Իմպրեսիոնիզմ

    Արվեստի մեջ յուրաքանչյուր դարաշրջան թելադրում է իր գաղափարախոսությունը և ձևավորում է յուրօրինակ մտածողություն, ուրվագծում է ոճը, կոնկրետացնում անհատների ձեռագիրը: Շատ քիչ են այնպիսի արվեստագետները, ովքեր կարողանում են զերծ մնալ որևէ ուղղությանը պատկանելու «պիտակից», չէ որ պատմաբաններն ու տեսաբաններն ամեն կերպ փորձում են այսինչ ստեղծագործողին տեղավորել այնինչ ուղղության մեջ:
   Նման փորձ տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում, որտեղ տեղի ունեցավ կամերային երաժշտության համերգ՝ «Իմպրեսիոնիզմ» խորագրի ներքո: Համերգի կազմակերպիչները երիտասարդ, բայց արդեն իսկ պրոֆեսիոնալ երաժիշտներ էին՝ դաշնակահարուհի Աիդա Եսայանը և ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը: Երկար տարիների համագործակցության արդյունքում ձեռք բերված փորձն ու հարուստ նվագացանկը ծնեցին այս համատեղ համերգի գաղափարը:
lusine-harutyunyan   Համերգի խորագիրը պայմանավորված էր ընտրված ստեղծագործություններով, և յուրաքնչյուր ստեղծագործությունից առաջ կատարողները մեկնաբանում էին այդ ընտրությունը՝ իմպրեսիոնիզմի տեսանկյունից: Հնչեցին բացառապես ֆրանսիացի կոմպոզիտորների ջութակի և դաշնամուրի համար սոնատները՝ Կ.Դեբյուսի սոնատ ջութակի և դաշնամուրի համար, Գ.Ֆորե` սոնատ ջութակի և դաշնամուրի համար N2 op.108, e-moll, Դ.Միյո` սոնատ ջութակի և դաշնամուրի համար N2, Մ.Ռավել` սոնատ ջութակի և դաշնամուրի համար N2: Ընդ որում, դրանցից երեքը գրվել են նույն թվականին՝ 1917-ին, իսկ Մ.Ռավելի սոնատը 1927–ին: Պետք է նշել, որ չնայած նույն տարեթվին, այս սոնատները չափազանց տարբեր են թե գեղագիտական տեսանկյունից, թե երաժշտական լեզվի առումով, քանի որ խիստ տարբեր էին հենց իրենք՝ կոմպոզիտորները՝ Դեբյուսին, Ֆորեն, Ռավելը և Միյոն:
  Գաբրեիլ Ֆորեն ֆրանսիական ուշ ռոմանտիզմի ավանդույթներով ձևավորված, իր ապրած ժամանակի պես փոփոխական և նորությունների սիրահար էր: Դրա մասին վկայում են իր մի շարք ստեղծագործությունները՝ Ռեքվիեմը, «Մադրիգալը», «Պելեաս և Մելիզանդե» սիմֆոնիկ սյուիտը, ինչպես նաև մի շարք ռոմանսներն ու դաշնամուրայի ստեղծագործությունները:
   Կլոդ Դեբյուսին երաժշտության պատմության մեջ համարվում է երաժշտական իմպրեսիոնիզմի հիմնադիրը: Համերգին հնչած կոմպոզիտորներից նա, թերևս, ամենաիմպրեսիոնիստն էր, չնայած նրան, որ չէր ընդունում իմպրեսիոնիզմ հասկացությունը: Այնուամենայնիվ նա այդ գաղափարախոսության կրողն է, որի սկզբունքներով էլ գրված է խորապես իմպրեսիոնիստական սոնատը ջութակի և դաշնամուրի համար:
lusine-harutyunyan-aida esayan  Դարիուս Միյոյին դժվար է դասել իմպրեսիոնիստերի շարքին, քանի որ նրա ժամանակն ուրիշ էր: Ուրիշ էր ոչ թե տարեթվով, այլ մտածողությամբ: Ջութակի և դաշնամուրի համար N2 սոնատը գրվել է Ռիո դե Ժանեյրոյում, երբ կոմպոզիտորը ճակատգրի բերումով աշխատում էր Բրազիլիայում և ուսումնասիրում տեղի երաժշտության ավանդույթները: Սա իր առաջին ստեղծագործությունն էր, որտեղ նա ցույց է տվել լատինամերիկյան երաժշտությամբ հիացմունքն ու այդ երաժշտության յուրահատուկ գեղեցկության ազդեցությունը:
   Հաջորդ կոմպոզիտորը՝ Մորիս Ռավելը, որպես ֆրանսիացի խոշոր արվեստագետ-կոմպոզիտոր դեռևս լիովին բացահայտված չէ: Նա թողել է բավական հարուստ և արժեքավոր ստեղծագործական ժառանգություն, որի ժանրային բազմազանությունը և երաժշտական լեզվի փոփոխականությունը  դժվարեցնում է պատմաբանների գործը՝ որևէ կոնկրետ ուղղությանը դասելու առումով: Ելնելով տարբեր մշակույթների հետ շփումից և ազդեցությունից՝ ժամանակագրական առումով Ռավելի ստեղծագործական գործունեությունը կարելի է բաժանել մի քանի փուլերի: Ջութակի և  դաշնամուրի համար տվյալ սոնատը գրվել է այն տարիներին, երբ կոմպոզիտորը Ամերիկայում էր, ուր ծաղկում էր ապրում ջազի արվեստը: Կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի հետ շփումը նրա մոտ մեծ սեր է առաջացնում ջազի հանդեպ և շուտով այս սերն  ուղղորդում է Ռավելին սոնատը «համեմել» ջազային երաժշտությանը բնորոշ տարրերով և սոնատի մասերին տալ յուրօրինակ անվանումներ` 1.Allegro 2.Blues 3.Perpetuum mobile: Այս գունագեղ սոնատը դարձավ համերգի վերջին զարդը, որն այնքան դուր եկավ ունկնդրին, որ կատարողները ևս մեկ անգամ հնչեցրին սոնատի երկրորդ մասը:
impresionism-afisha     Վերադառնալով համերգի խորագրին՝ պետք է նշեմ, որ այն մի-փոքր խանգարեց ունկնդրին: Այն կարծես ծրագրավորում էր ունկնդրին յուրաքանչյուր  ստեղծագործության մեջ փնտրել իմպրեսիոնիզմ, որը ոչ միայն չգտնվեց, այլև փնտրելն էր անիմաստ: Չէ՞ որ իմպրեսինիզմը տարեթիվ չէ, այլ մտածողություն: Չնայած այս ամենին՝ դաշնակահարուհի Աիդա Եսայանին և ջութակահարուհի Լուսինե Հարությունյանին հաջողվեց իմպրեսիոնիստական շունչ հաղորդել ստեղծագործություններին և բարձր մակարդակով կատարել: Համերգի հաջողությունն ապահովեց նաև Գաֆեսճյան կենտրոնի ճիշտ ընտրված դահլիճը, որի կառուցվածքն այդքան համահունչ էր համերգի բովադակությանը:
  Նման ձևաչափով համերգի նախաձեռնությունը ողջունելի է, քանի որ այն օգնեց դարաշրջան-ուղղություն-կոմպոզիտոր-կատարող կապին նոր իմաստավորումով մոտենալ: 
                                                                                                                                       Սոնա Հայկազուն                                                                                                    Լուսանկարները՝ Արման Կարախանյանի
  • Created on .
  • Hits: 9633

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: