«Տիգրան Մանսուրյան 85» համերգով մեկնարկեցին Մաեստրո Մանսուրյանի հոբելյանական տարվա միջոցառումները

Տասնյակ տարիներ ունկնդրի սրտերում սեր ու համակրանք վայելող կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հունվարի 27-ին տոնեց ծննդյան 85-ամյակը: Տարին հագեցած կլինի մաեստրոյին նվիրված տարաբնույթ միջոցառումներով, իսկ տարեդարձը նշվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Տիգրան Մանսուրյան 85»  լայնամասշտաբ համերգով, որը կայացավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Համերգի նախօրեին հրավիրված լրագրողների հետ հանդիպմանը մաեստրոն և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը խոսեցին սպասվող ծրագրից։ Ինչպես նշվում է, 2024 թվականին Սիմֆոնիկ նվագախմբի և Տիգրան Մանսուրյանի համագործակցությունը շարունակական կլինի:

Mansuryan85 3

«Արտերկրում քաջածանոթ են Մանսուրյանի ակադեմիական ստեղծագործություններին, իսկ հայրենիքում ավելի մեծ ճանաչում ունի նրա կինոերաժշտությունը: Համերգի ծրագիրը կխոսի այդ մասին: Առաջին բաժնում հնչելու են մաեստրոյի ստեղծագործություններն ալտի և ջութակի համար։ Ալտի կոնցերտը շատ հայտնի է աշխարհում և նոմինացվել է «Գրեմմի» մրցանակի, իսկ երկրորդ բաժնում մաեստրոյի կինոերաժշտությունն է, որը շատ հայտնի է «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագրով և ունի մեծ հաջողություն»,- ասաց դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ըստ բանախոսի՝ ավելի քան 15 օր է՝ համերգի բոլոր տոմսերը սպառվել են, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանում ժամանակակից ունկնդիրը շատ է սիրում ժամանակակից կոմպոզիտորին և գործերը: Դա հաջողություն է, որին նվագախումբը երկար է ձգտել։

Տիգրան Մանսուրյանի և Սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործայցությունն արդեն գեղեցիկ ավանդույթի է նմանվել։ Իսկ Մաեստրոն նվագախմբի ստեղծագործական աշխատանքն օրինակելի է համարում, կարևորում նվագախումբ, դիրիժոր, կատարող, հեղինակ հարաբերությունները։

Mansuryan85 4

«Եթե կատարողի կողմից անվստահություն կա հեղինակի նկատմամբ, դա անպայման նկատվում է և տարիների ընթացքում ազդում է հարաբերությունների վրա: Սերգեյ Սմբատյանի և նրա նվագախմբի հետ վերջին տարիներին եղել են թե՛ մարդկային ջերմ հարաբերություններ, թե՛ արգասաբեր համագործակցություն»,- ասաց կոմպոզիտորը:
Իսկ կայանալիք համերգը Մաեստրո Մանսուրյանը համարում է պատասխանատու, քանի որ այն իր 85-ամյակին է նվիրված, ասում է. «Աստված ինձ նվիրեց այս տարիքը, այստեղ հասնելու ուրախությունը»։ Իսկ ստեղծագործելն ու երաժշտության հետ կապն ուղղակի մեծ հաճույք է մաեստրոյի համար։

«Առաջնորդող մտքի նյութ է դառնում երաժշտությունը: Քնից արթնանալուց մի քանի վայրկյան առաջ ինձնից շուտ արթնանում է նյութը, որի շուրջ քիչ հետո պետք է աշխատեմ: Հաճույքով ստեղծագործելու պատրաստակամությունը դեռ ինձ հետ է, և չեմ դժգոհում, պարզապես դա պետք է պահպանել: Հետևել եմ մեծ կոմպոզիտորիների կենսագրությանը և գիտեմ, թե ինչ մեծ խնդիր է տարիների ընթացքում չկրկնվելը, ինքն իրեն չկրկնելը: Դրան ևս պետք է հետևել, ուստի միայն հաճույքը չէ, այլև խիստ հետևողական ապրելաձևը»,- հավելեց կոմպոիզտորը։

Mansuryan85 2

Իսկ ինչ վերաբերում է կինոերաժշտությանը, Տիգրան Մանսուրյանը նշեց, որ այսպիսի աշխատանքի սկիզբը դրվել է Սիմֆոնիկ նվագախմբի  հետ։ Դրանք կյանքի կոչվեցին տարիներ առաջ մի շարք համերգներով, որոնք անմիջապես ունկնդրի ուշադրությանն արժանացան: Մաեստրոն կարևորեց այս աշխատանքը և իր շնորհակալությունը հայտնեց ֆիլմերի երաժշտությունը վերախմբագրելու, վերագործիքավորելու համար։

«Կինոն համադրական արվեստ է՝ թատրոն, երաժշտություն, դրամատուրգիա և այլն, և այդ սինթետիկ արվեստի հսկայական օրգանիզմում կոմպոզիտորի դերը մեկ օրգանական մասը լինելն է միայն: Դու պետք է  ենթարկվես ընդհանուր պահանջներին, իսկ ակադեմիական երաժշտությունը սինթետիկ  արվեստի պահանջների հետ ոչ մի ընդհանրություն չունի, այն դասական ակադեմիական աշխատանք է»,- նշեց կոմպոզիտորը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 325

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: