի դերև բերող: Զոնգերը, գրությունները, օտարման էֆեկտը իրենց կիրառությունն էին գտնում, փորձ էր արվում նաև ստեղծել բրեխթյան թատրոնին բնորոշ հանդիսատես-դերասան յուրահատուկ կապ, բայց, այնուամենայնիվ, զգացվում էր փորձառության պակաս, ինչով և պայմանավորված էր նաև դերասանների՝ տվյալ իրավիճակներին ներքնապես անհաղորդ լինելը: Սակայն շատ կարևոր էր այն մի քանի շտրիխը, ինչն էլ ելակետային էր դառնում ներկայացման համար: Մեզ համար ուշագրավ էր սիչուանցու ազգային հանդերձով ներկայանալը, ինչը հակադրություն էր ստեղծում ժամանակակից զգեստավորմամբ ներկայացող այլ կերպարների հետ: Օգտագործվում էր սպիտակ գրիմ, ինչը դառնում էր գործող: Վճռորոշ տեսարաններում դերասանները ներկայանում էին սպիտակադեմ: Նշանակալի է նաև  հանդիսասրահը խաղատարածք ընտրելու գաղափարը, քանզի այս կերպ ևս նրանք հանդիսատեսին  ներքաշում էին գործողությունների մեջ: 

   «Լավագույն զգեստի ձևավորում» անվանակարգին արժանացած Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում» պիեսի հիման վրա համանուն ներկայացման մեջ (Պրահա) զգեստային ձևավորումը ուներ իր վճռորոշ դերը և ստացել էր կոնտրաստային նշանակություն: Որքան զուսպ էին արտահայտվում զգացմունքները, որքան սառն ու լարված էր ներկայացման ընդհանուր մթնոլորտը, այնքան գունեղ էին զգեստները: Տաբատները, կոստյումները, կիսաշրջազգեստները հարում էին այսօրվա մարդու զգեստապահարանի և  ներկայանում էին գույների ամենավառ երանգներով: Բեմում աշխատող դերասանները կարծես բեմ էին բերել ամառային մի գունեղ տոն, որի մասնակիցները ուրախանում էին` իրենց չստացված երջանկությունը ժպիտի տակ քողարկած:  

   Աշխարհի տարբեր կողմերի հասակակիցներիդ հետ հողմաղացներով դիմավորող ու ճանապարհող երկրում հանդիպելու ու հաղորդակցվելու, վառ ու ջերմ հուշերով, մասնագիտական ձեռքբերումներով վերադառնալու բացառիկ հնարավորություն, որոնց համար պարզապես չենք կարող մեր հատուկ, խորին շնորհակալությունը չհղել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր հարգարժան պ-րն Դավիթ Մուրադյանին` մեր կողքին գտնվելու, աջակցելու համար: Չենք կարող առանձնահատուկ ջերմությամբ և խորը երախտագիտությամբ մեր շնորհակալությունը չհայտնել ուսումնագիտական գծով պրոռեկտոր, շատ սիրելի Նարինե Սարգսյանին մեր` ոչ միայն այս, այլև` բոլոր ձեռքբերումների  համար:

 Այսպիսով, չենք կարող նաև հրաժեշտ չտալ այն ճերմակ ողջույններին... հրաժեշտ` այն ճերմակ- ճերմակ հողմաղացներին:

                                                                                                               Ռուզաննա Առաքելյան

                                                                                                                                 թատերագետ

  • Created on .
  • Hits: 5808

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: