«Չարենց-Նամե»-ն պարսկերեն հրատարակությամբ

Արևելքի բնության շունչը, իրանական պոեզիայի մեղեդայնությունը և դարավոր մշակութային հիշողությունը մշտապես ներշնչման աղբյուր են եղել հայ գրականության բացառիկ դեմքերից մեկի՝ Եղիշե Չարենցի ստեղծագործական աշխարհում։ Նրա հոգևոր քարտեզում Արևելքը պարզապես աշխարհագրական տարածք չէր, այլ մշակութային ինքնության կարևոր բաղադրիչ: Այդտեդ միահյուսվում էին Արևելքի արևն ու դասական պարսից պոեզիան և ազատատենչ մտածողությունը։
Չարենցը մշտապես աչքի է ընկել պարսից գրականության հանդեպ իր մեծ սիրով։ Ֆիրդուսիից մինչև Օմար Խայամ, պարսկական դասական պոեզիան նրա համար եղել է գեղագիտական ներշնչման աղբյուր։ Այս հետաքրքրության և մշակութային փոխկապակցվածության ամենավառ արտահայտություններից է «Չարենց-Նամե» ինքնակենսագրական պոեմը: Այն կարելի է դիտարկել որպես Չարենցի հոգևոր ուղեգիծը և ինքնության գրական արտահայտությունը։

Այս կարևոր ստեղծագործությունն այժմ թարգմանվել է պարսկերեն և հանդիսավոր կերպով ներկայացվեց Չարենցի ծննդյան 129-ամյակի առիթով: «Չարենց-Նամե» գրական ստեղծագործությունը կարևոր է ոչ միայն Չարենցի պոետիկ աշխարհի, այլև նրա մշակութային հետաքրքրությունների և աշխարհայացքի բացահայտման տեսանկյունից։ Այն արտահայտում է բանաստեղծի խորը հետաքրքրությունը դեպի արևելյան աշխարհը և հատկապես դեպի իրանական մշակույթը։

Charenc Name 3

«Չարենց-Նամե»-ն արդեն իր վերնագրով հիշեցնում է պարսկական գրականության ավանդույթները։ «Նամե» բառը գալիս է պարսկերենից և նշանակում է «գիրք», «պատմություն» կամ «պատմողական ստեղծագործություն»։ Այդ անվանումը անմիջապես կապվում է պարսկական էպիկական գրականության ավանդույթի հետ: Այս ավանդույթի ազդեցությունը զգացվում է նաև Չարենցի ստեղծագործության գաղափարական կառուցվածքում և լեզվական պատկերներում։ Չարենցի համար իրանական մշակույթը և պարսկական պոեզիան կարևոր ներշնչման աղբյուր էին հանդիսանում։ Նա մեծ հիացմունքով էր վերաբերվում պարսից դասական բանաստեղծությանը և առանձնահատուկ գնահատում էր պարսից հեղինակների ժառանգությունը:

Ստեղծագործության պարսկերեն թարգմանության շնորհանդեսը կայացավ նախ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, ապա Երևանի պատմական Կապույտ Մզկիթում: Նախագծի ղեկավարը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն է։ Գիրքը հրատարակվել է թանգարանի և ԻԻՀ դեսպանատան համագործակցությամբ: Թարգմանությունը կատարել է Ժորժ Աբրահամյանը։

Charenc Name 8

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին Եղիշե Չարենցին անվանեց Հայաստանի արժանի զավակ՝ բնատուր տաղանդով և ազնվատենչ ոգով բանաստեղծ:

«Ուրախ եմ, որ այսօր գտնվում ենք մի վայրում, որը ժամանակի դաժան փորձություններով ու ճնշումներով հանդերձ իր պահպանման համար մեծապես պարտական է անվանի հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի ջանքերին և նվիրվածությանը: Ահա այս վայրում էլ մենք նշում ենք նրա ծննդյան 129-ամյակը:

Երևանի Կապույտ Մզկիթում տեղի է ունենում մի մարդու հիշատակին նվիրված միջոցառում, որն իր կյանքի ընթացքում բազմիցս իր հոգատարությանն է արժանացրել այս վայրը: Այսօր անկասկած մեծահոգի ու մարդասեր Եղիշե Չարենցի հոգին մեզ հետ է: Եղիշե Չարենցը միայն հանճարեղ գրող ու բանաստեղծ չէր, նա մեծ ու ազատատենչ մարդ էր, վեհ ոգով, և այդ վեհ ոգին դարձավ նրա խոսքի և պոեզիայի ներշնչման  աղբյուրը: Ինչպես նկատում ենք «Չարենց-Նամե» գրքում, Եղիշե Չարենցը իրեն համարում էր Մակու քաղաքից: Նա մեծ սեր էր տածում Իրանի մշակույթի, գրականության հանդեպ, ինչպես նաև այնպիսի բանաստեղծների նկատմամբ ինչպիսիք են Հաֆեզը, Խայամը և Ֆիրդուսին, այնպիսի քաղաքների նպատմամբ, ինչպիսիք են Մակուն, Շիրազը, Թեհրանը: Իր բանաստեղծություններում Չարենցը խոսում է Իրանի արևի մասին: Անկախ նրանից, թե նա Մակու քաղաքում է ծնվել, թե Կարսում, նա մեծ ոգևորությամբ է ասում՝ «Ես ծնվել եմ Մակու քաղաքում»: Չարենցի զգացմունքները և հիացմունքի արժանի տաղանդը Իրանի նկատմամբ, որոնք միշտ ներկա են եղել իր ոգում և մտքում, բյուրեղանում են տարբեր բանաստեղծություններում: Նա սիրով և հառաչանքով ողբում է իր բաժանումը Իրանից: Եղիշե Չարենցը հայ գրականության ամենալուսավոր բանաստեղծներից է: Նրա ստեղծագործությունները համեմատելի են Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Թումանյանի, Իսահակյանի, Վարուժանի, Սիամանթոյի ստեղծագործությունների հետ: Հայ գրականությունն առանց Չարենցի պատկերացնելն անհնարին է: Չարենցն ապրել է Հայաստանի համար ամենադժվարին՝ ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանում: Նա դարձել է այդ մռայլ ու դժվարին ժամանակաշրջանի զոհը, սակայն միշտ խոսել է լուսավոր ապագայի և կյանքի հանդեպ հույսի մասին՝ «Ես գալիս եմ դարերից և գնում եմ դեպի դարերը հաղթական ու դեպի պայծառ ապագան»: Չարենցի բնատուր տաղանդը և մեծ ստեղծագործությունների նկատմամբ ծարավն ու ազատատենչ ոգին կերտել են բացառիկ անհատականություն, որպեսզի այնպիսի ժամանակներում, երբ ազատության մասին խոսելը բարձր գին կարժենար, բարձրաձայներ հայերի և մարդկանց ազատությունների և իրավունքների մասին: Նա պիտի իր ստեղծագործություններում նրբանկատորեն գրի առներ ստալինյան ծանր ու մռայլ մթնոլորտի բնութագիրը: Իհարկե, դրա համար նա պետք է վճարեր իր կյանքի գնով, կնոջ աքսորով և երեխաների հալածանքներով»:

Charenc Name 7

Չարենցը միայն հայ գրականության խոշորագույն ներկայացուցիչներից չէ, այլև մշակութային ժառանգության պահպանման գործում կարևոր դեր ունեցած մտավորական։ Նրա գործունեությունը առանձնահատուկ նշանակություն ունի նաև Հայաստանում իրանական մշակութային ժառանգության պահպանման տեսանկյունից։ Չարենցը լավ գիտակցում էր, որ հայկական մշակույթը ձևավորվել է բազմադարյա փոխազդեցությունների պայմաններում, և այդ փոխազդեցությունների կարևոր բաղադրիչներից մեկը եղել է հայ-իրանական մշակութային կապը: Դրանից ելնելով էլ Չարենցը հանդես էր գալիս պատմամշակութային արժեքների պահպանման օգտին՝ անկախ դրանց կրոնական կամ ազգային պատկանելությունից։ Այս համատեքստում հիշատակման արժանի է նրա վերաբերմունքը Երևանի կարևոր հուշարձաններից մեկի՝ Կապույտ մզկիթի նկատմամբ։ Կապույտ մզկիթը, որը կառուցվել է 18-րդ դարում Երևանի խանության շրջանում, երկար ժամանակ հանդիսացել է քաղաքի իրանական մշակութային ներկայության ամենակարևոր խորհրդանիշներից մեկը։ Խորհրդային իշխանության սկզբնական տարիներին, երբ կրոնական շինությունների մեծ մասը կանգնած էր ոչնչացման կամ վերափոխման վտանգի առաջ, Չարենցը կարևոր դեր ունեցավ այդ հուշարձանի պահպանման գործում։

Նրա դիրքորոշումը հիմնված էր այն համոզման վրա, որ նման հուշարձանները պետք է դիտարկվեն ոչ միայն կրոնական կառույցների, այլև պատմամշակութային արժեքների տեսանկյունից։ Այդ մոտեցման շնորհիվ հնարավոր եղավ պահպանել մզկիթի շենքը՝ այն դարձնելով մշակութային նշանակության տարածք։ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, պատմեց, թե ինչ մեծ դեր է ունեցել Կապույտ Մզկիթը Չարենցի կյանքում:

Charenc Name 4

«Այսօր Հայաստանը նշում է իր հանճարեղ զավակներից մեկի՝ պապիկիս՝ Եղիշե Չարենցի ծննդյան 129-ամյակը։ Չարենցը մահացավ, երբ քառասուն տարեկան էր, բայց նա թողեց մեծ ու հսկայական գրական ժառանգություն։ Նա կատարելապես օգտագործել է և կիրառել է պոեզիայի բոլոր հայտնի ժանրերը՝ էլեգիա, բանաստեղծություն, սոնետ, ակրոստիքոս, բեյթ, ռուբայի: Չարենցը միշտ իր հայրենիքը համարել է Մակու քաղաքը, չնայած որ ծնվել էր Կարսում, բայց Մակու քաղաքը նրա ծնողների ծննդավայրն է եղել։ Նա շատ է սիրել պարսից գրականությունը, պոեզիան: 1934 թվականին, երբ Հայպետհրատ-ում էր աշխատում, տպագրվեց Ֆիրդուսու բանաստեղծությունների գիրքը: Այն նվիրված էր Ֆիրդուսու հազարամյակին և մի շքեղ հրատարակություն էր։ Ինձ համար շատ հուզիչ է այսօր այստեղ ներկա լինելը, քանի որ գիտեմ, որ այս վայրը՝ Կապույտ մզկիթը, Չարենցի սիրելի վայրերից մեկն էր։ Նա հաճախ էր գալիս այստեղ, նստում այգում՝ իր սիրելի թթենու տակ։ Նա այստեղ ստեղծագործում էր, կարդում, մտածում և կարող էր ժամերով այստեղ նստել: 30-ականներին, երբ այս հրաշալի կառույցը քանդման վտանգի տակ էր, Չարենցը հստակ հասկանում էր այս կառույցի կարևոր մեծ նշանակությունը, և նա չէր կարող թույլ տալ քանդել այն։ Դրա մեջ նա կարծես տեսնում էր իր հեռավոր հայրենիքի մի մասնիկը և նրան հաջողվեց փրկել այն։ Նա իշխանություններին համոզեց այն վերածել մշակութային կենտրոնի և այսպես այն կանգուն է մինչ օրս»,- ասաց Գ. Չարենցը:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն էլ պատմեց Չարենցի գործերի տարբեր լեզուներով թարգմանելու թանգարանի հանձնառության մասին:

«Թանգարանը նպատակ ունի միջազգայնացնել Չարենցի անունը։ Տարիների ընթացքում թարգմանել ենք տարբեր լեզուներով և այս տարի որոշել ենք նաև թարգմանել պարսկերեն լեզվով։ Նա մշտապես ցանկացել է լինել Իրանում, այդպես էլ չի եղել, բայց իր ստեղծագործություններում, հատկապես «Չարենց-Նամե»-ում, որը համարվում է նրա համառոտ կենսագրությունը, նա խոսում է Իրանի մասին, որը համարում է իր հայրենիքը։ Մակուն համարվում է նրա ծնողների հայրենիքը, և մենք ունենք մեր թանգարանում նաև չափաբերական մատյան, որով Չարենցի ծննդավայրը համարվում է Կարսը։ Մենք որոշեցինք թարգմանել այս պոեմը պարսկերեն, քանի որ նպատակ ունենք իրանահայ հասարակությանը նույնպես մասնակիցը դարձնել և հաղորդ դարձնել Չարենցի գրականությանը։ Չարենց թարգմանելիս մենք տարբեր դժվարությունների առջև ենք կանգ առնում, քանի որ առհասարակ Չարենց թարգմանելը դժվար է: Պարոն Ժորժ Աբրահամյանը վերցրեց այդ պատասխանատվությունը իր վրա և մեծ պատասխանատվությամբ թարգմանեց այս ստեղծագործությունը։ Ես նաև շատ ուրախ եմ, որ այս ամենը իրականություն դարձավ Չարենցի ծննդյան 129-ամյակի շրջանակում և ստեղծագործության թարգմանությունը նշում ենք այնպիսի վայրում, որը շատ մեծ նշանակություն ուներ Չարենցի կյանքում»:

Charenc Name 5

Ստեղծագործությունը թարգմանել է թարգմանիչ, գրող Ժորժ Աբրահամյանը: Վերջին շրջանում Հաֆեզ ու Ռումի թարգմանելուց հետո անցել է Չարենցի ստեղծագործության թարգմանությանը, որն իր խոսքով՝ շատ դժվար է եղել և շատ մեծ պատասխանատվություն է եղել:

«Դժվար էր թարգմանել այդպիսի հանջարեղ հեղինակի ստեղծագործություն։ Երբ գալիս էի այստեղ, մտածում էի, որ Չարենցի սիրտը հիմա խոցված է, քանի որ այն երկիրը, որն այդքան շատ էր սիրում, այս պահին ցանկանում են, փորձում են ոչնչացնել: Նա այնքան էր սիրում Իրանը, որ իր հայրենիքը համարում էր Իրանը։ Այնպես էր խոսում Շիրազի մասին, Շիրազի վարդերի մասին, կարծես եղել է Շիրազում և տեսել է այդ վայրը։ Շատ եմ ուզում, որ այս գիրքը Իրան մտնի, քանի որ Չարենցն իր ողջ կյանքում երազում էր Իրանում լինել, բայց այդպես էլ չեղավ։ Եվ ես ցանկանում եմ, որ այս գիրքը այնտեղ հրատարակվի և Իրանի ժողովուրդն էլ իր երախտագիտությունը հայտնի Չարենցին։ Նա խոսում էր մզկիթը փրկելու մասին, և ես որոշեցի ուսումնասիրություններ կատարել: Ես հասա մի փաստատղթի, որով Սովետական իշխանությունը պահանջում էր, որ մզկիթի փոխարեն պետք է մի գործարան լիներ։ Ես գտա Չարենցի նամակները, դիմումները և ապշած էի, թե ինչ է զգացել Չարենցը այդ ժամանակ։ Ինչու էր այդ խոսակցությունը այդքան կարևոր Չարենցի համար, քանի որ նա ժամանակից շատ-շատ առաջ էր։ Նա զգում էր այդ բարբարոսությունը և գիտեր, թե ինչ է նշանակում»:

«Չարենց-Նամե»-ի պարսկերեն թարգմանությունը կարևոր մշակութային իրադարձություն է, որը ընդգծում է Չարենցի խոր կապը իրանական գրականության հետ և ամրապնդում է հայ-իրանական մշակութային համագործակցությունը։

Ալմաստ Մուրադյան

160
Մարտ 17, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: