Խնկո Ապոր մանկական գրադարանը մարզերում կանցկացնի «Եվրոպական ժառանգության ճամբար»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում իրականացվում է նաև «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային մրցույթը, որին կարող են մասնակցել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները:
Եվրոպայի խորհրդի կողմից 2023 թվականին հայտարարված «Եվրոպական ժառանգության պատմություններ» դրամաշնորհային ծրագրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ներկայացել էր «Հեքիաթի դեսպաններ» խորագիրը կրող հեղինակային նախագծով, որն արժանացել է մրցանակի:
Այժմ արդեն գրադարանը «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի շրջանակում մարզերի երեխաների համար կիրականացնի «Եվրոպական ժառանգության ճամբար», որի շրջանակում Լոռիում և Տավուշում կստեղծվեն նոր գրքերի ընթերցանության անկյուններ:
Ընթերցանության անկյունների պաշտոնական բացման արարողությունները տեղի կունենան մարտի 27-ին՝ Սպիտակի քաղաքային գրադարանում և մարտի 29-ին՝ Աչաջուրի մշակույթի տանը:
Ծրագրի շրջանակում Սպիտակի քաղաքային գրադարանում և Աչաջուրի մշակույթի տանը կիրականացվի «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրը: Կկազմակերպվեն տարբեր երկրների մշակութային ժառանգության և դրանց պահպանության կարևորության վերաբերյալ վարպետության դասեր, եվրոպական մանկապատանեկան գրքերի ընթերցումներ և քննարկումներ: Ապրիլ-մայիս ամիսներին Սպիտակի և Աչաջուրի գրադարանների ընթերցող-երեխաները կմասնակցեն նկարազարդման վարպետության դասընթացի և կկատարեն թեմատիկ նկարազարդումներ:
Ծրագրի ամփոփումն ու փակման արարողությունը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Փակման արարողության շրջանակում կցուցադրվեն ծրագրին մասնակից երեխաների նկարազարդումները, ԵՄ դեսպանների մասնակցությամբ տեղի կունենա հեքիաթապատումների շարք: Մասնակից երեխաները Երևանում կայցելեն նաև մշակութային հաստատություններ, կշրջեն պատմամշակութային վայրերով:
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի կողմից հայտարարված «Եվրոպական ժառանգության պատմություններ» դրամաշնորհային ծրագրին ներկայացված 120 հայտերից մրցութային փուլը հաղթահարել և լավագույնների ցանկում են ընդգրկվել Հայաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Լիտվայի, Անգլիայի ներկայացրած նախագծերը:
Այս մասին տեղեկացնում եմ ՀՀ ԿԳՄՍ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
- Created on .
- Hits: 498