Վլադիլեն Բալյանի արխիվը ի պահ տրվեց ԳԱԹ-ին

Ապրիլի 29-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին նվիրված «Վլադիլեն Բալյան. կոմպոզիտորի աշխատասենյակ» խորագրով ցուցադրությունը:

Ցուցադրության առանցքում կոմպոզիտորի փոքրիկ աշխատասենյակի ներկայացումն է, որտեղ նա 60 տարի շարունակ ստեղծագործել է։ Ներկայացվել են Մաեստրոյի արխիվում պահվող ինքնագիր և տպագիր նոտաներ, գրքեր, ձայնասկավառակներ, հայտնի արվեստագետների ընծայագրերով լուսանկարներ, գեղարվեստական աշխատանքներ և այլ ուշագրավ վավերագրեր։

Vladilen Balyan 4

Vladilen Balyan 5

«Մենք ոչ թե վերակազմել ենք Վ.Բալյանի աշխատասենյակը, այլ ցուցադրությունն ենք անվանել այդպես, քանի որ ցուցադրելու ենք նրա սիրելի իրերը, որոնցով շրջապատում էր ինքն իրեն աշխատելու ընթացքում: Փորձել ենք ստեղծել մի պատրանք, մի փոքրիկ աշխարհ, որտեղ կարելի է հասկանալ, թե ինչպես էր ոգեշնչվում նա ստեղծագործելու համար»,- ներկայացրեց  ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը:

Նա հայտնեց նաև, որ թանգարանում կբացվի Վլադիլեն Բալյանի անունով ֆոնդ: «Հույս ունենք՝ այն արագ տեմպերով կհամալրվի»,- ասաց նա՝ դիմելով կոմպոզիտորի որդուն՝ Կարեն Բալյանին, որը թանգարանին է ի պահ տվել այդ արխիվը:     

Vladilen Balyan 3

Vladilen Balyan 6

«Սիլվա Կապուտիկյանի բառերով ռոմանս ունի գրված. «Ասում եմ մահ ու չեմ հավատում»: Սա իր մասին էր, բայց կյանքի վերջին ամիսներին հասկացավ՝ ինչ է կատարվում և ինձ ասաց՝ արխիվը կհանձնես ԳԱԹ»,- պատմեց Կարեն Բալյանը:

«Նա դանդաղ աշխատող էր: Նախաճաշից հետո մինչև ուշ գիշեր կարող էր մնալ իր շատ փոքրիկ աշխատասենյակում և մայրս էլ ոչնչով չէր անհանգստացնում նրան»: Նկատում է՝ Գյումրիին նվիրված հայտնի երգը ունեցել է 12 տարբերակ, բայց միայն վերջին տարբերակն է հայրը ստացված համարել: «Դա բնորոշում է նրան նաև իբրև մարդ: Միշտ հիմնովին էր, հավատարիմ իր սկզբունքներին»,- ասում է կոմպոզիտորի որդին:

Vladilen Balyan 7

Vladilen Balyan 8

Բալյանը ղեկավարել է Հայֆիլհարմոնիան, Ալ.Սպենդարյանի անվան տուն-թանգարանը, Հայաստանի ժողովրդական գործիքների համույթը և մշակութային շատ այլ օջախներ:

Կոմպոզիտորի մտերիմ, երաժշտագետ Արմեն Բուդաղյանը այդ բոլոր տարիներին նրա կողքին է եղել և ականատես եղել նաև Բալյանին հանդիպած անարդարություններին:

Vladilen Balyan 2

Vladilen Balyan 9

 «Ես ներկա եմ եղել այն պատմական օրվան, երբ Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հավաքվել էին երկրի մեծերը և պետք է հանդիսավոր ձևով վռնդեին Վ.Բալյանին: Ինչ-որ բան դուր չեկավ մեծամեծներին, բայց քիչ հետո նույն Բալյանը նշանակվեց ոչ պակաս կարևոր մշակութային օջախի ղեկավար: Գունատ, արժանապատվությամբ նա լսեց բոլոր մեղադրանքները և երբ հարցրին՝ ասելու բան ունի՞, պատասխանեց՝ ոչ: Իր ասելիքը նա ասաց հետո, երբ նշանակվեց իր հաջորդ կարևոր պաշտոնին»:

Ա. Բուդաղյանի խոսքով՝ երկար են սպասել այս օրվան: «Ես հավատում եմ, որ Վ.Բալյանը վերևից այս րոպեին նայում է մեզ: Եվ նա գոհ կլիներ, որովհետև ցուցահանդեսն արված է իր որոնումների ոգով»:

Մարջան Չոբանյան

69
Ապրիլ 30, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: