ՀԱՊ-ում բացվել է «Մոդեռնիզմի հոսքեր» խորագրով ցուցահանդեսը

Խորհրդային Հայաստանում և սփյուռքում մոդեռնիստական ուղղությունները զարգացել են տարբեր պայմաններում, սակայն փոխլրացրել միմյանց՝ ստեղծելով միաձև, բայց բազմաշերտ երևույթ, որը կարելի անվանել հայկական մոդեռնիզմ։ Եթե 1920-ականներին Հայաստանում արվեստը կանգնած էր երկու հիմնական ուժերի հատման կետում` ավանդույթների և նոր հեղափոխական կարգերի մշակութային քաղաքականության միջև, ապա մինչև 1930-ականների վերջը արվեստագետներին թույլատրվում էր փորձարարական որոնումներ՝ կուբիզմ, ֆուտուրիզմ, կոնստրուկտիվիզմ, սիմվոլիզմ։ Սակայն ստալինյան շրջանը պարտադրեց սոցիալիստական ռեալիզմը՝ որպես միակ ընդունելի գեղարվեստական լեզու։ Իսկ 1950-60-ականների «Ձնհալը» նոր հնարավորություններ բացեց արվեստագետների համար։ Այս փուլում մոդեռնիզմը դարձավ ոչ միայն գեղագիտական, այլև գաղափարական դիմադրության ձև՝ թույլ տալով արտահայտել ներքին իրականությունը խորհրդանշական, սիմվոլիկ և երբեմն կոդավորված լեզվով։ 1970-80-ականներին էլ հայկական մոդեռնիստական արվեստը հասել էր իր ամենաբարձր ներքին լարվածությանը՝ առավել ընդգծելով էքսպրեսիվ հույզերը, անհատի դրաման և ազգային ինքնության ենթատեքստերը։

Modernizmi hosqer 2

Խորհրդահայ մոդեռնիզմի առանձնահատկություններից մեկը հայ արվեստագետների երկխոսությունն էր, որտեղ պահպանվում էր թեքվելը դեպի արմատներ` օգտագործելով հայկական մանրանկարչության գունային հարստությունը, խաչքարերի պլաստիկան, ժողովրդական զարդաքանդակները, ապա ժամանակակից ելևէջներն ու ռիթմերը։ Մոդեռնիստական ձևերն այսպես ստանում էին ինքնատիպ ձեռագիր։ Իսկ պատմական և սոցիալական ճնշումները նպաստում էին ներքին դրամատիզմի ուժեղացմանը։ Դիմանկարներում գերակշռում է հոգեբանական խորությունը, կերպարները հաճախ ներկայացված են որպես ներաշխարհի արտացոլանք։ Գերիշխող էին դառնում կուբիստական կառուցվածքները, խիստ գծային դինամիկան, վերացականացված տարածություններն ու  ինտենսիվ գունային լուծումները։

Modernizmi hosqer 3

Խորհրդահայ կերպարվեստի և սփյուռքի հայ արվեստագետների հետ շփումների հնարավորություն է ստեղծել Հայաստանի Ազգային Պատկերասրահը:  Սփյուռքահայ արվեստագետներին ներկայացնող «Մոդեռնիզմի հոսքեր» խորագրով ցուցահանդեսը միավորել է ավելի քան 40 արվեստագետների շուրջ 100 աշխատանք: Նրանց թվում են՝ Գառզուն, Երվանդ Քոչարը, Հարություն և Արմինե Կալենցները, Հովհաննես Ալխազյանը, Ժիրայր Օրագյանը, Հակոբ Գյուրջյանը, Գեորգի Յակուլովը, Հակոբ Հակոբյանը, Վահան Ամատունը: Ցուցահանդեսի համադրողներն են Հասմիկ Բադալյանը և Վիգեն Գալստյանը:

Վիգեն Գալստյանի խոսքով՝ ցուցահանդեսի նպատակն է վերհանել մինչ օրս ոչ այնքան հետազոտված, նույնիսկ անտեսված կապերը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Հայաստանի և սփյուռքի միջև, որոնց շնորհիվ Հայաստան էին ներթափանցում արևմտաեվրոպական մոդեռնիզմի տարբեր հոսանքներ:

Modernizmi hosqer 4

«Դա շատ կարևոր էր մեր մշակույթի, արվեստի զարգացման համար տոտալիտար համակարգի պայմաններում: Ցուցահանդեսը ցույց է տալիս, որ Խորհրդային Հայաստանի արվեստը զարգանում էր նաև Խորհրդային Միության մշակութային և քաղաքական հրամայականներից դուրս, ինչում առանցքային դեր են խաղացել սփյուռքահայ արվեստագետները, որոնք մշտապես պահել են կապը Հայաստանի ստեղծագործողների հետ»,- ասում է համադրողը:

Ցուցադրությունը բաղկացած է երեք բաժնից։ Առաջին սրահում ներկայացված են 1930-1947 թվականներին հայրենադարձ արվեստագետների գործերը։ Նրանցից են Երվանդ Քոչարը, Բարդուղ Վարդանյանը, Մելքոն Քեպապչյանը, Հարություն և Արմինե Կալենցները, որոնք 1950-ականների կեսերին խարիսխ են դարձել հայկական մոդեռնիզմի զարգացման համար:

Modernizmi hosqer 5

Ցուցահանդեսն անդրադառնում է 20-րդ դարի հայ արվեստի առանցքային ժամանակաշրջանի՝ 1940-ականներից մինչև 60-ականների վերջին: Մի ժամանակահատվածի, որը հայկական մշակույթի համար փորձություններով արժանավորվեց: Ցուցահանդեսն ամբողջությամբ հենված է Հայաստանի Ազգային Պատկերասրահի հավաքածուի վրա: Հետազոտական դիտարկումը նոր հայացք է առաջարկում՝ շեշտելով, որ Խորհրդային Հայաստան-Սփյուռք արվեստի միջև փոխառնչությունները շարունակել են զարգանալ՝ հաղթահարելով Սառը պատերազմի գաղափարական և քաղաքական սահմանափակումները:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 106

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: