«Քաղաքային տպավորություններ»
Դեկտեմբերի 19-ին ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի շենքի երկրորդ հարկի ճեմասրահում տեղի ունեցավ «Եռանկյուն լաբորատորիայի» հերթական ծրագրային ցուցահանդեսը, որին ներկայացված էին Արփի Շահվերդյանի, Արաքսյա Ալոյանի, Մարիամ Աղաջանյանի և Լևոն Դավթյանի աշխատանքները:
Ցուցահանդեսը կրում էր «Քաղաքային տպավորություններ» խորհագիրը: Նկարները հիմնականում կատարված էին գրիզալի տեխնիկայով, որն իրենից ներկայացնում է նկարի տոնային և լուսաստվերային լուծումը մեկ գույնի նրբերանգներով:
Մասնակիցների նպատակն էր, օգտագործելով տեխնիկայի վերաբերյալ իրենց գիտելիքները և կատարման հմտությունը, ներկայացնել քաղաքային միջավայրի իրենց ընկալումը:
Եթե Լևոն Դավթյանի նկարներում գերակշռում է վերացական բնապատկերը, ապա Արաքսյա Ալոյանն ավելի հակված է ուրբանիստական քաղաքի գրավչությունը ներկայացնելուն: Նրան գրավում է մեծ քաղաքի համապատկերը, նորի և հնի կոնտրաստը, քաղաքային ռիթմի արտացոլումը: Մարդկային փոքր ֆիգուրների հակադրումը շենքերին՝ քաղաքի կերպարում շեշտում է մոնումենտալությունն ու գեղեցկությունը, ստեղծում քաղաքային կյանքի ինքնատիպ պատկեր:
Արփի Շահվերդյանի գործերում գերակշռում է հուզական վերաբերմունքը երևանյան հարազատ միջավայրի նկատմամբ: Նա հակված է ներկայացնել փոքր բակի կոլորիտը, առօրեական, ծանոթ դրվագներով վեր հանել գեղեցիկը: Նրա յուրաքանչյուր նկար՝ «Մենավոր ծառը», «Անձրևից հետո», «Լվացք», «Լապտերը», «Հացենիներ», երգեր են՝ նվիրված սիրելի քաղաքին:
Մարիամ Աղաջանյանի աշխատանքներում գերակշռում են գծային լուծումները, որոնք հաղորդում են նրանց նվիրական հիշողություններ կամ երազների երգ:
Հետաքրքիր է տեսնել քաղաքը երիտասարդ ստեղծագործողների աչքերով:
«Եռանկյուն լաբորատորիա» նախագիծը ստեղծվել է 2012 թվականին: Այն միավորում է մի խումբ նախանձախնդիր երիտասարդների, ովքեր կատարելագործվում են իրենց մասնագիտության մեջ, խթանում է նրանց պարբերաբար ներկայանալ հանրությանը իրենց հաշվետու աշխատանքներով՝ համախոհ երիտասարդներին համախմբելով ընդհանուր գաղափարի շուրջ:
«Եռանկյուն լաբորատորիայի» կազմում ընդգրկված են նկարիչներ, արվեստաբաններ, լուսանկարիչներ, լրագրողներ և իրավաբաններ: Լաբորատորիայի անդամները աչքի են ընկնում իրենց հասարակական ակտիվ գործունեությամբ:
Դավիթ Շահվերդյան
Լուսանկարները՝ Արթուր Գևորգյանի
Լուսանկարները՝ Արթուր Գևորգյանի
- Created on .
- Hits: 5800