Կամերային թատրոնը հյուրընկալել է Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի աշակերտներին
Այսօրվանից մեկնարկել է «Թատերական շաբաթը», որի մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել էր օրեր առաջ: Նոր նախաձեռնության շրջանակում թատրոններում իրականացվում են տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, հանդիպումներ, շրջայցեր դպրոցահասակ երեխաների համար։
«Թատերական շաբաթի» մեկնարկին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի պետական կամերային թատրոն, որտեղ հյուրընկալվել էին Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները:
Կամերային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Լուսինե Երնջակյանի ուղեկցությամբ դպրոցականները ներկա են եղել «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման փորձին, հանդիպել թատրոնի դերասանների հետ, ծանոթացել փորձասենյակներում և հարդարման սենյակներում իրականացվող աշխատանքներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է դպրոցականներին՝ նշելով, որ նախաձեռնության նպատակը թատերական կյանքը, թատրոնի հետնաբեմը, պատմությունն ու գործունեությունն իր ողջ ներկապնակով հասանելի դարձնելն է, որը դպրոցահասակների շրջանում կմեծացնի հետաքրքրությունը թատերական արվեստի նկատմամբ: Դանիել Դանիելյանն առանձնահատուկ շեշտել է՝ «Թատերական շաբաթվա» ընթացքը համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, ինչը հիանալի հնարավորություն է երեխաների համար այցելել թատրոններ, հաղորդակցվել մշակութային կյանքին, նոր գիտելիքներ ձեռք բերել թատերական արվեստի վերաբերյալ:
Կամերային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Լուսինե Երնջակյանի խոսքով՝ «Թատերական շաբաթ» նախաձեռնությունն իրենց համար ևս շատ ոգևորող է. «Համոզված ենք՝ նոր սերունդը պետք է սիրի թատրոնը, ոգևորվի և ներսից ծանոթանա այս ամենին: Ցավոք, մեր թատրոնում քիչ են այն ներկայացումները, որոնք հարմար կլինեն դիտելու երեխաներին, բայց անգամ այդ պարագայում մեր հանդիսատեսի շարքերում շատ են լինում երեխաները: «Թատերական շաբաթը» ևս մեկ ճանապարհ է՝ ծանոթանալու մեր ապագա հանդիսատեսի հետ»:
Հաշվի առնելով թատրոնի փոքր տարածքը՝ Կամերայինում շեշտը կդրվի հենց դերասանների հետ հանդիպումների վրա: Լուսինե Երնջակյանն Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի սաներին նաև հրավիրել է ապրիլի 3-ին դիտելու «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը: Ռեժիսորի նախաձեռնությամբ ներկայացումից հետո ևս աշակերտների հետ քննարկում կանցկացվի: Նրա խոսքով՝ «Թատերական շաբաթի» շրջանակում Կամերային թատրոնում յուրաքանչյուր օր նախատեսված են շրջայցեր և հանդիպումներ դպրոցականների համար:
Կամերային թատրոնի դերասան և ռեժիսոր Արշալույս Հարությունյանը ևս ողջունել է դպրոցականներին և կարևորել նմանօրինակ նախաձեռնությունների իրականացումը: «Ինչպես նշում է Ստանիսլավսկին՝ հանդիսատեսի համար թատրոնը, սովորաբար, սկսվում է հանդերձարանից: Այս նախաձեռնությամբ թատրոնի հրաշքն ու առեղծվածը հանդիսատեսի համար բացահայտվում են նոր հնարավորությամբ. երեխաներն այս տարիքից կարող են մուտք գործել թատրոնի «խոհանոց»: Կարծում եմ՝ այս փոքրիկ դետալներն ու ներկայացումների ստեղծման հետ առնչվող նուրբ ու կարևոր արտադրական գործընթացն ավելի մեծ սեր կառաջացնեն դեպի թատրոն: Ուրախ կլինենք նպաստելու թատրոնի հետ ձեր կապի ձևավորմանը»,- դիմելով թատրոն այցելած դպրոցականներին՝ ասել է Արշալույս Հարությունյանը:
Դերասանուհի Քեթրին Մանասյանը դպրոցականների հետ հանդիպմանը պատմել է, որ Կամերային թատրոնում հանդիսատեսը նույնականացվում է դերասանի հետ՝ դառնալով ներկայացման ակտիվ մասնակից: Դերասանուհին համոզմունք է հայտնել՝ փոքր տարիքից բացահայտելով այս զարմանահրաշ աշխարհը՝ երեխաներն իրենց ամբողջ կյանքի ընթացքում կմնան սիրահարված թատրոնին:
Հանդիպման ընթացքում Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի աշակերտները նշել են՝ մեծ ոգևորությամբ են որոշել մասնակցել «Թատերական շաբաթվան»՝ նախաձեռնությունը կարևորելով նաև մասնագիտական կողմնորոշման առումով: Դպրոցականները նաև տարաբնույթ հարցեր են ուղղել Կամերային թատրոնի դերասաններին և ռեժիսորական կազմին՝ մասնագիտական աշխատանքի բարդությունների, դերասանական գործի առանձնահատկությունների և այլնի հետ կապված:
Նշենք, որ «Թատերական շաբաթ» ծրագրին երեխաները կարող են մասնակցել ինչպես դպրոցական խմբերով, այնպես էլ ընտանիքների հետ՝ նախապես պայմանավորվելով տվյալ թատրոնի հետ: Նախաձեռնությունը կլինի շարունակական հաջորդ տարիների համար:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
- Created on .
- Hits: 508