Հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին և հիշատակին

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին և հիշատակին նվիրված հանրապետական գիտաժողովը։ Գիտաժողովը համախմբել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Գրողների միության, Երևանի պետական համալսարանի, Հովհաննես Թումանյանի թանգարանի գիտաշխատողներին։ Քննվում են Թումանյանի կյանքն ու գործը, ստեղծագործական նոր և անհայտ կողմերը, գրական և հասարակական գործունեությունը։ Հետազոտությունների կենտրոնում Թումանյան անհատն է, հայը, նվիրյալ քաղաքացին, հայրը և ուղղակի անմեկնելի և անեզր մտքի տերը։

Tumanyan gitajoxov 4

Բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը Թումանյանին նմանեցնում է  Ա.Ս. Պուշկինին, յուրովի մեկնաբանում Պուշկինի «Ձմեռվա իրիկուն» բանաստեղծության թումանյանական թարգմանության առանձնահատկությունները, տարածաժամանակային փոխակերպումները մեր միջավայրում։

«Թումանյանը շատ է սիրում Պուշկինին, նրա մի քանի գործեր է թարգմանել։ Ընդունված է նմանեցնել Պուշկինին և Թումանյանին` հաշվի առնելով նրանց ժողովրդական մեծ հռչակը։ Ինչ-որ բան, իհարկե, կապում է նրանց, բայց խոսքն այստեղ այլ է՝ արվեստի մասին է։ Իմ կարծիքով դա մտքի այն զարմանալի արագությունն է, որն ուներ Թումանյանը, հետո պատմելու ունակությունը, արագությունը։ Նա կայծակնային արագությամբ է պատմում, դա, օրինակ, երևում է քառյակներում, երբ շատ կարճ մի մեծ պատմություն է պատմում։ Հաջորդն էլ չափի զգացողությունն է։ Ինչպես գիտենք, գրականությունն արվեստ է, և այնտեղ կան օրենքներ. կան դեպքեր, երբ գործում են անօրինական օրենքներ, հետևաբար կարևոր է չափի զգացողությունը։

Ինչ վերաբերում է կոնկրետ այս բանաստեղծությանը, ապա հետաքրքիր է Թումանյանի արված թարգմանությունը, որտեղ խորհրդանիշները հարմարվել են մեր մշակույթին»,- ասում է Հ. Էդոյանը։

Tumanyan gitajoxov 5

Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումներն ավելի վաղ են մեկնարկել. Թումանյանի թանգարանը խորհրդանշական տարին սկսել է Թբիլիսիից՝ Խոջիվանքի հայկական գերեզմանատանը, որտեղ հանգչում է Թումանյանը։

«Թումանյանի թանգարանը Վրաստանի Լեոնիձեի անվան գրականության պետական թանգարանի հետ ցուցահանդես էր կազմակերպել, որը դեռ շարունակվում է։
Մեզ համար շատ կարևոր է թանգարանը, որտեղ պահվում են թումանյանական մասունքներ, ձեռագրեր։ Հաջորդիվ մեզ համար կարևոր միջոցառումը գիտական նստաշրջանն է, ինչը խոսում է մի քանի երևույթների մասին՝ առաջինը, որ առիթ է գիտական հանրույթը նորից հետազոտական դաշտ բերելու և նոր թեմաներ ստեղծելու համար։ Բացի այդ թումանյանագիտությունը նոր մեթոդներով, նորահայտ նյութերով հարստացնելու լավ առիթ է։ Վերջին տարիներին տարբեր արխիվներ են բացվել թե՛ Հայաստանում, թե՛ սահմաններից դուրս, և այդտեղ ի հայտ են գալիս Թումանյանին առնչվող նոր փաստաթղթեր: Դրանք հիմնականում վերաբերվում են նրա հասարակական գործունեությանը, որը քիչ է մեկնաբանվել։
Ամեն տարի մենք կազմակերպում ենք Թումանյանի հիշատակի ոգեկոչման աղոթք։ Քանի որ Երևանում Մեծ լոռեցին չունի հասցե շիրիմի առումով, այդ արարողությունը տեղի է ունենում նաև որպես հոգեհանգստի արարողություն»,- ասում է թանգարանի տնօրեն, բ.գ.թ. Անի Եղիազարյանը։

Թանգարանը նաև ջանքեր է գործադրում Թումանյանին օտարներին ներկայացնելու գործում, վերջին նորություններն էլ հենց այդ մասին են. հրատարակվել է «Լոռեցի Սաքոն» իտալերեն ժողովածուն, որին կհաջորդի արդեն ֆրանսերեն բանաստեղծությունների ժողովածուն։

Tumanyan gitajoxov 2

Գիտաժողովի զեկուցումները հետազոտական լայն շրջանակ են ընդգրկում՝ անդրադառնալով նաև Թումանյանի ընտանիքին և այլ բանաստեղծների, հասարակական գործիչների հետ ունեցած հարաբերություններին։ Զեկուցումներից մեկում, օրինակ, գրող Ավետիք Իսահակյանի թոռ՝ Ավիկ Իսահակյանը ներկայացնում է հուշեր և դիպվածներ Թումանյանի դստեր` Աշխեն Թումանյանի մասին։ Աշխենը եղել է Թումանյանի թանգարանի առաջին տնօրենը և մեծ ավանդ ունեցել թումանյանական հսկայական ժառանգության պահպանման գործում։ Հետազոտական աշխատանքներում նաև անդրադարձ է կատարվել Թումանյանի ստեղծագործությունների տաղաչափական առանձնահատկություններին, Թումանյան-Ակսել Բակունց, Թումանյան-Դավիթ Անանուն առընչություններին, մանուկների համար գրված բանաստեղծություններին, մանկագրության առանձնահատկություններին։ Վերջինիս անդրադարձավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աէլիտա Դոլուխանյանը։

 «Թումանյանի բանաստեղծություններից պարզ է դառնում մարդկային կյանքի նրա խորը իմացությունը, սա Աստվածային պարգևն է հանճարին։ Նա հանճար է նաև մանկագրության մեջ։ Իր խոսքերը կարող ենք հիշել.
«Մանկությունը մարդու կյանքի ամենաընդարձակ շրջանն է, երբ նա չորս կողմից ընդունում է, սնվում է, զարգանում շարունակ։ Հետևաբար շարունակ էլ պետք է սնունդ տալ նրան, որ միշտ աճի ու զարգանա։ Ահա, հենց այստեղ էլ հարց է առաջանում, ի՞նչ սնունդ տալ և ի՞նչ ձևով տալ», գրում է Թումանյանը 1915 թվականին։ Նա նպատակաուղղված մի շատ կարևոր սնունդ է տվել ապագա հային` նրա մեջ գեղագիտական հրաշք ասելիքով պատվաստելով քրիստոնեական սրբազան մատյանների 10 պատվիրանները։ Նրա մանկական բանաստեղծությունները սերտ կապված են հայ ժողովրդական բանահյուսության հյուսվածքներին, դրանցում երեխան ծանոթանում է կենդանիների աշխարհին»,- ասում է բանախոսը։

Թումանյանի տարաբնույթ ստեղծագործություններն անսահման են և հասու ամենատարբեր աշխարհայացքի տեր անձանց` իհարկե, ազգային, ժողովրդական բանահյուսական շեշտադրումներով։ Դրանցում բացվում է անեզր տիեզերքը՝ մանուկից մինչև անհատի հոգու դռներ բացող փիլիսոփայական բանաստեղծություններով։ Բանասիրական գիտությունների դոկտոր Եվա Մնացականյանն էլ ներկայացրեց «Մ. Խոստիկյանի «Կրոնափիլիսոփայականը Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների մեջ» խորագրով հոդվածի շուրջ» զեկուցումը։

Tumanyan gitajoxov 3

«Խոստիկյանը ամրագրում է այն կանխադրույթը, որ իսկական բանաստեղծն անպատճառ անցնում է տառապանքի բովով, Թումանյան բանաստեղծին արմատ, սնունդ տվողը նույնպես տառապանքն է։ Խոստիկյանը փորձել է բացահայտել Թումանյան բանաստեղծի աստվածաբանական առնչությունները։ Բանաստեղծի վշտով համակված ոգին տիեզերական անչափելիի մեջ որոնում է Ամենաստեղծի գաղտնիքները։ Հեղինակը փաստում է, որ Թումանյանը սաղմոսներում անըմբռնելի է համարում իր և հայ ազգի տառապանքը։ Հանձին Թումանյանի՝ իշխում է նոր դարի, և ոչ թե միջնադարի հայը, որը նույնպես իր անհատական և ազգային ցավը համարում էր հատուցումը իր գործած մեղքի։ Նրա համար ժամանակակից հայը հարվածներ ստանալիս կասկածում ու բողոքում է։ Կասկածն ու բողոքն էլ ոչ այնքան զգացմունքի, որքան փիլիսոփայական մտքի դատողության արդյունք է։ Իրականում այն հնչում է իբրև փրկության միակ հույսին նվիրված աղերսանք»։

Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումները Թումանյանի թանգարանը կամփոփի աշնանը՝ Նկարիչների միության հետ համատեղ կազմակերպվող «Թումանյանը և քանդակագործությունը» մեծ ցուցահանդեսով։

Ալմատ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 974

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: