Ավ. Իսահակյանի ծննդյան 150-ամյակը նշվեց հոբելյանական համաժողովով

Այս տարի լրանում է հայ անվանի գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը: Դեռ տարեսկզբին ձևավորվել էր հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովը: Հանձնաժողովն առաջնորդվում է նախանշված հիմնական սկզբունքներով, այն է՝ դրանում անպայմանորեն ներառել Իսահակյան մտավորականին համակողմանիորեն բացահայտող գրահրատարակչական ծրագրեր, գիտաժողովի անցկացում, դպրոցականների մասնակցությամբ կրթական ծրագրեր՝ ապահովելով ներառականությունը և այլն: Առանձնակի կարևորվել են բանաստեղծի ծննդավայր Գյումրիում և հատկապես Գյումրու թանգարանում անցկացվող միջոցառումները, ինչպես նաև արտերկրում՝ Փարիզում և Վենետիկում, հուշատախտակների բացումը և ցուցահանդեսների անցկացումը:

Հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակում կարևոր տեղ են գրավում հատկապես միջազգային միջոցառումները, որոնք սկսվել էին ամիսներ առաջ: Հիշենք Լայպցիգի գրքի միջազգային փառատոնում Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը և քաղաքում նրա հուշատախտակի բացումը:

Avetiq Isahakyan 150 2

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը համագործակցում է բազմաթիվ կրթական և մշակութային կառույցների հետ՝ Ավետիք Իսահակյանի 150-ամյա հոբելյանը առավել խորհրդանշական ու տպավորիչ դարձնելու համար: Ինչպես տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանն է նշել, նպատակը մեկն է՝ նախաձեռնել մի շարք միջոցառումներ, որոնք նորովի կբացահայտեն Իսահակյան մարդուն, ստեղծագործողին, մտածողին, հայրենասերին: Դրանք պետք է հնարավորություն ընձեռեն առավել լավ հասկանալ Իսահակյան մտածողի ստեղծած արժեքների խորությունն ու էությունը:

Օրերս Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում Փարիզի Ինալկո համալսարանում տեղի ունեցավ հոբելյանական գիտաժողով՝ կազմակերպված Ինալկոյի (INALCO), Եվրոպա-Եվրասիա- CREE հետազոտական կենտրոնի, Ինալկոյի հիմնադրամի և «Հիշատակարան» ՀԿ-ի համագործակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Համաժողովը նվիրված էր Ավետիք Իսահակյանի հարուստ գրական և մշակութային ժառանգությանը:

Avetiq Isahakyan 150 3

Ինչպես հայտնի է, Ավետիք Իսահակյանը 1930-36 թվականներին ապրել և ստեղծագործել է Ֆրանսիայում: 1930 թվականի գարնանը Իսահակյանը մեկնել է Փարիզ` ընտանիքը, ձեռագրերը բերելու: Նրան թվում էր, թե մեկ տարուց ավել չի մնա Փարիզում, սակայն հանգամանքների բերումով մինչև 1936 թվականը մնում է այնտեղ` դառնալով Հովհ. Թումանյանի հիմնադրած «Հայաստանի օգնության կոմիտեի» /ՀՕԿ/ փարիզյան մասնաճյուղի փոխնախագահը: Իսկ դա նշանակում էր մասնակցել անհամար հավաքույթների, կազմակերպել հանգանակություններ` մոխիրների միջից բարձրացող հայրենիք ուղարկելու համար: Ինչպես հայտնում են թանգարանից, հենց դա էր պատճառը, որ Փարիզը` աշխարհի այդ շքեղագույն քաղաքը, իր հրապույրներով, փարթամ կյանքով, արվեստներով ու գեղեցկությամբ չէր փարատում փարիզաբնակ բանաստեղծի տրտմությունը: Թեև գիտեր ֆրանսերեն, գիտեր հասկանալ և գնահատել ֆրանսիական և ընդհանրապես համաշխարհային մշակույթի հին ու նոր արժեքները, ուներ բազում հետաքրքրություններ և զբաղմունք, միևնույնն է, բանաստեղծը երազում էր օր առաջ լինել հայրենիքում` իր ժողովրդի և սիրելի ընկերների հետ: Այդ տարիների պատմությունը շատ հարուստ և հետաքրքիր է ներկայացված թանգարանի մշտական ցուցադրության համապատասխան հատվածում: Լուսանկարների, ձեռագրերի, վավերագրերի ու փաստաթղթերի կողքին ցուցադրվում են նաև Իսահակյանների ընտանիքի անձնական իրեր, կենցաղային առարկաներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում այցելուների մոտ: Բանաստեղծի որդին` Վիգեն Իսահակյանն իր «Հայրս» գրքում անչափ հետաքրքիր հուշեր է գրել փարիզյան այդ տարիների ամնոռաց դրվագների մասին: Հենց փարիզյան շրջանը (1930-1936) առանձնահատուկ դեր ունեցավ Վարպետի ստեղծագործական ուղու ձևավորման մեջ։

Avetiq Isahakyan 150 4

Ֆրանսիայում կայացած համաժողովին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյեն, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը, ԻՆԱԼԿՈ հիմնադրամի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Ադվանին, Հիմնադրամի ղեկավար Արնո Ժենեուան, ինչպես նաև հայագիտության բաժնի ղեկավար Անահիտ Տոնապետյանը, Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը:

Միջոցառման շրջանակում ներկաները նաև դիտեցին «Իսահակյանը և Փարիզը» կարճ վավերագրական ֆիլմը: Ցուցադրությանը հաջորդեցին բանաստեղծի թոռ Ավիկ Իսահակյանի, Մ․ Սարյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժնի ղեկավար, բ․գ․թ․ Ռուզան Սարյանի, Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանի և ցուցադրությունների բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանի ելույթներն ու զեկույցները։

Avetiq Isahakyan 150 5

Տեղի ունեցավ նաև «Աբու-Լալա Մահարի» պոեմի հայերեն-ֆրանսերեն տարբերակի շնորհանդեսը: Գրքի նկարազարդումների հեղինակը Մարտիրոս Սարյանն է, ֆրանսերեն թարգմանիչը՝ ֆրանսահայ գրող և թարգմանիչ Կարեն Խուրշուդյանը, իսկ ֆրանսերեն խմբագիրը՝ ֆրանսիացի նշանավոր հայագետ Ժան Պիեռ Մահեն։

Հնչեցին Իսահակյանի խոսքերով գրված դասական ստեղծագործություններ՝ Մկրտիչ Մկրտչյանի կատարմամբ Տեղի ունեցավ «Վարպետը» անիմացիոն ֆիլմի ֆրանսերեն տարբերակի առաջին ցուցադրությունը (թարգմանիչ՝ Կարեն Խուրշուդյան, ֆրանսերենի խմբագիր՝ Ժան Պիեռ Մահե): Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Օլիվիե Դեկոտինյեն, որը կարևորեց Ավետիք Իսահակյանի դերը որպես Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կամուրջ՝ ընդգծելով նրա ստեղծագործական ժառանգության արդիականությունն ու համամարդկային արժեքը։ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին կարևորել է Ավետիք Իսահակյանի ստեղծագործական ժառանգության դերը հայ և ֆրասիացի ժողովուրդների մշակութային երկխոսության, Հայաստան-Ֆրանսիա միջմշակութային կապերի խորացման գործում։ Համաժողովի ընթացքում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանն էլ ներկայացրել է «Իսահակյանը և Փարիզը» վավերագրական ֆիլմը, «Վարպետը» անիմացիոն ֆիլմի ֆրանսերեն տարբերակը և հանդես եկել զեկույցով: Զեկույցներով հանդես են եկել նաև Վարպետի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժնի ղեկավար Ռուզան Սարյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը: Հոբելյանական համաժողովը դարձավ հայ և ֆրանսիացի գիտնականների, մշակութային, հասարակական գործիչների և արվեստասեր հանրության միասնության կամուրջը՝ կարևորելով Վարպետի խոսքն ու հայ հոգևոր մշակույթի անժամանցելի ժառանգությունը։ Միջոցառումն ուղեկցվել է Իսահակյանի խոսքերով գրված երգերով, որոնք ներկայացրել է Մկրտիչ Մկրտչյանը:

ՀՀ Կենտրոնական բանկն էլ օրերս Ավետիք Իսահակյանի 150-ամյակի առթիվ հուշադրամ է թողարկել 300 օրինակով:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 115

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: