Գյումրին թատերական եռուզեռում. Մեկնարկում է «Գյումրու միջազգային թատերական փառատոնը»

Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրին թատերական բուռն եռուզեռի մեջ կլինի. կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծը: Այդ օրերին քաղաքը կհյուրընկալի ավելի քան քսան թատրոնների ու թատերախմբերի ներկայացուցիչների Երևանից, ՀՀ մարզերից, Վրաստանից և Ռուսաստանից։

Այս կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Գյումրու Մտորումների թատրոնում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը և նախագծի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով՝ փառատոնը հաստատելու է մեր ստեղծարար, մշակութային, վերածնված ու հեռանկար ունեցող ազգ լինելը: Նախարարի խոսքով՝ մշակույթի ապակենտրոնացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է, և այս փառատոնն ասվածի լավագույն դրսևորումներից է։

«Մեզանից յուրաքանչյուրը խորապես գիտակցում է` ինչքան կարևոր են նմանատիպ մշակութային միջոցառումները, և այսօր մեզ ոչինչ այդքան չի կարող հրճվանք պարգևել,  որքան մայրաքաղաքից դուրս` մարզերում և համայնքներում, մշակութային կյանքի ակտիվացումը: Գաղտնիք չէ, որ մշակույթի ապակենտրոնացումը պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է: Վերջին տարիներին այս առումով քիչ բան չի արված, և այսօրվա այս փառատոնը դրա լավագույն դրսևորումներից մեկն է»,- թատրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փոխնախարարը։

Փոխնախարարն ընդգծում է՝ ընտրված են լավագույնները, գովազդային արշավն ու ցուցապաստառները պատրաստված են նույն կերպ, ինչպես դա արվում է Երևանում անցկացվող լավագույն միջազգային փառատոնի դեպքում. «Գյումրու դրամատիկականը մնում է առաջատար: Ես մի շրջան գրեթե ամեն շաբաթ գալիս էի այստեղ ներկայացում դիտելու: Եվ շատերն են հատուկ գալիս ներկայացում դիտելու և ոչ միայն քյալլա ուտելու»,-նշեց Խզմալյանը:

Փառատոնի մեկնարկը կտրվի Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ:

«Արդեն քանի տարի է՝ սկզբունքորեն պետական դրամաշնորհային ծրագրերն իրականացվում են մայրաքաղաքից դուրս, պահանջ ունենք, որ դրանք լինեն որակապես նույն տիրույթում, ինչ մայրաքաղաքում: Լավագույն օրինակներից են Տավուշի մարզի Չինարի բնակավայրում կազմակերպված միջազգային գիտաժողովը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի այցը Վանաձորի հոբելյանական թատերաշրջանին և այլն»,- նշեց փոխնախարարը։

Ընդհանուր առմամբ՝ փառատոնին կմասնակցեն շուրջ 500 արտիստներ ու թատերական ոլորտի ներկայացուցիչներ: Փոխնախարարը ընդգծեց՝  ի թիվս մի շարք միջազգային թատերական կառույցների՝ ծրագրում մեծ տեղ է զբաղեցնում նաև հայ թատրոնը, քանի որ կարիք կա ճանաչելու նաև մեր թատերական արտադրանքը, և այս հարթակը լայն հնարավորություն է ընձեռում։

Նախագծի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն էլ նկատեց՝ ասուլիսի անցկացման վայրը պատահական չէ. Մտորումների թատրոնից սկսած՝ ցանկանում են մարդկանց ճանաչելի դարձնել հասցեն. «Ընտրված թատրոնները Հայաստանի լավագույն թատրոններն են: Փառատոնի շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու հանրապետության և հրավիրյալ թատրոնների, թատերախմբերի ներկայացումները, լրացնելու մայրաքաղաքի թատրոնների լավագույն բեմադրություններին հաղորակիցը լինելու բացը: Փառատոնի շրջանակներում կունենանք նաև շատ հետաքրքիր ձևաչափ՝ «Գյումրին թատերական խաչմերուկ». կլինեն ներկայացում-քննարկումներ: Դրա շրջանակներում Գյումրի  կգան թատերախմբեր Իրանից, Ֆրանսիայից, կանցկացվեն նաև վարպետության դասեր: Փառատոնը կարևորում ենք նաև թողնելիք իր այս հետագծով: Ամեն ներկայացման մասին  կունենանք նաև մի ամբողջական հաղորդում»,- նշեց Վիրաբյանը:

Նրա գնահատմամբ՝ այս փառատոնը կենսական կարևորություն ունի Գյումրու համար՝ գյումրեցի հանդիսատեսին առավելապես հարաբերելու թե՛ մայրաքաղաքի, թե՛ այլ քաղաքների ներկայացումներին ու թատերական կյանքին: Ներկայացումների մասին կնկարահանվեն հաղորդումներ, որոնք կհեռարձակվեն՝ այդպիսով հասանելի դառնալով նաև հեռուստադիտողի քննարկումների համար:

Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի գնահատմամբ ևս փառատոնը կարևոր նախաձեռնություն է հայ մշակութային կյանքում. «Պետք է այնպես անել, որ մշակութային հաղորդակցությունը մեր համայնքների միջև հաճախադեպ լինի՝ սեղմ և մտերմիկ միջավայրում. սա է մշակույթի զարգացման նախադրյալը։ Փառատոնը կդառնա ամենամյա և կիրականացվի նաև այլ համայնքներում»։

Նախատեսվում են 18 ներկայացում և ևս 4 խմբերի նեղ մասնագիտական քննարկումներ «Գյումրին թատերական խաչմերուկ» միջոցառման շրջանակում, որի ընթացքում խմբերը կխաղան փոքր հատված և կքննարկեն այն:

Արտասահմանից կլինի 6 ներկայացում, որից 4-ը՝ մասնագիտական քննարկումների, 2-ը՝ հանդիսատեսի համար:

«Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծն իրականացնում է «Բարեկամ» հասարակական կազմակերպությունը՝ ԿԳՄՍ նախարարության, Երևանի և Գյումրու քաղաքապետարանների աջակցությամբ:

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 1333

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: