Արտավազդ Փելեշյանի ժամանակից դուրս կինոն՝ Կաննի էկրաններին

Աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը՝ Կաննի կինոփառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 12-23-ը, արդեն 79-րդ անգամ։ Այս տարվա փառատոնը հետաքրքիր անակնկալներ է պատրաստել նաև հայաստանյան հանդիսատեսի և դասական կինոյի սիրահարների համար։ Կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝

«Մարդկանց երկիրը» (1966),

«Սկիզբ» (1967),

«Մենք» (1969),

«Բնակիչներ» (1970),

«Տարվա եղանակներ» (1975):

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամն էլ մայիսի 12-20-ին ազգային տաղավարով կմասնակցի կինոփառատոնի շրջանակում անցկացվող Marché du Film կինոշուկային։

Artavazd Peleshyan 2

«Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի ընդգրկումը Կաննի հեղինակավոր կինոփառատոնում նրա արվեստի միջազգային բարձր գնահատականի հերթական վկայությունն է, որը վերահաստատում է Փելեշյանի առանձնահատուկ տեղը կինոյի պատմության մեջ»,- հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Կաննի «Դասականներ» ծրագիրն իրականացվում է 2004 թվականից։ Ծրագրի նպատակն է վերականգնված տարբերակներով ներկայացնել համաշխարհային կինոյի արժեքավոր ժառանգությունը և հարգանքի տուրք մատուցել ոլորտի նշանավոր ներկայացուցիչներին։ Կաննի կինոփառատոնի «Դասականներ» բաժնում Փելեշյանի ֆիլմերի ներկայացումը ոչ միայն հարգանքի տուրք է մեծ ռեժիսորի արվեստին, այլև հայկական կինոյի միջազգային ներկայության կարևոր դրսևորում։

Արտավազդ Փելեշյանը համաշխարհային կինոյի պատմության մեջ առանձնանում է իր ինքնատիպ կինոլեզվով և պատկերային մտածողությամբ։ Նրա ֆիլմերը կառուցվում են ոչ թե ավանդական սյուժետային զարգացման, այլ պատկերների, ռիթմի և երաժշտական կառուցվածքի փոխազդեցության վրա։ Այդ պատճառով Փելեշյանի կինոն հաճախ ընկալվում է ոչ միայն որպես պատմություն, այլ որպես փիլիսոփայական և զգայական փորձառություն։

Նրա ստեղծագործությունները մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային հեղինակային կինոյի զարգացման վրա՝ արժանանալով բազմաթիվ կինոգործիչների և կինոքննադատների գնահատանքին։ Փելեշյանի ֆիլմերում մարդը, բնությունը և ժամանակը ներկայանում են որպես մեկ ամբողջություն, իսկ պատկերների պոետիկան ստեղծում է համամարդկային լեզու, որը հասկանալի է տարբեր մշակույթների ներկայացուցիչների համար։

Artavazd Peleshyan 4

Փառատոնային այս կարևոր իրադարձությունը ևս մեկ անգամ ուշադրության կենտրոնում է պահում Փելեշյանի արվեստն ու ստեղծագործական ուղին։ Փելեշյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին Երևանում։ 1963 թվականին ընդունվել է Մոսկվայի համամիութենական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (ՎԳԻԿ), որտեղ ուսանել է հայտնի ռեժիսոր Լեոնիդ Քրիստիի արվեստանոցում։ Դեռ ուսանողական տարիներից Փելեշյանն առանձնանում է իր նորարարական մտածողությամբ և կինոյի լեզվի հանդեպ յուրահատուկ մոտեցմամբ։

Նրա առաջին ֆիլմերից՝ «Լեռնային պարեկը», «Մարդկանց երկիրը» և «Սկիզբ»-ը, մեծ հետաքրքրություն առաջացրին մասնագիտական շրջանակներում։ Սակայն իրական ճանաչումը եկավ «Մենք», «Բնակիչներ» և հատկապես «Տարվա եղանակներ» ֆիլմերից հետո, որոնք այսօր համարվում են վավերագրական կինոյի կարևորագույն ստեղծագործություններից։

Տարիների ընթացքում Փելեշյանի ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի հեղինակավոր կինոփառատոներում և դարձել միջազգային կինոարվեստի ուսումնասիրության կարևոր նյութ։ Նրա արվեստը հաճախ համեմատվում է պոեզիայի և երաժշտության հետ՝ կինոն վերածելով համամարդկային լեզվի։

Կաննի կինոփառատոնում Փելեշյանի ֆիլմերի վերականգնումն ու նոր ցուցադրությունները հնարավորություն կտան նոր սերնդի հանդիսատեսին վերահայտնաբերել կինոյի այն եզակի լեզուն, որը ստեղծել է Արտավազդ Փելեշյանը։

Ալմաստ Մուրադյան

97
Մայիս 10, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: