Հունվարի 27-ին Հայաստանում նշում են Սուրբ Սարգսի տոնը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի հունվարի 27-ին նշում է երիտասարդության ու սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը։ Տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի կողմից։ Տոնը նշվում է Զատիկից 63 օր առաջ։ Հայաստանում այսօր տոնը մեծ տարածում ունի և տոնի ընթացքում պահպանվում են նաև ժողովրդական ավանդույթներն ու ծեսերը։ Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է, իղձեր ու հրաշքներ կատարողը։  Ըստ ավանդույթի՝ այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, և նա աղոթքները հասցնում է  Աստծուն։

Սուրբ Սարգսի տոնը այսօր նաև շատ կարևոր խորհուրդներ է պահպանում, ինչին հետևում են՝ ժողովրդական ավանդույթների մի շարք տարրեր ընդգրկելով։

Դեռ վաղ ժամանակներից հայ ժողովրդի  մեջ պահպանվել է Զորավար Սարգսի նահատակության մասին վկայությունը։ Ըստ այդ մեկնության՝  հռոմեական Զորավար Սարգիսը քրիստոնեության առաքինի հետևորդ ու տարածող է եղել։ Սակայն Հռոմեական կայսրությունից զորավարը տեղափոխվում է Հայաստան, քանզի Հռոմեական կայսրությունում սկսվել էին քրիստոնյաների նկատմամբ անմարդկային հալածանքները։ Զորավարը հաջորդիվ հայտնվում է Պարսից հողում Շապուհ արքայի օրոք։ Ի՞նչ էր սպասվելու քրիստոնյա հավատացյալին կրակապաշտ երկրում։ Առաջարկից հրաժարվելը զորավարի, իր որդի՝ Մարտիրոսի և իրենց համակիրների համար կյանքի գին է արժենում։ 

Ավանդության համաձայն՝ Ս. Սարգիս զորավարը քաջարի ռազմիկ է եղել։ Բոլորին օգնության հասնող զորավարը սլանում էր իր ձիով, մշտապես ակտիվ էր ձմռան բքին։ Հայկական ժողովրդական հեքիաթներում, ավանդապատումներում մշտապես հանդիպում ենք Սուրբ Սարգսին, նա բազմաթիվ երգերի, ասքերի, զրույցների, աղոթքների գլխավոր հերոսն է։ Այդպիսին են նաև եկեղեցական ավանդույթները:

Դարեր շարունակ ժողովրդի շրջանում կատարվում են տոնի հետ կապված ծեսեր՝ ահա օրինակ պահքի վերջին շաբաթ օրվա գիշերը տանիքներին դնում են սկուտեղի վրա լցված փոխինդ, որի վրա Սուրբ Սարգիսը  պետք է դրոշմի իր ձիու պայտի հետքը։ Իսկ դա անշուշտ բարիքի, երջանկության խորհրդանիշ է դառնում։

Տոնի առթիվ երիտասարդների օրհնության կարգ է կատարվում եկեղեցիներում։ Ինչպես հայտնում են Արարատյան Հայրապետական Թեմից, այս տարի Մաշտոցյան Մատենադարանից Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցի կբերվի 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը եկեղեցում կմնա մինչ երեկոյան ժամերգությունը։ Իսկ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Ս. Սարգսի աջը:

Այս տարի արդեն 9-րդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ պարգևատրվելու են Հայոց բանակում ծառայողները։ Այս տարի նրանց թվում են 20 գնդերեցներ, որոնք իրենց հոգևոր ծառայությունն են իրականացնում ՀՀ Զինված ուժերում։

Հունվարի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա նաև «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» ծրագրի մասնակիցների գրքերի հանձնումը։ «Բուկինիստ»-ից հայտնում են, որ «Բուկինիստ» գրախանութների ցանցը և Արարատյան Հայրապետական թեմը տոնի առթիվ արդեն 8-րդ անգամ ներկայացնում են «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» միջոցառում-ակցիան: Չբացահայտելով նվիրողի անձը՝ միջոցառմանը հրավիրվելու են բոլոր նրանք, ովքեր նվերներ ունեն իրենց գաղտնի գրքասերներից: Ակցիայի մասնակիցները հունվարի 15-ից մինչև հունվարի 25-ը ներառյալ հնարավորություն ունեին գնել գրքեր սիրելիի համար «Բուկինիստ» գրախանութների ցանկացած մասնաճյուղից և գաղտնի բացիկի վրա թողել նրա կոնտակտային տվյալները, որոնք հունվարի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կստանան իրենց նվերը։ Միջոցառման ժամանակ կհնչեն նաև սիրո երգեր Արմինե Հայրապետյանի կատարմամբ:

Surb Sargis 2

Տոնի առթիվ հետաքրքիր նվեր է պատրաստել նաև Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ «Սուրբ Սարգիս» բարեխոս սրբապատկերը կցուցադրվի պատկերասրահում։
Սուրբ Սարգիս զորավարի տոնին ընդառաջ, Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը, որը շուրջ 85 տարի առաջ Պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր կամ Սուրբ Աստվածածին եկեղեցուց (7-րդ դար)։ Կտավում Սուրբ Սարգիս զորավարն է պատկերված։ Սուրբ Սարգիսը ներկայացվում է որդու՝ Մարտիրոսի հետ: Սուրբ Սարգսի որդու մասին պատմությունը առկա է միայն հայկական աղբյուրներում և սրբի վարքագրության անբաժանելի մասն է։ Այստեղ ազնիվ զորավարը՝ Սուրբը, կրում է զինվորական հանդերձանք, նա քամուց ծածանվող կարմիր թիկնոցով է, կրում է սաղավարտ և լուսապսակ: Սուրբ զորավարի ոտքերի տակ փարթամ կանաչավուն մարգագետինն է՝ հայերեն գրությամբ. «Յիշատակ է, պատկեր ի Վարդազարի որդի Ստէփանին, որ ․․․ ՌՆ Ամէնափրկիչ սբ եկեղեցուն ՄՀ թվն»։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 315

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: