Francofest-ի շրջանակում Հայաստանում է Պասկալ Բրուքները

Հավատարիմ մնալով որդեգրած ռազմավարությանը՝  Newmag հրատարակչությունը շարունակում է թարգմանել ժամանակակից նշանավոր հեղինակների գործեր: Հրատարակչությունը ուշադրություն է  հատկացնում հատկապես ֆրանկոֆոն հեղինակների գործերին: Դրանք թարգմանվում են, իսկ ֆրանկոֆոն շունչն էլ առավել տարածավում և գեղեցիկ արձագանքներ է ստանում արդեն ավանդական դարձած Francofest միջազգային փառատոնի շրջանակում: Francofest 2025-ը ևս լի էր նոր գրքերով ու քննարկումներով: Ինչպես նշում է Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, փառատոնը նաև հայ-ֆրանսիական մշակութային երկխոսության գեղեցիկ օրինակ է:

«Փառատոնը ֆրանսախոս գրականության, ֆրանսահունչ էսթետիկայի, ֆրանսալեզու ստիլիստիկայի մեծ արշավ ու մարաթոն է: Բոլորս կարողանում ենք վայելել այն գաղափարները, այն գիտելիքն ու հնարամտությունները, որոնք հեղինակները փոխանցում են մեզ իրենց ստեղծագործութունների միջոցով։ Նրանք տալիս են բանալիներ, որպեսզի հասկանանք, ինչ են գրում, ինչու են գրում»,- ասում է Գնել Նալբանդյանը:

Im poqrik amusiny 2

Francofest միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանում է նաև ֆրանսիացի փիլիսոփա, գրող, Գոնկուր ակադեմիայի անդամ Պասկալ Բրուքները։ Մերօրյա Ֆրանսիայի ամենահետաքրքիր գրողներից մեկը, Մեդիչիի և Ռենոդո մրցանակների դափնեկիրը փիլիսոփայություն է սովորել մի շարք հաստատություններում, այդ թվում՝ Սորբոնում: Դոկտորական աստիճան ստացել է Ռոլան Բարտի գլխավորությամբ՝ 1975 թվականին։ Վերջին շրջանում Պասկալ Բրուքները դարձել է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտի կոնֆերանսների ղեկավար և Nouvel Observateur-ի համահեղինակ։ Նա նաև հրավիրված պրոֆեսոր է եղել Նյու Յորքի համալսարանում, Սան Դիեգոյի պետական համալսարանում և Տեխասի A&M համալսարանում։

Բրուքները սկսել է գրել «նոր փիլիսոփաների» (ֆր.՝ nouveaux philosophes,  Ֆրանսիայում երիտասարդ փիլիսոփաների շարժում, որը ձևավորվել է 1970-ականներին) ոճով և համարվում է ժանրի ամենահայտնի հեղինակներից մեկը: 2019 թվականից նա Գոնկուրյան ակադեմիայի անդամ է, որն ամեն տարի շնորհում է Ֆրանսիայի ամենակարևոր գրական մրցանակը՝ Գոնկուրյան մրցանակը։ Նրա «Lunes de fiel» վեպի հիման վրա նկարահանվել է Ռոման Պոլանսկու «Դառը լուսին» ֆիլմը։ Վեպը մնում է որպես Բրուքների ամենավիճահարույց ստեղծագործություններից մեկը։ Գրքի համբավը մեծացավ ռեժիսոր Ռոման Պոլանսկու 1992 թվականի համանուն ֆիլմի էկրանավորումից հետո։ Լինելով հանճարեղ վիպասան և ակնարկագիր՝ Բրուքները հայտնի է որպես նուրբ, վերլուծական արձակի վարպետ, որը բացահայտում է մարդկային հարաբերությունների էությունը:

Im poqrik amusiny 3

Հայաստան այցը խորհրդանշական է գրողի համար․ հայերեն է թարգմանվել Բրուքների «Իմ փոքրիկ ամուսինը» ստեղծագործությունը: Գրքի շնորհանդեսի ընթացքում Բրուքներն անդրադարձավ նաև Գոնկուր մրցանակի հայաստանյան ընտրությանը՝ այն որակելով իբրև մեծ իրադարձություն: Այս տարի Գոնկուր Հայաստանի դափնեկիր է ճանաչվել Գաել Ֆայի «Ժակարանդա» վեպը: Գրողն անդրադարձավ վեպին ու նշեց, որ այն  դափնեկիր է ոչ միայն Հայաստանում։ Գրողի խոսքով՝ Գոնկուրը համընդհանուր արժեք է։

«Երկու տասնյակից ավելի երկրներում այս վեպն է ընտրվել որպես հաղթող։ Ինքս էլ ընտրել եմ այս գիրքը։ Ֆրանսիական Գոնկուրի ներսում քննարկումները բավականին բուռն են լինում։ Նոբելյան մրցանակից հետո Գոնկուրը երկրորդ հեղինակությունն ունի աշխարհում, հատկապես ֆրանսիական գրականության ու ֆրանսերեն լեզվի տարածման տեսանկյունից։ Չնայած ընթերցողները, կարդացող մարդիկ պակասում են ամբողջ աշխարհում, բայց ես հավատում եմ ապագա սերունդներին, նաև տեսնելով, թե ինչպես են կարդում իմ թոռները։ Ինչի՞ն են ծառայում գրական մրցանակները։ Դրանք ուղեցույց են, լույս են մթում։ Մրցանակներն օգնում են կողմնորոշվել՝ ինչ կարդալ, ինչ հեղինակ ընտրել։ Գրական մրցանակները ձեռք են մեկնում ընթերցողներին այս մեծ բազմազանության մեջ։ Գոնկուրյան մրցանակն այն գերագույն մրցանակն է, որը դառնում է իսկական նվեր Սուրբ ծննդյան տոներին։ Այս տարի նույնպես մեծ հետաքրքրությամբ հետևելու եմ, թե ինչ գիրք է ընտրելու հայկական ժյուրին։ Եթե այն համընկնի իմ ընտրության հետ, շատ կուրախանամ»,- հավելեց գրողը:

Im poqrik amusiny 4

Newmag հրատարակչությունը հայերեն է թարգմանել Պասկալ Բրուքների «Իմ փոքրիկ ամուսինը» գիրքը, որը կարծեք թե ժամանակակից հեքիաթ լինի մեծերի մասին: Այն խոսում է սերունդների միջև հավերժական պայքարի մասին, որի հիմքում տղամարդու ողբերգական ճակատագիրն է։ Պատկերացրեք, որ ճանաչում եք գրողի հերոսին՝ կարճահասակ Լեոնին, որն իր ամեն երեխայի ծնվելուց հետո կարճանում է 39 սմ։ Արդյունքում երեխաների ծնունդը նրան դարձնում է մատնաչափիկ: Հակառակ կողմում էլ բարձրահասակ կինն է։ Իրար են հաջորդում մի շարք  բարդություններ ու փորձություններ: Բրուքներն էլ դրանց արձագանքում  է ժամանակակից հասարակության կարծրատիպերի, բարքերի ու արժեհամակարգի մասին խոսելով: Բարոյախրատական ուղերձ հիշեցնող կոչերով հանդերձ՝ նա պատմում է մի շարք հիմնախնդիրների մասին, որոնց բախվում են ծնողներն ու երեխաները՝ գոյաբանական նման բարդ փուլերում: Բայց նաև հերոսի կյանքում սկսվում են արկածներ, որոնք օգնում են նրան այլ կերպ տեսնել աշխարհը և հասկանալ մարդկային կյանքի իրական արժեքները։

Հետաքրքիր է նաև Բրուքների ասելիքը հասարակական-քաղաքական դարակազմիկ իրադարձությունների համատեքստում: Ահա օրինակ 1992-1999 թվականներին Բրուքներն ակտիվորեն աջակցել է խորվաթական, բոսնիական և կոսովական պայքարին՝ ընդդեմ սերբական ագրեսիայի: Նա աջակցել է 1999 թվականին Միլոշևիչի գլխավորած սերբական ուժերի ՆԱՏՕ-ի ռմբակոծություններին: 2003 թվականին էլ աջակցել է Սադամ Հուսեյնի տապալմանը ԱՄՆ ուժերի կողմից, բայց ավելի ուշ քննադատել է ամերիկյան բանակի սխալները և խոշտանգումների կիրառումը Աբու Գրեյբում և Գուանտանամոյում: «Ճակատագիրը կարող է դաժան խաղեր խաղալ»,-բազմիցս նշել է  ֆրանսիացի մտավորականը և զգուշացրել գլոբալիզացիայի և բազմամշակութայնության հայեցակարգի հետ կապված ռիսկերի մասին։

Im poqrik amusiny 5

Բրուքները հայտնի դարձավ իր վեպերով և էսսեներով, որոնք անդրադառնում էին բարդ սոցիալական և քաղաքական թեմաների, այդ թվում՝ ժամանակակից արևմտյան հասարակության ճգնաժամերին: 2012 թվականի նոյեմբերին հունական թերթին տված հարցազրույցում «Մեղքի բռնապետությունը. Էսսե արևմտյան մազոխիզմի մասին» գրքի հեղինակը Եվրոպայի մասին ասել է.

«Մենք հրաժարվել ենք Լուսավորության թափից և էներգիայից։ Մեզ մնացել է դրա մոխրագույն, լուսարձակող տարբերակի արտացոլանքը։ Սա եվրոպական քաղաքակրթության մթնշաղն է։ Մեր ազգերում ինչ-որ բան դանդաղորեն մեռնում է, և եթե չարթնանանք, կանհետանանք»։

«Հավերժական էյֆորիա. Էսսե հարկադրված երջանկության մասին» աշխատանքում էլ հեղինակը փորձում է հետևել լուսավորական դարաշրջանից հետո եվրոպական մշակույթին բնորոշ երջանկության իդեալի զարգացմանն ու աղավաղմանը։ Էսսեն բաղկացած է չորս մասից։ Ներկայացվում է հիմնահարցի պատմությունը՝ քննարկելով, թե ինչպես է տառապանքի քրիստոնեական պաշտամունքը 18-րդ դարում զիջել իր տեղը երկրային երջանկության ուժասպառ հետապնդմանը, թե ինչպես է այս երջանկությունը աստիճանաբար դարձել լիարժեք մարդու պարտադիր հատկանիշ։ Այն նաև ցույց է տալիս, թե ինչպես է բարեկեցության, առողջության, գեղեցկության հետապնդումը դառնում մոլուցք, ծնում դեպրեսիա, զրկում մարդկանց անփութությունից և, ի վերջո, դարձնում նրանց դժբախտ։ Ապա հաջորդում  է ժամանակակից աշխարհի ակնարկը, որտեղ տիրում են միջակությունն ու գռեհկությունը։ Քննարկվում է բուրժուազիայի «փայլն ու տառապանքը»: Իսկ հետո վերադառնում է տառապանքի թեմային: Բրուքներն, իհարկե, դեղատոմսեր չի առաջարկում, բայց հույս է հայտնում թեզի (տառապանքի պաշտամունք) և հակաթեզի (երջանկության պաշտամունք) ռացիոնալ սինթեզի հնարավորության վերաբերյալ՝ «երջանիկ ապրելու, տառապանքը ճանաչելու և այն հաղթահարելու արվեստի» տեսքով:

«Սուրբ Ավգուստինոսն արդեն մեջբերում է 289 տարբեր մեկնաբանություն, իսկ Լուսավորության դարաշրջանում երջանկության մասին գրվել է մոտ հիսուն տրակտատ, սակայն մենք անընդհատ անցյալի և այլ մշակույթների վրա ենք պրոյեկտում երջանկության նույն գաղափարը և դրանով տարվածությունը, որը միայն մերն է։ Այս հասկացության բնույթի մեջ կա ինչ-որ առեղծվածային բան, ինչ-որ բան, որը սնուցում է անվերջ, հակասական կարծիքներ: Երջանկությունը կարելի է ստանալ գործողությունից և խորհրդածությունից, հոգևոր և ֆիզիկական հարմարավետությունից, հարստությունից և աղքատությունից, առաքինությունից և արատից։ Երջանկության մասին զրույցները, ասում էր Դիդրոն, բացահայտում են միայն խոսողին։ Բայց մեզ կհետաքրքրի մեկ այլ բան՝ երջանկության կրքոտ ցանկությունը, որը տիրել է արևմտյան քաղաքակրթությանը ֆրանսիական և ամերիկյան հեղափոխություններից ի վեր»:      

         «Հավերժական էյֆորիա. Էսսե հարկադրված երջանկության մասին» (հատված)

Այցի ընթացքում Պասկալ Բրուքները նաև այցելեց Գառնի, Գեղարդ: Ֆրանսիացի գրողին մշակութային հագեցած օրվա ընթացքում ուղեկցել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը: Հիշեցնենք նաև, որ Պասկալ Բրուքները Հայաստանի և Արցախի շահերի ակտիվ պաշտպան է Ֆրանսիայում։ 2024 թվականին նա մասնակցեց երևանյան մեծ հանդիսությանը, որի ժամանակ Newmag-ն ազդարարեց «Գոնկուր Հայաստան» մրցանակի հիմնումը:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 60

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: