Հայկական ինքնատիպ մշակույթը՝ ՀՊԹ-ում բացված «Քրիստոնյա Հայաստան․ 4-9-րդ դարեր» ցուցադրությունում

Ծանոթանալ 300-ից ավելի ցուցանմուշների, որոնցից մոտ կեսը ցուցադրվում է առաջին անգամ, ճանաչել հայ ժողովրդին իր իրական ինքնությամբ և էությամբ հնարավոր է Հայաստանի պատմության թանգարանում բացված «Քրիստոնյա Հայաստան․ 4-9-րդ դարեր» ցուցադրությունում։ 

Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվեց և սեպտեմբերի 9-ից  հանրության համար բաց է  «Քրիստոնյա Հայաստան. 4-9-րդ դարեր» խորագրով ցուցասրահների մշտական ցուցադրությունը։  Ցուցադրությունն ընդգրկում է 4-9-րդ դարերի հայկական ինքնատիպ մշակույթը։ Ներկայացված են թանգարանի հավաքածուներում պահվող հայ ճարտարապետության ամենայուրօրինակ հուշարձանների՝ Դվինի, Քասաղի, Զվարթնոցի քանդակազարդ նմուշները, վաղ քրիստոնեության խորհրդանիշներ համարվող հավասարաթև և ծաղկած խաչերը, ինչպես նաև քառանիստ կոթողները, որոնք եզակի են տարածաշրջանի  համատեքստում և արևելաքրիստոնեական արվեստում։ Ցուցադրության մեջ տեղ են գտել միջնադարի աշխարհիկ կյանքն ու կենցաղը ներկայացնող խեցեղեն և շքեղ ապակյա իրեր, ակտիվ առևտրական կապերի մասին վկայող դրամներ և բուլլաներ, երկրագործությունը ներկայացնող զարգացած ոռոգման համակարգեր և ժամանակի ամենամիստիկ արհեստներից մեկը՝ ալքիմիան, ներկայացնող նմուշներ։

Qristonya Hayastan cucahandes 1

Ցուցադրության բացմանը  Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասաց, որ իրենց թանգարանն այսօր դարձավ 104 տարեկան և իրենց համար կարևոր է ամեն տարի հենց այս խորհրդանշական օրը ևս մեկ անգամ արժևորել այն գործը, որ արել են մեր մեծերը, կարևորել նրանց թողած ավանդույթները։

«Այսօր ազդարարում ենք թանգարանի ամենամեծ՝ երրորդ հարկաբաժանի ցուցասրահների վերաբացումը ու այս իրադարձությունը տեղի է ունենում թանգարանի համար շատ խորհրդանշական օրվանից առաջ։ 1919 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանը որոշում է կայացնում հիմնել մեր ազգային թանգարանը։ Իհարկե, այդ պահին դա հնարավոր չեղավ իրականացնել, այլ ավելի ուշ՝ Խորհրդային Հայաստանում»,- ասաց թանգարանի տնօրենը։

Qristonya Hayastan cucahandes 2

Դ.Պողոսյանի ներկայացմամբ՝ վերաբացված ցուցասրահներում թեմատիկ և ժամանակագրական համալիր ձևով ներկայացված են 300-ից ավելի նմուշներ, որոնցից մոտ կեսը ցուցադրվում է առաջին անգամ:

«Նշված ժամանակաշրջանում կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել՝ քրիստոնեության ընդունում, գրերի գյուտ, պատմաքաղաքական իրադարձություններ, վաղ քրիստոնեական շրջանի ճարտարապետական հոյակապ կոթողներ, նյութական մշակույթի հետաքրքիր դրսևորումներ, ընդհուպ մինչև ալքիմիայի հետ կապված նյութեր, որոնք առաջին անգամ են թանգարանային ցուցահանդեսի նյութ դառնում։

Այսինքն, այս ցուցադրությունը հնարավորություն է տալիս մեր այցելուներին բացահայտելու  նշված ժամանակաշրջանի հոգևոր, նյութական և մշակութային ժառանգության տարբեր կողմերը»,- ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։

Qristonya Hayastan cucahandes 3

Մշտական ցուցադրությանը զուգահեռ՝ բացվեց «Գլուխգործոցներ միջնադարյան Հայաստանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում տեղ են գտել միջնադարյան Հայաստանի 11-16-րդ դդ․ մշակույթի մի շարք ինքնատիպ դրսևորումներ՝ ներկայացված այդ ժամանակաշրջանի խաչքարային արվեստի նմուշներով (Հին Ջուղայի գերեզմանատան 16-րդ դ․ խաչքարը), բարձրաքանդակներով, եկեղեցու քարե մանրակերտներով, փայտագործության և մետաղագործության գլուխգործոցներով (Մշո Սբ․ Առաքելոց վանքի 1136 թ․ փայտե դուռը, Հաղարծնի վանքից գտնված կաթսան)։ Դ. Պողոսյանի խոսքով՝ այս ցուցանմուշները խորհրդանշական, հետաքրքիր կոթողներ են, փրկված ու մեզ հասած մասունքներ։

Qristonya Hayastan cucahandes 4

ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, Տիգրանակետի, Դվինի արշավախմբերի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի խոսքով՝ քրիստոնյա Հայաստանի վաղ շրջանի այս ցուցադրությունը շատ խորհրդանշական է, որովետև այն ներկայացնում է  գրավոր ժողովրդի մշակույթ, աշխարհը հասկացող, աշխարհը բացատրող, աշխարհում կողմնորոշումներ փնտրող մարդկանց մշակույթ։ Նա կարևորեց, որ թանգարանի կոլեկտիվը փորձել է մեր մշակույթը՝ ընդգծված քրիստոնեկան մշակույթը, դիտել շատ ավելի լայն շրջանակներում. «Ընդգծված քրիստոնեական կերպարի հետ միասին այս ցուցադրության մեջ մենք տեսնում ենք իրական մշակույթ։ Ի վերջո, մշակույթը ոչ միայն պաշտոնական դիմագիծ է, նաև հասարակ մարդկանց կյանքն է, այս տեսակետից քրիստոնեական հիանալի սրբությունները, ոսկեդարյան նմուշները փոխլրացվում են այնպիսի իրերով, որոնց մասին կարելի է դատել արդեն այլ կտրվածքով։ Սա համարում եմ մեծ նվաճում»։

Qristonya Hayastan cucahandes 5

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։ Նրա խոսքով՝ մեծ ուրախություն է, որ Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվում է  «Քրիստոնյա Հայաստան» բաժինը։

«Աշխարհը մեզ առաջին հերթին ճանաչում է որպես քրիստոնյա Հայաստան և այդ ճանաչումով է, որ բացվում է մեր հազարամյակների շերտը, մեր արմատները. հեռանալ քրիստոնեությունից նշանակում է  հեռանալ մեր ազգային ինքնությունից։ Սա է մեր դավանանքը։

Բազմահազար այցելուները մուտք գործելով այս հարկի տակ՝ կճանաչեն հայ ժողովրդին իր իրական ինքնությամբ և էությամբ»,- ասաց Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Հայր սուրբը Հայաստանի պատմության թանգարանին նվիրեց հնամյա վեհարանի պատկերագիրքը։

Qristonya Hayastan cucahandes 6

Հայաստանի պատմության թանգարան հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919թ.): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին։

Թանգարանը ՀՀ ազգային նշանակության մշակութային կենտրոններից մեկն է, կրել է անվանափոխություններ. Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության  թանգարան (2003թ.):

Կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)։

Պահպանում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու։ Թանգարանն իր հավաքածուները համալրում է հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մինչև մեր օրերը։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 643

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: