«Fear-Less-Hope․ Շրջանակելով ժամանակը»․ արվեստի, երկխոսության և համագործակցության նոր հարթակ

ՀայԱրտ Կենտրոնոմ Ֆրայբուրգի համալսարանի «Ցվետաևա» Կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» Կենտրոնի համագործակցությամբ մեկնարկեց «Fear-Less-Hope․ Շրջանակելով ժամանակը» խորագրով արվեստի փառատոնը։ Փառատոնի օրակարգը ներառում է ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, վարպետաց դասեր և գիտական համաժողով։ Գաղափարական հիմքում արդի արվեստին և կրթությանն առնչվող հիմնահարցերն են։

Fear Less Hope 4

Ինչպես նշում է «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը՝ մշակույթի և արվեստի միջոցով նպատակ ունեն նպաստելու երկու քաղաքների միջև համագործակցությանը։ Քանի որ 2026 թվականը հռչակվել է Երևանի քաղաքապետարանի կողմից Երևան-Լայպցիգ մշակութային տարի, նախաձեռնությունը միտված է նաև գերմանական երկրորդ քաղաքի հետ համագործակցային, բարեկամական և միջմշակութային կապերի խթանմանը։

Fear Less Hope 3

«Այս փառատոնի շրջանակում հնարավորություն է ընձեռվում տվյալ ոլորտների հայ և գերմանացի արվեստագետներին առաջին հերթին ճանաչելու միմյանց, նաև մասնագիտական փորձի փոխանակում է տեղի ունենալու։ Առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արվեստի հարթակում հյուրընկալվում է 47 հոգուց բաղկացած պատվիրակություն գերմանական Ֆրայբուրգ քաղաքից, որը ներկայացնում է գերմանական մշակույթի տարբեր ոլորտները՝ կերպարվեստ, կինո, թատրոն, երաժշտություն»,- ընդգծեց Սոնա Հարությունյանը։

Համակազմակերպիչների խոսքով՝ «Fear-Less-Hope․ Շրջանակելով ժամանակը» ցուցահանդեսը դիտարկում է վախն ու հույսը՝ որպես փոխկապակցված և միմյանց լրացնող զգացողություններ։ Ֆիլմերի և վիդեո ինստալացիաների միջոցով Վահրամ Աղասյանը, Գրետա Հարությունյանը, Անաս Քահալը և Յոհաննես Վայլանդտը ուսումնասիրում են, թե ինչպես են վախն ու հույսը փոխազդում ժամանակի, սահմանների, ինչպես նաև հավաքական և անձնական փորձառությունների համատեքստում, որտեղ մտերմությունն ու հեռավորությունը, հիշողությունն ու սպասումը, ճեղքումն ու վերականգնումը մշտապես հատվում են։

Fear Less Hope 2

«Երբ հայացք ենք գցում մեր անցած ուղուն, կարողանում ենք ժամանակը շրջանակելով անդրադարձ կատարել տվյալ ժամանակահատվածի մեր ապրումներին, փորձառությանը, մարդկանց հետ մեր հանդիպումները ոչ թե սահմանափակելով, այլ մեր կյանքի դրվագները շրջանակի մեջ դնելով։ Այդպիսով ամրագրում է լինում մեր վախերի, բայց միևնույն ժամանակ մեր հույզերի և ցանկությունների: Ներկան դառնում է մի տարածք, որտեղ վախն ու հույսը միաժամանակ տեսանելի և քննարկելի են: Մարդիկ իրենց վախերն ու հույսերն ամփոփում են ժամանակային որոշակի հատվածում, այսինքն՝ մեր հիշողությունները, վախերը, հույսերը շրջանակված են ժամանակի մեջ»,- ասում է Հարությունյանը։

Փառատոնի շնորհիվ, Ֆրայբուրգի և Երևանի քաղաքային իշխանությունների համատեղ ջանքերով, երկու քաղաքները ձեռք են բերում ապագայում քույր քաղաքներ դառնալու հնարավորություն։ Փառատոնի բացումը տեղի ունեցավ մարտի 12-ին, իսկ փակումը նախատեսված է մարտի 31-ին։

Fear Less Hope 5

Fear–Less–Hope փառատոնի շրջանակում SarGallery ‘Yerevan-ում տեղի ունեցավ նաև Zwetajewa-Zentrum an der Universität Freiburg-ի նախաձեռնած հանդիպումը Պետեր Կարպի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ռեժիսոր Էլմիրա Սոլոյանը, թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը և բեմանկարիչ Արեգ Միրիջանյանը։ Քննարկվեցին հայ և գերմանական թատրոնների կառավարման մոդելները, ստեղծագործական գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները, թատերական քննադատության խնդիրները, ինչպես նաև բեմանկարչի գործառույթները հայկական և գերմանական թատերական միջավայրերում։

Պետեր Կարպը շուրջ 40 տարի գործունեություն է ծավալել գերմանական մի շարք թատրոններում՝ Բեռլինում և Համբուրգում։ Նա եղել է Ֆրայբուրգի թատրոնի գեղարվեստական ղեկավարը և բազմաթիվ ներկայացումների ռեժիսոր։

Ալմաստ Մուրադյան

209
Մարտ 16, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: