Երևանը խոսում է պարի լեզվով

Պարը մարդկության ամենահին մշակութային արտահայտման ձևերից է։ Այն գոյություն ունի ոչ միայն որպես արվեստ, այլև որպես հաղորդակցության, հիշողության և ինքնության պահպանման միջոց։ Պարը լեզու է, որը չի պահանջում բառեր, սակայն փոխանցում է զգացմունքների, պատմությունների և մշակութային արժեքների ամբողջություն։ Ամեն տարի ապրիլի 29-ին աշխարհը նշում է Պարի միջազգային օրը՝ ընդգծելով պարի համամարդկային դերը որպես տարբեր ժողովուրդներին և մշակույթներին միավորող ուժ։

Հայկական իրականության մեջ պարը ունի առանձնահատուկ նշանակություն։ Այն ոչ միայն գեղարվեստական ձև է, այլև ազգային ինքնության կարևոր բաղադրիչ։ Հայկական ավանդական պարերը դարերի ընթացքում ծառայել են որպես համայնքային համախմբման, պատմության փոխանցման և ազգային հիշողության պահպանման միջոց։ Շուրջպարը, մասնավորապես, խորհրդանշում է միասնություն, շարունակականություն և հավաքական ուժ՝ արտացոլելով հայ ժողովրդի կենսակերպն ու աշխարհընկալումը։

Ari parenq 2

Այս համամարդկային և ազգային արժեքների համադրությամբ էլ այս տարի Պարի միջազգային օրը Հայաստանում կնշվի որպես մեծածավալ մշակութային իրադարձություն։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնությամբ, որի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Նախաձեռնողները հրավիրում են բոլորին՝ միանալու  տոնին և մասնակցելու «Արի՛, պարի՛» նախաձեռնությանը՝ դառնալով հայկական պարի կրողն ու տարածողը։ Միջոցառման նպատակն է հանրայնացնել հայկական պարարվեստը, ընդգծել դրա կենսունակությունն ու նշանակալիությունը, ինչպես նաև ապահովել հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն ազգային պարարվեստի ժառանգության պահպանման ու արժևորման գործում: Միջոցառման շրջանակում համախմբվելու է շուրջ 4000 մասնակից։ Նրանց համատեղ պարը կզարդարի Հանրապետության հրապարակը՝ վերածելով այն համազգային բեմի։ Միջոցառման թեմատիկ խորագիրն է՝ «Տոնական շուրջպար․ 7 շրջան»։

Ari parenq 3

Ինչպես հայտնում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Դավիթ Ջինանյանը, նախաձեռնությունը միավորելու է ոլորտի ներկայացուցիչներին, ինչպես նաև ներգրավելու զբոսաշրջիկներին և անցորդներին՝ ստեղծելով կենդանի և ինտերակտիվ մշակութային միջավայր։ Միջոցառումը նաև կարևոր մշակութային ուղերձ է կրում՝ շեշտադրելով հայկական ավանդական պարի պահպանումն ու տարածումը՝ որպես ազգային ինքնության հիմնասյուներից մեկը։ Միջոցառմանը կմասնակցեն հանրաճանաչ պարային խմբեր, պարային միություններ, ինչպես նաև կենտրոնի պետական ստուդիաների սաները՝ ստեղծելով աննախադեպ մշակութային իրադարձություն։ Հանրապետության հրապարակում հազարավոր պարողներ միասնական շուրջպարով կազդարարեն օրվա խորհուրդը՝ ներկայացնելով հայկական ավանդական պարեր։ Տոնական հատվածը կամփոփվի բարձր տրամադրությամբ և համախմբող կատարումներով։

Ժամը 18:00-ից սկսած տոնական մթնոլորտը կտարածվի քաղաքի տարբեր հատվածներում։ 50 հոգանոց խմբերից կազմված պարախմբերը կկազմակերպեն միասնական շուրջպարեր՝ վերածելով Երևանը բացօթյա պարատոնի։ Միջոցառումները կանցկացվեն Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Ստեփան Շահումյանի անվան պուրակում, Շառլ Ազնավուրի հրապարակում:

Ari parenq 4

Այս նախաձեռնությունը ոչ միայն միավորելու է ոլորտի ներկայացուցիչներին, այլև գրավելու բոլոր անցորդներին՝ ստեղծելով կենդանի, ինտերակտիվ քաղաքային միջավայր։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի նախաձեռնած այս մասշտաբային ծրագիրը կհամախմբի շուրջ 3000-4000 պարողների։

Միջոցառման նպատակն է միավորել ոլորտի ներկայացուցիչներին մեկ գաղափարի շուրջ, ստեղծել տոնական և մասնակցային միջավայր, խթանել մշակութային տուրիզմը և Հայաստանի միջազգային ճանաչումը, ձևավորել պարի միջոցով հաղորդակցման կենդանի հարթակ։

Պարային տոնի հյուրերն են լինելու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արթուր Գասոյանը, Հայաստանի պարարվեստի ազգային միության նախագահ Կարեն Գևորգյանը, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Գագիկ Մխիթարյանը։

Պարի լեզվով ստեղծվելու է յուրահատուկ միասնականություն՝ պարողների, մասնագետների և հասարակության միջև՝ շարժումը դարձնելու արվեստի արտահայտություն, համախմբման, հիշողության և մշակութային ինքնության կենդանի դրսևորում:

Ալմաստ Մուրադյան

115
Ապրիլ 29, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: