Մշակույթի լուսաբանման մարտահրավերներն ու մոտեցումները՝ ըստ Արամ Աբրահամյանի
Նախորդ տարեվերջին ԱՐէ մշակութային հիմնադրամը Ժամանակակից արվեստի ինստիտուտի հետ համատեղ հայտարարեց մշակույթն ու արվեստը լուսաբանողների համար լրագրության դասընթացի մեկնարկի մասին: Հայտարարված կանչի արդյունքում ընտրված մասնակիցները ծանոթացան լրագրության, այդ թվում՝ մշակութային լրագրության հմտություններին: Դասընթացը վարում էին Մեդիա նախաձեռությունների կենտրոնի փորձագետները։ Դասընթացի այդ հատվածը ներառում էր տեսական հարցերի քննարկումներ, օրինակների վերլուծություններ, ինչպես նաև՝ պրակտիկ աշխատանք (խմբային և անհատական գործնական առաջադրանքներ)։ Մասնակիցներն աշխատում էին գործնական հմտությունների ձեռքբերման վրա և ներկայացնում աշխատանքներ: Դասընթացի երկրորդ փուլը, որը մեկնարկեց տարեսկզբին, ներառում էր հանրային բանախոսությունների շարք։ Այս փուլում մշակույթն ու արվեստը դիտարկվում էին միջառարկայական կապերի շրջանակում՝ ընդգծելով դրանց փոխազդեցությունը տարբեր գիտական, մեդիա և հասարակական ոլորտների հետ։
Բանախոսություններով հանդես եկան մի շարք մասնագետներ՝ ներկայացնելով ժամանակակից մշակութային դաշտի բազմազան ուղղությունները։ Արվեստաբան, համադրող և արվեստի քննադատ, Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր Նազարեթ Կարոյանը խոսեց ժամանակակից արվեստի տեսական և ինստիտուցիոնալ խնդիրների մասին։ Լուսանկարիչ և վավերագրող Նարեկ Ալեքսանյանը անդրադարձավ ժամանակակից արվեստում վիզուալ վավերագրության դերին և պատկերային լեզվի առանձնահատկություններին։ Գրող և լրագրող Մարիա Թիթիզյանը ներկայացրեց մշակույթի վավերագրման և մշակութային լրագրության մեթոդաբանական մոտեցումները։ Մշակույթի և էկոլոգիայի փոխկապակցվածության թեմայով հանդես եկավ համադրող և բնապահպանական ծրագրերի փորձագետ Հարություն Ալբեդյանը՝ ընդգծելով մշակութային արտադրության և բնապահպանական մտածողության փոխառնչությունները։ «Մշակույթ և թատրոն» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանը՝ վերլուծելով թատրոնի զարգացման և ժամանակակից մշակութային դիսկուրսի կապերը։ Իսկ կինոքննադատ և մշակութային լրագրող Դիանա Մարտիրոսյանը ներկայացրեց մշակույթի և կինոքննադատության անձնահատկությունները: Մշակութային բլոգինգի թեմայով ելույթ ունեցավ մշակութաբան և թանգարանագետ Լիլիթ Գրիգորյանը՝ անդրադառնալով թվային միջավայրում մշակութային բովանդակության տարածման նոր ձևերին։ Արվեստի պատմաբան և համադրող Վիգեն Գալստյանն էլ խոսեց արվեստի քննադատության տեսական հիմքերի և ժամանակակից մեկնաբանական մոտեցումների մասին։ Գրող և Բուն մշակութային հիմնադրամի տնօրեն Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց մշակույթի ընկալման և հանրային վերաբերմունքի ձևավորման խնդիրները։ Երաժիշտ և կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը իր բանախոսության ընթացքում անդրադարձավ մշակույթի զարգացման հեռանկարներին և երաժշտության դերին ժամանակակից մշակութային համակարգում։

Բանախոսությունների շարքն ամփոփեց Արամ Աբրահամյանը՝ ներկայացնելով մշակույթի լուսաբանման արդի մարտահրավերները: Լրագրող, արվեստագիտության թեկնածու Արամ Աբրահամյանի «Մշակույթի լուսաբանման այսօրվա մարտահրավերները» բանախոսությունը ստեղծեց յուրօրինակ սիմվոլիկ կապեր՝ միավորելով մշակույթն ու իր տարատեսակները: Դրանց հիմքում իհարկե ազգային մշակույթի առանձնահատկություններն էին՝ միաժամանակ ազգայինն ու միջազգայինը: Մշակութաբանության և մշակութային լրագրության համատեքստում լրագրությունը դիտարկվեց որպես «թարգմանություն»՝ լայն իմաստով:
Հետաքրքիր է, որ Արամ Աբրահամյանի գործունեության հիմքում արվեստի և մշակույթի հետ առնչությունները մշտապես ներկա են եղել: Արամ Աբրահամյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը, արվեստագիտության թեկանածու է: Ավարտել է նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի «Հասարակագիտության» բաժինը: Աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստագիտության ինստիտուտում, ՀՀ նախագահի աշխատակազմում, «Ա1+» հեռուստաալիքում, Հանրային հեռուստատեսությունում, «Շանթ» հեռուստաընկերությունում, Factor.TV-ում: 1994 թվականից առայսօր «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է: Դասավանդել է ԵՊՀ-ում, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, Երևանի պետական մանկավարժական համալսարանում: Այժմ դասավանդում է Ռուս-հայկական համալսարանում: Հեղինակ է չորս գրքերի՝ «Գերմանական կվինտետ. Ազատ գրառումներ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի և Բրուկների մասին», «Հանճարը՝ առասպելից դուրս. Ազատ գրառումներ Մոցարտի մասին», «Երկնքով և առանց երկնքի. Ազատ գրառումներ ազատության և հավատքի մասին», «Առաջնային պայծառակերպության ճանապարհով»։ Բանախոսը մոտ ժամանակներում նաև անակնկալներ ունի՝ ընթերցողի դատին կհանձնի Պ. Ի. Չայկովսկու մասին իր գիրքը:
«Մոտակա շրջանում ակտիվացնելու եմ իմ գործունեությունը՝ հատկապես մշակութային և հոգևոր թեմաների լուսաբանման ուղղությամբ, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երաժշտությանը։ Միևնույն ժամանակ, նպատակ ունեմ նվազեցնել քաղաքական անդրադարձերը, որոնք ինձ համար առավել քիչ հետաքրքրություն են ներկայացնում։ Խոսելով մշակույթի լուսաբանման մասին՝ նախ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ է մշակույթը։ Այս հարցի պատասխանն առավել կարևոր է հատկապես լրագրության համատեքստում, քանի որ առանց դրա դժվար է սահմանել լուսաբանման շրջանակներն ու խորությունը։ Պետք է նկատել, որ լրագրության մասին գրականությունը բավական արագ է հնանում։ Պատճառն այն է, որ լրագրության տեխնիկական կողմը մշտապես փոփոխվում է։ Եթե այսօր որևէ գրականություն գրեն լրագրության պրակտիկայի վերաբերյալ, ապա այն կարող է արդեն վաղը կորցնել իր կիրառելիությունը՝ տեխնոլոգիական փոփոխությունների պատճառով։ Դրա վառ օրինակն է այն հանգամանքը, որ բազմաթիվ դասագրքեր և նյութեր դեռևս անդրադառնում են տեսաժապավեններին՝ որպես հիմնական գործիք։ Մինչդեռ երիտասարդների մի մասը նույնիսկ չի պատկերացնում, թե ինչ է տեսաժապավենը՝ որպես տեսագրմա կրիչ։ Հեռուստատեսությունում գործունեություն սկսելու շրջանում աշխատանքը իրականացվում էր տեսաժապավենների միջոցով, և յուրաքանչյուր մոնտաժ կարող էր տևել մեկ կամ նույնիսկ երկու օր։ Այսօր նույն գործընթացը կատարվում է անհամեմատ արագ՝ թվային տեխնոլոգիաների շնորհիվ։ Սակայն մշակույթը չի սահմանափակվում տեխնիկական գործիքներով։ Այն ունի ավելի լայն և բազմաշերտ նշանակություն։ Օրինակ՝ մեզ դպրոցում ուսուցանվում էր մաքրագրությունը՝ որպես ճիշտ և կոկիկ գրելու հմտություն, այն նույնպես մշակույթի դրսևորում է։ Այն արտահայտում է ոչ միայն լեզվական կարողությունները, այլև ներքին կարգապահությունն ու մտածողության կազմակերպվածությունը։ Այս համատեքստում ուշագրավ է նաև Չինաստանի պատմական փորձը, որտեղ բարձր պետական պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ էր հանձնել քննություններ, որոնցում ընդգրկված էին ինչպես պոեզիան, այնպես էլ մաքրագրությունը։ Սա պայմանավորված չէր պարզապես գրական հմտությունների պահանջով, այլ այն գիտակցմամբ, որ պետական գործչի համար կարևոր են այնպիսի հատկություններ, ինչպիսիք են համբերությունը, կոկիկությունը և ներքին կարգապահությունը, իսկ պոեզիան զարգացնում է նաև երևակայությունը և ստեղծագործական մտածողությունը»,- նշեց Արամ Աբրահամյանը:

Ըստ Արամ Աբրահամյանի՝ անկախ տեխնոլոգիական զարգացումներից, մշակույթի և լրագրության հիմքում շարունակում են մնալ այնպիսի արժեքներ, ինչպիսիք են լեզվի մշակույթը, մտածողության հստակությունը և երևակայությունը, որոնք ապահովում են ոչ միայն տեղեկատվության փոխանցումը, այլև դրա իմաստային և գեղագիտական արժեքը:
Արամ Աբրահամյանի դիտարկմամբ՝ մշակույթի լուսաբանումը ժամանակակից մեդիա միջավայրում կանգնած է արագ փոփոխվող տեխնոլոգիական իրականության և բովանդակային խորության պահպանման երկակի մարտահրավերի առաջ։ Այս պայմաններում լրագրողական դասական մեթոդաբանությունները հաճախ արագ կորցնում են իրենց արդիականությունը։ Աբրահամյանը ընդգծում է, որ մշակութային լրագրությունը պետք է դուրս գա միայն տեղեկատվության փոխանցման շրջանակներից և վերածվի մշակութային իմաստների «թարգմանության» գործընթացի։ Այս մոտեցմամբ լրագրողը դառնում է միջնորդ՝ մշակույթի բազմաշերտ երևույթների, հասարակության և հանրային ընկալման միջև։ Նրա դիտարկմամբ՝ մշակույթը ներառում է նաև լեզվական մշակույթը, մտածողության կազմակերպվածությունը, կրթական և նույնիսկ առօրյա վարքականոնները։ Այս լայն ընկալումը թույլ է տալիս մշակույթի լուսաբանումը դիտարկել որպես բազմաշերտ և միջառարկայական գործընթաց։
Բանախոսը նաև կարևորում է պատմական և համեմատական օրինակները՝ ցույց տալու համար, որ մշակութային հմտությունները միշտ կապվել են ոչ միայն գեղագիտական, այլ նաև սոցիալական և պետական մտածողության հետ։
«Երբ ես գրում եմ որևէ տառ, իմ ուղեղը աշխատում է տարբեր կերպ, իսկ համակարգչով աշխատելիս՝ այլ կերպ։ Օրինակ՝ «երկաթագիրը» ցույց է տալիս, որ ձևը ինքնին արդեն ունի մշակութային նշանակություն։ Այն հստակ, զուսպ և կառուցվածքային գրային ձև է, որը կրում է ոչ միայն տեղեկատվություն, այլ նաև ոճ և մշակութային մտածողություն։ Այսինքն՝ կարևոր է ոչ միայն բովանդակությունը, այլ նաև ձևը, քանի որ ձևն ինքնին արդեն մշակույթի արտահայտություն է։ 19-րդ դարի մարդաբան Էդուարդ Թեյլորը մշակույթը սահմանում էր որպես գիտելիքների, արժեքների, օրենքների, սովորույթների և վարքականոնների ամբողջություն։ Այն ներառում է ոչ միայն դրանց գոյությունը, այլ նաև դրանց փոխհամաձայնեցված և հասարակության կողմից ընդունված ու յուրացված լինելը։ Այդ համաձայնությունը կարևոր է, քանի որ մշակույթը գործում է միայն այն դեպքում, երբ այն փոխանցվում և յուրացվում է հասարակության ներսում։ Այս իմաստով մշակույթը շատ ավելի լայն հասկացություն է, քան պարզապես արվեստը։ Երբ խոսում ենք «մշակույթի» կամ «մշակութային լրագրության» մասին, հաճախ նկատում ենք, որ լրագրողները մշակույթը ներկայացնում են որպես համեմատաբար անվտանգ ոլորտ՝ առանց բացահայտ քաղաքական կամ սոցիալական հակասությունների։ Սակայն այս մոտեցումը հիմնված է այն պատկերացման վրա, թե մշակույթը չեզոք տարածք է, որտեղ կարելի է խուսափել բարդ խնդիրներից։ Իրականում մշակույթը սերտորեն կապված է քաղաքական, սոցիալական և կրթական ոլորտների հետ և ինքնին կարող է լինել գաղափարական ու հասարակական գործընթացների դաշտ։ Կլիֆորդ Գիրցի մշակութաբանական տեսության համաձայն՝ մշակույթը խորհրդանշային համակարգ է, որը պատմականորեն ձևավորվում և ժառանգաբար փոխանցվում է։ Նրա մոտեցմամբ՝ մշակույթը ոչ թե պարզապես սովորույթների կամ վարքագծի հավաքածու է, այլ խորհրդանիշների ամբողջություն, որոնք մարդիկ օգտագործում են աշխարհը հասկանալու և մեկնաբանելու համար։ Այս տեսանկյունից գրեթե բոլոր մարդկային գործողությունները կրում են մշակութային իմաստներ․ շարժումները, խոսքը, վարքագիծը և աշխատանքի ձևերը նույնպես ունեն խորհրդանշական բովանդակություն»,- ասում է Արամ Աբրահամյանը:

Մշակույթի համատեքստում շատ հետաքրքիր և կարևոր տեղ են գրավում նաև միֆերը: Միֆը պետք է տարբերել թե՛ առասպելից, թե՛ լեգենդից, ինչպես նաև փաստական պատմությունից։ Թեև այս ձևերը կարող են ունենալ ընդհանուր տարրեր, միֆը առանձնանում է իր խորհրդանշական և իմաստաբանական բնույթով։ Այն պատմում է իրադարձությունների մասին ոչ թե փաստական ճշգրտությամբ, այլ իդեալականացված, ամբողջականացված կամ խորհրդանշական ձևով։ Այստեղ առաջանում է կարևոր հարց՝ ինչպե՞ս է միֆը վերաբերում իրականությանը։ Միֆը չի կարելի դիտարկել որպես իրականության հակադրություն։ Այն իրականության մեկնաբանության ձև է, որտեղ փաստերը ենթարկվում են մշակութային և խորհրդանշական վերամշակման։ Միֆը ոչ թե ժխտում է իրականությունը, այլ կառուցում է դրա իմաստավորված պատկերացումը։
«Դրա օրինակ է Միացյալ Նահանգների քաղաքական միֆը՝ «քաղաքը լեռան վրա» գաղափարը։ Այն ծագում է Աստվածաշնչյան ավանդույթից և խորհրդանշում է տեսանելի և օրինակելի համայնք։ ԱՄՆ քաղաքական մշակույթում այս պատկերացումը վերաիմաստավորվել է որպես ազգային ինքնության բաղադրիչ, ըստ որի երկիրը ներկայացվում է որպես աշխարհին օրինակ ծառայող հասարակություն և քաղաքական համակարգ։ Շատ կարևոր է նաև քննարկել հայոց մշակույթի միֆերը։ Հայ ժողովուրդը իր ինքնությունը հաճախ կառուցում է մի քանի առանցքային պատմական պատկերացումների վրա՝ քրիստոնեության վաղ ընդունում, Ավարայրի ճակատամարտ, 1915 թվականի ցեղասպանություն։ Այս պատմական շերտերը ձևավորում են ազգային հիշողության և ինքնության կարևոր հիմքեր։ Այդ համատեքստում խորհրդանշական նշանակություն ունեն նաև Արարատ լեռը և Խոր Վիրապը, որոնք գործում են որպես մշակութային և քաղաքական միֆերի բաղադրիչներ։ 1991 թվականից հետո այդ միֆերը ենթարկվել են վերանայման գործընթացների՝ թե՛ ռադիկալ, թե՛ ոչ ռադիկալ ձևերով։ Աստվածաշնչյան ավանդույթի մեջ Քրիստոս ասում է․ «Ես եկել եմ ոչ թե վերացնելու օրենքը, այլ կատարելու այն»։ Այս միտքը կարելի է հասկանալ որպես զարգացման տրամաբանություն՝ ոչ թե անցյալի ժխտում, այլ դրա շարունակական զարգացում։ Նույն սկզբունքը կարելի է կիրառել նաև մշակույթի նկատմամբ․ մշակույթը չի գործում որպես խզում անցյալի հետ, այլ որպես շարունակական զարգացող համակարգ»,-ասում է Արամ Աբրահամյանը:
Բանախոսի հավելմամբ՝ շատ կարևոր է, որ արվեստ և մշակույթ լուսաբանող լրագրողը հասկանա՝ ինչ է ստեղծագործությունը տալիս հանդիսատեսին։ Ստեղծագործությունը պետք է դիտարկել որպես իմաստների փոխանցման համակարգ, որտեղ հանդիսատեսին փոխանցվում են մշակութային «կոդեր», որոնք պետք է լինեն հասանելի, ընթեռնելի և մեկնաբանելի։ Քանի որ մշակույթը մնայուն և շարունակական գործընթաց է, լրագրողի կարևորագույն գործառույթներից մեկը պետք է լինի հենց այս մնայուն մշակույթի ուսումնասիրությունն ու ներկայացումը։
Մշակույթի լուսաբանումը միայն համերգի կամ ցուցահանդեսի նկարագրությունը չէ և ոչ էլ պարզապես դրա գովաբանությունը։ Այն խորքային, ձևավորված և շարունակական համակարգ է, որը պահանջում է ամբողջական ընկալում։ Հայոց մշակույթի մասին գրելիս էլ շատ կարևոր է հասկանալ, որ այն հիմնված է քրիստոնեության վրա, այն գտնվում է Արևելքի և Արևմուտքի կիզակետում, և, որ այն շարունակական մշակույթ է: Հատկապես, երբ այդ շարունակականությունը կարելի է տեսնել Մովսես Խորենացուց մինչև Սերգեյ Փարաջանով և Ավետ Տերտերյան: Այդ տարբեր ժամանակաշրջանները կարելի է դիտարկել որպես մեկ մշակութային հոսքի տարբեր շերտեր, որոնք շարունակական պրոցեսի մաս են կազմել:
Ալմաստ Մուրադյան